19-20-րդ դարերում խոլերայի համաճարակը 7 ալիք է գրանցել՝ սկսվելով 1816-ին և ավարտվելով 1975 թվին։
Խոլերայի համաճարակների բռնկումներն ամբողջ աշխարհում խորը հետք են թողել կյանքի բոլոր ոլորտների վրա։ Դրանց առնչությամբ պահպանվել են մանրակրկիտ վկայություններ և հաշվետվություններ, ինչպես նաև գեղարվեստական անդրադարձներ և արտեֆակտներ։
Այս անգամ «Ամփոփ Մեդիան» տեղափոխվել է 1892 թվական՝ խոլերայի պանդեմիայի 5-րդ ալիքի օրեր՝ հայ ժամանակակիցների աչքերով «տեսնելու» և կանգնելու այդ արհավիրքին դեմ հանդիման։
«Մշակ» թերթի 1892 թ․-ի հունիսի 6-ի համարի առաջին իսկ էջում մտահոգություն է հնչում, որ խոլերան սաստկանում է Պարսկաստանի տարբեր կողմերում, մինչդեռ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում։
«Մշակ»-ի խմբագրականը մտավախություն է հայտնում, որ Պարսկաստանի պես աղքատ և վատ առողջապահական համակարգով երկրում համաճարակի դեմն առնել հնարավոր չի լինի, և զոհերը խիստ շատ կլինեն, ուստի միակ լուծումը հնարավորինս շուտ շփումները նվազեցնելն է.
«Երբ արդէն մի քաղաքում կամ գիւղում երևացել է խօլերա, ամենագլխաւոր հոգսը պիտի լինի այնպէս անել, որ գոնէ հարևան գիւղը կամ քաղաքն էլ չը վարակվի։ Դրա համար հարկաւոր է վարչական միջոցներ ձեռք առնել, և յարաբերութիւնները դադարեցնել։ Իսկ այդ չէ կարող անել ոչ գիւղացին, ոչ քաղաքացին և ոչ մօլլան, այլ միայն ինքը կառավարութիւնը»։
Պատկերն առավել ամբողջական և հուսահատ է երևում ոչ հանրային գրագրություններում։ Հայ ժամանակակիցների նամակագրություններից ու հուշերից ակնհայտ է, որ խուճապը տարածվում էր նույնքան արագ, որքան և ինքը խոլերան, իսկ իշխանությունների ձեռնարկած քայլերը թվում էին անբավարար։
Նույն հունիս ամսվա 20-ին Նար-Դոսն իր նամակներից մեկում գրում է, որ Բաքվում խոլերայի պատճառով մարդիկ հարյուրներով կոտորվում են, իսկ ով կարողանում է, փախչում է՝ վարակն իր հետ տանելով նորանոր վայրեր. «Խոլերան եկավ Բաքու, սկսեց կոտորած անել, ամենքն սկսեցին գլխապատառ փախչել այնտեղից և երկու շաբաթից ավելի էր, որ ամբողջ Անդրկովկասյան երկաթուղու վրա ոչ մի տեղ կարանտին չկար։ Ի՜նչ, մինչև օրս էլ Բաքվից ամեն օր տասնյակ նամակներ ենք ստանում առանց մի որևէ դիզինֆեկցիայի ենթարկված»։
Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ, Երևան, Նաիրի, 1990
Նար-Դոսն առանց հիմքի չէ, որ ենթադրում է, թե շուտով վարակը կտարածվի ողջ Անդրկովկասում և Ռուսաստանում նույնպես, քանի որ խոլերան արդեն իսկ «հնձում է» Ղարաբաղում, Թիֆլիսում, մարդիկ անարգելք հեռանում են վարակի օջախներից այլ բնակավայրեր, իսկ Պարսկաստանից նավերն առանց խոչընդոտի մարդկանց են տեղափոխում Ռուսաստան, թեպետ ամսից ավել է, ինչ հայտնի է Պարսկաստանի իրադրությունը։ Որպես եզրահանգում Նար-Դոսն իր բարեկամ Մինաս Բերբերյանին գրում է. «Առհասարակ խորհուրդ չեմ տալ, որ գաք (Թիֆլիս)։ Ես և ինձ նման շատերն արդեն բավական կլինի, որ կոտորվենք։ Դուք ավելորդ եք»։
Թիֆլիս, Հավլաբար, 19-րդ դարեվերջ
