For English version, visit OC Media website
Հարավային Վրաստանում հայերն ինտեգրված չեն: Այն, որ տղամարդիկ տարվա ինն ամիսն անց են կացնում Ռուսաստանում, հայկական համայնքին հեռացնում է բնակության երկրից:
«Ինչո՞ւ վրացերեն չեք խոսում», «Չէ՞ որ այստեղ եք ապրում», «Չէ՞ որ Վրաստանի քաղաքացի եք»
Տարբեր տոնայնությամբ եւ տարբեր աստիճանի դժգոհություն ու արհամարհանք պարունակող նման հարցեր հաճախ են տրվում Ջավախքում բնակվող հայերին: Սովորաբար որքան մեծ է հարցադրողի ձայնում դժգոհությունն ու արհամարհանքը, այնքան մեծ է վերջինիս վստահությունը, որ ինքն արդեն գիտի իր հարցի պատասխանը:
Այս հարցերը քիչ թե շատ հասկանալու համար Ջավախքում պետք է ապրել առնվազն մեկ տարի:
Սկսենք այսօրվանից: Որոշ գեղեցկության սրահներ արդեն սկսել են հետ հրավիրել իրենց աշխատողներին, որոնք ժամանակավորապես հեռացվել էին հաճախորդների պակասի պատճառով: Կանանց գեղեցկությունն ապահովողների կարիքն օրն օրի ավելանում է:
Սեզոնային գեղեցկություն
Ջավախքում բնակվող ընտանիքների մեծ մասը լիարժեք կյանքով ապրում է ընդամենը երեքից հինգ ամիս: Մնացած յոթից ինն ամիսը կանայք պարզապես սպասում են իրենց ամուսիններին (ընտանիքի ողջ բեռն ու հոգեբանական պատասխանատվությունն ուսերին), իսկ ամուսիններն աշխատում են, հիմնականում Ռուսաստանում, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքները:
Նոյեմբերին Ախալքալաքում սկսվում է «վերածննդի» սեզոնը. տղամարդիկ սկսում են վերադառնալ, եւ կյանքը սպասումի ռեժիմից անցնում է արագ գործողությունների ռեժիմի: Ահա այդ ժամանակ է, որ գեղեցկության սրահներն ակտիվանում են, քանի որ ամիսներ շարունակ ամուսիններին սպասած կանայք ուզում են հնարավորինս լավ տեսք ունենալ:
Ջավախքում ինչպես գեղեցկության սրահները, այնպես էլ շատ այլ բաներ սեզոնային են` կախված աշխատանքային միգրացիայից: Դեկտեմբեր-մարտ ամիսներին վարսահարդարների, մատնահարդարների եւ դիմահարդարների պահանջարկն այնքան է բարձրանում, որ նրանք չեն բավարարում, եւ անհրաժեշտ է լինում նախօրոք գրանցվել: Մարտ-ապրիլից հետո կրկին վրա է հասնում ճգնաժամը, եւ վարսավիրները մեկ այլ աշխատանք են փնտրում, բայց անպայման պայմանավորվածություն են ձեռք բերում, որ երբ ժամանակը գա, իրենց կրկին աշխատանքի վերցնեն:
Աշխատանքային միգրացիան խոչընդոտում է ինտեգրմանը
Վրաստանի հարավային շրջաններում բնակվող հայերի ինտեգրման հարցը մի քանի տասնամյակ է, ինչ ակտուալ է: Ինտեգրման գործընթացը շատ դանդաղ է, քանի որ առկա են որոշ խոչընդոտներ:
Պետական լեզվի չիմացության հետ մեկտեղ, ինտեգրման համար ոչ պակաս կարեւր խոչընդոտ է հենց միգրացիան: Տարածաշրջանում, որտեղ սոցիալական մակարդակը բարձր չէ, որոշիչը օրվա հացի վաստակն է, որի առկայությունը շատ խնդիրներ է լուծում:
Աշխատանքային միգրացիայի պատճառով ընտանիքների մեծ մասի մոդելը հետեւյալն է. տղամարդը գնում է աշխատելու, իր բացակայության ընթացքում անհրաժեշտության դեպքում գումար է ուղարկում (եթե նրան տալիս են աշխատավարձ): Իսկ ձմռանը վերադառնում է թանկարժեք նվերներով եւ բավականին մեծ գումարով, որով ճոխ նոր տարի են նշում:
