Մասնագիտությամբ հնագետ Մարիամ Սարիբեկյանն արդեն մի քանի ամիս է Շվեյցարիայում է։ Փետրվարին էր մեկնել՝ թեկնածուական աշխատանքի շրջանակում ուսումը Ժնևի համալսարանի Հնագիտության բաժնում շարունակելու նպատակով։
Մեկ ամիս էլ չկար, ինչ նորաթուխ գիտնականը հարմարվել էր ուսման գրաֆիկին, ծանոթացել նոր բնակավայրի քաղաքային մշակույթին, կազմել էր Ժնևի իրեն հետաքրքրող գրադարանների ու թանգարանների ցանկը, որ անցներ ակտիվ ուսանողական կյանքի։ Բայց վրա հասավ համաճարակը։
Մարտի կեսերին Շվեյցարիայում օրական վարակի նոր դեպքերի կտրուկ աճ սկսվեց։ Մարիամն ասում է՝ մի պահ նույնիսկ հայտնաբերված նոր դեպքերով Շվեյցարիան աշխարհի երկրների յոթնյակում էր։
Հենց այդ ժամանակ երկրում մտցվեց արտակարգ դրություն, դադարեցվեցին գրեթե բոլոր տեսակի գործունեությունները, փակվեցին նախակրթարաններն ու կրթական հաստատությունները՝ ներառյալ Մարիամի համալսարանը։
Նրա կրթական ողջ գործընթացն ու առօրյան ամբողջությամբ խտացվեց հանրակացարանի փոքրիկ սենյակում, որտեղից նա դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մոտակա խանութից սնունդ գնելու։
ԵՊՀ ասպիրանտը, ով ուսումնասիրում է վաղ բրոնզեդարյան արձանիկների պատմությունը, մեկուսացած իր հանրակացարանային սենյակում, հիշում է, թե որքան էր ոգևորվել կրթաթոշակի մասին տեղեկանալով։
«Գալուց առաջ չէի պատկերացնում, որ ամեն բան այսպես կդասավորվի։ Փետրվարին այստեղ խոսակցություն անգամ չկար վարակի մասին։ Միայն մարտի առաջին օրերին առաջին անգամ տեղեկացա այդ մասին, երբ տեղափոխվեցի հանրակացարան»։
Հանրակացարանի աշխատողները, պայմաններին ծանոթացնելիս, Մարիամին ցույց տվեցին մուտքի մոտ փակցված մի պաստառ, որի վրա պատկերավոր նշված էր, թե ինչպես պաշտպանվել վարակից։ Նրանք խնդրեցին շենքի նոր բնակչին հետևել կանոններին՝ զգուշացնելով, որ կորոնավիրուսը ներթափանցել է նաև Շվեյցարիա։
«Հետո նույն պատկերը սկսեցի տեսնել դասախոսների պրեզենտացիաների առաջին էջերին։ Նրանք նախ հիշեցնում էին մեզ, որ պետք է հետևենք կանոններին, այնուհետև անցնում էին իրենց օրվա դասախոսությանը», – ասում է Մարիամը։
Մարտի կեսերին, երբ վարակն արդեն թափ էր հավաքում, փողոցներում մարդկանց նոսրացում նկատվեց։ Թեպետ երկրում դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, բուհում ուսանողներին տեղեկացրին, որ ցանկության դեպքում կարող են մնալ տանը։
Մարտի 23-ից երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Նոր դրական ախտորոշված դեպքերն օրական արդեն անցնում էին հազարից։
«Կառավարությունն ընդամենը երեկոյան հորդորել էր տանից դուրս չգալ։ Առավոտյան այլևս ոչ մեկին դուրսը չէիր տեսնի։ Կտրուկ արեցին ամեն բան։ Հայաստանում սահմանափակումներն աստիճանաբար էին կատարվում, Շվեյցարիայում մի գիշերվա ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Քաղաքն ամայացավ»։
Հունիսի 3-ի դրությամբ, Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով ընդհանուր հաստատված դեպքերի քանակը կազմում է 30 714, որոնցից մահացել են 1915-ը, բուժվել՝ 28 200-ը։
Այսօր փաստացի բուժվողների թիվը կազմում է ընդամենը 599 անձ, իսկ օրական հայտնաբերվող նոր դեպքերը վերջին շրջանում չեն գերազանցում երկու տասնյակը։
