Սոցիալական Քաղաքական

Ընտրովի աբորտ կամ միգրացիա․ Երբ հասարակության մեջ տղամարդկանց ավելցուկ կա, կոնֆլիկտները թեժանում են

Կադր «Վենդետտա» հեռուստասերիալից

«IPJ – միջազգային քաղաքականություն և հասարակություն» առցանց պարբերականը հրապարակել է քաղաքագիտության դոցենտ Կլարա Նոյպերտ-Վենցի դիտարկումն այն մասին, թե ինչ է պատահում, երբ հասարակության մեջ տղամարդիկ թվով գերակշռում են կանանց։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։

Աղետալի հետևանքներ

1990-ին Նոբելյան մրցանակակիր Ամարտյա Սենը հայտարարեց, որ «ավելի քան 100 միլիոն կին անհետացել է»: Ի՞նչ է նշանակում «անհետացել է»: Աղջիկներն «անհետանում են», քանի որ աշխարհի շատ վայրերում ծնողները նախընտրում են տղա ունենալ: Այս նախապատվությունը հաճախ պայմանավորված է նահապետական և այլ անհավասար գենդերային նորմերով: Նման դեպքերում ծնողները տղաներին տնտեսական կամ սոցիալական տեսանկյունից ավելի արժեքավոր են համարում: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը` երեխայի սեռը մինչ ծնունդը որոշելու և հղիությունն արհեստականորեն ընդհատելու նպատակով, եթե աղջիկ է ծնվելու, հանգեցրել են ծայրաստիճան անհավասար սեռային հարաբերակցության Չինաստանում, Հնդկաստանում և Ադրբեջանում:

Թվերը ցնցող են: Անդրադառնանք Հայաստանին: Ըստ առկա տեղեկատվության ՝ 1990-ականներից ի վեր, երբ ի հայտ եկավ ուլտրաձայնային տեխնոլոգիան, երկրում տեղի ունեցավ սեռերի հարաբերակցության կտրուկ փոփոխություն, որի գագաթնակետը 2000 թվականն էր, երբ ծնվեց 120 տղա յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով: Ընդ որում, տղաներն ու աղջիկները սովորաբար ծնվում են բավականին կայուն՝ 105:100 հարաբերակցությամբ: Հարաբերակցությունը տարիքի հետ գրեթե հավասարվում է, քանի որ տղաներն ու տղամարդիկ ավելի հաճախ են երիտասարդ տարիքում մահանում: Արդյունքում, այս տարիների ընթացքում ծնված մեկ միլիոնից ավելի երեխա և երիտասարդ ընդգրկող խմբում միջին հաշվով կան գրեթե 50 000 «ավելորդ» տղաներ և տղամարդիկ:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ հասարակության մեջ տղամարդիկ զգալիորեն շատ են լինում, քան կանայք: Անհատական մակարդակում հղիությունը դադարեցնելու որոշումը, եթե պտուղը իգական սեռի է, կարող է ռացիոնալ թվալ՝ հաշվի առնելով, որ, օրինակ՝ օժիտի ավանդույթը մեծացնում է դուստրերի գինը, իսկ ծնողների տնտեսական և ֆիզիկական անվտանգությունը հաճախ ապահովում են որդիները, քանի որ դուստրերն ամուսնանալով՝ սովորաբար հեռանում են ծնողական տնից: Մինչդեռ հետազոտողներից շատերը կարծում են, որ գենդերային այս անհավասարակշռությունն ավելի մեծ մասշտաբների մակարդակում սարսափելի հետևանքներ կարող է ունենալ:

Նախ, եկեք անդրադառնանք (երիտասարդ) տղամարդկանց: Շատ երկրներում նրանց համար առկա են խիստ կանոնակարգեր ու պահանջներ՝ ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այսպիսով, երբ ծնվում է տղամարդկանց սերունդ առանց նույն քանակի կանանց, նշանակում է, որ շատ տղամարդիկ չեն կարող ապրել նշված սոցիալական նորմերին համապատասխան: Դա կարող է ազդել նաև նրանց երկարաժամկետ տնտեսական հեռանկարների վրա: Շատ երկրներում, որտեղ բացակայում է սոցիալական ապահովվածությունը, ընտանիքը, հատկապես երեխաներ ունենալը, թոշակի անցնելուց հետո կյանքի ապահովման միակ հուսալի միջոցն է հանդիսանում:

