Մեր մասին Էթիկա
Կրթություն

Բուհերի ընդունելություն 2026․ հայտերն աճել են, ընդունվածների թիվը՝ ոչ

Պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

2026-ին Հայաստանի բուհեր է ընդունվել 10 958 դիմորդ՝ ընդամենը 12-ով պակաս, քան մեկ տարի առաջ։ Միաժամանակ միասնական քննությունների համար ներկայացված դիմում-հայտերի թիվը հասել է 28 929-ի՝ վերջին 11 տարվա ամենաբարձր ցուցանիշին։

Հուլիսի 30-ին ամփոփվել են պետական և ոչ պետական բուհերի 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Դրանով ընդունելության այս տարվա հիմնական գործընթացն ավարտվել է։

Հիմնական մրցույթի արդյունքներով, որոնք հրապարակվել էին հուլիսի 18-ին, բուհ է ընդունվել 9 885 դիմորդ։ Լրացուցիչ փուլում նրանց ավելացել է ևս 1 073-ը։ Այսպիսով, առկա ուսուցմամբ բուհ է ընդունվել ընդհանուր 10 958 դիմորդ։

Բուհ և մասնագիտություն հայտագրած 15 859 դիմորդների թվի համեմատ ընդունվածների ցուցանիշը կազմում է 69.1%։ Կառավարության հատկացրած 12 720 տեղերից համալրվել է 86.2%-ը։

2026-ին դպրոցն ավարտել է 22 205 աշակերտ, իսկ բուհ ընդունվածների ընդհանուր թիվը համարժեք է այդ ցուցանիշի 49.4%-ին։ Սա, սակայն, չի նշանակում, որ այս տարվա շրջանավարտների հենց 49.4%-ն է ընդունվել․ ընդունվածների թվում կարող են լինել նաև նախորդ տարիների շրջանավարտներ։

Դիմում-հայտերի թիվն աճում է շատ ավելի արագ, քան ընդունվածներինը

2026-ին միասնական քննություններին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր 28 929 դիմում-հայտ։ Սա 1 310-ով կամ 4.74%-ով ավելի է 2025-ին ներկայացվածների համեմատ, բացի այդ՝ ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 2016-ից սկսած։

Երեք տարվա ընթացքում՝ 2023-ից 2026-ը, դրանց թիվն աճել է շուրջ 55%-ով։

Այստեղ կարևոր է տարբերակել դիմում-հայտերի և դիմորդների թիվը։ 28 929-ը միասնական քննություններին ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր քանակն է։ Բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների թիվը 15 859 է եղել։

Ընդունվածների թիվը գրեթե կանգ է առել

Քննությունների դիմում-հայտերի արագ աճը նույն չափով չի արտացոլվել բուհ ընդունվածների թվի վրա։

2026-ին 2025-ի համեմատ ընդունվածների թիվը 12-ով պակաս է։

Վերջին երեք տարիներին ընդունվածների թիվը հիմնականում պահպանվում է 11 հազարի սահմանում, մինչդեռ քննությունների դիմում-հայտերի թիվը շարունակում է զգալիորեն աճել։

Նախատեսված ավելի քան 1 700 տեղ չի համալրվել

2026-27 ուսումնական տարվա համար Կառավարությունը պետական և ոչ պետական բուհերում նախատեսել էր ընդհանուր 12 720 տեղ՝ 2 133 անվճար և 10 587 վճարովի։

Ընդունելության երկու փուլերից հետո համալրվել է 10 958 տեղ, իսկ 1 762-ը մնացել է չհամալրված։

Ընդ որում, անվճար համակարգում նախատեսված 2 133 տեղերից զբաղեցվել է 2 035-ը՝ մոտ 95.4%-ը։ Վճարովի 10 587 տեղերից համալրվել է 8 923-ը՝ մոտ 84.3%-ը։

Այսպիսով, չհամալրված 1 762 տեղերից 1 664-ը վճարովի են։ Այլ կերպ ասած՝ ազատ մնացած տեղերի շուրջ 94%-ը վճարովի համակարգում է։

Անվճար տեղերի բաշխման մեջ շարունակում են մեծ կշիռ ունենալ պետության կողմից առաջնահերթ համարվող բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական՝ ԲՏՃՄ ուղղությունները։ 2 133 անվճար տեղերից 1 282-ը կամ 60.1%-ը հատկացվել է այդ մասնագիտություններին։ Վերջին տարիներին դրանց բաժինը մոտավորապես նույն մակարդակում է՝ նախորդ ուս․ տարում կազմելով 59%, 2024-25-ին՝ 61%, 2023-24-ին՝ 55%։

Լրացուցիչ փուլով ընդունվածները

Լրացուցիչ մրցույթին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում չէին ընդունվել, բայց միասնական քննություններից ստացել էին դրական գնահատականներ։

Հիմնական մրցույթում դիմորդը հայտագրում է մեկ բուհի մեկ մասնագիտություն, իսկ լրացուցիչ փուլում կարող է հավակնել տարբեր բուհերում թափուր մնացած տեղերին՝ մինչև վեց մասնագիտությամբ։

Այս հնարավորությունից օգտվել է 1 294 դիմորդ, որոնցից 1 073-ը կամ 82.9%-ն ընդունվել է։ Նրանք կազմում են այս տարվա բոլոր ընդունվածների շուրջ 10%-ը։

Լրացուցիչ փուլով ընդունվածների 83.2%-ը բաժին է ընկել պետական, 16.8%-ը՝ ոչ պետական բուհերին։

Ընդունվածների գրեթե կեսը կսովորեն երեք բուհ-երում

Ընդունվածների թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է՝ 2 470 ուսանողով։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվել է 1 258, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 1 188 դիմորդ։

Այս երեք բուհերին միասին բաժին է ընկնում բոլոր ընդունվածների մոտ 45%-ը, իսկ առաջատար տասը բուհերին՝ ընդհանուր առմամբ շուրջ 84%-ը

Մրցակցությամբ առանձնանում են նաև մի շարք մասնագիտություններ։ Մեկ տեղի համար ամենաշատ հայտերը ներկայացվել են Երևանի պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտության համար՝ շուրջ երեք հայտ մեկ տեղի հաշվով։ ԵՊՀ «Տնտեսագիտությունում» ցուցանիշը 2.7 է, Ռուս-հայկական համալսարանի «Իրավագիտությունում»՝ 2.5։

Դիմումների բացարձակ թվով առաջատարը ԵՊԲՀ «Բուժական գործ» մասնագիտությունն է՝ 832 հայտով, որին հաջորդում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետությունը»՝ 442, և ՀՊՏՀ «Տնտեսագիտությունը»՝ 402 հայտով։

Այսպիսով, այս տարվա ընդունելության տվյալները երկու միտում են ցույց տալիս՝ քննություններին մասնակցելու ակտիվությունը շարունակում է արագ աճել, բայց բուհ ընդունվողների ընդհանուր թիվը նույն տեմպով չի մեծանում։ Միաժամանակ բուհական համակարգում նախատեսված տեղերի մի մասը՝ հատկապես վճարովի համակարգում, շարունակում է չհամալրվել։

Ամփոփ Մեդիա | Data Desk

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/08/2026