Մեր մասին Էթիկա
Քաղաքական

ՏԻՄ ընտրություններ 2026․ հաղթողներ, մրցակցություն և չքվեարկած մեծամասնություն

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել գրանցված ընտրողների կեսից ավելին՝ 53.68%-ը։ 21 համայնքում քվեարկելու իրավունք ունեցող յուրաքանչյուր 100 ընտրողից 54-ը չի քվեարկել։

Մրցակցությունն էլ ամենուր նույնը չէր։ Հինգ համայնքում առաջադրված էր միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ)։

Ընտրապայքար գրանցվել է Եղեգնաձորում, որտեղ ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցությունից առաջ է անցել 185 ձայնով, և Ստեփանավանում, որտեղ «Գործարար» կուսակցությունը ՔՊ-ից առաջ է անցել 825 ձայնով։

Տարբեր էր նաև ընտրողների ակտիվությունը՝ որոշ համայնքներում քվեարկել է ընտրողների ավելի քան 60%-ը, մյուսներում՝ 40%-ից պակասը։

Այս տարբերությունները հարց են առաջացնում՝ որքանո՞վ է հաղթող ուժի ստացած ձայների բաժինն արտահայտում համայնքի ամբողջ ընտրազանգվածի աջակցությունը։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքները՝ պարզելու, թե որտեղ էին ընտրողներն առավել ակտիվ, ինչպիսի մրցակցություն է ծավալվել, ինչ արդյունքներ են գրանցվել միայն մեկ ուժի մասնակցությամբ համայնքներում, և գրանցված բոլոր ընտրողների որ մասն է քվեարկել ՔՊ-ի օգտին։

Իրավիճակ

2026 թ-ի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 477,721 ընտրող։

ԿԸՀ-ի հրապարակած՝ ժամը 20։00-ի նախնական տվյալներով՝ քվեարկել է 221,280 մարդ՝ գրանցված ընտրողների 46.32%-ը։ 256,441 ընտրող կամ 53.68%-ը չի մասնակցել ընտրություններին։

21 համայնքներից 19-ում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներով, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։

Ընտրողների կեսից ավելին չի մասնակցել

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ստեփանավանում՝ 68.83%։ Հաջորդել են Եղեգնաձորը (62.56%) և Ծաղկաձորը (61.78%)։

Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում էր (25.39%)։ Արմավիրում քվեարկել է ընտրողների 36.73%-ը, Գառնիում՝ 37.19%-ը։

21 համայնքներից 12-ում ընտրողների կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը։

Քվեարկությանը չմասնակցածների ամենամեծ թիվը գրանցվել է Արտաշատում՝ 41,444 մարդ։ Մարտունիում չի քվեարկել 27,808, Արմավիրում՝ 24,019, Հրազդանում՝ 21,187, իսկ Գավառում՝ 19,938 ընտրող։

Ընտրողների ակտիվությունը միայն ՔՊ մասնակցությամբ համայնքներում

Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացրած 19 համայնքներից հինգում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, առաջադրված էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այս համայնքներում ընտրողները կուսակցական տարբեր ցուցակների միջև ընտրություն չունեին։ Նրանք կարող էին ՔՊ-ի ներկայացրած ցուցակին քվեարկել «կողմ» կամ «դեմ»։

Ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների՝ հինգ համայնքներում միասին ՔՊ-ի ցուցակին «կողմ» է քվեարկել 41,184 մարդ, «դեմ»՝ 2219-ը։

«Դեմ» քվեների ամենաբարձր բաժինը գրանցվել է Ախուրյանում՝ 7.06% (829 ձայն)։ Հաջորդել են Վարդենիսը՝ 5.68% (578 ձայն), Գառնին՝ 5.38% (185 ձայն), Արմավիրը՝ 3.43% (479 ձայն) և Վայքը՝ 3.39% (148 ձայն)։

Հինգ համայնքներում միասին գրանցված է 105,034 ընտրող։ «Դեմ» քվեարկած 2219 ընտրողները կազմում են նրանց 2.11%-ը («Ամփոփ Մեդիայի» հաշվարկ)։

Այս հինգ համայնքներում ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 41.54%։ Սա 4.78 տոկոսային կետով ցածր է բոլոր 21 համայնքների մասնակցության՝ 46.32% ցուցանիշից։ Սակայն տարբեր համայնքներում պատկերը տարբեր է։

Օրինակ՝ Վայքում մասնակցությունը կազմել է 52.39%, Ախուրյանում՝ 47.06%։ Երկու համայնքներում էլ այն գերազանցել է քվեարկության ընդհանուր ցուցանիշը՝ համապատասխանաբար 6.07 և 0.74 տոկոսային կետով։

Մյուս երեք համայնքներում մասնակցությունն ընդհանուր միջինից ցածր է եղել՝ Վարդենիսում՝ 41.33%, Գառնիում՝ 37.19%, Արմավիրում՝ 36.73%։