Իսկ եթե տարին հատկապես նպաստավոր է եղել, ապա հնարավոր է անգամ բարձրորակ տեխնիկա կամ մեքենա ձեռք բերել, սենյակը կամ անգամ ամբողջ տունը վերանորոգել, իսկ հաջորդ տարի` գարնանը, երբեմն նույնիսկ պարտքով տոմս գնելով` նորից մեկնել աշխատելու:
Կանանց համար այստեղ աշխատանք չկա: Ավելին, համարվում է, որ կինը պետք է չաշխատի, քանի որ ընտանիք պահողը տղամարդն է: Այստեղ կնոջ համար կարեւորը տնտեսությունը վարելն է, երեխաներին դաստիարակելը եւ ձմռան համար շատ պահածոներ պատրաստելն է: Երբ ամուսինը վերադառնա, շատ հյուրեր կունենան, որոնք կհարձակվեն թթուների ու ջեմերի վրա:
Երեխաների համար Ջավախքում քիչ հեռանկարներ կան: Ընտանիքի տղան հիմնականում մտածում է, թե ինչպես կարելի է լավ տեղ գտնել Ռուսաստանում, որտեղ չեն խաբի եւ փող կտան: Իսկ աղջկան մնում է երազել ավելի լավ կյանքի, երջանիկ ամուսնության մասին, եւ որ ամուսինն իրեն իր հետ մեծ քաղաք կտանի:
Այսինքն, ընտանիքի այս մոդելում չկա որեւէ խթան, օրինակ պետական լեզուն սովորելու կամ ձգտելու որոշակի մասնագիտական աճի, քաղաքացիական ակտիվության, որը կբերի որոշակի ինտեգրման:
Քաղաքացիական գիտակցություն
Տղամարդկանց բացակայությունն ազդում է նաեւ քաղաքացիական գիտակցության վրա: 2017 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների ցուցակներում շատերի անունների դիմաց գրված է եղել «արտերկրում» (OC Media` ըստ մեր դիտարկումների` շուրջ 10%): Չմասնակցելով տեղական իշխանությունների ընտրությանը` դրսում վաստակողն էլ ավելի է հեռանում իր երկրում սեփական քաղաքացիական դիրքորոշումից: Իսկ այն երկրում, որտեղ վաստակում է, չունի քաղաքացիական դիրքորոշում: Արդյունքում, այստեղ նրանք յուրայիններ չեն, իսկ այնտեղ օտարներ են:
Ցուցակներում «արտերկրում» նշված անձի ընտանիքն առանձնապես չի ձգտում քվեարկել: Եթե ինչ-որ մեկը խնդրի, ապա կգնա, կքվեարկի, բայց քաղաքացիական պարտականություն, որպես այդպիսին, չկա: Ոչ «արտերկրում» գտնվողը, ոչ էլ նրա ընտանիքն իրեն չի զգում այն երկրի մաս, որտեղ ապրում է:
Ըստ Ջավախքի բնակչության շրջանում Ռոնդելի հիմնադրամի կողմից իրականացված «Բարոմետր 2013» հարցման, Ջավախքում տեղեկատվություն ստանալու համար հիմնականում դիտում են հայկական ծրագրեր (76.1%) եւ ռուսական ալիքներ (59.3%): Իսկ Վրաստանի հանրային հեռուստատեսությունը (24.6%) եւ վրացական մյուս հեռուստաալիքները (20.4%) ավելի քիչ ժողովրդականություն են վայելում:
Այսինքն, տեղի բնակչությունն ավելի շատ ճանաչում է Հայաստանի եւ Ռուսաստանի, քան Վրաստանի պաշտոնյաներին, կամ էլ Վրաստանի համար կարեւոր տենդենցներին ծանոթանում է հայկական կամ ռուսական հեռուստատեսություններից: Չնայած կառավարության եւ դոնոր կազմակերպությունների կողմից այս խնդրի լուծման համար ծախսված հազարավոր լարիների եւ դոլարների, իրավիճակը մնում է նույնը:
Քաղաքացիության հետ կապված խնդիրներ
Աշխատանքային միգրացիան ծնում է շատ ու շատ խնդիրներ, որոնց բախվում է տեղի բնակչությունը: Ահա, օրինակ ոչ վաղ անցյալից: Երբ Վրաստանն ու Ռուսաստանը դադարեցրին դիվանագիտական հարաբերությունները, Ռուսաստանում աշխատող բոլոր տղամարդիկ կանգնեցին երկընտրանքի առջեւ` մնալ տանը` չունենալով ընտանիքներին պահելու միջոց, թե երկրից դուրս գալու այլ տարբերակ գտնել:
