Սոցիալական

Միգրացիան Հայաստանում

Չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Միգրացիան Հայաստանում իր թափը չի կորցնում արդեն 25 տարի: Որպես հիմնական պատճառներ, մեկնողները նշում են Հայաստանում զարգացման հեռանկարների բացակայությունը, բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, անցանկալի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ անկայուն աշխարհաքաղաքական վիճակը: Բացառությամբ 2004-2006թթ., Հայաստանը անկախության տարիներին ունեցել է միգրացիայի բացասական սալդո, այսինքն՝ մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին: Կառավարությունն ընդունում է, որ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է առաջին հերթին միգրացիայի արդյունքում:

Մրցանակակիր նյութ – Արժանացել է 1-ին մրցանակի «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի «Մամուլ» անվանակարգում:

Իրավիճակ

Միգրացիան անհատների կամ սոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է, որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան (ներքին), կամ այլ երկիր (արտաքին) տեղափոխման ձեւով։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, 2015թ. աշխարհում մոտ 244 միլիոն մարդ` աշխարհի բնակչության 3.3%-ը, ապրել է իր ծննդավայր երկրից դուրս: ՄԱԿ-ի տվյալների հիման վրա` ամերիկյան «Փյու հետազոտական կենտրոնը» եզրակացնում է, որ Հայաստանում ծնվածների 25%-ը՝ մոտ 937 հազար մարդ, 2015թ․ ապրել է Հայաստանի սահմաններից դուրս: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում 4-րդ տեղում է՝ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Ալբանիայից եւ Ջամայկայից հետո: Հայաստանից մեկնած միգրանտների գերակշռող մասը՝ մոտ 56%-ը, հանգրվանել է Ռուսաստանի Դաշնությունում։ Եվրոպական երկրներին բաժին է ընկնում միգրանտների մոտ 15%-ը, ԱՄՆ-ին եւ Կանադային՝ 9.5%-ը, իսկ 19.5%-ը բաժին է ընկել այլ երկրներին։

Արտագաղթի միտումները նշված ուղղություններով առկա է նաեւ Հայաստանի երիտասարդ սերնդի մոտ, որոնց շրջանում կատարված հարցումների համաձայն՝ շուրջ 27%-ը հակված է ներքին միգրացիայի, իսկ 30%-ը պատրաստվում է ընդհանրապես լքել Հայաստանը: Նման որոշում կայացնելու համար երիտասարդները նշում են հիմնական 3 պատճառ՝ կյանքի որակը բարձրացնելու ցանկություն, աշխատանքի անցնելու ավելի լավ հնարավորություն, ավելի լավ կրթություն ստանալու ցանկություն: Պոտենցիալ միգրանտների մեծ մասը՝ 36.3%-ը, նախընտրում է տեղափոխվել Ռուսաստան: Ցանկալի ուղղություններն են նաեւ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան: Արտագաղթել ցանկացողները նշում են հիմնականում այն երկրները, որտեղ կա ձեւավորված հայկական համայնք: Միգրացիոն հոսքերի վրա դեռեւս մեծ ազդեցություն չի ունենում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելը եւ դրա շրջանակներում աշխատանքային միգրացիան կարգավորող միջազգային համաձայնագրերի մշակման գործընթացը: ԵԱՏՄ նախատեսում է միասնական աշխատանքային շուկայի ստեղծում, ինչի համար մտադիր է հասնել Միության տարածքում ներքին փաստաթղթերի օգտագործմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2015թ. Բելառուսում Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների թիվը կազմել է ընդամենը 383 մարդ, ինչը սակայն 220–ով ավել էր 2014թ. ցուցանիշներից: Մինչդեռ Ռուսաստանի դեպքում, թեպետ այդ նույն ցուցանիշը նվազել է 2.3 անգամ, բայց անգամ այս դեպքում թիվը բավական մտահոգիչ է` շուրջ 125․000 մարդ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում (հունվար, 2015թ. – ապրիլ, 2018թ․) դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 1.3%-ով, կամ 40.700 բնակչով` 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 2 մլն 969 հազար 900 մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2017թ. միգրացիայի մնացորդը կազմել է -23 500 մարդ (2016թ․` կազմել է -24.600 մարդ), ինչը ըստ բնակության վայրի հաշվառվածների եւ հաշվառումից դուրս եկածների տարբերությունն է (խմբ. սա չի արտացոլում միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը, քանի որ հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գրվելու գործառույթներն ուղղակիորեն կախված են քաղաքացիների կամքից)։

