Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Սահմանադրության հետագիծը. Մայր օրենքի ծնունդը քաղաքական հակամարտության պայմաններում

ՄԱՍ 1

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հրապարակել նոր Սահմանադրության նախագիծ։ Ի տարբերություն նախորդ սահմանադրական բարեփոխումների՝ այս անգամ առաջարկվում է ոչ թե փոփոխել գործող մայր օրենքը, այլ ընդունել ամբողջությամբ նոր Սահմանադրություն։

Անկախության 31 տարիների ընթացքում Հայաստանի Սահմանադրությունն անցել է մի շարք քաղաքական փորձությունների միջով։ Տարբեր ժամանակաշրջանների իշխանությունները նախաձեռնել են դրա վերանայումը՝ յուրաքանչյուրն իր հիմնավորումներով, իսկ առաջարկվող փոփոխությունները դարձել են քաղաքական սուր բանավեճերի և համապետական հանրաքվեների առարկա։

1995 թ-ից ի վեր Հայաստանում անցկացվել է չորս սահմանադրական հանրաքվե՝ երեք նախագահների պաշտոնավարման ընթացքում։ Առաջինով ընդունվել է անկախ Հայաստանի Սահմանադրությունը, 2003 թ-ի փոփոխությունների նախագիծը չի հաղթահարել ընդունման համար անհրաժեշտ շեմը, իսկ 2005 և 2015 թվականների փոփոխություններն ընդունվել են։ Յուրաքանչյուր գործընթաց ուղեկցվել է իշխանության լիազորությունների, կառավարման համակարգի և քաղաքական մրցակցության կանոնների վերաբերյալ բանավեճերով։

«Ամփոփ Մեդիան» սկսում է «Սահմանադրության հետագիծը» հոդվածաշարը՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ձևավորվել Հայաստանի մայր օրենքը, ինչ հիմնավորումներով են տարբեր ժամանակների իշխանությունները նախաձեռնել Սահմանադրության ընդունումն ու նրա որոշ դրույթների փոփոխությունները, ինչ այլընտրանքներ են առաջարկվել, և ինչու են այդ հարցերը պարբերաբար դարձել և դառնում համապետական հանրաքվեի առարկա։

1995թ․ | Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջան

Շարքի առաջին պատմությունը վերադառնում է 1990-ականներ՝ Հայաստանի անկախության առաջին տարիներ։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը Սահմանադրության ընդունումը ներկայացնում էր որպես պետական կայունության երաշխիք, իսկ ընդդիմության հիմնական մտահոգություններից մեկը նախագահի ձեռքում չափազանց մեծ իշխանություն կենտրոնացնելու վտանգն էր։

Անկախ պետություն՝ խորհրդային Սահմանադրությամբ

1991 թ-ի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվե անցկացրած Հայաստանը դեռևս չուներ սեփական Սահմանադրությունը։

Երկիրը շարունակում էր գործել Խորհրդային Հայաստանի 1978 թ-ի Սահմանադրության հիման վրա, որն անկախության գործընթացում ենթարկվել էր բազմաթիվ փոփոխությունների։ Սակայն խորհրդային իրավական համակարգից ժառանգած փաստաթղթի փոփոխություններով հնարավոր չէր ամբողջությամբ վերացնել նոր քաղաքական իրականության և պետական կառավարման համակարգի միջև առաջացած հակասությունները։

Նորանկախ Հայաստանը պետք է սահմաներ ոչ միայն մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այլև նախագահի, խորհրդարանի, կառավարության և դատարանների լիազորությունները։

Այդ հարցը հատկապես կարևոր էր մի երկրում, որն անցնում էր քաղաքական և տնտեսական համակարգերի վերափոխման, պատերազմական ու սոցիալ-տնտեսական ծանր փուլերով։