Եղեգնաձոր և Ստեփանավան․ երկու առաջատար ուժերի արդյունքները

Համամասնական ընտրակարգով անցկացված 19 համայնքների ընտրություններից հինգում առաջադրված էր մեկ քաղաքական ուժ, իսկ մնացած 14-ում՝ առնվազն երկու։

Այս 14 համայնքներում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև ձայների ամենափոքր տարբերությունը կամ ամենամեծ մրցակցությունը գրանցվել է Եղեգնաձորում։

ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 7382 ձայն կամ 48.06%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7197 ձայն կամ 46.86%։

Տարբերությունը կազմել է ընդամենը 185 ձայն կամ 1.20 տոկոսային կետ։

Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 5506 ձայն կամ 41.54%։ ՔՊ-ն ստացել է 4681 ձայն կամ 35.32%։ Երկու ուժերի տարբերությունը կազմել է 825 ձայն կամ 6.22 տոկոսային կետ։

Մնացած 12 համայնքներում առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերի արդյունքների միջև տարբերությունն ավելի մեծ է, հետևաբար՝ մրցակցությունն ավելի փոքր։

Ստեփանավանում՝ մրցակիցներ, Գորիսում և Գավառում՝ դաշնակիցներ

Առանձնահատուկ պատկեր է ձևավորվել Ստեփանավանում, Գորիսում և Գավառում։

Ստեփանավանում գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը և ՔՊ-ն մասնակցել են առանձին ցուցակներով։

Մինչդեռ Գորիսում և Գավառում նույն երկու կուսակցությունները մասնակցել են միասին՝ «Համերաշխություն» դաշինքով։

Գորիսում գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը ստացել է 13,959 ձայն կամ քվեների 93.57%-ը։

Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Համերաշխությունը» ստացել է 10,380 ձայն կամ 81.71%-ը։

Ստեփանավանի դեպքում ուշագրավ է նաև գործող համայնքապետի քաղաքական անցյալը։

2021 թ-ի նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրություններում Արմեն Գրիգորյանը գլխավորել է ՔՊ-ի ցուցակը և վերընտրվել Ստեփանավանի համայնքապետ։ Ըստ ԿԸՀ-ի այն ժամանակ հրապարակած նախնական արդյունքների՝ ՔՊ-ն ստացել էր 4004 ձայն կամ 78.4%։

2026 թվականի ընտրություններում Գրիգորյանն արդեն գլխավորում էր «Գործարար» կուսակցության ցուցակը։ Այսպիսով, երկու կուսակցությունները Ստեփանավանում նախընտրել են մասնակցել առանձին, իսկ Գորիսում և Գավառում՝ դաշինքով։

ՔՊ-ի ստացած ձայները՝ երկու տարբեր հաշվարկով

Քաղաքական ուժերի արդյունքները կարելի է ուսումնասիրել նաև՝ համեմատելով ԿԸՀ-ի հրապարակած տոկոսները և ստացած ձայների բաժինը համայնքի բոլոր գրանցված ընտրողների ընդհանուր թվում։

Առաջին ցուցանիշը ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքն է։ Երկրորդը լրացուցիչ հաշվարկ է, որը ցույց է տալիս՝ տվյալ ուժի օգտին գրանցված ընտրողների քանի տոկոսն է քվեարկել։

Օրինակ՝ Արմավիրում ՔՊ-ն ստացել է 13,395 ձայն։ Ըստ ԿԸՀ-ի՝ դա կազմել է քվեարկության արդյունքների 96.07%-ը։ Սակայն համայնքի 37,961 գրանցված ընտրողների ընդհանուր թվի հաշվով ՔՊ-ի ստացած ձայների բաժինը կազմել է 35.29%։

Նույն սկզբունքով՝ Գառնիում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը 94.23% է, իսկ բոլոր գրանցված ընտրողների հաշվով՝ 35.05%։ Վարդենիսում համապատասխան ցուցանիշներն են 93.78% և 38.76%։

ՔՊ-ի առանձին ցուցակով մասնակցած 17 համայնքներից միայն երկուսում՝ Ծաղկաձորում (52%) և Վայքում (50.35%), կուսակցության օգտին քվեարկել է գրանցված ընտրողների կեսից ավելին։

Այս համեմատությունը չի փոխում ընտրությունների պաշտոնական արդյունքները, այլ ձայները ներկայացնում է հաշվարկման մեկ այլ հիմքով։

Ուսումնասիրության հիմքում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հոկտեմբերի 25–26-ին հրապարակված նախնական արդյունքներն են, ընտրողների մասնակցության ժամը 20։00-ի տվյալները և ՆԳՆ-ի հրապարակած՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ գրանցված ընտրողների թվերը։

Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/10/2026