Տնտեսություն

Երևանից դուրս անշարժ գույքի ամենաբարձր արժեքը Ծաղկաձորում է

2024թ․-ի օգոստոս ամսվա տվյալներով՝ Կենտրոնի մեկ քառակուսի մետր մակերեսով բնակարանների առքուվաճառքի ամենաբարձր գինն առաջին գոտում 1մլն դրամ է, իսկ ամենացածրը՝ 5-րդ գոտում՝ 530 հազար դրամ։

Ուսումնասիրելով ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի վերջին՝ 2024թ․-ի օգոստոսի տվյալները՝ Ամփոփ Մեդիան գրաֆիկներով անդրադառնում է Երևանի և ՀՀ մարզային քաղաքներում բնակարանների առքուվաճառքի գներին։

Երևանում բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջինացված 3 ամենաբարձր արժեքները Կենտրոն,  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են, համապատասխանաբար 900,000 դրամ, 630,000 դրամ և 440,000 դրամ, իսկ ամենացածր արժեքով բնակարանները Ավան և Նուբարաշեն վարչական շրջաններում են՝ 400,000 և 230,000 դրամ արժեքով։

Հայաստանի մյուս քաղաքներից` Ծաղկաձորում, բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջինացված արժեքը 490,000 դրամ է՝ ամենաբարձրը Հայաստանում՝ մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններից հետո։

Ծաղկաձորից հետո բարձրարժեք մյուս մարզային բնակտարածքները Աբովյանում են՝ 300,000 դրամ, Վաղարշապատում՝ 250,000 դրամ և Եղվարդում՝ 220,000 դրամ։

Բնակարանների շուկայական միջինացված ամենացածր արժեքով եռյակը գլխավորում են Ճամբարակը՝ 50 հազար դրամ, Ախթալան՝ 48 հազար դրամ և Թումանյան խոշորացված համայնքը՝ 26 հազար դրամ մեկ քառակուսի մետրի հաշվարկով։

Կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ Երևանից դուրս բնակարանների առքուվաճառքի գները 2023թ․-ի համեմատ աճել են 12․1%-ով, իսկ Երևանում՝ 8․2%-ով։

 

Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան 
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/10/2024