Նոր Սահմանադրության մշակման աշխատանքներն սկսվել էին դեռևս անկախության հռչակումից առաջ։ 1990 թ-ի նոյեմբերի 5-ին Գերագույն խորհուրդը ստեղծել էր Սահմանադրական հանձնաժողով, որը գլխավորում էր ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սահմանադրության շուրջ քննարկումներն աստիճանաբար վերածվեցին ավելի սկզբունքային հարցի՝ ինչպիսի՞ կառավարման համակարգ պետք է ունենա Հայաստանը, և ո՞ւմ ձեռքում պետք է կենտրոնացվի գործադիր իշխանությունը։

Սահմանադրությունը՝ քաղաքական ճգնաժամերը կանխելու միջոց

1993 թ-ի մարտի 27-ին Սահմանադրական հանձնաժողովի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության ընդունումը կապում էր երկրի քաղաքական կայունության հետ։

Նրա մեկնաբանությամբ՝ գործող իրավական կարգավորումները հնարավորություն չէին տալիս հստակ լուծումներ գտնել իշխանության ճյուղերի միջև առաջացող ճգնաժամերին։ Նախագահն այդ հակամարտությունները համարում էր պետական համակարգի անկայունության աղբյուր։

«Սա պետության կայունության ապահովման եւ քաղաքական պայքարի կարգավորման միակ միջոցն է»,— հայտարարում էր նա՝ խոսելով Սահմանադրությամբ ճգնաժամերի լուծման անհրաժեշտության մասին։

Նախագահի պատկերացմամբ՝ նոր Սահմանադրությունը պետք է քաղաքական մրցակցությունը տեղափոխեր հստակ իրավական սահմաններ՝ կանխելու խորհրդարանի և գործադիր իշխանության միմյանց հաշվին իրենց լիազորություններն ընդլայնելու փորձերը։

Բայց հենց այստեղ էլ առաջանում էր սահմանադրական բանավեճի գլխավոր հակասությունը․ կարո՞ղ էր իշխանության ճյուղերի միջև կայունություն ապահովելու համար նախատեսված փաստաթուղթը միաժամանակ չափազանց մեծ իշխանություն վերապահել դրանցից մեկին։

Այս հարցը հետագայում դարձավ 1995 թ-ի Սահմանադրության շուրջ ընդդիմության առարկությունների առանցքը։

Ինչու էր Տեր-Պետրոսյանը դեմ խորհրդարանական կառավարմանը

Սահմանադրության նախագծի մշակման ընթացքում քննարկվում էին նախագահական և խորհրդարանական կառավարման տարբերակները։

Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական և կուսակցական համակարգը դեռ պատրաստ չէր խորհրդարանական կառավարման։

1994 թ-ի հունիսի 13-ին Գերագույն խորհրդի արտահերթ նիստում նա ներկայացրեց իր հիմնավորումները։ Նախագահի գնահատմամբ՝ խորհրդարանական համակարգը կարող էր արդյունավետ գործել կայացած կուսակցությունների պայմաններում, մինչդեռ Հայաստանում նման կուսակցական համակարգ դեռ ձևավորված չէր։

Նա նաև մերժում էր այն մոտեցումը, թե խորհրդարանական համակարգը պարտադիր ժողովրդավարական է, իսկ նախագահականը՝ բռնապետական։

Հայաստանում խորհրդարանական համակարգի հաստատումը Տեր-Պետրոսյանը կապում էր քաղաքական ճգնաժամերի և անկայունության վտանգի հետ։

Այսպիսով, իշխանությունն ուժեղ նախագահական ինստիտուտը ներկայացնում էր ոչ միայն որպես քաղաքական նախընտրություն, այլև որպես նորանկախ պետության կայուն գործունեությունն ապահովելու միջոց։

Սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերն այլ կերպ էին պատկերացնում իշխանության ճյուղերի փոխհարաբերությունները։

Ընդդիմությունն ուներ Սահմանադրության այլընտրանքային նախագիծ

Իշխանության մշակած Սահմանադրության նախագիծը միակը չէր։

Դեռևս 1993 թ-ին վեց ընդդիմադիր կուսակցություններ միավորվել էին այլընտրանքային սահմանադրական նախագիծ մշակելու շուրջ։ Այդ նախաձեռնությունը հայտնի դարձավ որպես «վեցյակի նախագիծ»։

