Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում․ ինչ է հայտնի, ինչն է դեռ անհայտ

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Մինչ այդ նա ապօրինի մուտք էր գործել բնակելի տուն, որտեղ նրան առաջինը նկատել էին տուն վերադարձած երեխաները։ Նրանց ահազանգից հետո տուն հասած մայրը փորձել է պաշտպանել երեխաներին, և Մուսաևի արձակած կրակոցից վիրավորվել է։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև նրա երկու անչափահաս երեխաները։

Դեպքը, սակայն, սկսվել էր ավելի վաղ։ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ դեռ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայկական կողմին տեղեկացրել էր, որ իրենց զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չէր բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը, և դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ էին սկսել։

Հրապարակված պաշտոնական տեղեկություններից, սակայն, առայժմ հնարավոր չէ պարզել՝ երբ և կոնկրետ որտեղ է Մուսաևը հատել սահմանը, ինչ ճանապարհով է հասել Շաքի, երբ է հայկական կողմը գրանցել, որ տվյալ անձը արդեն Հայաստանի տարածքում է, և այդ ընթացքում ինչ տեղեկություն է փոխանցվել հնարավոր վտանգի գոտում գտնվող բնակիչներին։

Այս անպատասխան հարցերի ֆոնին դեպքի շուրջ սկսել են շրջանառվել նաև չհաստատված տեղեկություններ ու ավելի լայն անվտանգային պնդումներ։ Մասնավորապես, Շաքիի միջադեպը կապվել է 2021–2022 թվականների սահմանային զարգացումների, ադրբեջանական ուժերի ենթադրյալ նոր առաջխաղացման և Սիսիանի ուղղությամբ անվտանգության համակարգի վիճակի հետ՝ առանց այդ կապը հաստատող հրապարակային ապացույցների։

«Ամփոփ Մեդիան» համադրել է իրավապահ մարմինների հաղորդագրությունները, տուժած ընտանիքի ներկայացրած տեղեկությունները և Շաքիի բնակիչների վկայությունները՝ առանձնացնելու համար, թե դեպքի վերաբերյալ ինչն է հաստատված, ինչն է հիմնված ականատեսների կամ հարազատների պատմությունների վրա, և ինչ հարցեր դեռ պատասխան չունեն։

Ինչպես են իրավապահ մարմինները ներկայացրել դեպքը

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո, ըստ ԱԱԾ-ի, երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Սյունիքի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենց տուն մարդ է մտել և կրակել մոր ոտքին։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի և զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի բնակելի տներից մեկը։ Հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, որոնց հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը։ Այնուհետև Մուսաևը փախուստի է դիմել։

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում նա հայտնաբերվել է փողոցի մեկ այլ տանը և հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ին, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննության մարմին։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ապօրինի շրջանառության, և 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքերի առթիվ։

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության դեպքերի առթիվ։

ԱԱԾ-ն հոկտեմբերի 2-ին հատուկ հաղորդագրությամբ նաև հերքել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի տարածքում մի քանի ադրբեջանցի զինծառայող է եղել։ Ծառայության պնդմամբ՝ պետական սահմանն ապօրինի հատել է մեկ անձ՝ Նասիմի Մուսաևը։

Վիրավորում ստացած Անի Ավետիսյանը նախ տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնություն, ապա տեղափոխվել Երևան։ Բժշկական օգնության են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները․ մեկի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, մյուս երեխայի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։

Ինչ է պատմել տուժած ընտանիքի հարազատը

Պաշտոնական հաղորդագրությունները նկարագրում են դեպքի հիմնական հանգամանքները, բայց չեն ներկայացնում, թե ինչ է տեղի ունեցել տան ներսում մինչև կրակոցն ու Մուսաևի փախուստը։

Այդ դրվագների մասին «Ազատությանը» պատմել է վիրավորված Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։ Արփի Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողին առաջինը նկատել են Անիի՝ դպրոցից տուն վերադարձող որդին ու դուստրը։ Նրա խոսքով՝ երեխաները ծնողների հետ հեռախոսով խոսելիս են եղել, երբ նկատել են, որ տան կողպեքը կոտրված է։ Նրանք մտել են հյուրասենյակ և այնտեղ տեսել ադրբեջանցի զինծառայողին։ Երեխաները հասցրել են գոռալ և օգնություն կանչել մորը, սակայն, ըստ Արփի Ավետիսյանի, ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը։

Արփի Ավետիսյանի պատմելով՝ նրա քույրը ամուսնու հետ մեքենայով արագ հասել են տուն և, տեսնելով, որ զինծառայողը զենքն ուղղել է երեխաների կողմը, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը։ Այդ պահին, ըստ քրոջ, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով Անիի ձախ ձեռքի երեք մատները կտրվել են։ Այնուհետև, ըստ Արփի Ավետիսյանի, զինծառայողը կրկին լիցքավորել է ինքնաձիգը։ Այդ ընթացքում ձեռքի և ոտքի հատվածներում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը դանակով փորձել է դիմադրել և մի քանի հարված է հասցրել ադրբեջանցուն։

