22-ամյա Դիանա Հարոյանը, վատ ինքնազգացողություն ունենալով, մայիսի վերջին որոշեց կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնել, սակայն հակված էր մտածել, որ թեստի պատասխանը բացասական է լինելու։ Ոչ այնքան արտահայտված ախտանիշներն էին ստիպում այդպես մտածել։
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու երրորդ ամսում Դիանան արդեն այնպես չէր վախենում կորոնավիրուսով վարակվելուց, ինչպես մարտի կեսերին։
Խիստ սահմանափակումների օրերին մարքեթինգով զբաղվող աղջիկը շարունակում էր աշխատանքի գնալ․ «Ամեն օր դուրս եմ եկել տնից՝ գիտակցելով, որ տաքսի նստելը, նոր մարդու հետ շփվելը կարող է վարակվելու պատճառ դառնալ»։
«Հոգեբանորեն պատրաստվել էի արդեն, որ մի օր իմ մոտ էլ կախտորոշեն»,- ասում է նա և խոստովանում՝ երբ ստացավ թեստի դրական պատասխանը, հասկացավ, որ իրականում համակերպված չէր այդ մտքի հետ։ Այդ պահից սկսած՝ Դիանան մեկուսանում է տանը։
«Երբ ասացին «դրական է»՝ չհավատացի, մտածեցի՝ հնարավոր չէ, թեստը սխալ է, շփոթել են այլ մարդու հետ։ Ախր լավ եմ, ծանր չեմ, ինչի՞ է դրական»,- ասում է ԵՊՀ-ում «Կառավարման հոգեբանություն» սովորող Դիանան։
Դրական էր նաև Դիանայի ընտրյալի թեստի պատասխանը։
26–ամյա Համլետի մոտ ախտորոշվում է նաև երկկողմանի թոքաբորբ, նրան հոսպիտալացնում են՝ ուղարկելով Վանաձորի հիվանդանոց, քանի որ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում ազատ մահճակալներ գրեթե չկային։
Աշխատավայրում թեստավորվեցին բոլորը, բայց թե՛ Դիանայի, թե՛ Համլետի շրջապատում բոլորի թեստերը բացասական էին։
«Որտեղ ու ոնց կարող էինք վարակվել ու չվարակել ոչ ոքի։ Երևի նրանից էր, որ շուտ ենք գլխի ընկել, մեկուսացել ենք, գուցե ամեն դեպքում դիմակ-ձեռնոց կրելն օգնել էր։ Երբ իմացանք՝ ոչ մեկի չենք վարակել, մի տեսակ թեթևացանք»։
Մոտ 117 կմ միմյանցից հեռու, Համլետը՝ հիվանդասենյակում, Դիանան՝ տանը, սկսում են հաշվել օրերը։
«Անհանգիստ էի, որ տանն եմ և առանց բժիշկների մշտական հսկողության։ Իմունիտետս միշտ էլ ցածր է եղել, ու կարծում էի՝ բարդություններն առջևում են։ Պոլիկլինիկայում որևէ դեղ չէին նշանակել, քանի որ սիմպտոմ չկար։ Պոլիկլինիկայից ստացած հերթական անտարբեր պատասխանից հետո հասկացա՝ ես ինքս ինձ պետք է բուժեմ»,- ասում է Դիանան։
Նա սկսում է վիտամիններ խմել, ավելի շատ միրգ-բանջարեղեն ուտել, հեղուկներ օգտագործել։
«Ինձ համար մեկուսացումը ծանր էր մինչ այն պահը, երբ հասկացա՝ վերջապես ես էլ ունեմ արձակուրդ, թեկուզ պարտադրված, ու վերջապես ես էլ կնստեմ տանը։ Քննական շրջան էր, բոլոր քննությունները գերազանց հանձնեցի, ինչը չէի կարող անել, եթե աշխատանքի լինեի։ Բայց․․․աշխատավայրում կարևոր պլաններ ունեի, որոնցից շեղվեցի»։
Կորոնավիրուսը, ինչպես հազարավոր մարդկանց դեպքում, խառնում է նաև Դիանայի ու Համլետի ծրագրերը։
Մարքեթինգային բիզնեսում հաջողություն գրանցող երիտասարդ զույգը ամեն ամառ միջոցառումների պատվերներ էր իրականացնում ու այս տարի ակնկալում էր մեծ եկամուտ։
Ծրագրերը չեղարկվում կամ անորոշ ժամանակով հետաձգվում են։
«Ամռանը միշտ ունենում էինք այնքան գործ, որ չէինք հասցնում անգամ գնալ հանգստանալու։ Հիմա այդ բիզնեսն էլ է կանգնած»,- ասում է Դիանան։
14 օր տանը փակված մնալուց հետո Դիանային պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ կարող է վերադառնալ բնականոն կյանքի։ «Պարզեցի, որ ինձ պետությունը չի պատրաստվում երկրորդ անգամ թեստավորել։ Որոշեցի ապահովության համար ևս 7 օր տանը մնալ։ Հետո, համոզված լինելու համար, որ ամբողջովին ապաքինվել եմ, մասնավոր կլինիկայում թեստ հանձնեցի։ Արդյունքը կրկին դրական էր»,- ասում է Դիանան և հանգում հետևյալ մտքին․
«Ստացվում է՝ դրանից դեռ մեկ շաբաթ առաջ, եթե բժիշկներին լսելով՝ գնայի աշխատանքի, պոտենցիալ վտանգ էի դառնալու շրջապատիս համար։ Սա, հավանաբար, ամենամտահոգիչն է»։
Դիանան վստահ է՝ ասիմպտոմ վարակակիրների մեծ մասը չի էլ փորձելու ճշտել՝ վարակից ամբողջովին ազատվել է, թե ոչ։ «Յուրաքանչյուրիս շրջապատում կարող են լինել այդկերպ «բուժվածներ»»։
Նա վստահեցնում է, որ դժվարություններից չեն ընկճվել, անգամ կյանքի կարևոր իրադարձություններից մեկի հետաձգման պատճառով։
Դիանա Հարոյանն ու Համլետ Խնկոյանը որոշել էին այս աշնանն իրենց պատկերացրած ու երազած հարսանիքը կազմակերպել։ Հյուրերի ցանկը պատրաստ է, ծախսերը՝ հաշվարկված, կան պայմանավորվածություններ, արված կանխավճարներ, բայց․․․
«Ոնց որ էս տարի էլ չի ստացվի»,- ասում է Դիանան՝ նկատի ունենալով COVID19-ի վերաբերյալ կանխատեսումները։
«Բայց թե՛ ես, թե՛ Համլետը դրական ենք տրամադրված․ շատ բան կորցրինք, բայց մեր մեջ ավելի կարևոր բաներ գտանք, որը թարմ ուժերով, ավելի մեծ թափով աշխատելու հնարավորություն է տալու»,-շարունակում է նա։
Մեկուսացումից 40 օր հետո Դիանան ու Համլետը վերադառնում են իրենց կիսատ թողած գործերին ու աշխատանքին։
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Լուսանկարները Դիանայի արխիվից
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Ասատրյան
COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
- Քրոնիկ հիվանդություններն ու բարեփոխումների անհրաժեշտությունը
- Ինչպե՞ս են թեստավորում
- Բարեկամի տուն այցը՝ մեկ ընտանիքից վեց հոգու վարակման պատճառ
#COVID19 #crisis
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/06/2020