Դրա մշակմանը մասնակցած քաղաքական ուժերի թվում էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ), ինչպես նաև Դեմոկրատական (ՀԴԿ), Հանրապետական (ՀՀԿ) և Ագրարային ժողովրդավարական (ՀԱԺԿ) կուսակցությունները։

Ընդդիմադիր վեցյակի և իշխանության նախագծերի միջև հիմնական տարաձայնությունը վերաբերում էր կառավարման համակարգին և իշխանության ճյուղերի լիազորությունների բաշխմանը։ Այլընտրանքային նախագծով առաջարկվում էր սահմանափակել նախագահի քաղաքական գերակայությունը և ուժեղացնել խորհրդարանի վերահսկողական դերը։

1994 թ-ի ապրիլի 25-ին Գերագույն խորհրդում Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հանրաքվեի ներկայացնել Սահմանադրական հանձնաժողովի կամ ընդդիմադիր վեց կուսակցությունների նախագիծը, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ երկուսն էլ։

Նույն ելույթում նախագահը պաշտպանում էր Սահմանադրությունն անմիջապես ժողովրդի քվեարկությամբ ընդունելու գաղափարը։

Նա Սահմանադրությունը բնութագրում էր որպես «ժողովրդի միասնական կամքով կնքված պայմանագիր»։

Նախագահի փաստարկն այն էր, որ հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը կունենա ավելի ամուր հանրային հիմք և ավելի քիչ կախված կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի փոփոխվող հարաբերակցությունից։

Սակայն ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի՝ երկու նախագծերը հանրաքվեի ներկայացնելու առաջարկից հետո քաղաքացիներն ի վերջո քվեարկեցին միայն մեկ նախագծի շուրջ։

1994 թ-ի հունիսի 1-ին Գերագույն խորհուրդը որոշեց ընդլայնել Սահմանադրական հանձնաժողովի կազմը՝ դրանում ընդգրկելով նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի և այլընտրանքային նախագծեր մշակած խմբերի ներկայացուցիչների։

Հուլիսի 23-ին հանձնաժողովը քննարկեց, թե որ նախագիծը պետք է դառնա հետագա աշխատանքների հիմքը։

Ըստ քաղաքագետ Գևորգ Մարգարովի ուսումնասիրության՝ 1994 թ-ի հուլիսի 23-ին «վեցյակի» նախագծի հեղինակներից Վլադիմիր Նազարյանը, Ռուբեն Հակոբյանը և Աշոտ Նավասարդյանը պահանջել էին իրենց նախագիծը քվեարկության չդնել։ Դրանից հետո հանձնաժողովը որպես հետագա մշակման հիմք ընտրեց մյուս՝ Սահմանադրական հանձնաժողովի նախագիծը։

Ուսումնասիրությունը չի պարզաբանում, թե ինչու էին այլընտրանքային նախագծի ներկայացուցիչները պահանջել այն չդնել քվեարկության։ Հետևաբար այդ քայլը չի կարելի մեկնաբանել որպես իրենց նախագծից հրաժարում կամ իշխանության առաջարկած տարբերակին համաձայնություն։

1995 թ-ի ապրիլի 13-ին Սահմանադրական հանձնաժողովը հաստատեց Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը։ Մայիսի 12-ին Գերագույն խորհուրդը հավանություն տվեց դրան և որոշեց նախագիծը ներկայացնել հուլիսի 5-ի հանրաքվեին։

Այսպիսով, թեև սահմանադրական քննարկումների ընթացքում շրջանառվում էին երկու նախագծեր, հանրաքվեի ներկայացվեց միայն Սահմանադրական հանձնաժողովի մշակած և Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած տարբերակը։

Ինչ լիազորություններ ստացավ նախագահը

1995 թ-ի Սահմանադրությամբ Հայաստանում հաստատվեց կառավարման կիսանախագահական համակարգ, որտեղ նախագահն ուներ լայն լիազորություններ։

