Տվյալների ճշգրտության ուղեցույց
«Ամփոփ Մեդիայի» լրագրողների համար
«Ամփոփ Մեդիան» հավատում է, ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվությունը հիմքն է հանրային վստահության և առողջ հանրային քննարկումների։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր լրագրողի բարձր պատասխանատվությունը՝ տվյալների ստուգման, ճշգրտության և հանրայնացման բոլոր փուլերում։
Լրագրողի պարտականությունն է որոնել ճշմարտությունը և ներկայացնել դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվություն:
Այս ուղեցույցը միտված է աջակցել «Ամփոփ Մեդիայի» հետ համագործակցող լրագրողներին՝ հավատարիմ մնալու մասնագիտական արժեքներին և ընթերցողին ապահովելու վստահելի տեղեկատվությամբ: Սրանով մենք նաև ցանկանում ենք օգնել ընթերցողին տարբերակել որակյալ հրապարակումները կեղծ և ոչ հավաստի տեղեկություններից:
1. Աղբյուրների արժանահավատության ստուգում
Հրապարակվող յուրաքանչյուր տեղեկատվություն հիմնվում է ստուգված, վստահելի և արժանահավատ աղբյուրների վրա: Անանուն կամ ստուգման ենթակա աղբյուրներից ստացված տեղեկություններն օգտագործվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում և համապատասխան նշումով։
Առաջնահերթություն է տրվում մի քանի աղբյուրների միջոցով ստուգված տվյալներին։
2. Տվյալների ճշգրտության վերստուգում
Հրապարակումից առաջ յուրաքանչյուր թվային ցուցանիշ՝ թիվ, տոկոս, միջին արժեք և/կամ այլ տվյալ ստուգվում է մի քանի անգամ և խաչաձև՝ հնարավոր սխալները բացառելու նպատակով։ Մեր պարտքն է ընթերցողին ներկայացնել միայն ճշգրիտ և ստույգ տվյալներ։
3. Աղբյուրների համադրում
Տվյալները ներկայացվում են, հնարավորության դեպքում, մի քանի անկախ աղբյուրների համադրմամբ։ Հակասական տվյալների առկայության դեպքում
հրապարակման մեջ անհրաժեշտ է ներկայացնել այդ տարբերությունները՝ ընթերցողին մատուցելով ամբողջական պատկերը։
4. Տվյալների վիզուալիզացիայի ճշգրտություն
Տվյալները ներկայացնելիս՝ գծապատկերներում, աղյուսակներում կամ ինֆոգրաֆիկներում կարևոր է խուսափել տեղեկատվության որևէ կերպ աղավաղումից։ Վիզուալ ձևակերպումները պետք է հստակ և համակողմանիորեն արտացոլեն տվյալների բովանդակությունը։
5. Աղբյուրների հստակ նշում
Տվյալների օգտագործման դեպքում աղբյուրները ներկայացվում են պարզ և հասկանալի՝ գրավոր հիշատակմամբ և հղմամբ։ Աղբյուրի բացակայությունը բացատրվում է ընթերցողին՝ ապահովելով թափանցիկություն։
6. Վիճահարույց կամ թերի տվյալների բացահայտում
Երբ տվյալները կարող են թերի, վիճելի կամ թարմացման ենթակա լինել, անհրաժեշտ է այդ մասին նշել հրապարակման մեջ՝ ընթերցողին հնարավորության սահմաններում առավել ամբողջական տեղեկություն տրամադրելով։
7. Անձնական տվյալների պաշտպանություն
Մեր աշխատանքի ընթացքում կարևորում ենք անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։ Անձնական բնույթի տեղեկություններ հրապարակվում են միայն հանրային շահի հստակ առկայության դեպքում՝ խստորեն գնահատելով հրապարակման ազդեցությունը տվյալ անձի իրավունքների վրա։
8. Վերջնական ստուգում հրապարակումից առաջ
Յուրաքանչյուր հրապարակում անցնում է տվյալների վերջնական ստուգում՝ հետևյալ կետերով՝
-
-
- թվերի և փաստերի ճշգրտություն,
- աղբյուրների հղումների առկայություն,
- տվյալների վիզուալ ներկայացման համապատասխանություն,
- հնարավոր սահմանափակումների կամ բացատրությունների առկայություն։
-
Այս փուլը վճռորոշ նշանակություն ունի որակյալ և վստահելի բովանդակություն ապահովելու համար։
9. Թափանցիկություն ընթերցողի հանդեպ
«Ամփոփ Մեդիան» կարևորում է ընթերցողի վստահությունը։
Հրապարակումներում մենք ձգտում ենք ընթերցողին տալ բոլոր անհրաժեշտ գործիքները՝ ինքնուրույն ստուգելու տվյալների ճշգրտությունը՝ ապահովելով բաց աղբյուրների, հղումների և անհրաժեշտ բացատրությունների մատչելիություն։
10. Անկախություն տվյալների ներկայացման գործում
Տվյալների հավաքագրման և ներկայացման ամբողջ գործընթացում պահպանվում է խմբագրական անկախությունը։ Մենք խուսափում ենք ցանկացած ազդեցությունից, որը կարող է կասկածի տակ դնել մեր վերլուծությունների և ներկայացրած փաստերի օբյեկտիվությունը՝ անկախ մնալով քաղաքական, կոմերցիոն կամ այլ շահերից։
«Ամփոփ Մեդիայի» լրագրողները, արտահաստիքային թղթակիցներն ու տվյալների վերլուծաբանները մասնագիտական պատասխանատվությամբ և մեծագույն ուշադրությամբ են մոտենում տեղեկատվության ստուգմանը և մատուցմանը։ Մեր աշխատանքում այս սկզբունքներին հետևելով՝ մենք վաստակում ենք ընթերցողի վստահությունը և նպաստում հանրային առողջ բանավեճի ձևավորմանը՝ հիմնված ճշգրիտ և հավաստի տեղեկատվության վրա։