Պատմական ակնարկ

1988-2007թթ. Հայաստանի բնակչության միգրացիայի ծավալները փորձագետները ներկայացնում են 4 փուլով՝ ապակայունացման (1988-1991), զանգվածային արտահոսքի (1992-1994), անցում կայունացման (1995-2001), շարունակական ժամանակավոր միգրացիայի (2002-2008) փուլեր: Այս բաժանումը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Առաջին փուլը Ադրբեջանից եկած հայ փախստականների, երկրաշարժի, հասարակական-քաղաքական իրադարձությունների շրջանն էր: Երկրորդում արտագաղթի հիմնական պատճառներն էին տնտեսության քայքայումը, համատարած գործազրկությունը, կենցաղային խնդիրները: Այս ընթացքում 5 բնակչից 1-ը մեկնում էր երկրից անվերադարձ: Կայունության անցումը կատարվեց սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման, արտակարգ գործոնների ազդեցության թուլացման հետեւանքով: Չորրորդ փուլում փորձագետները խոսում են արդեն արտաքին աշխատանքային միգրացիայի մասին, որում 2009թ․ տվյալներով՝ ներգրավված է եղել 230 հազար մարդ: Կարելի է ասել, որ Հայաստանը դեռեւս շարունակական միգրացիայի փուլում է:

Ըստ 2015թ. Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հետազոտության, Հայաստանի տնային տնտեսությունների 5.3%-ը 2012-2015թթ. ներգրավված է եղել արտաքին եւ ներքին միգրացիոն գործընթացներում: Արտաքին միգրանտներից 51%-ը եղել են կարճաժամկետ (մինչեւ 1 տարի), իսկ 49%-ը երկարաժամկետ միգրանտներ: Միգրացիոն գործընթացներում Երեւանից հետո ամենաշատը ներգրավված են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերը, իսկ ամենաքիչը՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը: Հայաստանից կանոնավոր արտագաղթին զուգահեռ 2014թ. նկատվեց ներգաղթ, որը, սակայն, շատ կոնկրետ պատճառ ուներ՝ պատերազմը Սիրիայում: Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր Սիրիայից Հայաստան է ներգաղթել ավելի քան 17 հազար սիրիահայ, որոնցից 12 հազարը մնացել են Հայաստանում: Սիրիահայերի մյուս մասն արտագաղթել է Հայաստանից հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրների, Հայաստանում չադապտացվելու պատճառով:

Փաստարկ

Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի կառավարությունը մշակել է ժողովրդագրական վիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագիր, որով ակնկալվում է հանրապետությունից միգրացիոն հոսքերի աստիճանական կրճատում: Մինչ ազգային ծրագիրն իր պտուղները կտա, Հայաստանի քաղաքացիները շարունակում են որոնել ուղիներ իրենց բարեկեցությունն այլ երկրներում գտնելու համար: 2015թ. դրությամբ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման էր սպասում Հայաստանի շուրջ 363 հազար ՀՀ քաղաքացի: 2011-2015թթ. ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 57 հազար ՀՀ քաղաքացի: ԱՄՆ մեկնելու նպատակով «Գրին քարտ» ստանալու համար Հայաստանի քաղաքացիները շարունակում են դիմումներ ներկայացնել: 2007թ-ից ի վեր «Գրին քարտ» է շահել ավելի քան 13 հազար ՀՀ քաղաքացի, նրանցից 1277-ը՝ միայն 2016թ.: ԱՄՆ մուտքի վիզա է ստացել «Գրին քարտ» շահածներից ընդամենը 8731-ը: Օրինական միգրացիայի միջնորդներ են նաեւ պետական կառույցները, բուհերը, բազմաթիվ մասնավոր ընկերություններ: Ընդ որում, երիտասարդների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ եւ Եվրոպա նախընտրում են մեկնել համալսարանում սովորելու, երիտասարդական ծրագրերին եւ նախաձեռնություններին մասնակցելու, արտասահմանցիների հետ շփվելու միջոցով, իսկ Ռուսաստան նախընտրում են մեկնել ընկերների, բարեկամների եւ հնարավոր գործատուների հետ կապ հաստատելու միջոցով:

Կարդացեք նաեւ

Հայաստանի դեմոգրաֆիական ճգնաժամը

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեցին Գագիկ Աղբալյանը եւ Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 31/01/2017