Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում․ Պատերազմ Արցախում

Ազգային ժողովի հարգելի նախագահություն,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Ինչպես հայտնի է` այսօր առավոտյան՝ ժամը 7։10-ի մերձակայքում, լայնամասշտաբ հարձակում է սկսվել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ։ Նախ ձեռնարկվել է հրետանու հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան և գործնականում հարձակման թիրախ են դարձել պաշտպանության բանակի բոլոր դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով։

Սա ըստ էության Ադրբեջանի փորձն է՝ Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, Լեռնային Ղարաբաղը օկուպացնել և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին ըստ անհրաժեշտության օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք։

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահին Արցախի պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, հատկապես՝ հյուսիս-արևելքում ու հարավարևելքում մղում է մարտեր․ իրադրությունը լարված է։ Ես հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասներ, ցավոք սրտի, մենք ունենք զոհեր, ընդ որում՝ քանի որ ի սկզբանե թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։ Հարված է հասվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, այլ բնակավայրերի։ Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան։

Այս պահին մենք ֆիքսված որևէ իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ, և մեր զինվորականներնասում են, որ իրավիճակը լարված է, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է։

Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա, որովհետև այս պատմության կոնտեքստը հետևյալն է․ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել և դեռ կդրվի․ կամ երկընտրանք է դրվում հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ։ Ես ուզում եմ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին, և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը․ կամ մենք հրաժարվում ենք Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշան իրավունքից կամ ստանում ենք պատերազմ։ Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի։

Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է ամուր ու միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։

Չափազանցություն չհնչի ասել՝ սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է։ Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի․ մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե՞ մենք այդպիսի ներուժ չունենք։ Մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն։

Մենք պարտավոր ենք հաղթել, և դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի ու մեր անցյալի, մեր ինքնության ու մեր արժեքների պաշտպանության դիրքերից։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց Սփյուռքը և կեցցե՛ փառապանծ հայոց բանակը, որ պաշտպանելու է հայ ժողովրդի ապրելու, հաղթելու և զարգանալու իրավունքը։

Մենք միասնական ենք և մենք պարտավոր ենք հաղթել, և այսօր չկա զինվոր, չկա գեներալ, չկա պատգամավոր, չկա շարքային․ մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք։

Նույնիսկ տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք էս հողի, էս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը։

Այսօր ես չեմ եկել որպես գերագույն հրամանատար ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։

Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես․ ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի։

Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա, իսկ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք ու երբ ծափահարում ենք այս խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարադ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ․ այսօր մենք միայն մեկ ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին։

Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվել հանուն հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։

Մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։

Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի Հանրապետությունը պետք է գույություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված և Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր ու հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է։

Եվ ուրեմն՝ այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է։ Պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է։ Եվ մենք միասնական ենք, քան երբեևէ։

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի հանրապետությունը, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ պարելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում։

Փառք հայոց բանակին, փառք հայոց զինվորին։

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ

Ազգային ժողով, սեպտեմբերի 27, 2020

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/09/2020