Սոցիալական

Հայաստանում ավտովթարներից մահերը կրկնակի շատ են, քան ԵՄ-ում

Թեև 2024 թվականին Հայաստանում ավտովթարների, զոհերի և վիրավորների թվի նվազում է արձանագրվել, ճանապարհային անվտանգության ընդհանուր պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ։ Անգամ նվազման պայմաններում ավտովթարներից մահվան ռիսկը Հայաստանում ավելի քան կրկնակի բարձր է, քան ԵՄ-ում։

«2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը», — հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արձանագրվել է 299-ով պակաս պատահար, 45-ով պակաս զոհ և 421-ով պակաս վիրավոր։

Սակայն թվերի համադրությունը ցույց է տալիս, որ այս «նվազումը» տեղի է ունեցել արդեն իսկ բավական բարձր ցուցանիշներից։ Մինչդեռ երկարաժամկետ կտրվածքով՝ վերջին տասը տարիներին, կայուն նվազման միտում Հայաստանում չի արձանագրվել։

Այսպես, 2024 թվականին 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում ավտովթարների հետևանքով մահացել է 333 մարդ, ինչը մեկ միլիոն բնակչի հաշվով կազմում է մոտ 110 զոհ։ Համեմատության համար՝ ԵՄ-ում, որի կազմում ընդգրկված է 27 երկիր ընդհանուր շուրջ 500 մլն բնակչությամբ, այս ցուցանիշը միջինում կազմել է 44 զոհ մեկ միլիոն բնակչի հաշվով։

Այլ կերպ ասած՝

Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով մահանալու հավանականությունը նույնիսկ նվազման պայմաններում մնում է ավելի քան կրկնակի բարձր։

Ավտովթարներից մահերի դանդաղ, բայց կայուն նվազում ԵՄ-ում

Եվրամիությունում երթևեկության անվտանգությունը վերջին տասնամյակում աստիճանաբար բարելավվում է։ 2024 թվականին ավտովթարների հետևանքով մահացել է 19,940 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2%-ով, իսկ 2015-ի համեմատ 22%-ով։

Այնուամենայնիվ, ԵՄ-ում չկա երկիր, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարները չխլեն մարդկային կյանքեր։

Տարածված պատկերացումը, թե ԵՄ որոշ երկրներում ավտովթարներից զոհերը զրոյական են, չի համապատասխանում իրականությանը։ ԵՄ-ում չկա գեթ մեկ երկիր, որտեղ ՃՏՊ-ները չխլեն մարդկային կյանքեր։ Նույնիսկ ամենաանվտանգ երկրներում ամեն տարի արձանագրվում են տասնյակ զոհեր, ինչի պատճառով «Vision Zero»-ն («Զրո մահ ճանապարհներին» տեսլականը) դիտարկվում է ոչ թե որպես ձեռքբերում, այլ որպես նպատակ։

ԵՄ միջին ցուցանիշը, սակայն, քողարկում է երկրների ցուվանիշների միջև տարբերությունները։ Ավտովթարներից զոհերի ամենացածր ցուցանիշներն ունեն Շվեդիան և Դանիան, մինչդեռ Բուլղարիան և Ռումինիան շարունակում են մնալ ՃՏՊ-ների հետևանքով պամենաշատ զոհեր ունեցող երկրները։ Հայաստանի ցուցանիշը, սակայն, գերազանցում է անգամ այս երկու երկրների մակարդակը (տե՛ս քարտեզը)։

ՃՏՊ վիրավորները Հայաստանում

Ճանապարհային անվտանգության խնդիրը չի սահմանափակվում միայն մահերով։ ԵՄ-ում ավտովթարների հետևանքով տարեկան մոտ 100 հազար մարդ ստանում է լուրջ վնասվածքներ՝ միջինում 220 վիրավոր մեկ միլիոն բնակչի հաշվով։

Հայաստանում պատկերը զգալիորեն ծանր է։ Միայն 2024 թվականին ավտովթարների հետևանքով վիրավորվել է 6116 մարդ, կամ շուրջ 2060 վիրավոր մեկ միլիոն բնակչի հաշվով։ Սա գրեթե տասն անգամ բարձր է ԵՄ երկրների միջին ցուցանիշից։

Այս տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ մահերի նվազման դեպքում ավտովթարների ոչ մահացու հետևանքների բեռը Հայաստանում մնում է չափազանց ծանր։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Հիմնական նկարում ձախից` ITLF (EU)-ի, աջից՝ ՆԳՆ փրկարար ծառայության լուսանկարները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/01/2026