Չնայած շատերը ծանոթ են զույգ չգտնելու հիասթափությանը, սակայն տղամարդկանց և կանանց հարաբերակցության երկարաժամկետ և մասսայական խզումը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն անձնական մակարդակում: Երիտասարդ տղամարդիկ հաճախ հակված են ռիսկային վարքի, ինչով նաև բացատրվում է նրանց մահացության ավելի բարձր մակարդակը: Բայց դժգոհության հետ զուգորդվելով, որը բխում է չափազանց առնական հասարակության մեջ ապրելուց, նրանց գործողությունները կարող են վտանգի տակ դնել ամբողջ երկիրը:

Կանանց դեֆիցիտին հետևում են դաժան բախումները: Նրանց բացակայությունը պայմանավորված է այնպիսի նորմերով և տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ժողովրդագրական փոփոխություններով, որոնք զրկում են կանանց հավասար իրավունքներից և որոնք հաճախ դժվար է շտկել:

Օրինակ՝ Չինաստանում «մեկ երեխայի քաղաքականությունը» հանգեցրեց չկանխատեսված հետևանքների՝ աղջիկների թվի կտրուկ անկման տեսքով: Արդյունքը «ավելորդ» տղամարդիկ էին, որոնց անվանում էին «մերկ ճյուղեր»: Լենա Էդլունդը և այլք հայտնում են, որ երբ այդ տղամարդիկ հասունանում են, տեղի է ունենում հանցագործությունների աճ: Նման հետևանքներ գրանցվել են նաև Հնդկաստանում: Հակամարտությունների կարգավորման մասին հանդեսի մեր հոդվածում Կարլո Կուսը և ես ցույց ենք տալիս, որ նման անհավասարակշռությունը կարող է հանգեցնել բռնության նաև Աֆրիկայի գյուղերի էթնիկ խմբերի միջև: Մենք գտնում ենք, որ բազմակնությունը՝ մեկ տղամարդու և մի քանի կանանց միջև ամուսնությունը, հանգեցնում է մի երևույթի, ինչը մենք անվանում ենք «ավելորդ տղամարդիկ», որի հետևանքով տղամարդիկ չեն կարողանում կողակից գտնել: Ըստ մեր հետազոտության արդյունքների, բազմակին հասարակություններում տղամարդիկ ավելի նյարդային են և ավելի հակված են բռնության դիմել:

Բայց ճիշտ չէ կարծել, որ այդ մեխանիզմները գործում են միայն Արևմտյան Եվրոպայի սահմաններից դուրս: Այստեղ ևս նկատելի են սեռերի միջև հարաբերակցության շեղումներ, թեև իգական սեռի պտղի արհեստական ընդհատման հետ կապված մեծ խնդիր կարծես թե չկա: Օրինակ՝ Գերմանիայի արևելյան բնակավայրերից ավելի շատ հեռանում են կանայք, քան տղամարդիկ, ինչի արդյունքում շատ գյուղական համայնքներում ամուսնական տարիքի տղամարդիկ 25%-ով գերազանցում են կանանց: Որոշ գիտնականներ կարծում են, որ, հաշվի առնելով ժողովրդագրական այս փոփոխությունները և ներգաղթյալների հոսքը, սա մտահոգիչ հանգամանք է, քանի որ վերջին հինգ տարում Եվրոպա մուտք գործած ներգաղթյալների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են: Վերջերս թողարկված հրապարակման համահեղինակներն ու հեղինակ Ռաֆայելա Դանսիգեյը ցույց տվեցին, որ նրանց ժամանումը կապված է Գերմանիայում ներգաղթյալների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետ: Բացի այդ, մեծ թվով «ավելորդ» տղամարդ ունեցող համայնքներում տեղացի տղամարդկանց կեսից ավելին վախենում է, որ ներգաղթի պատճառով չի կարողանա զուգընկեր գտնել: «Զուգընկերոջ համար մրցակցության» այսպիսի վախերն էլ հենց ընկած են մի մեխանիզմի հիմքում, որը հանգեցնում է գենդերային անհավասար հարաբերակցությունից բխող բռնությունների:

Գենդերային անհավասար հարաբերակցության պատճառով ծագող բռնությունները կարող են վերաճել նույնիսկ միջազգային բախումների: Դիտարկենք վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության սրումը: Այս երկրներում տղաների ծնելիության նկատելի աճ կա: Այսպիսով, երկու երկրների երիտասարդների մեծ մասն այժմ տղամարդիկ են: Այլ երկրներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ սա կարող է բռնություն գործադրելու պատրաստակամության բարձրացմանը նպաստող գործոն լինել: Վալերի Հադսոնի և այլոց աշխատանքները ցույց տվեցին, որ այն երկրները, որտեղ կանայք ենթարկվողի կարգավիճակում են, հակված են ավելի վատ ֆինանսական, կառավարման փխրուն վիճակ և ավելի շատ հակամարտություններ ունենալ:

Իսկ ինչպիսի՞ն է կանանց վիճակն այն հասարակություններում, որտեղ տղամարդիկ ավելի շատ են: Կարելի էր ենթադրել, որ կանանց հարաբերական պակասի պատճառով նրանք պետք է որ ավելի բարձր կարգավիճակ ունենային: Սակայն տեսնում ենք, որ, ցավոք, դա այդպես չէ: Հայրիշխանության նորմերի առկայությունը և տղամարդկանց գերներկայացվածությունը նպաստում են առնականացմանը և խանգարում կանանց հզորացմանը: Արդյունքում, որպես կանոն, կանայք տառապում են սեռական շահագործման, մարդկանց (միջազգային) թրաֆիքինգի և հարսնացուների առևանգման հետևանքով: Այսպիսով, կանանց «դեֆիցիտի» ֆենոմենը համընթաց քայլում է կանանց նկատմամբ խտրականության հետ՝ շարունակելով արատավոր շրջանը: Բացի այդ, գենդերային հավասարությունը խթանող քաղաքականությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Վերջերս կատարված ուսումնասիրության մեջ Սոնիա Բալոտրան և այլք ցույց տվեցին, որ գենդերային հավասարությանն ուղղված ժառանգության մասին օրենքների ներդրումը, գենդերային և ընտանեկան ավանդական նորմերի առկայության պատճառով, հանգեցրել է ծնողների համար դուստրերի վրա արվող ծախսերի աճի: Այդ քաղաքականության ներդրման հետևանքով, որն ի սկզբանե նախատեսված էր կանանց հզորացնելուն, նրանք արձանագրել են աղջիկների ծնուննդների անկում։

Կանանց և տղամարդկանց նկատմամբ անհավասար վերաբերմունքն ունի հսկայական սոցիալական հետևանքներ, որոնք դուրս են անհատական անարդարության սահմաններից: Նրանց բացակայությունը պայմանավորված է այնպիսի նորմերով և տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ժողովրդագրական փոփոխություններով, որոնք զրկում են կանանց հավասար իրավունքներից և որոնք հաճախ դժվար է շտկել: Նմանատիպ երևույթներ առկա են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հետևաբար, հետազոտողները և քաղաքականություն մշակողները գենդերային և ընտանեկան հարաբերությունները պետք է դիտարկեն ոչ միայն որպես գենդերային հավասարության պայքարի դաշտ, այլ նաև որպես հասարակության խաղաղության հիմք:

Հեղինակ՝ Կլարա Նոյպերտ-Վենց

Թարգմանությունը՝ Ամփոփ Մեդիայի

Սկզբնաղբյուրը՝ IPJ-International Politics and Society առցանց պարբերական

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփ Մեդիայի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/01/2021