Նա էր նշանակում և ազատում վարչապետին, իսկ վարչապետի առաջարկությամբ՝ կառավարության անդամներին։ Նախագահը կարող էր Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո արձակել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ՝ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումների պահպանմամբ։

Նախագահի ազդեցությունը չէր սահմանափակվում կառավարության կազմավորմամբ։ Սահմանադրության համաձայն՝ կառավարության նիստերը հրավիրում և վարում էր նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ վարչապետը։ Կառավարության որոշումները ստորագրում էր վարչապետը, սակայն դրանք վավերացնում էր նախագահը։

Լայն էին նաև նախագահի լիազորությունները դատական համակարգում։ Նա նշանակում էր Սահմանադրական դատարանի ինը անդամներից չորսին, իսկ մյուս հինգին՝ Ազգային ժողովը։ Եթե Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո 30 օրվա ընթացքում Ազգային ժողովը չէր նշանակում դատարանի նախագահին, այդ նշանակումը կատարում էր Հանրապետության նախագահը։

Նախագահը նաև գլխավորում էր Արդարադատության խորհուրդը, որի առաջարկությունների հիման վրա մասնակցում էր դատավորների նշանակման գործընթացին։

Սակայն Սահմանադրությունը նախատեսում էր նաև նախագահի լիազորությունների հակակշիռներ։ Ազգային ժողովը կարող էր անվստահություն հայտնել կառավարությանը, հաստատում էր պետական բյուջեն և նշանակում Սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությանը։ Խորհրդարանը կարող էր նաև Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, պաշտոնանկ անել նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։

Այդուհանդերձ, նախագահի ձեռքում կենտրոնացած էին կառավարության կազմավորման, դրա գործունեության և դատական համակարգի ձևավորման վրա ազդելու մի շարք լիազորություններ։ Հենց այդ հարաբերակցությունն էր իշխանության և ընդդիմության սահմանադրական բանավեճի հիմնական առարկաներից մեկը։

Նախագահի, խորհրդարանի և կառավարության լիազորությունների հավասարակշռության հարցը շարունակեց մնալ քաղաքական քննարկումների օրակարգում նաև հետագա սահմանադրական փոփոխությունների ժամանակ։

Սահմանադրության հանրաքվեն՝ քաղաքական լարվածության պայմաններում

1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեին նախորդել էին լուրջ ներքաղաքական լարվածություններ։

1994 թ-ի դեկտեմբերի 28-ին Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ կասեցվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը։ Իշխանությունն այդ քայլը հիմնավորում էր կուսակցության հետ կապվող «Դրո» գաղտնի կառույցի ենթադրյալ հանցավոր գործունեությամբ։

ՀՅԴ-ն մեղադրանքները մերժում էր՝ իր գործունեության կասեցումը գնահատելով որպես քաղաքական հետապնդում։

1995 թ-ի մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոն հրապարակեց հայտարարություն, որը մայիսի 6-ին լույս տեսավ The Armenian Weekly-ում։

Հայտարարության մեջ կուսակցությունն իշխող ՀՀՇ-ի վարչակարգին մեղադրում էր ժողովրդավարական սկզբունքներից հեռանալու և պետական կառույցները իշխանությունը պահպանելու նպատակով օգտագործելու մեջ։ ՀՅԴ-ի գնահատմամբ՝ Հայաստանը հայտնվել էր բռնապետության վտանգի առջև։

Կուսակցությունը նաև հայտարարում էր, որ ապրիլի 18-ին փորձել էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն իր դիմումը չէր ընդունվել։

ՀՅԴ-ի այս հայտարարությունն անմիջականորեն վերաբերում էր խորհրդարանական ընտրություններին և ընդդիմության նկատմամբ իշխանության քաղաքականությանը, ոչ թե Սահմանադրության առանձին հոդվածներին։

