Գերատեսչությունների ծախսերը նման մանրամասնությամբ իրականում հասանելի են, որովհետև դրանք բյուջեի կատարողականի մաս ես։ Այդ կատարողականը լույս է տեսնում երեք ամիսը մեկ ու տեղեկացնում է՝ նախատեսված ծրագրերից ու բնականաբար ծախսերից որքանն է կատարվել։ Եթե չի կատարվել՝ ինչու։ (Քուիզում ներկայացված գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ)։
Ընդ որում, քանի որ ամեն ինչ մանրամասնորեն գրված է, լինում են նաև ոչ այնքան սպասելի գործողություններ։ Օրինակ նախագահի աշխատակազմի անելիքներից մեկով այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ նախագահը պետք է բարձրագույն զինվորական կոչումներ՝ գեներալի ուսադիրներ տար 7 զինվորականի։ Բայց չի արել, որովհետև վարչապետի աշխատակազմից նման առաջարկներ չի ստացել։
Մեկ այլ նախագծով նախագահը պետք է 220 օրենք ստորագրեր, բայց քանի որ առաջին կիսամյակում 201 հատ է ընդունվել, այդքանն է ստորագրել։
«Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը նշում է, որ նախկինում Հայաստանի բյուջեն կազմվում էր ռեսուրսային ձևաչափով․ ինչքան փող կար, այնքան էլ բաշխվում էին ծախսերը։ Հիմա փողի փոխարեն դիտարկվում են ծրագրերը։
«Այսինքն ծրագրային ձևաչափի դեպքում յուրաքանչյուր գերատեսչություն բյուջեի մշակման ժամանակ ներկայացնում է ոչ թե այն, թե ինչքան գումար է պետք իրեն, այլ այն, թե ինչ ծրագրեր է ինքն իրականացնում, և թե այդ ծախսային ծրագրերի արդյունքում ինչ թիրախային վերջնարդյունքների է հասնելու», - նշում է Կարապետյանը։
Մասնագետը նաև բացատրում է, որ թեև Հայաստանում տեխնիկապես բյուջետային գործընթացը ծրագրային է, բայց զարգացած երկրների համեմատությամբ դեռ շատ աճելու տեղ կա։ Պատճառն այն է, որ նույնիսկ ծրագրայինի ներդրման պայմաններում կատարման ընթացքին հետևում են ծախսված գումարով։
Ու քանի որ բյուջեն էլ հենց մեր վճարած հարկերից է կատարում այդ ծախսերը, կարևոր է հասկանալ, թե որ ծրագրին որքան գումար ենք ուղղում հարկատուներս։
Բայց կան նաև ծրագրեր, որոնց չկատարումը ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Օրինակ, այս տարվա առաջին կեսին բյուջեի համաձայն պետք է կառուցվեր 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Բայց կառուցվել է միայն մեկը։ Իսկ մյուսների մասով նշված է․
«3 օբյեկտի մասով աշխատանքները դեռ չեն մեկնարկել, քանի որ մեկի մասով իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննությունը, իսկ մյուս երկուսի մասով ընթանում է գնման գործընթացը»։
3-6-9 ամսիսը մեկ և տարին ամփոփելիս ֆինանսների նախարարությունը զեկուցում է, թե որքանով են իրականացվում այդ ծրագրերը, որովհետև մի բան է գրել բյուջեում, լրիվ այլ բան է՝ կատարել այդ ծրագրերը։ Դրանց կատարման ընթացքը ներկայացվում է գումարային արժեքներով։
Սրանց մի մասը ընթացիկ ծախսեր են՝ թոշակներ, աշխատավարձեր, ԱԺ ու նախագահի աշխատակազմի պահպանում և այլն։ Դրանք ուղղված են պետության գործունեությունը պահպանելուն։ Նարեկ Կարապետյանը նշում է, որ այս տեսանկյունից Հայաստանը պետք է համեմատվի Արևելյան Եվրոպայի երկրների հետ, բայց Հայաստանը ունի որոշակի առանձնահատկություններ։
«Մենք Արևելյան Եվրոպայի երկրներից, ընդհանուր առմամբ, ավելի քիչ ենք ծախսում, որովհետև իրենք միջինում ավելի շատ գումար են մոբիլիզացնում հարկերի միջոցով։ Բայց այս քիչ ծախսերով հանդերձ՝ մենք իրենցից զգալիորեն շատ ենք ծախսում անվտանգության վրա և ավելի քիչ ենք ծախսում մնացած բոլոր ուղղություններով, այդ թվում՝ սոցիալական ուղղությամբ։ Հիմա այս տարվա բյուջեն ևս մեծ շեշտ է դրել անվտանգության վրա, և դա արտացոլումն է մեր առջև եղած մարտահրավերների, և կարծում եմ՝ այստեղ վիճարկելու տեղ չկա», - նշում է մասնագետը։
Նրա խոսքով՝ եթե ցանկանում ենք բարելավել հնարավորությունները, պետք է մեծացնել հարկերի ծավալը, քանի որ ծախսերը կրճատելու տեղ չկա, իսկ անվտանգային մարտահրավերները չեն նահանջելու։
