Առողջություն

Դիմակների կիրառության կարևորությունը համաճարակների ժամանակ

19-րդ դարավերջին գերմանացի միկրոբիոլոգ Կարլ Ֆլյուգեն թքում հայտնաբերեց պաթոգեն միկրոօրգանիզմներ.  սա հիմք հանդիսացավ վիրահատական միջամտությունների ժամանակ գործվածքե դիմակների կիրառման համար։

1899թ-ին ֆրանսացի բժիշկ Պոլ Բերժերի ելույթը Փարիզում բժշկական հանրույթի առաջ նվիրված էր վիրահատությունների ժամանակ դիմակներ կրելու անհրաժեշտությանը։ Այնուամենայնիվ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում և շարունակում էին առանց դիմակ կատարել իրենց առաքելությունը։

Իրավիճակն ի օգուտ դիմակների կիրառության կտրուկ փոխվեց 1905թ-ին, երբ ապացուցվեց ստրեպտոկոկ կոչվող բակտերիայի՝ կաթիլային եղանակով փոխանցվելու հանգամանքը։

Մանջուրյան ժանտախտի համավարակ, 1911; Institute Pasteur

Դիմակի կիրառությունը կարևորվեց նաև սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներից պաշտպանվելու նպատակով։ Գործվածքե դիմակներն սկսեցին տարածում գտնել բուժաշխատողների շրջանում։

1918-ին արված հետազոտությունից պարզ դարձավ, որ երկշերտ դիմակը նվազեցնում է բուժաշխատողների վարակման ռիսկը։ Նույն թվին, պայմանավորված իսպանական գրիպի համաճարակով, որոշ երկրներում գործվածքե դիմակներ դնելը պարտադիր դարձավ ոչ միայն բուժանձնակազմի, այլև բոլորի համար առհասարակ՝ որպես կանխարգելիչ միջոց։

Սակայն, ինչպես մեր օրերում, այնպես էլ մեկ դար առաջ գտնվեցին մարդիկ, ովքեր չցանկացան ենթարկվել համընդհանուր կանոնին՝ վիճարկելով դրա արդյունավետությունը։

Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար առաջին ձերբակալումները եղել են 1918թ.-ի հոկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում՝ 175 մարդ։ Սակայն պատկան մարմինները կարճ ժամանակ անց հասկացան, որ բանտերի գերծանրաբեռնումը վարակի տարածման առումով նպատակահարմար չէ, և բավարարվեցին օրինազանցներին տուգանելով։

Ոստիկանը ձերբակալում է քաղաքացուն դիմակը ոչ պատշաճ կրելու համար։ Սան Ֆրանցիսկո, 1918թ․

1919թ.-ի հունվարին, երբ իսպանական գրիպի երկրորդ ալիքն ավելի մեծ ուժգնությամբ գլուխ բարձրացրեց, Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հորդորեցին քաղաքացիերին հանրային վայրերում նորից դիմակներ կրել (այս անգամ առանց օրենքով հարկադրելու)։

Հենց այդ ժամանակ էր, որ շուրջ 4000 մարդ հավաք կազմակերպեցին՝ արտահայտելու իրենց բողոքն այս որոշման դեմ։ Ոմանք համարում էին, որ խախտվում են իրենց իրավունքները, իսկ ոմանք էլ առհասարակ չէին հավատում դիմակի պաշտպանիչ հատկությանը։

Դիմակ կրելու որոշումը բողոքարկողներն իրենց անվանում էին «Հակադիմակային լիգա»։ Այս լիգայում ներգրավված էին նաև բժիշկներ և նախկին պաշտոնյաներ։

Այնուամենայնիվ, դիմակների կարևորությունը գնալով ավելի ընդգծվեց, և 1920-ականներին թանզիֆից (մարլյա) պատրաստված դիմակներ կրելը պարտադիր դարձավ բուժանձնակազմի համար։

1960-ականներից սկսած գործվածքե դիմակներն աստիճանաբար փոխարինվեցին մեկանգամյա բժշկական դիմակներով։

Դիմակի մասին ավելի վաղ հիշատակումներ

Որպես բժշկական դիմակի նախատիպ հաճախ հիշատակվում են միջնադարում տարածում գտած և 17-րդ դարում որպես պաշտոնական համազգեստ ճանաչված թռչնակերպ դիմակները, որոնք կրում էին ժանտախտով վարակվածների խնամքով զբաղվող բժիշկները։

Իրական բժշկական դիմակ, որը կրել են 16-րդ դարում և ներկայումս պահվում է Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքի Բժշկության պատմության թանգարանում։

Մեծ թռչնային կտուց ունեցող դիմակներն ունեին պրակտիկ նշանակություն, քանի որ կտուցի ծայրը սովորաբար լցված էր լինում բուժիչ բույսերով, ինչի շնորհիվ ժանտախտի տարածած գարշահոտության մեջ աշխատող բժիշկները կարողանում էին ավելի հեշտ շնչել։ Թռչնակտուց դիմակները համարվում են նաև հակագազի նախատիպը։

Սակայն քչերին է հայտնի, որ պաշտպանիչ դիմակի կոնցեպտն առաջին անգամ մշակել է Լեոնարդո դա Վինչին, որի հիման վրա էլ ստեղծվել է ժամանակակից հակագազը։

Երկրորդ գծագիրն առաջինի կատարելագործված տարբերակն է, ուր նկարիչը գծագրել է շնչելու և արտաշնչելու համար նախատեսված առանձին խողովակներ, որոնց աշխատանքը կարգավորվում է փականներով։ Այս մեխանիզմն ընկած է ոչ միայն ժամանակակից հակագազի, այլև բժշկական շնչառական սարքերի հիմքում։

Որպես հակագազի պարզունակ տարբերակ 19-րդ դարի կեսերից թե՛ արտադրական և թե՛ ռազմական նկատառումներով օգտագործվում էին թանզիֆից պատրաստված և տարբեր նյութերով ներծծված (նատրիումի թիոսուլֆատ, նատրիումի հիդրոկարբոնատ, գլիցերին, ջուր) դիմակներ, որոնք, սակայն, թունավոր նյութերից բավարար չափով չէին պաշտպանում։

Հակագազի անհրաժեշտությունն ընդգծվեց հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, երբ «քիմիական պատերազմը» բազում կյանքեր էր խլում։ 1915 թ.-ին ստեղծվեց ժամանակակից հակագազի առաջին՝ համեմատաբար պարզ տարբերակը` շուրջ 400 տարի անց իրագործելով դա Վինչիի գաղափարը։

Մեր օրերում բժշկական դիմակի պաշտպանիչ կիրառությունն այլևս, կարծես, անվիճելի է, և դիմակի օգտագործման ցուցումների հարցում առողջապահության ներկայացուցիչներն ամբողջ աշխարհում ընդհանրական մոտեցում են որդեգրել։

Loading...

Loading…

Այնուամենայնիվ, COVID-19-ի առաջ բերած խուճապն ու անորոշության զգացումը հանրության շրջանում դիմակի արդյունավետության վերաբերյալ նոր քննարկումների ալիք բարձրացրին՝ կարծես նույնությամբ կրկնելով այն մտահոգություններն ու կասկածները, որոնք հնչում էին դեռևս 100 տարի առաջ։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Նույն շարքից այլ նյութեր

COVID-19-ը Հայաստանում․ Հավելյալ նյութեր

#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/06/2020