2022 թ.-ի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 1,7 %-ը։ Եվ դա լուրջ ցուցանիշ է, քանի որ հոսանքը 5-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների ցանկում։ Դրանից ավելի շատ արտահանվում են 4 ապրանքատեսակներ՝ պղնձի ու մոլիբդենի հանքաքարերը, սիգարետն ու էթիլ սպիրտը։
Հայաստանից էլեկտրաէներգիա հիմնականում արտահանվում է Վրաստան և Իրան։ Մինչև 2023թ․-ի հունվար ամիս արտահանվում էր նաև Արցախ, սակայն Հայաստանից Արցախ մտնող հաղորդագիծն ապօրինի անջատված է Ադրբեջանի կողմից։
Հայաստան-Իրան
Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ամենամեծ մասը [66,2 մլն դոլարի չափով] հոսել է Իրան, բայց դա իրականացվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» միջպետական ծրագրով՝ համաձայն որի Իրանի մատակարարած ամեն խորանարդ մետր գազի դիմաց Հայաստանը 3 կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում հարևան երկրին։ Հայաստանն այս գործարքում նաև շահում է արժեքի մեջ, քանի որ գազից ստանում է ավելի շատ հոսանք, քան մատակարարում է։
Ծրագիրն ուժի մեջ է մինչև 2026թ․-ը և թեպետ այն որոշակիորեն կորցնում է իր կշիռն արտահանման ընդհանուր ծավալի մեջ, բայց չի կորցնում բացարձակ արժեքը։
Բայց և՛ Հայաստանում, և՛ Իրանում հակված են շարունակել համագործակցությունը այս ծրագրով և այդ նպատակով օգոստոսի 10-ին կողմերը ստորագրեցին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի մինչև 2030 թ․ երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթ։
Մոտեցող այս տարեթիվը, սակայն, պատահական չի համարում էներգետիկայի հարցերով փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը [խմբ. Արզումանյանի հետ հարցազրույցը եղել է նախքան պայմանագրի երկարաձգման օրը]։
«Չնայած 2026 թվին Իրանում՝ Բուշեհրում [խմբ․ Իրանի հարավ-արևմտյան հատված], գործող ատոմակայանի կողքին կկառուցեն ևս երկու ատոմային բլոկ՝ ամեն մեկը 1200 մեգավատտ հզորությամբ, բայց կշարունակեն օգտվել Հայաստանի էլեկտրաէներգիայից, քանի որ այն հարկավոր է երկրի հյուսիսային նահանգների համար, որոնք սահմանակից են Հայաստանին», – նշում է մասնագետը։
Արզումանյանը բացատրում է, որ էլեկտրաէներգիայի երկար ճանապարհահատված տեղափոխումը տեխնիկական կորուստների է բերում, որոնք Իրանի դեպքում ավելի բարձր տոկոս են կազմում։
Իրանցի փորձագետ, Թեհրանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Վալի Քալեջին իր հերթին «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ այս համագործակցության հիմքում էներգակիրների սեզոնային անբավարարությունն է․ Իրանում էլեկտրականության պակաս է լինում ամռանը, Հայաստանում՝ գազի պակաս ձմռանը։
«Քանի դեռ Հայաստանում և Իրանում էներգակիրների հարցում կան սեզոնային բալանսների խախտումներ, երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի հարցում համագործակցությունը շարունակվելու է», – նշում է Քալեջին։
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Իրանը զարգացնի իր կարողությունները և ինչ-որ պահի հրաժարվի Հայաստանի մատակարարած էլեկտրաէներգիայից, Քալեջին պատասխանում է, որ այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, քանի որ նոր հզորությունների հիմնումից մինչև բաշխման ցանցին միանալը մի քանի տարի կպահանջվի։ Ադպիսով, մոտ ապագայում Հայաստանի հետ փոխանակմանը ոչինչ չի սպառնում, մանավանդ, որ Իրանում էլեկտրաէներգիայի կարիք այս պահին շատ է զգացվում։
«َԱյս տարվա շոգ ամռան ընթացքում Իրանի էլեկտրականության սպառումը հասնում է մինչև 72 հազար մեգավատտի, որից 40 %-ը բաժին է ընկնում տնային տնտեսություններին։ Կառավարությունը ստիպված էր փակել որոշ արդյունաբերական ձեռնարկություններ և գործարաններ՝ տնային տնտեսություններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար, ինչը բացասական հետևանքներ ունեցավ արտադրության և տնտեսության առումով», – նշում է Քալեջին՝ հաստատելով, որ պիկային շրջանում Իրանը մշտապես ստիպված է էլեկտրաէներգիա ներկրել ներքին սպառման համար։
