ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 409 մլրդ 353 մլն դրամ, ինչը 22 մլրդ 244 մլն դրամով ավել է 2024 թ․ համադրելի ժամանակահատվածում պետբյուջե վճարված հարկերից (387 մլրդ 109 մլն)։
1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 19 մլրդ 900 մլն դրամ։
2-րդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է 16 մլրդ 591 մլն դրամ։ Եռյակը եզրափակում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 12 մլրդ 69 մլն դրամ։
Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջատար եռյակում ընդգրկված են եղել համապատասխանաբար՝ «Մոբայլ Սենթր Արթ»-ը (19,9 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա»-ն (18,2 մլրդ դրամ) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (15,6 մլրդ դրամ)։ Նրանք միասին վճարել էին 53,7 մլրդ դրամ՝ 5,1 մլրդ դրամով ավելի, քան այս տարվա առաջին եռամսյակում վճարված գումարն է։
Հատկանշական է, որ նախորդ տարիներին գրեթե միշտ խոշոր հարկատուների ցանկում եղած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի բացակայում է հրապարակված եռամսյակային տվյալներից։ Դա կարող է կապված լինել հունվարի վերջից սկսած աշխատակիցների երկարատև գործադուլի հետ։
Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Ինֆոգրաֆիկը՝ հեղինակի
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/04/2025