Կրթություն

Հիգիենան Հին աշխարհում․ որքանով էր կարևորվում ճիշտ սննդակարգը, մարմնի մաքրությունն ու խնամքը

Թվում էր, թե 21-րդ դարում առնվազն զարգացած պետություններում հիգիենայի կարևորության և դրա ամենօրյա հետևողական կիրառության մասին կասկածներ լինել չեն կարող, սակայն Covid-19-ի ի հայտ գալով՝ ակնհայտ դարձան այդ ուղղությամբ առկա բացթողումներն ու հանրային գիտակցության մեջ առավել խոր արմատներ գցելու անհրաժեշտությունը։

Ուշագրավ է սակայն, որ հիգիենայի կարևորության մասին մարդկությունը սկսել է մտածել քաղաքակրթության պամության դեռևս ամենավաղ շրջաններում և անգամ պետական հոգածություն ցուցաբերել։

«Ամփոփ Մեդիայի» «Դասեր անցյալից» շարքի շրջանակում այս անգամ ուսումնասիրել ենք հնագույն աշխարհի առողջապահական ոլորտի մոտեցումները։ Իր բազում գաղտնիքներից և հրաշալիքներից բացի, հնագույն աշխարհը զարմացնում է նաև առողջապահական խնդիրների վերաբերյալ չափազանց խորը գիտելիքներով ու գործնական լուծումներով ։

Հին Չինաստան (մ․թ․ա․ 2100 – մ․թ․ա 221) և Կայսերական Չինաստան (մ․թ․ա 221 ․ – մ․թ․1644)

Հին չինական բժշկագիտությունը մեծ տեղ էր հատկացնում հիվանդությունների կանխարգելմանը, որի նպատակով հիգիենիկ ռեժիմի սկզբունքներ էին մշակվում: Ամենակարևոր մոտեցումներից էր քնի, հանգստի, խելամիտ ծանրաբեռնվածության, առողջ սննդի բալանսի ապահովումը։

Բժիշկների կողմից խորհուրդ էր տրվում կատարել կանոնավոր մարմնամարզություններ, մերսումներ, ջրային և արևային լոգանքներ։

Լոգանքի գործիքներ և պարագաներ, որոնք օգտագործվում էին չինական Հան դինաստիայի կողմից 2000 տարի առաջ: Աղբյուրը՝ Viewofchina.com

Չինաստանում շատ վաղ ժամանակներում էր ձևավորվել նաև դեղագործության և դեղերի վաճառքի ինստիտուտը։ Օգտագործվում էին թե՛ բուսական (ժենշեն, իմբիր, թեյ, սոխ, սխտոր, կամֆորա, ընձախոտ և այլն), թե՛ կենդանական (ներքին օրգաններ, վագրի արյուն, եղնիկի եղջյուր և այլն) և թե՛ հանքային ծագման նյութեր (սնդիկ, երկաթ, ծծումբ, ծարիր և այլն)։

Պահպանվել են ընդհանուր բժշկության և հիգիենայի ոլորտում չինացի նշանավոր դեմքերի բազում աշխատություններ։ Դրանց հեղինակներն են Բյան Ցաոն (մ.թ.ա. 5-րդ դար), Հուա Տոն (2-րդ դար), Վան Բինը (8-րդ դար)։ Վերջինս հեղինակել է հանրահայտ «Բնության և կյանքի մասին» աշխատությունը։

Հին Հնդկաստան (մ․թ․ա․ 2000 – մ․թ․ 600)

Հիգիենայի և առողջապահության հարցերը կարևոր առաջնահերթություն էին հատկապես Հին Հնդկաստանում, որոնց մասին հստակ ցուցումներ, սահմանված չափանիշներ և վկայություններ կան հին հնդկական սուրբ գրերում՝ վեդաներում։ Առողջությունը համարվում էր օրգանիզմի 3 կարևոր տարրերի՝ օդի (գազեր), լորձի և լեղիի բալանսի ապահովումը։ Մանուի օրենքներում (1000-500 մ.թ.ա.) ընդգծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տան, սպասքի, հագուստի և մարմնի մաքրությունը, մազերի և եղունգների խնամքը, ճիշտ ռեժիմը և ճիշտ սննդակարգը։ Խորհուրդ էր տրվում օրգանիզմը չծանրաբեռնել մսեղենով, փոխարենը ավելի շատ օգտագործել բուսական ծագման թարմ մթերքներ, կաթ և մեղր։

Բերանի խոռոչի հիգիենան նույնպես կարևորվում էր։ Հին Հնդկաստանում օգտագործում էին ատամի խոզանակներ, ինչպես նաև ունեին ատամի մածուկի բաղադրատոմսեր։

Առավել լավ պատկերացնելու համար, թե հիգիենայի մասին ըմբռնումները հին հնդկական մշակույթում ինչպիսի տեղ էին զբաղեցնում և որքանով էին կազմում կրոնափիլիսոփյական աշխարհաճանաչողության մի մասը, առաջարկում ենք լսել մ.թ.ա. 8-7-րդ դարերում գրված Ուպանիշադներից «Բրահմանի ճանաչումը» վերնագրված բանաստեղծությունից մի հատված.