Շվեյցարիայի կորոնավիրուսային դեպքերի վիճակագրության գրաֆիկը հուշում է, որ վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել են մարտի 16-ապրիլի 3-ի հատվածում։ Մարիամն ասում է, որ կտրուկ սահմանափակումների և բնակչության լիարժեք ինքնամեկուսացման շնորհիվ դեպքերի թիվն սկսեց նվազել։
«Վիճակագրությունը նայում եմ ու զարմանում․ վարակվածների մեծ մասը այդ երկու շաբաթների ընթացքում է գրանցվել։ Այդ ժամանակ ես էլ էի շատ անհանգիստ։ Թվերը շատ կայծակնային էին աճում, և մի տեսակ անլուրջ վերաբերմունք կար սկզբնական շրջանում, բայց լավ է, որ ամեն ինչ փակեցին ու, կարծես, դա իր արդյունքը տվեց»։
Մարիամը նշում է, որ պաշտոնական սահմանափակումները Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Իտալիայի սահմանափակումների նման չեն եղել։
«Ամբողջական lockdown չի եղել։ Ավելի շատ թողնված էր բնակիչների խղճին։ Օրինակ, Հայաստանում դուրս գալիս պետք է լրացրած թերթիկ ունենայիր, իսկ Շվեյցիարիայում կարելի էր դուրս գալ առանց թերթիկի, դիմակի և ձեռնոցի։ Բայց քանի որ փակ էր ամեն ինչ՝ խանութներ, դպրոցներ ու համալսարաններ, արդեն մեծ հաշվով գնալու տեղ էլ չկար։ Հայաստանում այս տարբերակը չի աշխատում, քանի որ մարդիկ շարունակում են դուրս գալ, իրար այցելել, հավաքներ կազմակերպել։ Այստեղ նման բան չկա։ Բացի դեպի սուպերմարկետներ հոսքերից ուրիշ շարժ չկար, բայց դա էլ սոցիալական հեռավորությունը պահելով, ինչի հետևանքով հանգստյան օրերին ունենում էինք անվերջ ձգվող հերթեր։ Սակայն մարդիկ արագ կողմնորոշվեցին և հասկացան, որ ավանդական շաբաթ օրերի առևտուրը կարող են նաև շաբաթվա այլ օրերի կատարել»։
Կրթական պրոցեսի հեռավար կազմակերպումը
– Ես շատ եմ կարևորում ուսումնական գործընթացում դասախոսների հետ անմիջական շփումները, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա դասից հետո հավելյալ հարցեր տալ, քննարկել գիտական աշխատանքին վերաբերող թեմաները։ Դա ուրիշ հաճույք է։ Իսկ հեռավար դասախոսությունները քիչ արդյունավետ են, թեև մեր համալսարանը շատ պատրաստված է այդ առումով։ Բայց փաստացի՝ դասը ավարտվեց, համակարգիչդ անջատում ես ու անցնում մեկ այլ գործի, շփումը դադարում է, թեմայից կտրվում ես։
Բուհերի միջև կրթական փոխանակման ծրագրերի բաղադրիչներից մեկը մասնակիցների միջև շփումների հաստատումն է, դասախոսների և մյուս ուսանողների հետ համատեղ աշխատանքը։ Իսկ ես նաև ֆրանսերենս էի ցանկանում լավացնել [խմբ․ Շվեյցարիայի պաշտոնական լեզուներից մեկը՝ գերմաներենից հետո], բայց սահմանափակումների հետևանքով, շատ քիչ հասցրեցի շփվել մարդկանց հետ, թեև հեռավար դասերին մասնակցում եմ, լսում նրանց խոսքը, բայց ակնկալում էի, որ ֆրանսերենս ավելի կլավանա տեղում շփվելու շնորհիվ։ Դա է հիմնական ափսոսանքս։
Այլ երկրներում սովորող ընկերներս գրում են, որ հեռավար դասերի ընթացքում տեխնիկական խնդիրներ շատ են լինում։ Բայց այստեղ դրանք տարօրինակ հետաքրքիր են կազմակերպվում։ Ժնևի համալսարանի ուսանողներն այս ընթացքում օգտվում են առցանց մի համակարգից, որտեղ դասախոսը մեկ դասի ընթացքում դասախոսությունից հետո ուսանողներին խմբերի է բաժանում և առանձին առցանց «լսարաններում» խմբային աշխատանք կազմակերպում, իսկ վերջում ամեն խումբ հինգ րոպեանոց պրեզենտացիա է ներկայացնում բոլոր մասնակիցներին։ Չգիտեմ՝ այդ համակարգը կար նաև նախկինո՞ւմ, թե՞ ստեղծվել է սահմանափակումների հետևանքով, բայց այն բավական արդյունավետ է գործում։