Նույն տարեթվի հունիսի 29-ին Հովհաննես Թումանյանն իր նամակներից մեկում գրում է․ «Խոլերան սպառնում է։ Մտածում ենք ակներև մահից փրկվելու համար փախչել։
… հավանական է, որ մի երկու ամիս Լոռի անցկացնենք, հեռու հասարակ խոլերայից և այն կենդանի խոլերայից, որից ոչ մի դեզինֆեկցիա չի պրծացնիլ» [խմբ․Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9-րդ, Երևան, 1997]։
Թումանյանի կինն այդ ժամանակ հղի էր, և նրա տրամադրությունը լարված էր հատկապես այդ պատճառով։
Հուլիսի 18-ին Թումանյանը մեկ այլ տխուր նամակ է հասցեագրել Ավետիք Արասխանյանին. «Ամսի 15-ին Թիֆլիսից դուրս եկանք դեպի Լոռի, բայց բանից դուրս եկավ, որ փորձանքից փախած՝ պատուհասի մեջ ընկանք»։
Նամակից պարզ է դառնում, որ խոլերան արդեն ամենուր էր։ Թիֆլիսի Բորչալուի գավառի «կեղտոտ» թուրքաբնակ գյուղերում ամեն օր մարդիկ էին մահանում, մինչդեռ վարակի մասին անգամ չէին զեկուցել պատկան մարմիններին։
Վարակը տարածվել էր նաև գերմանաբնակ համայնքներում, որտեղից գերմանացիները փախչում էին դեպի Թիֆլիս։ Ըստ Թումանյանի տեղեկությունների՝ Լոռիում խոլերայից մահեր էին գրանցվել Ջալալօղլիում (ներկայումս՝ Ստեփանավան), Վորոնցովկայում (Տաշիր) և Ճոճկանում։
«Անշուշտ օգնությունն ուշանալու է, և ճարակումն է լինելու սաստիկ։ Մենք այստեղ Շուլավեր մնացել ենք կանգնած, մտածում ենք դեռ։ …. Եթե խոլերայից պրծնեմ, մի քանի ոտանավոր եմ մատաղ անելու»։
* * *
Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության,
Գարնան հորդահոս տարափի նման,
Որ ծաղկեցնում է ծարավ արտերը…
Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով,
Եղբայրսիրության գթով ու սիրով,
Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։
Դժվար է պնդել, որ սա Թումանյանի խոստացված ոտանավորներից է, սակայն այն գրվել է 1893-ի տարեվերջին, և կարծես սրանում արտացոլված լինի տարվա ընթացքում կուտակած տխրությունը։
Հետաքրքրական է, որ Թումանյանը ևս հիշատակել է նամակները դեզինֆեկցիա անելու, ինչպես նաև առհասարակ դեզինֆեկցիայի պրակտիկայի մասին, սակայն ինչ էր դա իրենից ներկայացնում, շատ բան հայտնի չէ։
Սակայն 19-րդ դարավերջին հանրային վայրերի ախտահանման կազմակերպման մասին տեղեկություններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ախտահանման հիմնական միջոց էր հանդիսանում կարբոլաթթվի լուծույթը [խմբ․ այսօր առավել հայտնի իբրև ֆենոլ]: Այն խոլերայի դեմ պայքարում ամենահուսալի միջոցն էր շարունակում մնալ նաև համաճարակի 6-րդ ալիքի ժամանակ՝ 1899-1923 թթ․-ին։ Սակայն ֆենոլը թունավոր նյութ է, ներթափանցում է օրգանիզմ թե՛ մաշկի միջոցով և թե՛ շնչառական ուղիներով։
1892-ին Սանկտ Պետերբուրգի Փորձարարական բժշկագիտական ինստիտուտը, որպես հիմնական ախտահանիչ միջոցներ, մի քանի բաղադրատոմս էր առաջարկում։ Ամենակիրառականը կարբոլաթթվի և օճառի լուծույթն էր, որն օգտագործվում էր տաք վիճակում։ Առաջարկվում էր նաև տարբեր վայրերի ախտահանման համար օգտագործել քլորի 1%-ոց լուծույթ, ծծմբաթթվի և կարբոլաթթվի 6%-ոց լուծույթ կամ սնդիկի քլորիդ։ Սնդիկի քլորիդով ախտահանելուց հետո, սակայն, անհրաժեշտ էր նաև սոդայաջրով լվացում անել՝ թունավորումից խուսափելու համար։ Բոլոր այս միջոցները թունավոր են և վտանգավոր մարդու առողջության համար, ուստի ժամանակակից աշխարհում խստիվ խորհուրդ չի տրվում նմանատիպ ինքնաշեն լուծույթներ օգտագործել։