Քրոջ պատմածով՝ դրանից հետո զինծառայողը հարվածներ է հասցրել Անի Ավետիսյանին, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև զինծառայողին սկսել է դիմադրել Անիի 15-ամյա որդին։ Արփի Ավետիսյանի խոսքով՝ հենց այդ ընթացքում է տղայի դաստակը կոտրվել։

Արդյոք բնակիչները տեղյակ են եղել

Factor TV-ի ռեպորտաժում Շաքիի բնակիչներից մեկը պատմել է, որ դեպքից առաջ որևէ պետական մարմնից բնակիչներին վտանգի մասին տեղեկություն չի փոխանցվել։ Նրա խոսքով՝ եթե իրենք նախապես տեղյակ լինեին հնարավոր վտանգի մասին, գոնե կկողպեին դռները։

Նույն նյութում մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ իրեն հայտնել են, թե Շաքիում չորս ադրբեջանցի զինծառայող է որոնվում։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը փոխանցել է դեպքի վայրում գտնվող ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։

Միաժամանակ, ԱԱԾ-ն տարածված տեղեկությունը հերքել էր՝ նշելով, որ Հայաստանի տարածք պետական սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող։

CivilNet-ի հետ զրույցում Շաքիի վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ բնակիչներին դեպքի օրը տեղեկացրել են հնարավոր վտանգի մասին՝ զգուշացնելով, որ տարածքում կարող է զինված անձ լինել։ Նրա խոսքով՝ դրանից առաջ իրենց հասած տեղեկությունը վերաբերում էր գյուղերում շրջող անհայտ անձի։

Այս պատմությունները տարբեր պատկեր են ներկայացնում այն մասին, թե ինչ տեղեկություն է հասանելի եղել Շաքիի բնակիչներին և երբ են նրանք այն ստացել։ Մի կողմից՝ բնակիչներից մեկը պնդում է, որ դեպքից առաջ որևէ նախազգուշացում չի ստացել, մյուսը խոսում է չորս ադրբեջանցի զինծառայողի որոնման մասին, մինչդեռ վարչական շրջանի ղեկավարը նշում է, որ բնակիչներին դեպքի օրը զգուշացրել են տարածքում հնարավոր զինված անձի մասին և նախապես իրենք ինչ-որ տեղեկություններ են ունեցել։ Այս տարբերությունները հարց են առաջացնում, թե դեպքից առաջ և դրա ընթացքում ինչ տեղեկություն է եղել պետական մարմինների մոտ, երբ է այն հասանելի դարձել բնակիչներին և ինչ ձևով է փոխանցվել նրանց։

Ինչ է հայտնի Մուսաևի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին

ԱԱԾ-ի հոկտեմբերի 1-ի հաղորդման համաձայն՝ հայկական կողմը սեպտեմբերի 29-ին տեղեկացվել էր, որ Լաչինի զորամասերից մեկից փախած ադրբեջանցի զինծառայողը հնարավոր է՝ հատած լինի Հայաստանի պետական սահմանը։ Ադրբեջանական կողմը հայտնել էր, որ զինծառայողը զորամասից փախուստի է դիմել սեպտեմբերի 26-ին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ խոսքը Նասիմ Մուսաևի մասին է, որը սեպտեմբերի 26-ին անհետացել է Լաչինի իր զորամասից։

Հայաստանի սահմանից մինչև Շաքի գյուղ հեռավորությունը ուղիղ գծով մոտ 16 կիլոմետր է։

Սակայն, հաշվի առնելով, որ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ զինծառայողը Լաչինի զորամասերից մեկից է դուրս եկել, պարզ չէ, թե սահմանը որ կողմից է հատել և որ կետից է հայտնվել Հայաստանի տարածքում։

Լաչին քաղաքից մինչև Շաքի, ըստ Google Maps-ի, ոտքով ճանապարհը մոտ 19 ժամ է, իսկ ընդհանուր հեռավորությունը՝ շուրջ 80 կիլոմետր։ Սակայն սա առկա ճանապարհով անցնելու դեպքում։ Թե ինչպես, քանի ժամում և ինչ ճանապարհով է զինծառայողը հասել Շաքի, այս մասին տեղեկություն դեռևս չկա։

Կողմերի հրապարակած տեղեկություններից հնարավոր չէ պարզել, թե որքան ժամանակ է նա գտնվել Հայաստանի տարածքում մինչև հոկտեմբերի 1-ին Շաքիում տեղի ունեցած միջադեպը։

Ադրբեջանական պետական կառույցներն ու լրատվամիջոցները զինծառայողի մասին տեղեկություններ հրապարակել են միայն Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրա անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնել։ Տեղի ունեցածի հանգամանքները քննելու նպատակով Ռազմական դատախազությունն անցկացրել է համապատասխան ստուգում, որի արդյունքներով հաստատվել են հիմնավոր կասկածները Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ։

