Տնտեսություն Քաղաքական

2022թ․-ին փոխանցված տրանսֆերտների 69%-ը Ռուսաստանից է

Նախորդ տարի ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար, սա Հայաստան փոխանցված տրանսֆերտների պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։ Նախորդ՝ 2021թ․-ի փոխանցումների (ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար) համեմատ, 2,5 անգամ աճել են։

Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվը 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ․-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարրին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուրի 69%-ն են կազմում։

Տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով։ Միայն հոկտեմբերին Հայաստան է եկել 154 847 զբոսաշրջիկ, իսկ հունվար-հոկտեմբերին՝ 1 մլն 400 հազար մարդ, նրանց գրեթե կեսը` ՌԴ-ից։

«Նախորդ տարվա փետրվար ամսից տրանսֆերտների հոսքը դեպի մեր երկիր զգալիորեն ավելացել է։ Եթե նախորդ տարիներին տարին ամփոփում էինք մոտավոր 2 մլրդ դոլար ցուցանիշով, ապա այս տարվա 9 ամիսների դրությամբ արդեն 3,5 միլիարդի ցուցանիշ ունեինք», – նշում է տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը։

«Նվերը» պետք է թիրախային օգտագործվի

Տրանսֆերտների բարձր աճով ՌԴ-ին հաջորդում են ԱՄՆ-ն, Ուկրիանան, Ղազախստանը, ապա եվրոպական երկրները։ Եվ չնայած դեպի Հայաստան փոխանցումների ծավալով ՌԴ-ն միշտ առաջատար է եղել, սակայն վերջին տարիներին այստեղից նվազող տրանսֆերտների վիճակագրական տվյալներ էին ստացվում՝ պայմանավորված ՌԴ տնտեսության վիճակի վատթարացմամբ և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներով։

2022թ․-ին իրավիճակը փոխվեց ռուս-ուկրիանական հակամարտության պատճառով, ինչը ըստ տնտեսագետ Բեջանյանի, հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ թե տնտեսական համակարգի վերափոխումներով են պայմանավորված այդ հոսքերը, այլ՝ հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված այլ երկրների քաղաքացիների մեծ ներհոսքով։

«Մտահոգությունն այն է, որ արտաքին դրամական հոսքերով և պահանջարկի աճով պայմանավորված տնտեսական աճը միշտ կարճաժամկետ բնույթ է կրում․ աճը կա այնքան ժամանակ, քանի դեռ կան տրանսֆերտներ»,- ասում է Բեջանյանը։

 

Հայկ Բեջանյանի համոզմամբ՝ քանի դեռ օտարերկրյա քաղաքացիները շարունակում են մնալ Հայաստանում և օգտվել մեր երկրում արտադրվող ապրանքներից ու ծառայություններից, տնտեսական աճը կարող է պահպանվել։ Իսկ այն պահին, երբ գլոբալ խնդիրները լուծվեն, և դրամական հոսքերը դադարեն, այդ աճը ոչ թե կշարունակվի ու կպահպանվի, այլ հակառակը՝ ինչպես անակնկալ ու կարճաժամկետ հայտնվել է, այդպես էլ միանգամից հնարավոր է անհետանա։

Աճը, ինչպես անակնկալ ու կարճաժամկետ հայտնվել է, այդպես էլ միանգամից հնարավոր է անհետանա։

«Երբ խոսենք 2023թ-ի աճի մասին, պետք է նախորդ տարվա եղելությունը ընդունենք որպես բազային պայման։ Տեղի ունեցած դրական զարգացումներով, երկնիշ տնտեսական աճով պետք չէ ոգևորվել․ սրանք կարճաժամկետ գործոններ են և մեզնից կախված չեն։ «Նվերը», որ ստացել ենք անցած տարվա զարգացումների ընթացքում, պետք է ճիշտ կարողանանք օգտագործել, առաջացած հնարավորություններն օգտագործենք տնտեսության դիվերսիֆիկացիա ապահովելու համար»,- իր համոզմունքն է հայտնում փորձագետը։

Ըստ նրա՝ առաջացած միջոցների հաշվին, բացի ծառայությունների ոլորտի զարգացումը, հարկավոր է փորձել տնտեսության մյուս ոլորտները զարգացնել, որպեսզի պահանջարկի աճից անցում կատարվի ենթակառուցվածքների զարգացման, որի հիման վրա էլ երկարաժամկետ ծրագրերում ավելի կայուն հեռանկար ապահովվի։

Դոլարի արժեզրկումն ու օտարերկրացիների աննախադեպ թիվը գնաճի բազմաթիվ գործոններից երկուսն են։ ՀՀ-ում գնաճ է ոչ միայն անշարժ գույքի, մասնավորապես՝ վարձակալության գների հարցում, այլ գրեթե բոլոր ոլորտներում։ Օրինակ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը 2022թ․ սեպտեմբերին 2021-ի սեպտեմբերի համեմատ 13.7% է, ռեստորանների և հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 8.6%-ով ավելացել է, գնաճ առկա է նաև առաջնային համարվող սննդամթերքների՝ հացի, ցորենի, ձեթի և այլ ապրանքների դեպքում։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասում է, որ մանրամասն ուսումնասիրություն չկա, թե տրանսֆերտների աճն ինչով է պայմանավորված, և ովքեր են դրա հասցեատերերը՝ հայաստանցինե՞րը, թե՞ Հայաստան բնակության տեղափոխված օտարերկրացիները, սակայն 2022-ի ընթացքում կատարված փոխանցումների աճը հավանական է համարում պայմանավորել ռուս-ուկրաինական հակամարտությամբ։

«Բազմաթիվ ռուսաստանցիներ տեղափոխվել են Հայաստան և շարունակում են գումարներ ստանալ ռուսական ընկերություններից, որի արդյունքում տրանսֆերտների քանակն ավելացել է։ Տնտեսության տեսանկյունից աննախադեպ աճը դրական է, թեև իր մեջ որոշակի ռիսկեր ունի»,- ասում է Ֆանյանը։

Տրանսֆերտների աճը հանգեցրել է պահանջարկի աճի

Նրա խոսքով՝ տրանսֆերտների աճը մի կողմից հանգեցրել է ամբողջական պահանջարկի աճի․ օտարերկրացիներն անշարժ գույք են վարձակալում, օգտվում են հյուրանոցային ծառայություններից և, բնականաբար, այդ ամենը նպաստում է հանրապետությունում տնտեսական ակտիվության աճին, բայց կան նաև որոշակի ռիսկեր, որոնցից գլխավորն անորոշությունն է։

Պարզ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, դա ինչպես կազդի տրանսֆերտների վրա, հետևաբար պետք է նկատի ունենալ տարբեր սցենարների հավանականությունը և չառաջնորդվել կարճաժակետ ծրագրերով։

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան
Գրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի, Կարինե Դարբինյանի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/02/2023