Սոցիալական

Հատուցման ժամանակը․ Որքա՞ն գումար է հարկավոր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվն առայժմ հայտնի չէ։ ՀՀ Պաշտպանության նախարարության  համաձայն՝ ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական ու ծառայողական գաղտնիք է։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչև հունվարի 4-ը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհվածի մարմին։ Սակայն նրանցից քանիսն են զինծառայող՝ նույնպես հայտնի չէ։

Հայաստանի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը  զոհվածների ընտանիքներին պետք է հատուցման գումարներ հատկացնի։ Միայն նշված թվով զոհված զինծառայողների թվով հաշվարկելու դեպքում, հատկացվելիք նվազագույն գումարը կկազմի շուրջ 33,6 մլրդ դրամ։ Զոհվածների ընտանիքներին 20 տարվա ընթացքում ամսական հատուցումների համար անհրաժեշտ կլինի ևս առնվազն 195 մլրդ դրամ (բացատրությունը տես ստորև)։

Այդպիսի գումարներ հիմնադրամը չունի։ Առայժմ չունի, քանի որ գործունեության սկզբից՝ 2017 թ․-ից մինչև հիմա, հավաքվել է շուրջ 39 մլրդ դրամ, որից 7,7 մլրդը կամ 20%-ը նվիրատվություններն են, մնացածը՝ ձևավորվել է հարկատուների շնորհիվ, ովքեր ամսական  հարկային վճարումներից բացի, պարտադիր հազարական դրամ էին վճարում պետական հատուկ հաշվեհամարին՝ իբրև դրոշմանիշային վճար։

Այս գումարների մի մասն արդեն որպես հատուցում տրամադրվել է նախկինում զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին։


Մինչև պատերազմի սկիզբը հիմնադրամի շահառուների մեծ մասը եղել են 343 զոհված զինծառայողների ընտանիքները։ Հիմնադրամը  ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև մարտական գործողությունների հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած 25 զինծառայողի և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած 49 զինծառայողի։

Դրոշմանիշային վճարի բարձրացման հիմնավորումը

Հունվար ամսից սկսած՝ դրոշմանիշային վճարի հավաքագրման համար գործում է վճարման պրոգրեսիվ ձևաչափը՝ որքան շատ աշխատավարձ, այնքան մեծ հատուցում։ Պատճառը մեկն է՝ հիմնադրամի շահառուները շատ ավելին են, քան հատուցման ֆոնդը, որը գոյանում է 1000-ական դրամների հավաքագրման հաշվին։

Ազգային ժողովում ընդունված նախագծի համաձայն՝ ներմուծվում է նոր սանդղակ ըստ որի՝ ամսական վճարումները կլինեն 1500-ից 15000 դրամի սահմաններում։

Նույնպիսի սանդղակ է նախատեսված անհատ ձեռներեցների և նոտարների համար։ Նրանց համար դրույքաչափերը հաշվարկված են տարեկան արտահայտությամբ: Տարեկան արտահայտությամբ են նշված նաև հիմնադրամին վճարվելիք գումարները՝ 18 հազարից մինչև 180 հազար դրամ։

Դեկտեմբերի 28-29-ին Ազգային ժողովն արագացված կարգով ընդունեց այս փոփոխությունների մասին նախագիծը։ Դեկտեմբերի 30-ին նախագահը ստորագրեց փոփոխությունների մասին օրենքը։

Հասարակության շրջանում նման փոփոխությունների հետ կապված դժգոհությունը ոչ թե դրոշմանիշի վճարի բարձրացման դեմ է, այլ թե ինչո՞ւ են ընտրվել հենց այս դրույքաչափերը, քանզի սա հասկանալու համար անհրաժեշտ կլիներ պարզել՝ որքան զոհվածներ ու հաշմանդամություն ստացածներ կան պատերազմի հետևանքով։ Սակայն դա էլ, ինչպես նշեցինք, հայտնի չէ, իսկ ըստ ՊՆ պարզաբանման՝ գաղտնիք է։

Անգամ օրենքի նախագծի հիմնավորման հատվածում շահառուների մասին քանակական տվյալները բացակայում են։ Հիշատակվում է հետևյալը․ «․․․ պատերազմական գործողությունների հետևանքով մեր բազմաթիվ զինծառայողներ զոհվեցին մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն ․․․․»։

Հիմնադրամի շահառուները

ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Ամփոփ Մեդիային» հայտնեցին, որ թեև Առողջապահության նախարարությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել զոհվածների մարմինները, սակայն աշխատանք է տարվում պարզելու նրանց ինքնությունը։ Միայն այդ գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի նշել զոհված զինծառայողների ընդհանուր թիվը։