Համալսարանի կայքը ևս այնպես է հարմարեցված, որ բոլոր ուսանողները, մուտք ունենալով փակ բովանդակությանը, հնարավորություն ունեն դիտելու ցանկացած առցանց դասախոսություն։
Ինքնամեկուսացման առավելությունները
– Շվեյցարացիները կարգապահություն սիրող են։ Այնպես չէ, որ այստեղ գտնվելուս ընթացքում հասցրել եմ հազարավոր ընկերներ ձեռք բերել։ Ոչ։ Իհարկե, ունեմ մի քանի ընկերներ և կարող էի նրանց հետ դուրս գալ զբոսանքի, բայց նրանք ևս ասում էին, որ պետք է տանը մնալ, պահպանել բոլոր կանոնները։
Նույնը մեր հանրակացարանում․ բազմաթիվ ուսանողներ կան, որ կարող էին խմբերով հավաքվել, երեկութներ կազմակերպել, բայց այս ընթացքում նման բան չնկատեցի։ Եթե հայտարարել են տանը մնալ, և դա արվում է քո առողջության համար, բոլորը տանն են մնում։ Ինչը չէի ասի Իտալիայի և Հայաստանի ընկերներիս մասին։ Սոցիալական ցանցերում տեղադրված նկարներից հասկանում եմ, որ lockdown-ի պայմաններում անգամ հավաքներ են կազմակերպում, ակտիվ շփվում են։
Մարիամն ասում է, որ առավելագույնը, որ մայիսի կեսերից սկսել է իրեն թույլ տալ, հանրակացարանային ընկերուհու հետ զբոսանքի դուրս գալն է։
Մեկուսի օրակարգ
– Սկզբում շատ ծանր էի տանում, քանի որ մտածում էի, որ մեծ պլաններ ունեմ, լիքը գաղափարներ, որոնք այդպես էլ չեմ իրականացնի՝ շփումներ, ծանոթություններ, ճամփորդություն, բայց արդյունքում նստած եմ տանը ու ոչինչ չեմ անելու։ Այնպես չէ, որ երջանիկ եմ կամ դժգոհ։ Կարևորը՝ այս ամենը չի ազդել իմ այստեղ գալու հիմնական նպատակի վրա։ Ես ասպիրանտ եմ և պետք է գիտական գործունեությամբ զբաղվեմ՝ ուսումնասիրեմ թեմաներ ու հոդվածներ գրեմ։ Ստացվեց այնպես, որ արդեն տպագրության ուղարկված մեկ հոդված ունեմ։ Եվս մեկը, որը կոլեգաներիս հետ համատեղ պատրաստված աշխատանք է, ուղարկվել է միջազգային գիտաժողովի ներկայացմանը։ Ու հիմա մտածում եմ, որ եթե չլիներ կարանտինը, դժվար թե այդքան ժամանակ ունենայի այսքան աշխատանք կատարելու համար՝ հաշվի առնելով իմ շրջագայելու, շփվելու, այստեղ-այնտեղ թափառելու սովորությունը [հեղ․ժպտում է]։
Բացի գիտական աշխատանքից, Մարիամն ասում է, որ հասցրել է կարդալ բազմաթիվ գրքեր և դիտել ֆիլմեր, որոնք վաղուց նշել էր իր մոտ, սակայն ժամանակի սղության պատճառով չէր հասցնում։
Շվեյցարիան աստիճանաբար նվազեցնում է սահմանափակումները։ Մայիսի կեսերից բացվել են նախակրթարանները, գրադարանները։ Հունիսի 6-ից կվերաբացվեն նաև բոլոր կրթական հաստատությունները։ Վերսկսվել է նաև Շվեյցարիայից դեպի Ֆրանսիա և Գերմանիա մեկնող գնացքների ու ավտոբուսների աշխատանքը։
Մարիամն ասում է, որ սա արվում է պայմանով, որ մարդիկ պիտի շարունակեն հետևել կանոններին։ Իսկ ամենակարևորն այն է, որ առողջապահական համակարգը պատրաստ է վարակակիրների նոր ալիքի։ Այսինքն շվեյցարացիները հաղթահարել են վարակակիրների պիկը և ասում են, որ եթե անգամ նոր ալիք բարձրանա, պատրաստ են դիմակայել։
Մարտին Հայաստան չվերադառնալու պատճառը
