Էկոլոգիա Տնտեսություն

Ջերմոցային գազերի մտահոգիչ աճ Էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման հետևանքով

Լուսանկարը՝ Greg Baker, AFP

Էներգետիկայի ոլորտի գործունեության հետևանքով մթնոլորտ են արտանետվում առողջապահության և կլիմայի փոփոխության տեսանկյունից խիստ մտահոգիչ այնպիսի ջերմոցային գազեր, ինչպիսիք են՝ ածխածնի երկօքսիդը (CO2), մեթանը (CH4) և ազոտի օքսիդը (N2O)։

Ածխածնի երկօքսիդը՝ CO2-ը, մթնոլորտում մնում է մինչև 1000 տարի, մեթանը՝ մոտ մեկ տասնամյակ, իսկ ազոտի օքսիդը՝ շուրջ 120 տարի: Սա նշանակում է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ արտանետված ջերմոցային գազերին այսօր լայն թափով շարունակում են ավելանալ միլիոնավոր տոննաներ կշռող նորերը։

2021թ․-ին աշխարհում բոլոր տեսակի ջերմոցային գազերի տարեկան արտանետումների 64,5%-ը կամ 33,4 մլրդ տոննան բաժին է ընկել էներգետիկայի ոլորտի գործունեության հետևանքով ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումներին։

Եվ ի՞նչ՝ կմտածեք դուք։

Եվ այն, որ տարեկան շուրջ 7 միլիոն մահ արձանագրվում է միայն օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած հիվանդություններից՝ ներառյալ թոքաբորբը, ինսուլտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և թոքերի քաղցկեղը:

Էներգետիկայի ոլորտը ներառում է էլեկտրաէներգիայի արտադրությունը ու դրա սպառումը շենք/շինություններում, տրանսպորտի  և արդյունաբերության ոլորտներում։

Իրավիճակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Տարածաշրջանում պատկերը հուսադրող չէ, քանի որ վերջին տարիներին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում արտանետումների աճ է նկատվում։

2021թ․-ին ՀՀ-ում արտանետված ջերմոցային գազերն ընդհանուր առմամբ կազմել են 9,6 մլն տոննա, որից միայն էներգետիկայի ոլորտի գործունեությունից CO2-ի արտանետումները՝ 6,3 մլն տոննա կամ ընդհանուր արտանետումների 66%-ը, Վրաստանում այս ոլորտի արտանետումները կազմել են 9,2 մլն տոննա կամ 53%-ը, իսկ Ադրբեջանում՝ 34,8 մլն տոննա կամ այդ երկրում արտանետված ջերմոցային գազերի 60%-ը։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 1 000 000 տոննան համարժեք է մոտ 5350 հատ «Բոյինգ 747 Jumbo Jet» տիպի ինքնաթիռների քաշին՝ հաշվի առնելով, որ այս տիպի մեկ ինքնաթիռի կշիռը 187 000 կգ է:

Հետևաբար, եթե մեկ տարում մթնոլորտ արտանետված 9,6 մլն տոննա ջերմոցային գազը մտովի փոխարինենք, օրինակ, նույն քաշով «Բոյինգ 747» տիպի ինքնաթիռներով, ապա Հայաստանի օդային տարածքում մշտապես կսավառնեն 51 360 ինքնաթիռներ։


Տես նաև․ ՀՀ բնակչության շրջանում տարածված քրոնիկ հիվանդությունների պատկերը


Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում արձանագրված թվերը CO2-ի արտանետումների համաշխարհային ցուցանիշների կաթսայում չնչին մաս են կազմում։ Ըստ այդ ցուցանիշների՝ Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,02%, Վրաստանինը՝ 0,03%, Ադրբեջանինը՝ 0,15%:

Թեև երեք երկրներում էլ 2021-ին էներգետիկայի ոլորտից արտանետված CO2 ջերմոցային գազերը 1990թ-ի համեմատ՝ նվազել են (Հայաստանում՝ 16%-ով, Ադրբեջանում՝ 18%-ով, իսկ Վրաստանում՝ 26%-ով), սակայն վերջին շուրջ 10 տարվա կտրվածքով կայուն աճի միտումն ակնառու է  (տե՛ս ստորև բերված գրաֆիկը)։

Աշխարհում

Ջերմոցային գազերի արտանետման գործում «ամենամեծ ներդրումն» ունեն Չինաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Հնդկաստանը, Ռուսաստանը և Ճապոնիան։ 1990թ-ի համեմատ նշված երկրների արտանետումները 2021-ին աճել են 66%-ով, իսկ 2005-ի համեմատ՝ 27%-ով։

2020թ-ին, Քովիդով պայմանավորված, CO2-ի արտանետումներն ամբողջ աշխարհում նվազել էին ավելի քան 5%-ով, իսկ մասնավորապես՝ այս երկրներում 4%-ով, սակայն 2021-ին այդ ծավալները կրկին ավելացել են՝ գերազանցելով անգամ 2019-ի մինչքովիդյան ցուցանիշը 1,5%-ով։

Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ սահմանում են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նպատակներ ու թիրախներ՝ կանգնեցնելու գլոբալ տաքացումը։

Օրինակ, Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդն (IPCC) առաջարկել է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները կրճատել 45%-ով, իսկ մինչև 2050 թվականը հասցնել զրոյի` օդի ջերմաստիճանը 1,5 աստիճան Ցելսիուսով նվազեցնելու նպատակով:


Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախորդ շաբաթ առաջարկեց նոր կանոնակարգեր, որոնց ընդունումը մեծապես կսահմանափակի ջերմոցային գազերի արտանետումները էլեկտրակայաններից, որոնք ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ ամենավտանգավոր աղբյուրն են տրանսպորտից հետո:

Կանխատեսվում է, որ նոր ստանդարտների կիրառումը թույլ կտա մինչև 2042 թ-ը խուսափել շուրջ 617 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումից, ինչը, ըստ պաշտոնյաների, հավասարազոր կլինի ԱՄՆ-ում առկա 300 միլիոն ավտոմեքենաների մոտավորապես կեսը ճանապարհից դուրս բերելուն:

Արդյունքում, ըստ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության՝ նոր կանոնակարգերը կտրուկ կբարելավեն օդի որակը և հանրային առողջությունը՝ մինչև 2030 թ-ը տարեկան կանխելով ասթմայի  ավելի քան 300 000 դեպք և 1 300 վաղահաս մահ:

Սակայն այս նոր ստանդարտները կպահանջեն, որ էլեկտրակայանները հիմնովին փոխեն իրենց գործունեությունը՝ կա՛մ ածխածնի որսման և պահման տեխնոլոգիայի ներդրմամբ, կա՛մ հանածո վառելիքի փոխարեն վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլ․ էներգիայի ստացման ծավալների ավելացմամբ:

Ներկայումս ամբողջ աշխարհում գործում են ածխածնի որսման 18 կայաններ։ Ու քանի որ տեխնոլոգիան բոլորովին նոր է, այն բավականաչափ մատչելի չէ: 2021 թ-ին ԱՄՆ-ում առաջին և միակ էլեկտրակայանը, որը գործում էր ածխածնի որսման տեխնոլոգիայով, փակվել է մեխանիկական անսարքությունների պատճառով և փաստացի չի ծառայել իր նպատակին:

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդն իր վերջին տարեկան զեկույցում արձանագրել է, որ թեև ածխածնի որսումը կարևոր է կանաչ ապագայի համար, սակայն անհրաժեշտ է կատարել բարելավումներ՝ տեխնոլոգիան ավելի ծախսարդյունավետ և էներգաարդյունավետ դարձնելու նպատակով:

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի 

Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/05/2023