Ժամանակի ընթացքում ճարպիկները գտան ելքը` երկքաղաքացիություն Հայաստանում: 2008 թ. Ջավախքի հազարավոր բնակիչներ Հայաստանում երկքաղաքացիություն ստացան` շատերը չիմանալով, որ այդկերպ նրանք փաստացի կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը, իսկ շատերն էլ աչք փակեցին այդ հանգամանքի վրա:
2014 թ. ուժի մեջ մտան Վրաստանի «Միգրացիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Օտարերկրյա քաղաքացին 180 օրվա ընթացքում 90 օրից ավել Վրաստանում մնալու իրավունք չուներ: Այդ ժամանակահատվածում սկսեցին զանգվածաբար հայտնաբերել Հայաստանի քաղաքացիություն ընդունած մարդկանց եւ զրկել քաղաքացիությունից:
Ստացվեց այնպես, որ շատ ընտանիքներ բաժանվեցին երկրներով եւ օրենքով: Թեեւ մի քանի ամսվա տառապանքից հետո օրենքում բացառություններ արվեցին, եւ այժմ այդ մարդիկ կարող են մնալ այստեղ տարին 360 օր: Ինչեւէ, սա լավ օրինակ է` ցույց տալու, թե ինչպես է աշխատանքային միգրացիան ազդում մարդկանց կյանքի վրա եւ խոչընդոտում նրանց ներգրավվելուն իրենց երկրի սոցիալ-հասարակական կյանքին:
Կան հույսի նշույլներ
Վերջին 10 տարիների ընթացքում համալսարանի ընտրության միտումը զգալիորեն փոխվել է: Եթե նախկինում բոլորը սովորելու համար գնում էին Երեւան, ապա այժմ դիմորդների կեսը, իսկ երբեմն էլ կեսից ավելին գնում են վրացական բուհեր` Թբիլիսի, Բաթում, Ախալցխե: Դրան նպաստել է բուհերի ընդունելության «1+4» արտոնյալ ծրագիրը, որը գործում է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Այս ծրագրի համաձայն, ցանկացողները հանձնում են ընդամենը մեկ քննություն իրենց մայրենի լեզվով եւ ընդունվում են զրոյական կուրս` սովորելու վրացերեն, իսկ հետո արդեն` բակալավրիատ: Ինտեգրման ճանապարհին սա ամենաարդյունավետ ծրագիրն է, եւ, ամենայն հավանականությամբ, արդյունքները շուտով պարզ կդառնան:
Կան երիտասարդներ, որոնք սովորում են ոչ թե դիպլոմ ունենալու, այլ իսկապես զարգանալու համար: Նրանք դեռ շատ քիչ են, եւ նրանցից ոմանք ստիպված են մասնակցել աշխատանքային միգրացիային, քանի որ ընտանիքը խանդավառությամբ երկար պահել հնարավոր չէ:
Այս պահին կարեւոր է, որ Վրաստանի բուհեր ընդունվելու միտումը չկորչի: Պետք է պայմաններ ստեղծել համալսարանների շրջանավարտների համար, որպեսզի նրանք աշխատանք գտնեն եւ ստեղծեն իրենց սեփականը: Անհրաժեշտ է, որ նրանք վերադառնան եւ Ջավախքում ունենան զբաղմունք ու եկամտի աղբյուր:
Նյութի հեղինակը Ռիմա Ղարիբյանն է: Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Թբիլիսիում գործող OC Media կայքում 2017 թ. նոյեմբերի 20-ին Հարավային Կովկասում Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Նյութի թարգմանությունն ու վերահրապարակումը Ampop.am կայքում իրականացվել է Ampop Media-ի եւ OC Media-ի միջեւ նյութերի փոխանակման համագործակցության շրջանակներում: Բոլոր կարծիքները եւ տերմինաբանությունն ընտրված է հեղինակի կողմից եւ չի կարող արտացոլել Հիմնադրամի, OC Media-ի կամ Ampop Media-ի խմբագրությունների տեսակետը:
Թարգմանիչ՝ Կարինե Դարբինյան
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/12/2017