Վիրավորվածների դեպքում ընդհանուր թվի բացակայությունը կապում են հաշմանդամության կարգի տրամադրման հետ՝ հիմնավորելով, որ գործընթացը ժամանակատար է։ ՊՆ աղբյուրը նշում է, որ հատուցումների տրամադրումը որոշակիորեն արագացնելու համար առանձնացնում են այն վիրավորներին, որոնք ամենայն հավանականությամբ կստանան հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ և կդառնան հիմնադրամի շահառու։

Նախարարության միջնորդությամբ (տես ցանկը) հիմնադրամը կկարողանա սկսել հատուցումների տրամադրումը, մինչև վիրավորվածների մոտ հաշմանդամության կարգի հաստատումը։

Որքան գումար է անհրաժեշտ

Մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ու կամավորականների ընտանիքներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին ու կամավորականներին տրվող գումարը չի փոխվում։ Սանդղակն ընդունվել է դեռևս 2017 թ․-ին։

Բայց կա տարբերակում զոհվածների և հաշմանդամություն ստացածների համար։ Մասնավորապես, եթե զոհվածը սպա է, ապա նրա ընտանիքի ստացած հատուցումն ավելին է, քան զոհված ժամկետային զինծառայողի ընտանիքինը։

Մինչև հիմա պաշտպանության բանակը հրապարակել է մարտական գործողությունների ընթացքում զոհված շուրջ 2000 զոհված զինծառայողների անուններ։

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել պատերազմի 742 մասնակիցների ընտանիքներին։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշեց, որ առայժմ հատուցումները տրվել են միայն զոհված զինծառայողների ընտանիքներին։


Նրանց ընտանիքներին միանվագ տրվող հատուցումներն ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 7,4 մլրդ դրամ, իսկ 20 տարվա ընթացքում ամսական հատկացվելիք գումարները միասին կկազմեն ևս շուրջ 41 մլրդ դրամ։

Ե՞րբ բոլորը կստանան հատուցումները

Գործընթացի արագ ավարտին խանգարող գործոնները մի քանիսն են․

  • Զոհված զինծառայողների նույնականացման գործընթաց, որը դանդաղ է ընթանում։ Մարմինների մի մասը դեռ ԴՆԹ հետազոտությունների միջոցով պետք է ճանաչվեն։
  • Վիրավորվածների համար ըստ անհրաժեշտության հաշմանդամության կարգի տրամադրում, որը պահանջում է բժշկական և բյուրոկրատական գործընթացներ։
  • Անհետ կորած զինծառայողների իրավական կարգավիճակի ճանաչում, որը պետք է իրականացվի դատարանի որոշմամբ։ Սա նույնպես ամիսներ է տևելու։

Առաջին դեպքի համար կառավարությունը ԴՆԹ հետազոտության նոր հոսքագիծ է պատվիրել։ Այն հասանելի լինելուն պես՝ զոհվածների մարմիններից ու նրանց հարազատներից նմուշառումները կիրականացվեն երկու հոսքագծերով։

Երկրորդ դեպքում՝ հաշմանդամության կարգերի տրամադրման հարցում, կառավարությունը հրապարակել է վիրավորումների հետևանքով առողջական խնդիրների ցանկ, որոնք ամենայն հավանականությամբ բերելու են հաշմանդամության։

Հաշմանդամություն ստացած զինծառայողներին հիմնադրամը ներկայում տրամադրում է ամսական 300 հազար դրամ, մինչև կճանաչվի այդ մարդկանց հաշմանդամության կարգը։

Երրորդ՝ անհետ կորածների դեպքում նույնպես գումար կհատկացվի զինծառայողների ընտանիքներին, մինչև նրանք կգտնվեն կամ դատարանի որոշումով կճանաչվեն անհետ կորած (անհետ բացակայող)։

Բայց կա նաև մեկ այլ հանգամանք։ Հիմնադրամից նշում են, որ Պաշտպանության նախարարությունից շահառուին վերաբերող փաստաթղթերի ստացումից հետո «ամբողջ գործընթացը միջինում տևում է 2-3 շաբաթ, բայց քանի որ դիմումները շատ են, որոշ դեպքերում գործընթացը կարող է ավելի երկար տևել»։

Ամփոփեց Գարիկ Հարությունյանը

Գծապատկերները՝ հեղինակի

Ինֆոգրաֆիկները՝  Կարինե Դարբինյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/01/2021