Համաճարակ, վարակ, կորոնավիրուս, դիմակ… Սարսափելի՜ է: Ես համաձայն չեմ ապրել այս սարսափի մեջ, ուստի և առաջարկում եմ բոլորին ինձ հետ միասին շրջել իմ ծննդավայր Արցախի պատմական աշխարհում:
Առավոտ է. սպասում եմ որդուս եփած անուշաբույր սուրճին: Երեկվա արշավից հետո ամբողջ մարմինս ցավում է: Ձեռքս մեկնում եմ հեռախոսին, որպեսզի թերթեմ երեկ այցելած վայրերի լուսանկարները և համոզվեմ, որ այդ հեքիաթն իրականություն էր:
Թեև ամբողջ աշխարհում համավարակ է, մենք՝
- ոտքով բարձրանում ենք լեռները,
- տեղում ուսումնասիրում ենք պատմությունը,
- սիրահարվում ենք բնությանը,
- վայելում ենք այս սուրբ հողի վրա անցկացրած յուրաքանչյուր պահ:
Եթե քեզ այս ամենը հետաքրքրում է, միացի՛ր մեզ: Մեզ ասելով՝ նկատի ունեմ Crazytoursartsakh-ին:
Ահա իմ ընտրանին, թե Արցախում ինչ վայրեր արժե անպայման այցելել:
ՀԱԿՈԲԱՎԱՆՔ
Այստեղ հասնելը բարդ չէ: Մեքենայով կարող եք հասնել վանքին: Դարպասների մոտ կհամտեսեք բյուրեղյա մաքուր և համեղ ջուր, որից հետո, հավատացնում եմ, ձեր ոտքերն ինքնաբերաբար կտանեն ձեզ: Հակոբավանք վանական համալիրը տեղակայված է Խաչեն գետի աջ ափին՝ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած հատվածում:
Մատենագրության մեջ վանքը հայտնի է նաև Մեծառանից վանք անունով: Վանքը ժամանակին հայտնի ուխտատեղի էր, կրթության և ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն: Վանքի հիմանդրման տարեթիվը հայտնի չէ, բայց մի խաչքարի պատվանդանին փորագրված արձանագրություններից ամենահինը թվագրվում է 853 թվականով:
Այստեղ ժամանակն աննկատ է թռչում, այստեղ հայացքն ավելի պարզ է դառնում, ուղեղն՝ ավելի սթափ, իսկ մտքերն՝ ավելի մաքուր:
ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ
Հիշեք Ձեր մանուկ ժամանակվա հեքիաթները․ խորն անտառ, կանաչ մամուռ, անտառային մարգագետին, գեղեցիկ բացատներ, թռչունների դայլալ և ջրերի աղմուկ… Հրաշալի է, չէ՞: Կցանկանայի՞ք հայտնվել հեքիաթում: Ուրեմն, միացեք մեզ և ոլորապտույտ ճանապարհներով քայլենք դեպի այսպես կոչված «Զոնտիկներ»:
«Զոնտիկներ» ջրվեժ
Սկիզբ առնելով կիրճի ներսից՝ այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: «Զոնտիկներ» ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ է անցնել Հունոտի անդնդախոր կիրճում գտնվող նույնանուն գյուղատեղիի ավերակներով և միջնադարյան կամրջով: Հունոտի հսկա ժայռերը ձգվում են դեպի վեր՝ շրջապատելով բնության այս հուշարձանը և աննկարագրելիորեն գեղեցկացնելով այս վայրը:
Չեմ ցանկանում պատմել այն բոլոր հիասքանչ բաների մասին, որոնք ձեզ այնտեղ են սպասում՝ ձեր հետաքրքրությունը չկորցնելու համար:
Սա 12 ամիսների մասին պատմող հեքիաթը չէ. սա Հայաստանի գեղատեսիլ անկյունն է՝ Արցախը:
ԴԻԶԱՓԱՅՏ ԼԵՌ (ԶԻԱՐԱԹ) ԵՎ ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐՈՎԱՆՔ
Դիզափայտը (մեկ այլ անվամբ՝ Զիարաթ) գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Լեռը շրջապատված է ժայռերով: Լեռան մասին կան բազմաթիվ առասպելներ և ավանդազրույցներ, որոնք խթանում են աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդների հետաքրքրությունը: Զարմանահրաշ վայր է՝ լի հոգևոր գեղեցկությամբ և մշակութային բազմերանգությամբ: Կատարովանքն Արցախի բարձրադիր կառույցներից է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2800 մետր բարձրության վրա: Եթե լուսաբացին բարձրանաք լեռը, այնպիսի զգացողություն կունենաք, կարծես` լողում եք ամպերում:
Սովորաբար այս լեռը բարձրանում են ամռանը և աշնան սկզբին: Տարվա մնացած ամիսներին սարը բարձրանալ հնարավոր չէ, քանի որ ճանապարհը ոլորապտույտ է, գրեթե միշտ ձյունածածկ, իսկ ընկնելու ու վնասվելու վտանգը մեծ է:
«Մարո» իջևանատուն
Երկար և հետաքրքիր զբոսանքից հետո, երբ գայլի ախորժակով ուզում ես ճաշել, առաջարկում եմ մտնել Տող գյուղ: Այստեղ «Մարո» իջևանատանը բոլորին համեղ կկերակրեն և հանգստանալու հնարավորություն կընձեռեն:
Տող գյուղը գտնվում է Արցախի հարավում՝ Հադրութի շրջանում: Ղարաբաղյան ազատամարտի տարիներին այս գյուղն առաջիններից էր, որ ազատագրվել է 1991 թ․-ի հոկտեմբերի 30-ին: Բացի վանական համալիրներից և մելիքների ամրոցներից, Տող գյուղն աչքի է ընկնում նաև գինեգործությամբ․ այնտեղ է արտադրվում «ԿԱՏԱՐՈ» արցախյան գինին, իսկ հյուրերին սպասում է գինու համտես: Ես նախընտրում եմ կարմիր գինին, իսկ դո՞ւ: Եկեք Տող և հետո բոլորին կպատմեք, թե ինչպիսինն է իսկական գինին …
ԳՏՉԱՎԱՆՔ
Տողասար լեռան (Արցախի Հադրութի շրջան) հյուսիս֊արևմտյան լանջի գոգավորությունում է գտնվում Գտչավանքը, որի գմբեթը նշմարելի է անգամ հեռվից:
Հիմնվել է 5-րդ դարում, գլխավոր եկեղեցին՝ 1241 թվականին: Իր ճարտարապետական արժեքի և Արցախի մշակութային կյանքում բացառիկ կարևոր դեր ունենալու շնորհիվ Գտչավանքը դասվում է հայկական եկեղեցական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների շարքին, ինչպիսիք են Գանձասարը և Դադիվանքը, որոնց մասին դուք հավանաբար առանց իմ ասելու էլ գիտեք: Եթե նախընտրում եք քայլել, կարող եք ձեր մեքենան ճանապարհի կողքին կայանել: Եթե հոգնել եք ոտքով շրջագայելուց, հնարավոր է նաև մեքենայով բարձրանալ դեպի վանք:
ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎ
Քանի որ արդեն այստեղ ենք, ուրեմն հենց ինքը՝ Աստված է մեզ ուղղորդել այցելելու Ազոխի քարանձավ: Այսպիսի վայրերն աշխարհում քիչ են:
Ասում են, որ այնտեղ գտել են քարանձավային արջի մնացորդներ: Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ․ ինքս չեմ տեսել, բայց կարող եք ինքներդ համոզվել, որ այն այժմ չղջիկների թագավորություն է: Ունե՞ք վախ մկներից: Ցանկանո՞ւմ եք այն հաղթահարել: Դուք ճիշտ հասցեում եք:
ԵՂԻՇԵ ԱՌԱՔՅԱԼԻ ՎԱՆՔ
Եղիշե առաքյալի վանքը հայկական հնագույն վանքերից է: Այն գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գյուղից ոչ հեռու՝ Մռավ լեռան լանջին: Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ Եղիշե առաքյալի մասունքների ամփոփման վայրում 5-րդ դարում Աղվանից արքա Վաչագան Բարեպաշտը կառուցել է հուշահամալիր-մատուռ, որտեղ մահվանից հետո ամփոփվել է նաև նրա մարմինը:
Միջնադարում Եղիշե առաքյալի վանքն Արցախի մշակութային և կրթական կենտրոնն էր: Այստեղ պահվում էին բազմաթիվ ձեռագրեր, եկեղեցական և աշխարհիկ փաստաթղթեր, եկեղեցական պարագաներ: 18֊րդ դարում վանքը հայ ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր: Եթե երազում եք գիրք գրել, ապա այստեղ աներևութաբար կստանաք ձեր մտադրությունն ի կատար ածելու համար անհրաժեշտ եզակի ոգեշնչում, քանզի լավագույն ներշնչանքն ապրում է հենց այս անծայրածիր անտառներում և չբացահայտված անմատչելի կիրճերում:
Երիցմանկանց վանք
Երիցմանկանց վանքն անվանակոչվել է ի պատիվ Հին Կտակարանի երեք մանուկների (Դանիել մարգարեի գրքի առաջին երեք գլուխները), որոնց Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը նետել է հնոցը, երբ նրանք հրաժարվել էին երկրպագել իր ձեռակերտ կուռքին: Երեք մանուկները փրկվել են Միքայել հրեշտակապետի հրաշագործ միջամտությամբ և հնոցից անվնաս դուրս են եկել:
Վանքը կառուցվել է 1691 թ․-ին։ Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Վանքը հիմնադրել են Ջրաբերդի իշխաններ Մելիք-Իսրայելյանները: Վանքի տարածքում պահպանվել են 11-12-րդ դարերի հայկական խաչքարեր: Վստահ եմ, որ ինքներդ չեք ցանկանա մեքենայով գնալ այնտեղ, կխնդրեք ոտքով գնալ, որպեսզի լիարժեքորեն զգաք մեր նախնիների մեծությունը: Գրում եմ ու հպարտանում, որ արցախցու արյուն է հոսում իմ երակներում:
Ավետյան իջևանատուն
Եթե գիշերելու համար չունեք անիվներով տնակ կամ վրան, դուք ստիպված կլինեք մի տեղ գտնել քնելու և գոնե նախաճաշելու համար: Որպեսզի հաճելին համատեղեք օգտակարի հետ, առաջարկում եմ իջևանել Շուշիում՝ Ավետյան B&B-ում: Ազատ ժամանակ կարող եք զբոսնել Արցախի մշակութային մայրաքաղաքով և հետո գիշերել հարմարավետ էթնիկ տանը՝ Ավետյանների ընտանիքի հաճելի ընկերակցությամբ:
ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ
Գևորգասար լեռան հարավ-արևմտյան լանջից բացվում է մի գեղեցիկ համայնապատկեր: Հեռվում՝ Սուրբ Հակոբ վանքի դիմաց` խիտ անտառով ծածկված լեռնաշղթայի գագաթին գտնվում է Կաչաղակաբերդը:
Համատարած կանաչի մեջ վեր խոյացող և երկնքի լազուրում ճերմակող անձեռակերտ ամրոցը երևակայության մեջ իսկապես բանաստեղծական պատկերներ է ծնում: Շինությունը պատկանում է 7-8֊րդ դարերին: Արաբական արշավանքների ժամանակ ժայռեղեն կղզին կառուցապատվել և վերածվել է անառիկ ամրոցի։ Որոշ աղբյուրներում այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։
Կաչաղակաբերդը բազմիցս պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին։
19 կմ ոտքի ճանապարհ գեղատեսիլ անտառով, ծովի մակարդակից 1700 մ բարձրություն, և դուք ամրոցի հյուրն եք: Շունչը կտրվում է, սիրտը տեղից դուրս թռչում այն գիտակցումից, թե ինչպես է հաջողվել հասնել այստեղ, ինչն այնքան էլ հեշտ չէ: Բայց ճանապարհի դժվարությունը փոխհատուցվում է կախարդական բնության գեղեցկությամբ և ներդաշնակությամբ:
Եթե Արցախի մասին այս նյութն ընթերցելիս մոռացել էիր, թե ինչ է կատարվում աշխարհում, և ցանկություն է առաջացել պայուսակդ հավաքել ու գալ Արցախ, ապա նպատակս` գտնել ևս մեկ խենթ մեր թիմին միանալու համար, հաջողությամբ իրագործված եմ համարում:
Սիրով սպասում ենք Ձեզ։
Հեղինակ՝ Քրիստին Բալայան
Լուսանկարները՝ Վադիմ Բալայանի, Crazytourartsakh-ի հիմնադիր
Հավելյալ աղբյուրներ
- Հայաստանի լավագույն վայրերը COVID-19-ի սահմանափակումներից հետո այցելելու համար
- Բացե՞լ, թե՞ չբացել սահմանները․ մտահոգություններ տուրիզմի շուրջ
- Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
- Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում
#COVID19 #ArmGov #anticrisis #actions
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/05/2020