 

Ըստ հին հնդկական տեքստերի՝ Ատմանը (աթման) շնչառությունն է, կեսնական ուժը, որը կենդանություն է հաղորդում ողջ տիեզերքին։

Ներկայիս Պակիստանի տարածքում 1922թ․-ի պեղումների ժամանակ հայտնաբերված Մոհենջո Դարո (սինդհի լեզվով՝ մեռելների բլուր կամ որ հայերենի հետ համեմատության տեսակետից ավելի հետաքրքրական է՝ մահվան դարավանդ) քաղաքի պեղումները ցույց տվեցին, որ Հին Հնդկաստանում անձնական հիգիենայից բացի նաև հանրային հիգիենային է ուշադրություն հատկացվել։ Մ.թ.ա. շուրջ 3000 տարի առաջ գոյություն ունեցած այդ քաղաքում հանրային ջրամատակարարման համակարգ է հայտնաբերվել։ Քաղաքի յուրաքանչյուր տուն ուներ լողավազան։

Մոհենջո Դարո, ձախից երևում է ջրհոր։ Աղբյուրը՝ Wikipedia

Հին Եգիպտոս (մ․թ․ա․ 3050 – մ․թ․ 41)

Հիգիենայի ոլորտում գիտելիքները զարմանալի բարձրունքների էին հասել հին աշխարհի մեկ այլ կենտրոնում ևս՝ Եգիպտոսում։ Բազմաթիվ գրավոր վկայություններ և արտեֆակտներ են հայտնաբերվել դամբարանների ուսումնասիրությունների ժամանակ։ Ինչպես այլուր, այնպես էլ Եգիպտոսում հասկացել և կարևորում էին ճիշտ սննդակարգը։ Մասնավորապես կանխարգելիչ նպատակով հաճախ էին օգտագործում սոխ, սխտոր, բողկ, որոնք պարունակում են ալիցին, ռաֆանին, ֆիտոնցիդ։ Վերջինները բնական ծագում ունեցող ամենաուժեղ հակաբիոտիկներն են։

Մ.թ.ա. 16-րդ դարում գրված Էբերսի պապիրուսում վավերացվել է օճառի պատրաստման 877 բաղադրատոմս. դրանք նախատեսված էին ոչ միայն մարմնի մաքրման, այլև մաշկային հիվանդությունների բուժման համար։

Բուրավետ յուղն է չափում թագուհին իր ձեռքով,
նրա մարմինն օծված է զմուռսով թանկագին,
Աստվածային ցողով է բուրում նա,
Նրա բույրը խառնված է Պունթի բուրմունքներին,
Նրա մաշկն է փայլում ծածկված թեթև ոսկով,
Ինչպես աստղերը, որ շողշողում են բարձր տաճարի կամարին,
Լուսավորելով երկիրը մինչև հեռավոր սահմանները նրա։

վերագրվում է մ.թ.ա. 14-11 դդ, Աստվածների ժամանակը. Հին եգիպտական պոեզիա, Երևան, 2007

Օճառից բացի պահպանվել է նաև ատամի մածուկի հին եգիպտական բաղադրատոմսը՝ բաղկացած աղից, անանուխից, պղպեղից և հիրիկից, ինչպես նաև հայտնաբերվել են մ.թ.ա. շուրջ 3500 թ․-ին ստեղծված ատամի խոզանակներ:

Հին եգիպտացիները մեծ տեղ էին հատկացնում նաև ջրային պրոցեդուրաներին, մերսումներին, մազերը հատուկ նյութերով խնամելուն, իսկ աչքերը ներկելու սովորույթը ոչ միայն էսթետիկ, այլև պրակտիկ նշանակություն ուներ։ Տարբեր նմուշների հետազոտությունները պարզել են, որ հին եգիպտացիները աչքերը ներկելու համար օգտագործում էին կապարի հիմքով գծաներկեր, ինչը շատացնում էր մաշկում ազոտի օքսիդի պարունակությունը, որն էլ իր հերթին ամրապնդում է իմունիտետը և նվազեցնում աչքի բորբոքումների հավանականությունը։

Հին Հունաստան (մ․թ․ա․ 2000 – մ․թ․ա 30)

Հիգիենա բառն ինքնին հունական ծագման է. ὑγιεινός թարգմանաբար նշանակում է «առողջ»։ Բառը ծագում է հունական դիցաբանության մեջ առողջության աստվածուհի Հիգիեայի անունից։