Սակայն դրա նշանակությունը սահմանադրական գործընթացի պատմության մեջ էական է. նոր Սահմանադրության ընդունումը տեղի էր ունենում այնպիսի ընտրությունների հետ միաժամանակ, որոնց մասնակցելու հնարավորությունը խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի համար սահմանափակված էր։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի 1995 թ-ի դիտորդական զեկույցը նույնպես արձանագրում էր, որ ՀՅԴ-ի նկատմամբ կիրառված արգելքը բացասաբար էր անդրադարձել ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի քաղաքական միջավայրի վրա։

Ինչ որոշեցին ընտրողները 1995 թվականի հուլիսի 5-ին

1995 թ-ի հուլիսի 5-ին Հայաստանի քաղաքացիները մասնակցեցին միաժամանակ երկու համապետական գործընթացի՝ նոր Սահմանադրության հանրաքվեին և Ազգային ժողովի ընտրություններին։

Պաշտոնական տվյալներով՝ Սահմանադրության հանրաքվեին մասնակցեց 1 217 531 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 2 189 804 քաղաքացիներից։

Նախագծին կողմ քվեարկեց 828 370, դեմ՝ 349 721 քաղաքացի։ Անվավեր ճանաչվեց 39 440 քվեաթերթիկ։

Այսպիսով՝ Սահմանադրության ընդունմանը կողմ էր հանրաքվեի մասնակիցների 68%-ը։

Նոր Սահմանադրությունն ընդունվեց

Սակայն արձանագրված պաշտոնական արդյունքով չէին լուծվում հանրաքվեի կազմակերպման և քաղաքական մրցակցության վերաբերյալ հարցերը։

Միջազգային դիտորդները քննադատեցին ընտրությունների և հանրաքվեի անցկացման պայմանները։ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը փաստագրեց իշխանության ու ընդդիմության միջև սահմանադրական նախագծի շուրջ տարաձայնությունները, իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները մատնանշեցին ընտրական գործընթացի թերությունները, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների և տեղեկատվական անհավասարության խնդիրները։

Դիտորդական գնահատականներում արձանագրված էին նաև դրական հանգամանքներ, այդ թվում՝ բազմակուսակցական մրցակցությունը և տեղական դիտորդների ակտիվ մասնակցությունը։ Սակայն դրանք չէին վերացնում գործընթացի արդարության վերաբերյալ բարձրացված առարկությունները։

Պետականության հիմքը և չավարտված քաղաքական վեճը

1995 թ-ի հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց իր առաջին հետխորհրդային Սահմանադրությունը։

Այն ամրագրեց անկախ պետության կառավարման համակարգը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները և սահմանեց պետական իշխանության կազմակերպման կանոնները։

Սակայն Սահմանադրության ընդունումը չավարտեց այն վեճը, որը ձևավորվել էր դրա մշակման տարիներին։

Իշխանության ներկայացրած փաստարկը պետական կայունությունն էր, ընդդիմության հիմնական մտահոգություններից մեկը՝ իշխանության կենտրոնացումը։

Հետագա տարիներին նախագահի լայն լիազորությունների, խորհրդարանի դերի և դատական համակարգի անկախության հարցերը կրկին հայտնվեցին սահմանադրական բարեփոխումների օրակարգում։

1995 թ-ի Սահմանադրությունը դարձավ Հայաստանի պետական կառավարման իրավական հիմքը, բայց միաժամանակ ժառանգություն թողեց մի բանավեճ, որի լուծումը հետագայում փորձեցին գտնել նոր փոփոխությունների միջոցով։


Շարունակելի…

Հաջորդ մասում՝ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու փորձերը. 2003-2005 թթ.

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց իր նախորդի օրոք ընդունված Սահմանադրության փոփոխությունը, ինչո՞ւ առաջին հանրաքվեն ձախողվեց, և ի՞նչ փոխվեց երկու տարվա ընթացքում, որ երկրորդ հանրաքվեով սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին։


Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Կոլաժը ստեղծված է արհեստական բանականության գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/11/2026