Տնտեսություն Քաղաքական

Հայաստան-Իրան առևտրի պոտենցիալն ու մշտական խոչընդոտները

Հայաստանն ու Իրանը պարբերաբար պայմանավորվում են երկու եկրների միջև առևտուրը հասցնել մեկ միլիարդ դոլարի, սակայն տարիների վիճակագրությունը հուշում է, որ ցանկությունը հնարավոր է լինում բավարարել կիսով չափ՝ առետուրը հասցնելով կես միլիարդի սահմանին։ Սա այն դեպքում, երբ Իրանը Հայաստանի ունեցած երկու ելքերից մեկն է։ Ավելին, եղած առևտուրն էլ հիմնականում էներգակիրների հաշվին է, այն էլ սահմանափակ չափով։

Բանն այն է, որ Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերն ունեն ֆիզիկական սահմանափակումներ։ Հետևաբար, առևտրաշրջանառությունը մեծացնելու համար նախ պետք է շատացնել հոսանքի լարերը։

Հենց այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են։ Հայաստանից էլեկտրաէներգիան Իրան հասցնող երրորդ էլեկտրագծի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այն կունենա 400 կՎ հզորություն, ինչը կմեծացնի Իրանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը։

Սա այն ծրագրերից է, որի իրականացումը ձգձգվել է տարիներով՝ նաև աշխարհաքաղաքական պատճառներով։

Հունիսին՝ նոր գծի շինարարության թեմայով ԱԺ-ում խոսելիս, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասել է, որ էլեկտրագծի անցկացման համար անհրաժեշտ 711 հենարանից մոտ 450 հատն արդեն մոնտաժված է։

Փոխնախարարը նաև նշել է, որ բետոնացված է դրանցից 550-600-ը, իսկ ծրագրի շրջանակներում կառուցվող «Նորավան» ենթակայանը ավարտված է մոտ 70 տոկոսով։

Մեկը երեքի դիմաց՝ էներգակիրները

Անկախության հռչակումից հետո Հայաստանը Իրանի հետ պայմանավորվել է վաճառել էլեկտրաէներգիա, դրա դիմաց ստանալ բնական գազ։ Այդ փոխանակումը կատարվում է մինչև օրս՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սկզբունքով՝ անկախ ընթացիկ գներից։ Հենց այս փոխանակման ընդհանուր ծավալները մեծացնելու համար է, որ կառուցվում է երրորդ էլեկտրահաղորդման գիծը։

«Այսօրվա գոյություն ունեցող երկու գծերով թողունակությունը կազմում է 300-350 մեգավատտ, նոր գծով՝ կեռապատկվի, կդառնա 1000-1200 մեգավատտ», – մայիսին «Լուրերին» ասել է ԲԷՑ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը։

Առհասարակ, էլեկտրաէներգիան հայ-իրանական առևտուրը, հատկապես` Հայաստանից Իրան արտահանումը, ամենաշատը բնորոշող ապրանքներից մեկն է։ Գումարային հաշվարկով (ավելի կոնկրետ՝ դոլարով) Հայաստանից Իրան բոլոր արտահանումների մեջ էլեկտրաէներգիայի կշիռը 80 տոկոս է։


2020 թվականի տվյալներով՝ Հայաստանից Իրան արտահանվել է 81,6 մլն դոլարի ապրանք, որից 65,9 մլն դոլարը կազմել է հենց էլեկտրաէներգիայի արտահանումը։ Դրանից բացի, նախորդ տարի Իրան է արտահանվել 2,8 մլն դոլարի էթիլ սպիրտ, ինչը, հավանաբար, կապված է կորոնավիրուսի հետ, քանի որ 2019-ին նման արտահանում չի եղել։ Եվս 5,1 մլն դոլար կազմել են սև մետաղի, ալյումինի և այլ մետաղաջարդոնային կամ թափոնային արտահանումները։ Արտահանվել է նաև ծխախոտ, շոկոլադե սննդամթերք և այլն։

Էլեկտրաէներգիայի դիմաց, փոխանակման ծրագրով, ներմուծվել է գազ՝ 68,3 մլն դոլարի։ Դրանից բացի, ներկրվել է նաև նավթամթերք՝ ևս 47 մլն դոլարի։ Այս երկուսը Իրանից Հայաստան ներմուծվող առաջատար ապրանքներն են։


Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների թվում մեծ է նաև շինանյութի դերը։ Ընդ որում՝ ուշագրավ է սև մետաղից, ալյումինից պատրաստված շինանյութերի դեպքը։ Ստացվում է, որ Հայաստանից մետաղն արտահանվում է Իրան, այնտեղ դառնում շինանյութ և բարձր գնով վաճառվում Հայաստանին։

Մեկը երեքի դիմաց՝ առևտուրը

Հայ-իրանական առևտուրը, սակայն, ունի նաև իր ոչ ֆորմալ, «ժողովրդական» արտահայտությունը. ՀՀ քաղաքացիները գնում են Իրան ու այնտեղից ներմուծում տարբեր ապրանքներ, հատկապես խոհանոցային սպասք՝ առավելապես ծանոթների շրջանում վաճառելու համար։ Բայց կան նաև սոցցանցային էջեր (այդ թվում՝ Ինստագրամում), որոնք զբաղվում են այդպիսի առևտրով։


Իսկ «ինստիտուցիոնալ» առևտրի խթանման համար հունիսին Երևանում կազմակերպվել էր «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին իրենց արտադրանքն էին ներկայացնում տասնյակ իրանական ընկերություններ։ Այն նաև անցկացվում էր թուրքական ապրանքներից հրաժարվելու Հայաստանի որոշման ֆոնին։

