«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է 2019թ. 1-ին կիսամյակին ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համեմատել նախորդ տարվա 1-ին կիսամյակի տվյալների հետ և պատրաստել «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշար` դրանցում ներառելով մարզերի համեմատական ինֆոգրաֆիկաներ։
Մուլտիմեդիա գործիքի շնորհիվ ընթերցողին հնարավորություն է տրվում կողք կողքի տեղադրել երկու հարևան մարզերի ինֆոգրաֆիկաները և ինքնուրույն համեմատել թե՛ յուրաքանչյուր մարզի, թե՛ երկու տարբեր մարզերի ցուցանիշները։
Հաշվի առնելով տվյալների առատությունը, «Ամփոփ Մեդիան» առանձին հոդվածներով է ներկայացնում ոլորտային ցուցանիշների վերլուծությունը։
Գործազրկությանն ու միջին աշխատավարձին անդրադառնալիս նախ նշենք, որ համաձայն վիճակագրական տվյալների, ի տարբերություն 2018թ. առաջին կիսամյակի, այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում գործազուրկների թիվն ընդհանուր առմամբ նվազել է, որոշ մարզերում՝ Լոռիում և Արմավիրում այն աճել է։ Լոռիում նվազել է նաև միջին աշխատավարձը։ 2019թ. առաջին կեսին Հայաստանում գրանցվել է շուրջ 63 400 գործազուրկ, որից 21%-ը երիտասարդներ` 16-29 տարեկան: Գրանցված գործազուրկների թիվը ամենաշատը նվազել է Կոտայքի մարզում՝ 19.8%-ով:
Մարզերում գրանցված երիտասարդ գործազուրկների ամենամեծ նվազումը նկատվել է Տավուշի մարզում. 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ դառնալով 23,4% կամ 973 հոգի: Նվազման տենդենցով Տավուշի մարզին հաջորդում են Շիրակը (18.8%) և Կոտայքը (16.4%):
Հետաքրքիր է մարզերում միջին ամսական աշխատավարձերի պատկերը: Նորություն չէ, որ Սյունիքի մարզում աշխատավարձը ամենաբարձրն է հանքարդյունաբերության շնորհիվ: Ավելին, այս տարվա առաջին կեսին այն բարձրացել է ևս 19%-ով՝ հասնելով 245 000 դրամի: Սակայն այս մարզում 9%-ով նվազել է ծնելիությունը [ տես նաև Դեմոգրաֆիական խնդիրները ՀՀ մարզերում]
Ընդհանուր առմամբ բոլոր մարզերում նկատվում է միջին աշխատավարձի բարձրացում, ամենաշատը՝ Արարատում (35%) և Տավուշում (24%): Բացառություն է Լոռու մարզը, որտեղ միջին աշխատավարձը նվազել է 7%-ով՝ կազմելով 111 հազար դրամ: Սակայն ամենացածր միջին աշխատավարձը մարզերում ստանում են Շիրակում՝ 105 500 դրամ և Արագածոտնում՝ 106 600 դրամ:
«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի ոլորտային մյուս ուղղություններին ծանոթացեք այստեղ`
- Դեմոգրաֆիական խնդիրները ՀՀ մարզերում
- Գյուղատնտեսությունը ՀՀ մարզերում
- Կենսաթոշակառուները և նպաստառուները ՀՀ մարզերում
- Տնտեսական ցուցանիշները ՀՀ մարզերում
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 16/08/2019