Կրթություն

Ասպիրանտուրա ընդունվածների թիվը ութ տարիների ընթացքում կրկնակի նվազել է

Ամփոփ Մեդիան շարունակում է ուսումնասիրել կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը կրթության՝ այս անգամ արդեն հետբուհական ոլորտում՝ անդրադառնալով ասպիրանտների թվաքանակին ու նրանց կողմից նախընտրելի մասնագիտություններին:

Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ութ տարվա ընթացքում (2016-2023թթ․) ասպիրանտուրա է ընդունվել 995 իգական և 1052 արական սեռի ուսանող։

Սա նշանակում է, որ կրթական 3-րդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, սեռային գերակշռությունը 57 ուսանողով կամ շուրջ 6%-ով հօգուտ արական սեռի ասպիրանտների է, մինչդեռ թե բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում իգական սեռի ուսանողները գերակշիռ մաս են կազմում։

Պետք է նշել, սակայն, որ ասպիրանտների թվի կայուն նվազման ֆոնին նրանց սեռային հարաբերակցությունը տարբեր տարիների տարբեր է եղել։ Օրինակ, իգական սեռի ասպիրանտներն ավելի շատ են եղել 2017-2018 թթ-ին (տե՛ս գրաֆիկը), 2019-ից սկսած՝ հարաբերակցությունը փոխվել է հօգուտ արական սեռի ասպիրանտների՝ բացառությամբ 2020 թ-ի, երբ ասպիրանտների սեռային հարաբերակցությունը գրեթե հավասարվել է՝ չնչին տարբերությամբ հօգուտ իգական սեռի ասպիրանտների։

Գրաֆիկից երևում է , որ ուսանողների քանակի կայուն նվազում տեղի է ունեցել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։ Օրինակ, մինչքովիդային 2019-ի համեմատ 2023-ին ասպիրանտուրա ընդունվողների ընդհանուր թիվը նվազել է 67-ով կամ շուրջ 25%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ ավելի քան 50%-ով։

Ամենից ցածր ցուցանիշները նկատվում են 2021-2023թթ-ին՝ արական սեռի ասպիրանտների շրջանում։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատություններից ստացած հայտերի հիման վրա, Կառավարության հաստատմանն է ներկայացնում համապատասխան ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

Առաջարկվող 22 մասնագիտություններից իգական սեռի ասպիրանտների շրջանում վերջին տարիներին ամենապահանջվածներն են՝ տնտեսագիտությունը, բանասիրությունը, իրավաբանությունը, կենսաբանությունն ու տեխնիկական գիտությունները։

Արական սեռի ասպիրանտներն ավելի շատ նախընտրել են տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական, տնտեսագիտական և իրավաբանական ուղղությունները։

Վերջին երեք տարվա ցուցանիշներով (2021-2023թթ․)՝ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի համար չպահանջված կամ չնչին պահանջարկ ունեցող մասնագիտությունները նշված են ստորև բերված աղյուսակում՝

Մասնագիտական խումբ կին տղամարդ
Անասնաբուժական 0 0
Աշխարհագրական 0 0
Ճարտարապետական 1 2
Սոցիոլոգիական 2 0
Քիմիական 3 3
Փիլիսոփայական 3 0
Գյուղատնտեսական 3 1
Դեղագործական 3 1
Լրագրություն 4 3

Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, գրեթե չեն ընտրել նաև մանկավարժությունն ու հոգեբանությունը։ Ի դեպ, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում 2016-2022 թթ․-ին զրոյական է եղել նաև լրագրության ցուցանիշները, և միայն 2023-ին ապիրանտական կրթություն նշված ոլորտում ցանկացել են ստանալ 4 կին և 3 տղամարդ։

Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան 
Մենթոր՝ Կարինե Դարբինյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/10/2024