Հայաստանում իր սեփական ՏՏ ընկերությունը ստեղծած իրանցի գործարարներից է Մոհամմադ Ալի Սարբանհան։ Նա ուսումնասիրել է նաև Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի շուկաները, գերադասել է ընկերությունը հիմնել հենց Հայաստանում։ Նրան գրավել է այն, որ Հայաստանում կառավարությունը չի միջամտում բիզնեսի գործերին և հակված է մասնավորի հետ գործընկերության։

Այնուամենայնիվ, իրանցի գործարարը խնդիրների երկու խումբ է առանձնացնում։ Առաջինը հաղորդակցային-մշակութայինն է․ Հայաստանի պետական հաստատություններում մասնագետները քիչ են տիրապետում անգլերենին։ Կան նաև բնակության, առողջապահության համակարգից օգտվելու և այլ փաստաթղթային խնդիրներ։

Խնդիրների երկրորդ խումբը գործարարությանն է վերաբերում։ Հայաստանյան բանկերի հետ աշխատելը, ըստ գործարարի, խնդիր է առաջացնում իր՝ Իրանի քաղաքացի լինելու պատճառով։ Դրա պատճառն էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն են։ Խնդիրն ավելի խորն է, քանի որ ՏՏ ընկերության պատվիրատուները հիմնականում դրսից են, և փոխանցումները անում են այլ երկրներից։

Անհաս նպատակը՝ 1 մլրդ դոլար

Երևանն ու Թեհրանը պետական մակարդակում պայմանավորվել են մեծացնել առևտուրը, բայց այն բավական ցածր մակարդակի վրա է։ Տարբեր տարիների բարձր մակարդակով խոսք է եղել առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին։

․․․․ կարելի է հասցնել 1 միլիարդի (նոյեմբեր 2015),
․․․․ հնարավոր է հասցնել 1 միլիարդի (մարտ 2017),
․․․․ որոշվել է հասցնել 1 միլիարդի (փետրվար 2021),
․․․․ պետք է հասցնել 1 միլիարդի (մայիս 2021

Չնայած դրան՝ հայ-իրանական առևտուրը երբեք չի հասել նույնիսկ կես միլիարդ դոլարի։ Ավելին, դրա մեջ հիմնական մասը Իրանից Հայաստան ներկրումներն են, որոնց ծավալը մեծանում կամ փոքրանում է, ու դրանից կախված էլ հիմնականում մեծանում կամ փոքրանում է երկկողմ առևտրի ծավալը։


Երկկողմ առևտրային հարաբերություններում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ետ է մնում ոչ միայն քանակական, այլև որակական առումով։ Եթե չլիներ էլեկտրաէներգիայի արտահանումը, Հայաստանը միայն որոշ քանակով մետաղներ և ավելի քիչ քանակով այլ ապրանքներ կարտահաներ Իրանի՝ հսկայական հնարավորություններով շուկա։

Իսկ Իրանը Հայաստան է արտահանում բազմազան ապրանքներ, որոնց զգալի մասը արդյունաբերական արտադրանք է (ոչ թե հումք, մետաղ և այլն)։

Հինգը + մեկ․ ԵԱՏՄ-Իրան առևտուրը

ԵԱՏՄ 5 պետություններից Իրանի հետ ցամաքային սահման ունի միայն Հայաստանը։ Եվ դա արտահայտվում է Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև առևտրի տվյալներում։ Հայաստանը, չնայած Իրանի հետ առևտրի ոչ մեծ ծավալին, համեմատաբար մեծ կշիռ ունի ԵԱՏՄ երկրների թվում նույն Իրանի հետ առևտրի գծով։ ԵԱՏՄ-Իրան առևտրում Հայաստանի կշիռը մոտ 9,3% է 2020-2021 թվականների տվյալներով։

Տվյալները կոնվերտացված են իրանական օրացույցից, որտեղ 1399 թվականը համապատասխանում է մեր օրացույցի 2020-ի մարտից 2021-ի մարտ ժամանակահատվածին։ Նույն պատճառով գրաֆիկում տարեթվերը ներկայացված են զույգերով՝ իրանական կողմի ներկայացրած տվյալներն արտացոլելու համար։


2018-ին ԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր է կնքել, որն ուժի մեջ է մտել 2019-ի հոկտեմբերից:

Դրանով կողմերը պայմանավորվել են ցածր մաքսատուրքեր սահմանել միմյանց համար՝ հարյուրավոր ապրանքների գծով։ ՀՀ ԱԺ-ում համաձայնագրի վավերացման հիմնավորման մեջ նշվում է հետևյալը։

«․․․ ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում»։

Ըստ այդ հիմնավորման՝ գյուղատնտեսական մասով այդպիսի ապրանքներից են տավարի միսը, հանքային և գազավորված ջրերը, իսկ արդյունաբերական ապրանքների մասով՝ դեղամիջոցները, կուտակիչները և տրիկոտաժե արտադրանքը։

Իրանն արդեն հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին մշտական անդամակցելու ցանկություն ունի, և այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: Իրանում ԵԱՏՄ-ին անդամակցելը դիտարկում են որպես տարածաշրջանում և դրանից դուրս ակտիվ ներկայություն ապահովելու, պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու միջոց, ինչպես նաև ոչ նավթային արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորություն, փորձ՝ համաշխարհային տնտեսական այլ միություններին անդամակցելու համար:

Իսկ մինչ կստորագրվի մշտական համաձայնագիր, կամ Իրանը կդառնա ԵԱՏՄ անդամ, հայկական կողմը զբաղվում է Հայաստանով իրանական բեռնատարների, ասել է թե՝ բեռների տեղաշարժի դյուրացման աշխատանքներով՝ առևտուրն ակտիվացնելու համար։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/08/2021