Գուցե նաև դա էր պատճառներից մեկը, որ հատկապես գյուղաբնակչությունը շատ չէր վստահում բժշկության ձեռքբերումներին։
«Մշակ» թերթն իրավիճակի վատթարացմանը զուգահեռ գրեթե ամեն համարում շատ մանրամասն տեղեկություններ էր հաղորդում ոչ միայն խոլերայից պաշտպանվելու միջոցների, այլև գյուղերում տիրող անմխիթար վիճակի, վարակվածների և մահացածների վիճակագրության մասին։ Այդ զեկույցներից ակնառու է, որ գյուղաբնակները հաճախ մերժում էին բժիշկների օգնությունը՝ չվստահելով նրանց առաջարկած դեղամիջոցներին և, հավատացած լինելով, որ խոլերան աստվածային պատիժ է, ուստի և, գիտությունն այդտեղ անզոր է։
Խոլերայի 5-րդ պանդեմիայի ժամանակահատվածում բժիշկների հանդեպ թերահավատ վերաբերմունքն առավել վտանգավոր ձևեր է ստացել Ռուսաստանում։
Տեղի էին ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ բժիշկների, քանի որ բնակչության մի մասը համոզված էր, թե բժիշկները մարդկանց թունավորում են կամ ողջ-ողջ թաղում՝ կատարելով կառավարության հրամանը, որպեսզի այսկերպ լուծեն սովի խնդիրը։ Հարձակումների հետևանքով ավելի քան 400 բժիշկ է սպանվել։ Փոխարենը մեծ վայելում ունեին խոլերայից իբր թե պաշտպանող թալիսմանները։
Խոլերայի համաճարակներից մեկի և դրա դեմ պայքարի մեթոդների մասին մի ուշագրավ տեղեկություն էլ տալիս է Րաֆֆին իր «Կայծեր» վեպում.
«Ես վաղուց լսել էի այս ժողովրդի մասին մի զրույց, որ ինձ անհավատալի էր թվում, իբր թե մի անգամ նրանց մեջ խոլերա ընկած է եղել: Ժողովուրդը մի քանի անգամ դիմել է եկեղեցուն և խնդրել է՝ իրանց սուրբ խաչից (եկեղեցին նրա անունով էր շինված), որ ցավը իրանցից հեռացնե: Բայց տեսել են, որ սուրբ խաչը ամենևին ուշադրություն չէ դարձնում, և ցավը օրըստօրե սաստկանում է: Այն ժամանակ բոլոր ամբոխը բարկությամբ հարձակվում են սուրբ խաչի վրա. եկեղեցու դռները փակում են և սկսում են նրա վրա հրացաններ արձակել և սպառնալիքներ կարդալ: Բարեբախտաբար, խոլերան դադարում է, և եկեղեցին ազատվում է քանդվելուց»։
Ցավոք, խոլերայի 5-րդ համաճարակի մարումը (1896-98) շատ կարճ տևեց, և այն նոր թափով տարածվեց 1899-1923 թվականներին։
շարունակելի․․․
Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան
Աուդիոտեքստը՝ Գայանե Մելիքյանի
Նույն շարքից այլ նյութեր
- Խոլերան ու տիֆը Ռուսական կայսրության բանտերում․ Ակնունու հոդվածաշարի հետքերով
- «Սև մահ» կամ միֆեր իրականության համատեքստում
- Անգլիացի վիպասանը՝ գիշերօթիկում տիֆի տարածման մասին
COVID-19-ը Հայաստանում․ Հավելյալ նյութեր
- Գյուղատնտեսական ոլորտում կառավարության միջոցառումները` քիչ արդյունավետ
- Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի
- Քրոնիկ հիվանդություններն ու անհրաժեշտ ռեֆորմները
- Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/06/2020