ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նորացված ցանկն ու շեմերը։ Որոշման առանցքային փոփոխությունը չհարկվող շեմի զգալի բարձրացումն է, ինչը թեթևացնում է քաղաքացիների հաշվետվողականության բեռը։
Ի՞նչն է փոխվել
Համադրելով նախորդ տարվա կարգավորումների հետ՝ տեսնում ենք, որ հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների շեմը 300,000 դրամից բարձրացվել է մինչև 1 միլիոն դրամ։ Սա վերաբերում է ընտանիքի անդամ չհամարվող անձանցից ստացված միանվագ դրամական փոխանցումներին, նվիրատվություններին և ժառանգությանը։
Եթե նախկինում հայտարարագրման ենթակա էին բոլոր տեսակի վարկերը, ապա նոր որոշմամբ ստացվող վարկերի գումարները հայտարարագրման ենթակա չեն՝ առանց որևէ գումարային սահմանափակման։
Հայտարարագրման ենթակա ՉԵՆ նաև՝
Գույքի օտարում. սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները (բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների):
Ապահովագրություն. գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները։
Պարգևներ և մրցանակներ. ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները, ինչպես նաև մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
Բարեգործական օգնություն. ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 մլն դրամի ակտիվներն, աշխատանքներն ու ծառայությունները։
Որո՞նք են մնում ուժի մեջ
Հայտարարագրման ենթակա եկամուտների ցանկում շարունակում են մնալ աշխատավարձը, վարձակալությունից ստացված եկամուտները, շահումները և բանկային ավանդներից ստացվող տոկոսները։
Կարևոր է հիշել, որ 1 միլիոն դրամի շեմը վերաբերում է մեկ միանվագ գործարքին, այլ ոչ թե տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/02/2026