Այս իմաստով առավել կարևորվում են կապիտալ ծախսերը, քանի որ դրանք հնարավորություններ են ստեղծում ավելի մեծ տնտեսական ակտիվության համար։
Դրանցից են․
- Ճանապարհների կառուցում ու նորոգում,
- Առհասարակ ենթակառուցվածքների զարգացում (հոսանքի գծեր և այլն),
- Դպրոցներ ու կրթության հետ կապված այլ ծրագրեր,
- Հանրային առողջապահություն և այլն։
Վերջին երկուսը օգնում են առողջ, աշխատունակ, բարձր մասնագիտական կարողություններով քաղաքացիներ, իսկ առաջինը երկուսը՝ որ այդ քաղաքացիները կարողանան աշխատել, ստեղծել։ Ընդ որում՝ կապիտալ ծախսերի մեջ պետք է մտցնել նաև ռազմական ծախսերի մի մասը՝ զենքի ձեռքբերումները։
Բայց բյուջեում գրված կապիտալ ծախսերը Հայաստանում քրոնիկ թերակատարվում են։ Կարապետյանը ընթացիկ ժամանակահատվածի համար երկու պատճառ է նշում։ Մեկն այն է, որ կապիտալ ծախսերը պլանավորվում են շատ մեծ ծավալներով․ այնքան մեծ, որ նման ծավալ երբեք չի պլանավորվել։ Եվ երկրորդ պատճառը տնտեսության անկարողությունն է՝ մարսել այդքան պլանավորածը։
«Կարողությունների հարցը շատ քննարկված է։ Եվ կարողությունների թեման կարևոր է նրանով, որ տնտեսությունը սովոր չէ այդ չափով կապիտալ ծախսեր անելուն, և երկրորդը՝ շինարարական ռեսուրսներն ուղղված են բնակարանային շինարարությանը», - նշում է մասնագետը։
Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանն այս փաստարկին հակադարձում է նրանով, որ եթե կան ֆինանսներ, պետք չէ սահմանափակվել Հայաստանի կարողություններով։
«Դա էլ է խնդիր, որովհետև միջոցները կան։ Գումար ունենք, բայց չենք կարող գտնել վաճառող, որ գա և մատակարարի ծառայություններ։ Հիմա եթե չես կարողանում գտնել ներքին շուկայից, բեր արտաքին շուկայից։ Վաճառողներ ման արի, գտի, թող ենթակառուցվածքները զարգացվեն», - նշում է փորձագետը։
Նա նշում է, որ պետության հիմնական գործառույթներից մեկն էլ ենթակառուցվածքների ապահովումն է, և հարց է՝ արդյո՞ք այդ կապիտալ ծախսերը արվում են որակով, որ տնտեսությանն ապահովեն այդ ենթակառուցվածքները։ Եվ եթե կապիտալ ծախսերը չեն կատարվում, ապա կառավարության արդյունավետության խնդիր կա։
Այս ամենը պետք է քննարկման առարկա դառնա Հայաստանի ԱԺ-ում։ Եվ ամեն տարի ամռան սկզբին, ֆորմալ առումով, խորհրդարանում սկսում են քննարկել, թե արդյո՞ք նախորդ տարվա բյուջեով խոստացվածը կատարվել է։ Բայց դրանք խորհրդարանի ամենապասիվ քննարկումներից են․ այդ նիստերի ժամանակ ավելի հաճախ իրականում քննարկվում են ընթացիկ այլ մտահոգիչ հարցեր՝ սահմաններ, Արցախ, ներդրումներ և այլն։
Այս տարվա քննարկումները, սակայն, աչքի ընկան անսպասելի բացահայտում-խոստովանությամբ, որի հեղինակը էկոնոմիկայի նախարարն էր։ Նա նշեց, որ իրենք չեն կարողանում հասնել խոստացածի զգալի մասի կատարմանը։
«ՄԺԾԾ-ն արդեն մեր խոստումների կեսը ջրել է։ Ահագին բաներ կան, որ դուրս եկած են էսօրվա մեր կառավարության ծրագրից։ Այսինքն էսօր արդեն մենք գիտենք, որ մեր խոստումների զգալի մասը չենք անելու, չենք անում, որովհետև ՄԺԾԾ-ով փողը դրած չէ։ Ընդ որում, էն, ինչ պլանավորվում է, դրա կեսն էլ չի արվում էլի։
Ասենք անցած տարի իրականությունը և կանխատեսումը ․․․ էնքան վերաբաշխումներ են եղել, որ մեր սկզբնական ծրագրի երևի 60 տոկոսն է իրականացվել էլի։ Այսինքն էն, ինչ մենք պլանավորում ենք, մենք խոսում ենք, որ պլանավորել ենք կեսը, բայց պլանավորածի մի մասն էլ չի լինելու հաստատ», - նշեց Քերոբյանը։
Նախարարը հենց կապիտալ ծախսերից մեկի վրա բերեց օրինակը․ ծրագրվել է 300 դպրոցի կառուցում / նորոգում, բայց նախատեսված արագությամբ չի ընթանում աշխատանքը, և քիչ հավանական է, որ կկարողանան անել դա։
Քերոբյանի այս հայտարարությունից հետո էլ բյուջեի կատարողականը գնաց ԱԺ լիագումար նիստի հաստատման։ Խորհրդարանը ֆիքսեց՝ խոստացված բյուջեն (իր ծրագրերով և ծախսերով) կատարվել է։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/09/2023