Առողջություն

Որքա՞ն է հատկացվում առողջապահությանը ՀՀ-ում  

2019թ․ առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեն 89,6 մլրդ դրամ է եղել, ինչը կազմում է պետական բյուջեի 5%-ը։ Նախարարությունների շարքում իր ֆինանսավորման չափով Առողջապահության նախարարությունը 6-րդ է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության, Ֆինանսների, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից հետո։

Չնայած սրան՝ 2019թ․ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները 2017թ-ի համեմատ աճել են 4%-ով, իսկ 2018թ-ի համեմատ՝ 6,6%-ով կամ 5.5 մլրդ դրամով։

Ըստ Առողջապահության նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ առաջիկա 3 տարիներին՝ 2020-2022թթ․ ևս նախատեսվում է ավելացնել բյուջեն։ 2020թ․-ին նախատեսված ծրագրերն իրականացնելու համար նախարարությունը պահանջում է 136 միլիարդ դրամ, իսկ հաջորդ երկու տարիներին՝ 145 մլրդ դրամ բյուջե։

Այս տարի՝ 2019թ․ ավելացված բյուջեն ուղղվել է առողջության առաջնային պահպանման, հանրային առողջության, ինչպես նաև մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես անապահով և առանձին խմբերի բուժօգնության, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովման, շտապ բուժօգնության ծառայությունների և այլ ծրագրերին։

Առողջության առաջնային պահպանմանն ուղղված բյուջեն 2019թ․ կազմել է 25,8 մլրդ դրամ, ինչը 76%-ով ավել է 2018թ․ հատկացված բյուջեից։

Նախորդ տարվա համեմատ 2019թ․ 35%-ով աճել է հանրային առողջության պահպանման ծրագրի ծախսերը (4.5 մլրդ)՝ չնայած դրանք դեռևս քիչ են 2017թ․ ծախսերից (4.8 մլրդ)։

Նախորդ տարվա համեմատ 2,4մլրդ դրամով ավելացել են մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծախսերը։ Այստեղ հիմնական գումարն ուղղվելու է 0-18 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար դարձնելուն, զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական ծրագրերին, անպտղության հաղթահարմանը, բնածին արատներով նորածինների բուժօգնությանը:

Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բուժօգնության համար 2019թ․ հատկացվել է 1,5 անգամ ավելի շատ գումար, քան նախորդ տարի։ Իսկ 2020թ․ նախատեսվում է այս ծրագրի համար բյուջեն ավելացնել ևս 3,1 մլրդ դրամով՝ դարձնելով 27,1 մլրդ դրամ։ Ավելացված գումարների շնորհիվ ընդլայնվել են անվճար բուժօգնության ծավալները, ստոմատոլոգիական բուժօգնության ծավալները։

Այս ծրագրի շրջանակներում 2020թ․-ից կավելանան նաև փոխպատվաստման ծառայությունները։ Սրա մեջ են մտնում մարդու օրգանների, մասնավորապես երիկամի, ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատությունները։ Նախատեսվում է սրան ուղղել 200 մլն դրամ և իրականացնել 40 փոխպատվաստում, իսկ 2021-22թթ․ 294 մլն դրամ։

Ոչ վարակիչ հիվանդությունների բուժօգնության ապահովման համար 2019թ․ տրամադրվել է 12,3 մլրդ դրամ։ Սա 3,3 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ավելացված գումարն ուղղվել է հեմոդիալիզի ծառայություններին, անհետաձգելի բուժօգնության, հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնության ծավալների ընդլայնմանը։ Այս ծրագրում ընդգրկված արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների անվճար բուժօգնության թիրախային խումբը արդեն 2019թ․ հուլիսից ընդլայնվել է։ Սրա համար բնուջեից հատկացվել է նախորդ տարվանից 2 անգամ ավելի՝ 2,8 մլրդ դրամ գումար։

Կարդացեք նաև 

  • Ինչպես է սոցփաթեթի շրջանակներում վճարվում բուժհաստատությունը
  • Քաղցկեղ և ինսուլտ. որտե՞ղ և ե՞րբ է տրվում անվճար բուժօգնություն
  • Բուժհիմնարկների բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/10/2019