Հոկտեմբերի 9-ին 24News.am-ը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս գյուղում գիշերը բնակիչները նկատել են քաղաքացիական հագուստով երեք անձի, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ բնակիչների հետ զրուցելուց հետո այդ անձինք հեռացել են, ինչից հետո սկսվել են նրանց որոնողական աշխատանքները։
Հրապարակման մեջ նշվում էր նաև, որ որոնողական աշխատանքներին, բացի հայկական ծառայություններից, միացել են տեղի ռուսական սահմանապահ ուղեկալի սահմանապահները, որոնք կիրառել են անօդաչու թռչող սարքեր։ Այս տեղեկությունը լրատվամիջոցին փոխանցել էր գյուղացիներից մեկը։
24News.am-ը հայտնել էր, որ զրուցել է Կուրիսի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանի, Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի և Լեհվազի վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանի հետ։ Ըստ հրապարակման՝ Դավիթ Օհանջանյանը հստակ պատասխան չէր տվել՝ ասելով. «Դա գիշերն ա եղել, իրավապահներին դիմեք»։ Արթուր Գրիգորյանն ու Ռոմիկ Պողոսյանն էլ հայտնել էին, որ դեպքի մասին տեղեկություն չունեն և առաջարկել դիմել իրավապահներին։
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ հստակեցված չէր, թե ինչ հիմքով են նկատված անձանց համարել ադրբեջանցիներ, հայկական որ ծառայություններն են մասնակցել որոնողական աշխատանքներին, ինչպես նաև՝ ինչ աղբյուրից էր ստացվել ռուս սահմանապահների մասնակցության և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունը։
Այս հանգամանքները կարևոր են, քանի որ անձանց ներկայության մասին տեղեկությունը, նրանց ինքնության վերաբերյալ ենթադրությունը և որոնողական աշխատանքների մասին պնդումները տարբեր հարցեր են, որոնցից յուրաքանչյուրն առանձին հաստատման կարիք ունի։
Հրապարակումից հետո լուրը տարածվել էր նաև այլ լրատվամիջոցներով և Telegram-ալիքներով (1, 2, 3, 4, 5)։ Այդ հրապարակումները վերահրապարակել էին 24News.am-ի սկզբնական նյութը՝ առանց ներկայացնելու լրացուցիչ, անկախ հաստատումներ։
ԱԱԾ-ն հերքում է տեղեկությունը
Տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Ամփոփ Մեդիան» կապ էր հաստատել Ազգային անվտանգության ծառայության հետ։ ԱԱԾ մամուլի բաժնի ներկայացուցիչը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ռուս սահմանապահների մասնակցության և ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ լրացուցիչ հարցերին պատասխանելու համար ԱԱԾ-ն առաջարկել է գրավոր հարցում ուղարկել։
Պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Արամ Թորոսյանը «Ամփոփ Մեդիային» հայտնել է, որ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկությունից բացի այլ տվյալներ չեն կարող ներկայացնել։
Հետևաբար, հրապարակման մեջ նշված՝ Կուրիսում երեք ադրբեջանցու որոնողական աշխատանքների իրականացման, անձանց ինքնության և ռուս սահմանապահների հնարավոր մասնակցության վերաբերյալ որևէ հաստատում չկա։
Շաքիի միջադեպից հետո զգայուն դարձած թեմա
Կուրիսի մասին հրապարակումը տարածվեց Շաքիի դեպքից ընդամենը օրեր անց։
Հոկտեմբերի 1-ին Շաքիում հայտնաբերվել էր Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որի արձակած կրակոցից վիրավորվել էր բնակիչ Անի Ավետիսյանը։
Այդ դեպքի ընթացքում ևս սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկություն, թե Հայաստանի տարածքում ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանցի զինծառայող կա։ ԱԱԾ-ն հետագայում այդ տեղեկությունը նույնպես հերքել էր՝ հայտարարելով, որ սահմանը հատել է մեկ անձ։
Այս ֆոնը կարևոր է, քանի որ Կուրիսի վերաբերյալ «երեք ադրբեջանցիների» մասին չհաստատված լուրը տարածվել է արդեն ձևավորված հանրային մտահոգության պայմաններում։
Սակայն նախորդ իրական միջադեպի առկայությունը նոր պնդման հավաստիության ապացույց չէ։
Նույն թեմայով նոր չհաստատված պնդումներ
Հաջորդ օրերին նույն՝ ադրբեջանական հնարավոր ներթափանցումների թեմայով շրջանառվել են նաև նոր հայտարարություններ։
«Համահայկական ճակատ» կուսակցության հոկտեմբերի 10-ին հրապարակած տեսանյութում նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պնդել է, թե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի սահմանների ուղղությամբ ռազմական գործողությունների և Հայաստանի տարածք է ուղարկում հետախուզական կամ դիվերսիոն խմբեր։ Ֆեյսբուքում տեղադրված տեսաուղերձը լայն տարածում է ստացել․ այս նյութի հրապարակման պահին այն ունեցել է 78 հազար դիտում և շուրջ 350 տարածում։

Սակայն այս պնդումները հաստատող հրապարակային ապացույցներ կամ պաշտոնական տվյալներ այս պահին նույնպես հասանելի չեն։
Դրանք կարելի է դիտարկել Կուրիսի մասին լուրի հետ նույն տեղեկատվական թեմատիկ դաշտում, սակայն ապացույց չկա պնդելու, որ այդ հրապարակումները կազմակերպված կամ համակարգված նույն արշավի մաս են։
Միաժամանակ նմանատիպ, իրար հաջորդող չհաստատված պնդումները կարող են ուժեղացնել բնակչության շրջանում սահմանային վտանգի շարունակականության զգացումը, խորացնել անորոշությունն ու տագնապը և լսարանի մոտ ստեղծել տպավորություն, թե առկա են միմյանց հետ կապված, բայց պաշտոնապես չբացահայտվող անվտանգության սպառնալիքներ։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/10/2026









