Այլ

Ampop.am-ը լավագույնն է Մեդիա 3.0 անվանակարգում

«Սա համարձակ լրագրություն է»

Ampop.am տվյալների լրատվության կայքը հաղթող ճանաչվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ամենամյա «Թվապատում» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Ampop.am կայքի անձնակազմը պարգեւատրվեց մրցույթը խորհրդանշող արձանիկով եւ դրամական մրցանակով՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին լրագրողական ուսումնասիրությունների շարքով անդրադառնալու համար:

Մրցանակները հանդիսավոր ձեւով շնորհվեցին սեպտեմբերի 29-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էին 36 լրատվամիջոցների շուրջ 136 աշխատանքներ։

Մեդիա մենեջեր Մանանա Ասլամազյանը Ampop.am կայքի հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանին մրցանակը հանձնելիս նշեց, որ սա միակ անվանակարգն է, որի շնորհման շուրջ ժյուրիի անդամներն ի սկզբանե ունեցել են միանման կարծիք. «կա մեկ հաղթող, քանի որ նրա աշխատանքը մի գլուխ բարձր է, քան մնացած թեկնածուներինը»:

Լուսանկարը Մ. Ասլամազյանի անձնական էջից
Մանանա Ասլամազյան, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն

Սա նոր մեդիա է` Մեդիա 3.0: Սա երիտասարդ թիմ է, որը ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, որն իր գործունեությունը ծավալում է առցանց միջավայրում, եւ վերջապես սա այն է, ինչն այսօր զարգանում է ողջ աշխարհում: Սա, այսպես կոչված, բացատրական լրագրություն է, որտեղ կան բազմաթիվ մեծ տվյալներ, որոնք հիանալի ձեւով վիզուալիզացված են, ինչը թույլ է տալիս տեսնել պատկերն ամբողջությամբ եւ կատարել եզրակացություններ: Սա համարձակ լրագրություն է, այդ պատճառով այս անվանակարգում Ampop.am-ը բացարձակ առաջնորդ է եւ հաղթող:

Ampop.am կայքի մասին ամփոփ

Ampop.am կայքի անձնակազմի համար «Թվապատում» լրագրողական մրցույթում տարած հաղթանակն առաջինն է: Սա շատ ոգեւորիչ է, քանի որ նախագիծն ընդամենը 11 ամսական է եւ արդեն արժանանում է իր ընտրած ոլորտում բացարձակ առաջնորդը լինելու պատվին:

Սուրեն Դեհերյան, լուսանկարը` Գագիկ Աղբալյանի

Կայքի մեկնարկը տրվել է 2016թ. հոկտեմբերի 20-ին` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ փորձագետների կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այս 11 ամիսների ընթացքում նախագծի գործընկերներից են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Գրեթե մեկ տարվա ընթացքում «Ամփոփ Մեդիա» նախագծի շրջանակում կազմակերպվել է առնվազն 4 մասնագիտական դասընթաց տվյալների վիզուալիզացիայի եւ բացատրական լրագրության թեմայով, որոնց մասնակցել են շուրջ 60 լրագրողներ, դիզայներներ եւ տարբեր ոլորտների մասնագետներ: Նրանց մի մասը մինչ այսօր էլ հաջողությամբ համագործակցում է Ampop.am-ի խմբագրության հետ:

Նշված ժամանակահատվածում Ampop.am կայքը հրապարակել է 60 լրագրողական ուսումնասիրություն սոցիալ-տնտեսական, ընտրական, քաղաքական, ֆինանսական, կրթական, իրավական, միջազգային եւ այլ թեմաներով, որոնք պարունակում են 100-ից ավելի ինֆոգրաֆիկաներ, ինտերակտիվ քարտեզներ եւ այլ մուլտիմեդիա նյութեր, ինչպես նաեւ շուրջ 1000 ակտիվ հղումներ դեպի հավելյալ աղբյուրներ: Իսկ այս տարվա ապրիլից նկարահանվում է «Ամփոփում» հաղորդաշարը, որտեղ մասնագետների հետ քննարկվում են երկրի առջեւ ծառացած առավել ակտուալ խնդիրներն ու առկա վիճակագրությունները:

image-3517

Ampop.am-ի նյութերը

  • հիմք են հանդիսանում տեղական լրատվամիջոցներում ակտուալ թեմաների լուսաբանումն առավել հիմնավոր մատուցելու,
  • թարգմանվում եւ վերահրապարակվում են մի շարք տարածաշրջանային լրատվական կայքերում,
  • աղբյուր են հանդիսանում քաղհասարակության շրջանում սեփական գործողությունների ռազմավարությունը մշակելու համար:

Ի՞նչ է «Թվապատում» լրագրողական մրցույթը

image-3518
Լուսանկարը` ՄՆԿ

«Թվապատումը» 2015թ-ից ի վեր կազմակերպվող ամենամյա մրցույթ է: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են` սոցիալական, հաշվետու եւ թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները: Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, մրցույթին ներկայացված լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս` ժյուրին կարեւորում է հատկապես աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական եւ նորարարական մոտեցումները:

Մրցույթի հիմնական անվանակարգերն են` «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում», «Դիտակ. հետաքննական լրագրություն», «Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում», «Գործող անձ» եւ «Ես քվեարկում եմ» անվանակարգերը: Մրցանակաբաշխության հաղթողներն արժանանում են խորհրդանիշ-պարգևների եւ դրամական մրցանակների` 100 000 – 300 000 դրամի չափով: Շնորհվում են նաեւ հատուկ եւ խրախուսական մրցանակներ: «Թվապատում» մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է 5 հոգուց, որոնցից 4-ը մեդիադաշտի հայտնի եւ փորձառու մասնագետներ են, իսկ մեկը նախորդ մրցույթի «Գործող անձ» անվանակարգում հաղթող ճանաչված պատմության հերոսը:

Փորձագետի կարծիք



«Թվապատում 2017» մրցույթին Ampop.am-ի ներկայացրած նյութերի շարքը


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn