Կորոնավիրուսը շուրջ 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է։ Այս վիրուսներից յուրաքանչյուրը կենդանիների և մարդկանց վրա յուրահատուկ ազդեցություն ունի՝ սկսած ամենաթեթև անհանգստությունից մինչև բազմաթիվ մարդկային կյանքեր խլող ծանր հիվանդություններ, ինչպիսիք էին, օրինակ՝ MERS-CoV-ը կամ SARS-CoV-ը (առաջինը կատուներից է փոխանցվել մարդուն, երկրորդը՝ ուղտերից)։ Այս ընտանիքին 2019թ․ դեկտեմբերից միացավ նոր տեսակի վիրուսը՝ 2019-nCoV-ը։ Հենց այս տեսակի՝ կորոնավիրուսի մասին է այսօր խոսում ողջ աշխարհը։
2019-nCoV տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակագրություն
2019 դեկտեմբերի 31․ Չինաստանի ԱՀԿ-ի գրասենյակը տեղեկացավ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ պատճառներով տարածված թոքաբորբի դեպքերի մասին։
2020 հունվարի 1․ առեղծվածային հիվանդության աղբյուր հանդիսանալու ենթադրությամբ փակվեց Հուանանի ծովամթերքների շուկան։ Ենթադրության հիմքն այն էր, որ թոքաբորբով հիվանդներից մի քանիսը շուկայում վաճառողներ էին։
Հունվարի 3․ չբացահայտված հիվանդությամբ վարակված 44 դեպք։
Հունվարի 7․ առեղծվածային հիվանդությունն առաջանում է նոր տեսակի կորոնավիրուսից։
Հունվարի 9-ին գրանցվեց կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։
Գիտնականների համոզմամբ, 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի օջախը եղել է Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաք Ուհանում գտնվող Հուանանի ծովամթերքների շուկան։ Այստեղ բացի ծովամթերքից վաճառվում էին նաև օձեր, ոչխարներ, ճագարներ և այլ կենդանիներ։
Բիոինժեներիայի ուհանյան համալսարանի չինացի գիտնականների խումբը փորձել է ճշտել նոր կորոնավիրուսի ծագման աղբյուրը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր վիրուսները մոնոֆիլետիկ են, այսինքն՝ առաջացել են մեկ ընդհանուր նախնուց մոտ երկու տարի առաջ։ Այլ կերպ ասած՝ երկու տարի առաջ առաջացել է 2019-nCoV հիբրիդային վիրուսի տեսակը, որը տեղափոխվելով օրգանիզմից օրգանիզմ՝ 2019-ի դեկտեմբերին հասել է մարդուն։
Ի սկզբանե ընդունված էր կարծել, որ այս վիրուսը (ինչպես կորոնավիրուսների մեծ մասը) անցնում է կենդանիներից մարդկանց, սակայն դեպքերի հետագա ընթացքը ստիպեց համոզվել, որ վիրուսը փոխանցվում է նաև մարդուց մարդ։
Կորոնավիրուսի տարածումը
Հունվարի 9-ին Չինաստանը հայտնեց վիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին։ 61-ամյա մի տղամարդ Ուհանի հիվանդանոց էր տեղափոխվել ծանր թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ։ Հայտնի է, որ մինչ վարակվելը տղամարդն ունեցել էր որովայնի ուռուցք, տառապել լյարդի քրոնիկ հիվանդությամբ։ Այս դեպքից օրեր անց՝ հունվարի 22-ին, վարակակիրների թիվն արդեն տասնապատկվել էր՝ հասնելով 580-ի, արձանագրվել էր նաև մահացության 17 դեպք։
Դեպքերի նման արագ զարգացումը կասեցնելու ակնկալիքով հաջորդ օրն Ուհան քաղաքում դադարեցվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը․ փակվեցին օդանավակայանը և երթուղային կայարանները։
Ավելացան այն երկրների ու քաղաքների անունները, որոնցում հայտնաբերվել են վիրուսի դսևորումներ։ Արդեն հունվարի 27-ին ամբողջապես կամ մասամբ փակվեց Չինաստանի 15 քաղաք՝ 57 միլիոն ընդհանուր բնակչությամբ։ Այդ օրն արդեն, պաշտոնական տվյալներով, 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասնում էր 2800-ի։
Երկու օր անց, հունվարի 29-ին վարակակիրների թիվը կրկնապատկվեց՝ անցնելով 6000-ի շեմը, որոնցից 5970-ը՝ Չինաստանում։ Նրանցից 110-ին հաջողվեց հաղթահարել այն։ Մինչդեռ մահվան դեպքերը հասան 132-ի։
Հետևեք Ամերիկյան Բլումբերգ լրատվականի կորոնավիրուսի տարածման աշխարհագրության ինտերակտիվ քարտեզի թարմացումներին։ Պատկերում հունվարի 30-ի տվյալներ են։ Սեղմեք այստեղ
Պատկերն առ հունվարի 30, 2020թ․
Պատկերների համադրումից երևում է, որ 20 օրվա ընթացքում վարակակիրների թիվը և մահվան դեպքերը տասնապատկվել են։
Պատկերն առ փետրվարի 17, 2020թ․
Պատկերն առ փետրվարի 24, 2020թ․
Ովքե՞ր են առավել խոցելի
Վիրուսը դրսևորվում է ինչպես գրիպը կամ թոքաբորբը։ Խոցելի խմբերը նույնպես նույնն են, ինչ վերոնշյալ հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։ Առանձնակի խնամք է անհրաժեշտ նաև վարակված երեխաներին։
Վիրուսից մահացության դեպքեր արձանագրվում են այն մարդկանց մոտ, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։
Ի՞նչ քայլեր են արվում Հայաստանում
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ:
Հունվարի 26-ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք: Սա վերաբերվում է նաև այլ երկրներում արտադրված չինական ծագման հումքով պարենին։
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ ձեռնարկել են կանխարգելիչ նախապաշտպանական գործողություններ, իրականացրել իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր։ Մասնավորապես՝ ըստ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարության՝ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում և արտաքին զննում։
«Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա է ջերմություն, ինչպես նաև վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղևորը մեկուսացվում է՝ անձնակազմի և մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Վարակակիր երկրներից և մասնավորապես Չինաստանից ժամանած ուղևորները լրացնում են հասցեական քարտեր, որոնց մեջ նշվում են ուղևորի կեցության կոորդինատները։ Այդ տվյալների հիման վրա, օգտագործելով համաճարակաբանների և պոլիկլինիկաների ներուժը, հսկողություն է սահմանվում այդ մարդկանց նկատմամբ։ Մշտադիտարկումը թույլ է տալիս առաջին իսկ կասկածելի դեպքում անհապաղ միջոցառումների դիմել։
Նշենք, որ այս պահի դրությամբ (հունվարի 29) Հայաստան ժամանողների մոտ թոքաբորբի դեպք չի արձանագրվել, եղել է ջերմություն ունեցող ուղևոր, սակայն ստուգումը ցույց է տվել, որ նրա մոտ առկա վիրուսը կապ չունի 2019-nCoV-ի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը համարվում է ցածր ռիսկային գոտի, քանի որ մեր երկրից դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ուղիղ չվերթներ առկա չեն։
Ի՞նչ անել, ի՞նչ չանել
Պետական մակարդակով իրականացվող՝ վարակի մուտքը կանխող նախազգուշական քայլերին ապավինելուց զատ խորհուրդ է տրվում կատարել մի քանի գործողություն՝ հանուն սեփական անվտանգության։
• Առաջին հերթին ցանկալի է առաջիկա 2 ամիսներին խուսափել դեպի վիրուսակիր երկրներ, մասնավորապես՝ Չինաստան այցելություններից։
• Ցանկացած երկիր այցելելուց հաշվի առնել այդ երկրի համաճարակային վիճակը։
Այնուամենայնիվ, եթե արդեն իսկ հայտնվել եք Չինաստանում, ապա․
• Առանձնահատուկ հետևե՛ք ձեռքերի հիգիենային։ Հայտնի է, որ քլոր պարունակող ախտահանող նյութերը ոչնչացնում են վիրուսը։ Օգտագործեք 70% սպիրտ պարունակող ախտահանիչներ` անգամ գրիպի պարագայում։
• Կրե՛ք դիմակներ։
• Օգտագործե՛ք բացառապես լավ ջերմային մշակման ենթարկված սնունդ, բացառե՛ք նախուտեստները, որոնք պատրաստված են ծովամթերքից, օձի մսից կամ այլ վայրի կենդանիներից։
• Օգտագործե՛ք միայն շշալցված ջուր։
• Գրիպով կամ գրիպ հիշեցնող հիվանդություներով մարդկանց հետ շփվելիս պահե՛ք առնվազն մեկ մետր հեռավորություն
• Մի՛ այցելեք մշակութային միջոցառումների, հատկապես եթե դրանք անցկացվում են վայրի կենդանիների ներգրավվածությամբ։
• Գրիպի նշաններ նկատելու դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժմաբ։ Պարտադիր դիմե՛ք բժշկի։
• Հայաստան վերադառնալիս վարակիչ հիվանդութան մասին հուշող նշաններ նկատելու դեպքում պարտադիր դիմե՛ք բժշկին և հայտնե՛ք նախորդող 14 օրերին ձեր գտնվելու վայրերի մասին։
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Հավելյալ աղբյուր՝ Coronavirus: the new disease Covid-19 explained
#COVID19 #crisis
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/01/2020