Հին Հունաստանում, ի տարբերություն հին Արևելքի երկրների, հիգիենան վերնախավի մենաշնորհը չէր, այլ ավելի լայն ընդգրկում ուներ։ Հատկապես կարևորվում էին մարմնամարզություններն ու մարմնի կոփումը։ Քաղաքներն ունեին ջրամատակարարման, ինչպես նաև աղբի հեռացման համակարգեր, հանրային բաղնիքներ։ Հիգիենայի և ընդհանուր բժշկության հարցերին են նվիրված Հիպոկրատի (մ.թ.ա. 460թ.) «Օդերի, ջրերի և տեղանքների մասին» և «առողջ ապրելակերպի մասին» աշխատությունները։ Հիպոկրատը հիվանդությունների հաղթահարման գործում կարևորել է նաև ճիշտ սննդակարգի դերը և մշակել տարբեր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ դիետաներ։

Հին Հռոմ (մ․թ․ա 753 – մ․թ․ 480)

Հին Հռոմում սանիտարահիգիենիկ հարցերը բոլորովին նոր մակարդակի վրա դրվեցին։ Հանրային նշանակության մի շարք կառույցներ, ինչպես նաև սննդի ոլորտը իշխանությունների կողմից սանիտարական վերահսկողության տակ վերցվեց։ Այդ ոստիկանական գործառույթը կատարում էին էդիլները։

Հին Հռոմը հայտնի է հատկապես իր հանրային բաղնիքների մշակույթով, որի ծաղկման գագաթնակետը կայսերական ժամանակաշրջանն էր (մ.թ.ա. 27 – մ.թ. 476): Հռոմեական բաղնիքները ծառայում էին որպես ինքնատիպ հավաքատեղիներ՝ ակումբներ, ճարտարապետական առումով իրենցից ներկայացնելով համալիր շինվածքներ։ Միայն Հռոմում շուրջ հազար հանրային բաղնիք (թերմ) կար։

Հռոմում կառուցված առաջին մեծ թերմից անվճար օգտվելու իրավունք ուներ ողջ բնակչությունը։ Հռոմեական թերմերը ունենում էին հետևյալ կառուցվածքը՝ սպորտային սրահ, հանդերձարան, գոլ և տաք սենյակներ, խորը և ոչ խորը լողավազաններով սենյակներ, շոգեբաղնիք, լողավազանով սառը սենյակ, մերսման և մարմինը յուղերով օծելու սենյակ։ Մարմնի համար ամենաառողջարար հերթականությունը համարվում էր սառից մինչև ամենատաք սենյակը հաջորդական այցը։ Թերմերում կային ջրի, օդի և հատակների ու պատերի ջեռուցման հատուկ համակարգեր։

Վանի թագավորություն (մ․թ․ա․ 860- մ․թ․ա․ 645) և Մեծ Հայք (մ․թ․ա 590- մ․թ․ 428)

Գառնու ամրոցի բաղնիքի հանդերձարանի պատին պահպանված խճանկար

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած երկու մեծ տերությունների՝ Վանի թագավորության և Մեծ Հայքի թագավորության շրջաններից նույնպես բազում վկայություններ են պահպանվել այդ հասարակություններում բժշկական պրակտիկաների և հիգիենիկ նորմերի վերաբերյալ։ Պեղումների ժամանակ հայտնաբերած ուրարտական շրջանի բժշկական գործիքները, ինչպես նաև աշխարհին հայտնի հնագույն ջրանցքներից մեկը, որը մինչ օրս պահպանվել է՝ Մենուայի ջրանցքը (մ.թ.ա. 9-8 դդ), թույլ են տալիս որոշ պատկերացում կազմել ուրարտական թագավորությունում սանիտարահիգիենիկ վիճակի մասին։

Մենուայի ջրանցքը 80 կմ երկարություն ունի, իր ճանապարհին ոռոգել է 42 գյուղ և աշխատացրել շուրջ 40 ջրաղաց։ Այն մինչ օրս շահագործվում է։

Մեկ այլ ուշագրավ հուշարձան է 3-րդ դարում Գառնու ամրոցի տարածքում կառուցված արքունի բաղնիքը։ Այն հռոմեական բաղնիքների ոճով է կառուցված․ ունեցել է սառը, գոլ, տաք սենյակներ, շոգեբաղնիք, ջրի և հատակի ջեռուցման համակարգեր։

Գրերի գյուտից հետո բազմաթիվ աշխատություններ են գրվել նվիրված առողջության և հիգիենայի հարցերին։

Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց»֊ում հիվանդությունների առաջացման պատճառների մասին է խոսել, Դավիթ Անհաղթն իր տարբեր երկերում անդրադարձել է դեղագիտության և հիգիենային վերաբերող հարցերի, հիշատակել Հայաստանում 5-րդ դարում կատարված դիահերձումների մասին։

Հիգիենայի հարցերում մեծ ազդեցություն է ունեցել հատկապես եկեղեցին։ Եկեղեցական կանոնները կարգավորում էին ամուսնական հարաբերությունները, վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու կառավարումը (մեկուսացում, հետագա բուժում)։ Դրանցից նշանավոր է հատկապես Ներսես Մեծի օրոք հրավիրված Աշտիշատի եկեղեցական ժողովը (մ․թ․ 356թ․)։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Աուդիոտեքստը՝ Գայանե Մելիքյանի

Նույն շարքից այլ նյութեր

#COVID19 #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/07/2020