– Ժնևի համալսարանն ինձ ոչինչ չառաջարկեց Հայաստան վերադառնալու հետ կապված։ Երբ այս ամենը նոր էր սկսվում, փակվելուց մեկ շաբաթ առաջ համալսարանը փոխանցել էր այն ողջ կրթաթոշակը, որը նախատեսված է ուսմանս վեց ամիսների համար։ Ես նամակ ստացա ծրագրի համակարգողից, որում նշված էր, որ անհանգստանալու կարիք չկա։ Իսկ ղեկավարս զանգահարեց ինձ և ասաց՝ հույս ունեն, որ երկու ամսից ամեն բան լավ է լինելու, և որ իրենք լավ են տրամադրված և ուզում են, որ չվերադառնամ Հայաստան՝ կիսատ թողնելով ուսումս։
Հանրակացարանից շատերը վերադարձան իրենց երկրներ, սակայն հիմնականում նրանք, ովքեր ուսման ավարտական փուլում էին, կամ աշխատանքային պայմանագրերն էին շուտով ավարտվելու։ Նրանց համար հատուկ պայմաններ մշակվեցին, որպեսզի մինչև սահմանների փակվելը Շվեյցարիայից հեռանան և արդեն տնից ավարտեն աշխատանքը։
Ինձ, քանի որ նոր էի եկել և մինչև օգոստոս ժամանակ ունեի մնալու, այդպիսի առաջարկ չարվեց։ Իսկ եթե վերադառնալու առաջարկ արվեր, կարծում եմ, կմերժեի, քանի որ շատերի պես նայիվ էի այն հարցում, որ այս ամենը շատ կարճ ժամանակում կավարտվի։ Հայաստանից էլ իմ հարազատներն ու ընկերներն անընդհատ ասում էին՝ թող արի, իսկ ես մտածում էի՝ չէ, չեմ գնալու, սա ինձ համար մեծ շանս է, և ուզում եմ օգտվել այս հնարավորությունից։ Եվ հիմա, հետհայացք նետելով, հասկանում եմ, որ անգամ հեռավար դասերից շատ բան ստացա։
Մեծ հաշվով՝ ի՞նչ տարբերություն տանը նստած, թե՞ հանրակացարանի սենյակում։ Այստեղ գոնե կենտրոնացած էի հետազոտություններիս վրա։
Կապի բացակայությունը
– Բացի ԵՊՀ-ի երկու ղեկավարներիցս, որոնք հետաքրքրվում էին ինձնով և իմ վերադարձի հետ կապված պլաններով, ուրիշ ոչ ոք համալսարանից ինձ հետ կապ չի պաշտպանել, թեև շատ լավ գիտեին, որ իրենց ուսանողը օտար երկրում է, և գոնե պիտի հարցնեին թե ինչ է կատարվում իմ կյանքում այս օրերին։ Դեսպանատնից կամ Արտգործնախարարությունից որևէ նամակ կամ զանգ ևս չեմ ստացել։
Հետագա պլանները
– Ծրագիրս ավարտվում է օգոստոսի կեսերին։ Ի սկզբանե ունեցել եմ հետադարձի տոմս, որը չի չեղարկվել։ Եթե սահմաններն ու չվերթները վերականգնվեն, ուրեմն կվերադառնամ։ Համալսարանի մենթորը վերջերս տեղեկացրեց, որ չեն բացառում, որ երկու շաբաթ կերկարացնեն ծրագիրը։
Իսկ պլաններումս շարունակում են մնալ ճամփորդությունն ու այցելությունները թանգարաններ։ Ես նախատեսում էի ապրիլին գնալ Փարիզ և շատ ծանր տարա չեղարկումը։ Բայց քանի որ սահմանները բացվել են, գուցե մինչև վերադարձս հասցնեմ մի քանի օրով տրվել շրջագայություններին։ Ախր, Եվրոպայի կենտրոնում ապրես ու ընդհանրապես չճամփորդես հարևան երկրներով, շատ ցավալի կլինի։
Զրուցեց Սուրեն Դեհերյանը
Ինֆոգրաֆիկը՝ Swissinfo.ch կայքից
Հավելյալ աղբյուրներ
- Տաթևը Գերմանիայից․ լավ է մեկ ամիս տանը մնալ, քան՝ վարակի աղբյուր դառնալ
- Լենան Իսպանիայից․ Մադրիդն ու Բարսելոնան քաղաք-ուրվականների էին վերածվել
- Պորտուգալիայում մեկուսացած․ «Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»
- Բացե՞լ, թե՞ չբացել սահմանները․ մտահոգություններ տուրիզմի շուրջ
- Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
#COVID19 #հայացքներսից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/06/2020