2020թ-ի մարտի 1-ից, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով առաջին դեպքը, «Ամփոփ Մեդիան» ինտերակտիվ գրաֆիկների միջոցով սկսեց պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկան՝ հիմնվելով Առողջապահության նախարարության կողմից ամենօրյա ռեժիմով տրամադրվող տվյալների վրա։ Դրանք ներառում են 2020թ․ մարտի 1-ից 2021թ․ հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածը։
Գրաֆիկներում ներկայացված են ինչպես հանրագումարային, այնպես էլ օրական կտրվածքով՝
- հաստատված դեպքերի,
- փաստացի բուժվողների,
- առողջացածների և
- մահվան ելքերի քանակը,
- մահացածների սեռատարիքային կազմը,
- մինչ օրս արված թեստերի արդյունքները։
2021թ-ի հունվարի 11-ի դրությամբ առողջացել է 150 602 մարդ, մահացել` 2941-ը: Եվս 707-ը, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են վարակի հետ չփոխկապակցված պատճառներից։ Նշված 707 դեպքերի հանրագումարային դինամիկան ներկայացված է Գրաֆիկ 4-ում։
Մահացության առաջին դեպքը գրանցվել է մարտի 26-ին։ Մահացածներից ամենաերիտասարդը 16 տարեկան էր, ամենատարեցը՝ 102 (տե՛ս Գրաֆիկ 3-ը), կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների 97.5%-ն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն (ըստ մարտի 26-ից հոկտեմբերի 27-ը Ան տրամադրած տվյալների)։
Ինտերակտիվ գրաֆիկներ
Առաջին գրաֆիկում ներկայացված է յուրաքանչյուր օրվա հաստատված դեպքերի քանակը: Արտակարգ դրության որոշման օրը և դրան հաջորդած օրերին հաստատված դեպքերի կտրուկ աճ է գրանցվել։
Ապրիլի 29-ից սկսած՝ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետ առնչվող մահերը սկսեց դասակարգել 2 խմբի՝ մահեր կորոնավիրուսից և կորոնավիրուսով վարակվածների մահեր այլ պատճառներից։ Երկրորդի դեպքում, ըստ մասնագետների, մահը վրա է հասնում վարակի հետ չփոխկապակցված պատճառներից։
Infogram
Infogram
Արտակարգ դրության և կարանտինի ժամանակագրություն
2021թ․-ի հունվարի 11-ին Հայաստանում կառավարությունը կարանտինի ռեժիմը երկարաձգեց ևս 6 ամսով` մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը՝ որոշակիորեն մեղմելով կարանտինի պայմանները։
Հոկտեմբերի 28-ին աշնանային արձակուրդները երկարացվեցին ևս 2 շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից շարունակեցին ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված է՝ հունիսի 4-ին։
Հոկտեմբերի 15-ից կորոնավիրուսի պատճառով մեկնարկեցին դպրոցական վաղաժամ արձակուրդները։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց Արցախի դեմ ուղղված 2-րդ լայնամասշտաբ պատերազմը։
Սեպտեմբերի 14-ից հանրապետության դպրոցներում մեկնարկեցին դասերը, որոնց ընթացքում դիմակի կրումը թե ուսուցիչների, թե աշակերտների համար պարտադիր է։ Ուսումնական պրոցեսի կազմակերպման մյուս պայմանների մասին մանրամասն՝ ուղեցույցում։
Սեպտեմբերի 12-ից Հայաստանը բացեց օդային սահմանները։
Սեպտեմբերի 11-ից Առողջապահության նախարարության առաջարկով` արտակարգ դրության փոխարեն սահմանվեց կարանտին, որը կտևի մինչև 2021 թ․ հունվարի 11-ը:
Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ արտակարգ դրության ժամկետը 5-րդ անգամ երկարաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 11-ը։
Հուլիսի 13-ին, կառավարության որոշման համաձայն, արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչեւ օգոստոսի 12-ը։
Հունիսի 12-ին կառավարությունը որոշեց երրորդ անգամ երկարաձգել 2020 թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ մինչեւ հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ը։
Հունիսի 4-ից ուժի մեջ մտան արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում արված որոշ փոփոխություններ ու լրացումներ, մասնավորապես՝ դիմակի պարտադիր կրումը բոլոր հանրային բաց տարածքներում՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կատարելիս կամ հեծանվավարելիս:
Մայիսի 18-ից իր աշխատանքը վերսկսեց քաղաքային տրանսպորտը, որից օգտվելու դեպքում դիմակ կրելը պարտադիր է։ Վերաբացվեցին նաև առևտրի իրականացման օբյեկտները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և նախակրթարանները։ Դիմակ ունենալը պարտադիր էր, սակայն բաց տարածքներում կարելի էր չկրել։ Փակ տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանված էր 10 հազար դրամ տուգանք։
Մայիսի 14-ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրությունը մինչև հունիսի 13-ը՝ էլ ավելի մեղմացնելով սահմանափակումների ռեժիմը։ Սակայն ըստ պարետ Տիգրան Ավինյանի, սահմանափակումները կխստացվեին, եթե հիվանդներն այնքան շատ լինեին, որ հիվանդանոցները նրանց տեղավորելու խնդիր ունենային։
Մայիսի 4-ից, սակայն, կառավարությունը որոշում կայացրեց, որ մի շարք բիզնեսներ կսկսեն աշխատել, և տեղաշարժման թերթիկ այլևս չի պահանջվի, սակայն չեն աշխատի մոլերն ու հանրախանութները, ինչպես նաև հանրային տրանսպորտը։
Ապրիլի 13-ին կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։ Սակայն հանվեց լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու մասին դրույթը (ըստ ԽԱՊԿ-ի զեկույցի, դրույթի կիրառումը այդ օրերին լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման 30 դեպքի պատճառ հանդիսացավ):
Ապրիլի 1-ից՝ ժամը 23։59-ից մինչև ապրիլի 12-ը երկարացվեցին արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Մարտի 27-ից՝ ժամը 23:59-ից ուժի մեջ մտավ խստացված ռեժիմը, որի ընթացքում տեղաշարժվելիս հարկավոր էր ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և լրացված ձևաթուղթ։
Մարտի 16-ին նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ կառավարությունը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն մտցնելու մասին։ Սույն որոշմամբ սահմանափակվեց նաև ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ միջոցներով արտահայտման ազատությունը։ Համաձայն որոշման, այլոց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Նույն թեմայով կարդացեք
- COVID-19-ից մահերի վիճակագրությունը Հայաստանում. տարիք, սեռ, ժամանակագրություն
- Coronavirus․ ինչ պետք է իմանալ և ինչպես կանխարգելել այն (ինտերակտիվ քարտեզ)
- Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին
- TIME. Բավարար բժշկական դիմակներ չկան. Ահա, թե ինչու մոտ ապագայում իրավիճակի բարելավում չի լինի
✅ Հետևեք «Ամփոփ Մեդիայի» սոցիալական էջերին և տեղեկացեք առաջին աղբյուրներից ստացված ամենակարևոր և ակտուալ տեղեկությունների մասին
Facebook: ➡️ https://web.facebook.com/ampop.am/
Telegram: ➡️ https://t.me/ampopmedia
Instagram: ➡️ https://www.instagram.com/ampop.am/
Twitter: ➡️ https://twitter.com/ampoparmenia
#COVID19 #crisis
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/03/2020