Առողջություն

Հայաստանում կեսարյան հատումների մակարդակը հասնում է 40 տոկոսի․ պետությունը իրականացնում է կանխարգելիչ քայլեր

Գլխավոր պատկերը ստեղծվել է արհեստական բանականության գործիքով

2024 թվականին Հայաստանում ծնունդների 40.1% կատարվել է կեսարյան հատմամբ՝ ընդհանուր 33584 ծնունդներից 13472-ը ավարտվել է վիրահատական ճանապարհով: Սա նշանակում է, որ մոտ յուրաքանչյուր երկրորդ ծնունդը երկրում իրականացվել է կեսարյան հատման միջոցով: Համեմատության համար՝ 1990-ին ցուցանիշը եղել է ընդամենը 3,4%, 2000-ին՝ 7,2%, 2010-ին՝ 18,9%, իսկ 2020-ին՝ 35,9%.։ 

«Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի խոսքով՝ վերջին տարիներին կեսարյան հատումների աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ կանանց շրջանում տարածված վախը բնական ճանապարհով ծննդաբերության բարդություններից, բարձր տարիքի մայրիկները, արտամարմնային բեղմնավորումից հղիությունը, ինչպես նաև այն, որ եթե առաջին երեխայի ծնունդը կատարվել է կեսարյան ճանապարհով, երկրորդը մեծ հավանականությամբ կրկնվում է նույն ձևով: 

«Վախն ու ապատեղեկատվությունը հաճախ ստիպում են կանանց պահանջել կեսարյան հատում նույնիսկ առանց բժշկական ցուցումների։ Երբ ճիշտ բացատրում ես, հնարավոր է որոշ կանայք հետ կանգնեն, սակայն շատերը ցանկանում են «խուսափել չարչարանքից»», – նշում է Խանամիրյանը։ 

Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է միջոցառումներ

Հայաստանում կեսարյան հատումների աճի մասին մտահոգությունը առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրով սկսվել են  հետազոտություններ՝ պարզելու՝ մեր երկրում որոնք են կեսարյան հատումների պատճառները։

Մինչ այժմ մի շարք քայլեր արդեն իրականացվել են 

Ռոբսոնի դասակարգման ներդրում․ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված մեթոդ՝ կեսարյան հատումների խմբավորման և վերահսկման համար, 

Ֆինանսական խթանների վերացում՝ նախկինում մանկաբարձ-գինեկոլոգներին կեսարյան ծննդի դեպքում վճարվող հավելավճարները չեղարկվել են, իսկ բնական ծննդաբերության գինը բարձրացվել է,

Էպիդուրալ ցավազրկումը դարձել է անվճար՝ ինչը նվազեցնում է ծննդկանների վախը բնական ճանապարհով ծննդաբերությունից,

Մայրության դպրոցներ և հոգեբանական աջակցություն. ծնողներին օգնում են հաղթահարել ծննդաբերական վախերը և ընտրել բնական ճանապարհով ծննդալուծումը:

Բուժաշխատողների վերապատրաստում. ներգրավված են նաև բնական ճանապարհով ծննդաբերության գործիքային օժանդակության դասընթացներ:

2024 թվականի նոյեմբերին առցանց դասընթացին մասնակցել են 22 բժիշկ՝ Երևանից և մարզերից՝ ծանոթանալով Ռոբսոնի դասակարգման կիրառման մեթոդներին: 

Ինչու է կարևոր վերահսկել կեսարյան հատումները

Կեսարյան հատումը կյանք փրկող վիրահատություն է, երբ առկա են բժշկական ցուցումներ: Սակայն ընտրովի կեսարյան ճանապարհով ծննդաբերությունը պարունակում է ռիսկեր ինչպես նորածնի, այնպես էլ մոր համար։ 

Նախարարության տվյալներով, վերջին տարիների միջոցառումների շնորհիվ կեսարյան հատումների աճի տեմպերը դանդաղեցվել են՝

  • 2020–21 թթ՝ 1.6%
  • 2022–23 թթ՝ 0.9%
  • 2023–24 թթ՝ 0.6%
  • 2024–25 թթ՝ 0.7%

«Բարձր կեսարյան ցուցանիշ ունեցող երկրներում դրանց իջեցումը երկարաժամկետ և աշխատատար գործընթաց է: Մեկ անգամ կեսարյան հատում կատարելուց հետո հաջորդ ծնունդը մեծ հավանականությամբ կրկնվում է նույն ձևով», – նշում են նախարարությունից։

Փոխվել են պետական պատվերի գումարները

Նախկինում բնական ծննդաբերության և կեսարյան հատման պետական պատվերի գումարները տարբեր էին.

2024 թվականի հունվարի 30-ի դրությամբ՝

  • Նորմալ ծնունդ՝ 150000 դրամ
  • Բարձր ծնունդ՝ 177000 դրամ
  • Կեսարյան հատում (թեթև)՝ 220000 դրամ
  • Կեսարյան հատում (բարդ)՝ 250000 դրամ
  • Էպիդուրալ ցավազրկում՝ չի ներառվել

2024 թվականի օգոստոսի 18-ից՝

  • Նորմալ ծնունդ՝ 165000 դրամ
  • Բարձր ծնունդ՝ 220000 դրամ
  • Բարձր ծնունդ՝ 1 սպի արգանդի վրա՝ 242000 դրամ
  • Կեսարյան հատում՝ թեթև՝ 220000, բարդ՝ 250000 դրամ
  • Էպիդուրալ ցավազրկում՝ 33000 դրամ, անվճար դարձել է

Այս փոփոխությամբ բնական ծննդաբերության գումարը հավասարեցվել է կեսարյան հատման գումարին, ինչը նպաստում է ընտրովի վիրահատությունների նվազմանը:

Գլոբալ համատեքստն ու ԱՀԿ առաջարկությունները

ԱՀԿ տվյալներով, կեսարյան հատումների 10%-ից բարձր հաճախականությունը չի ուղեկցվում մայրական և նորածնային մահացության նվազմամբ: 10%-ից ցածր ցուցանիշը նպաստում է լավագույն առողջապահական արդյունքներին:

Կեսարյան հատումների աճին ազդող գործոններ են՝

  • ծննդաբերական ցավի և բնական ծննդաբերության բարդությունների վախը,
  • ծննդաբերության պլանավորումը ընտանիքի կամ բուժաշխատողների հարմարության համար,
  • ներհասարակական ճնշումը կատարյալ ծննդի հասնելու վրա,
  • բնակչության կառուցվածքային փոփոխությունները՝ ավելցուկային քաշ, գիրություն, բազմապտուղ հղիություններ, մեծահասակ առաջնածիններ։

Առողջապահության նախարարության մոտեցումը

Հայաստանում կեսարյան հատումների աճի դանդաղեցումը ապահովելու համար նախարարը շեշտում է. կազմակերպված աշխատանքն ու իրազեկումը միասին են գործում.

  • Ներդրվում են հստակ ուղեցույցներ արգանդի սպիով կանանց համար բնական ծննդաբերության ժամանակ;
  • Կանխարգելվում են ընտրովի կեսարյան հատումները;
  • Կատարվում է հոգեբանական աջակցություն և կրթություն՝ ծննդկանների շրջանում վախերի հաղթահարման համար:

Այս քայլերը նպատակ ունեն երկարաժամկետ պահպանել կեսարյան հատումների կայուն մակարդակը, ապահովել ծննդկանների անվտանգությունն ու խթանել բնական ճանապարհով ծննդալուծումները։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան 

Գլխավոր պատկերը ստեղծվել է արհեստական բանականության գործիքով

«Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/01/2026