Պաշտոնական արձագանքներ և ԱԱԾ-ում պաշտոնանկություն

Շաքիի դեպքից հետո պաշտոնական և քաղաքական արձագանքները հիմնականում կենտրոնացել են երկու հարցի վրա՝ ինչպես գնահատել միջադեպը և արդյոք պետական մարմինները բավարար քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ հայկական կողմը տեղեկացել էր ադրբեջանցի զինծառայողի հնարավոր սահմանահատման մասին։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը դեպքը գնահատել է որպես ուժային կառույցների «հանցավոր անգործություն»՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է զինծառայողը հատել սահմանը, որքանով է վերահսկվել համապատասխան հատվածը և արդյոք որոնողական աշխատանքներում օգտագործվել է ամբողջ հնարավոր ներուժը։

Դեպքից չորս օր անց վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, որի պատասխանատվության ոլորտում էր նաև Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունը։ Պաշտոնանկության որոշման մեջ պատճառ չի նշվում, ուստի միայն ժամանակային համընկնմամբ այն Շաքիի դեպքի հետ կապել հնարավոր չէ։ Միաժամանակ պաշտոնանկությունը լրացուցիչ հարցեր է առաջացրել սահմանային վերահսկողության կազմակերպման վերաբերյալ։

Հոկտեմբերի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ պետական մարմինների գործողությունները, այդ թվում՝ բնակչությանը նախապես զգուշացնելու հարցը, ենթակա են քննարկման։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմի՝ զինծառայողի անհետացման մասին նախնական տեղեկացումը հիմք չի տալիս դեպքը դիվերսիա որակելու։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ավելի ուշ ընդունել է, որ պետական մարմինների գործողություններում թերացումներ եղել են և դրանք հետևանքներ կունենան։ Նրա խոսքով՝ ամբողջական գնահատական հնարավոր կլինի տալ ծառայողական քննությունից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին դեպքը բնութագրել է որպես «սովորական քրեական իրավիճակ», իսկ մեկ օր անց՝ որպես «անդրսահմանային հանցագործություն»՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ միայն սահմանահատումն է, այլ նաև այն, որ զինծառայողը տուն է մտել, կրակել և մարդկանց վնասել։

Ինչ կապ ունի դեպքը 2021–2022 թվականների սահմանային իրավիճակի հետ

Շաքիի միջադեպը հանրային քննարկումներում արագ կապվել է նաև Հայաստանի սահմանային անվտանգության ավելի լայն խնդիրների հետ։

2021–2022 թվականների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում առաջխաղացումներ են ունեցել Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Դրանց հետևանքով մի շարք սահմանային բնակավայրերի անվտանգության պայմանները փոխվել են։

Սակայն այս փաստն ինքնին չի ապացուցում, որ Շաքիում տեղի ունեցածը այդ առաջխաղացումների ուղղակի հետևանքն է։

Այդ կապը հաստատելու համար անհրաժեշտ է իմանալ՝ որտեղ է Մուսաևը հատել սահմանը, ինչ ճանապարհով է հասել Շաքի և ինչպիսի վերահսկողություն է եղել այդ հատվածում։

Մինչ այդ Շաքիի դեպքը կարող է դիտարկվել որպես սահմանային վերահսկողության արդյունավետության վերաբերյալ նոր հարց առաջացրած միջադեպ, բայց ոչ որպես 2021–2022 թվականների տարածքային փոփոխությունների ապացուցված շարունակություն։

Տարածքային փոփոխությունների մանրամասն քարտեզներին կարելի է ծանոթանալ CivilNet-ի ուսումնասիրությունում և Hetq-ի MapFact նյութերում՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի վերաբերյալ։

Ինչն է հաստատված, և ինչը դեռ պարզ չէ

Այս պահին հաստատված է, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը լքել է ծառայության վայրը, հայկական կողմը սեպտեմբերի 29-ին տեղեկացել է նրա հնարավոր սահմանահատման մասին, իսկ հոկտեմբերի 1-ին նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել։

Հաստատված է նաև, որ մինչ ձերբակալվելը նա գտնվել է բնակելի տանը, նրա արձակած կրակոցից վիրավորվել է տանտիրուհին, իսկ վնասվածքներ են ստացել նաև ընտանիքի երկու անչափահաս երեխաները։

Սակայն մի շարք առանցքային հարցեր դեռ պատասխան չունեն։

Հրապարակված տվյալներից հայտնի չէ՝

  • որտեղ է Մուսաևը հատել սահմանը,
  • ինչ ճանապարհով է հասել Շաքի,
  • որտեղ է գտնվել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը,
  • ինչ որոնողական գործողություններ են իրականացվել այդ ընթացքում,
  • և երբ ու ինչ ձևով է բնակչությանը փոխանցվել հնարավոր վտանգի մասին տեղեկությունը։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/10/2026