Ըստ UN Comtrade կայքի՝ բացի Հայաստանից, դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահանում են նաև Ադրբեջանը և Ուզբեկստանը։ Սակայն Հայաստանը այս շարքում բացարձակ առաջատար է՝ տարեկան 1000-1500 գիգավատտ-ժամ արտահանումով։
Իր կողմից Իրանը նույնպես էլեկտրաէներգիա է արտահանում․ նախկինում՝ դեպի Թուրքիա, հիմա՝ դեպի Ուզբեկստան։ Դեպի Հայաստան փոքր արտահանումները համակարգերի հավասարակշռման համար են և էական նշանակություն չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի էներգետիկ շուկայի համար։
Հայաստանից և այլ երկրներից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումները, սակայն, Իրանի ներքին շուկայի համար բավական փոքր կշիռ ունեն։ Իսլամական Հանրապետության ներքին պահանջարկը տարեկան ավելի քան 300 հազար գիգավատտ-ժամ է և ամեն տարի աճում է տասնյակ հազարներով։ Իսկ դեպի Իրան արտահանումները ընդամենը 1-2 հազար գիգավատտ-ժամ են, նույնիսկ 1 տոկոսի չեն հասնում։
Բայց, Իրանում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները հիմնականում կապված են գազի և նավթի արդյունաբերության հետ։ Իսկ Թեհրանը պարտավորություն է ստանձնել նվազեցնել ածխաջրածինների կիրառումը արդյունաբերության մեջ, և դա նշանակում է, որ հարևան երկիրը շարունակելու է շարքից դուրս բերել ջերմային էլեկտրակայանները, կառուցել արևային, հողմային և այլ կանաչ կայաններ, ինչը նույնպես ներդրումներ է պահանջում։
Սրանից կարելի է պնդել, որ տնտեսական իմաստով Հայաստանից Իրան արտահանումներին վտանգ չի սպառնում, քանի որ որքան էլ Իրանը կարողանա զարգացնել կարողությունները, միևնույն է աճող պահանջարկը ստիպելու է հոսանք գնել նաև դրսից։ Իսկ ամռան սեզոնին Հայաստանի հարավային հարևանը շատ ավելի մեծ կարիք է ունենում՝ շոգից պաշտպանվելու համար։
Սեզոնայնության այս խնդիրը նկատելի է նաև Հայաստանից Իրան մատակարարվող հոսանքի գրաֆիկում։ Վերջին տարիներին հենց ամռան ամիսներին են գրանցվում մատակարարման հիմնական պիկերը։
Այս քանակը, սակայն, չի բավարարում հայկական կողմին։ Ու թեև տնտեսական իմաստով խոչընդոտներ չկան, խնդիրները այլ տեղերում են։
Նոր հաղորդագծեր
Նախ անվտանգության հարցը․ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ Ադրբեջանի բանակը թիրախավորել ու վնասել էր նաև Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը։ Ավելին, ադրբեջանցիները որոշ ժամանակ նաև խոչընդոտում էին այդ գծի վերականգնմանը, ինչի հետևանքով դեպի Իրան հոսանքի մատակարարումը խափանված էր։
Երկրորդը թողունակության հարցն է․ երկու կողմերն էլ հակված են մեծացնել փոխանակման ծավալները։ Դրա համար արդեն երկար տարիներ հայկական կողմում կառուցվում է նոր էլեկտրահաղորդման գիծ, սակայն շինարարության վերջնաժամկետները շարունակ հետաձգվում են։
Ավելին, միայն հաղորդման գծերը բավարար չեն, անհրաժեշտ են նաև ենթակայաններ։ Դրանցից «Նորավանի» կառուցումը նախատեսված է վերջացնել 2023-2024 թվականներին։ Բայց որպեսզի հաղորդագիծը կարողանա լիարժեք աշխատել, կարիք կլինի կառուցել, ավարտին հասցնել նաև «Դդմաշեն» ենթակայանը, ինչն էլ նախատեսված է իրականացնել 2025-2026 թվականներին (եթե, իհարկե, նոր ուշացումներ-ձգձգումներ չլինեն)։ Այդ պարագայում Հայաստանից Իրան և Հայաստանից Վրաստան հաղորդագծերի թողունակությունը կարող է բազմապատկվել։
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծրագրում ներկայացված այս սցենարներում դիտարկվում է, որ հայկական մեծ ու փոքր էլեկտրակայանների արտադրած ու երբեմն չպահանջված (ավելորդ) էլեկտրաէներգիան նույնպես պետք է արտահանվի հենց այս լրացուցիչ թողունակությունների շնորհիվ։
ՏԿԵ նախարարությունից «Ամփոփ Մեդիային» հայտնում են, որ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շրջանակներում իրականացվել է աշխատանքների 74 %-ը, Նորավան ենթակայանի դեպքում՝ 87 %-ը։
Իսկ «Դդմաշեն» ենթակայանը, որ առանցքային նշանակություն ունի Հայաստանից երկու ուղղությամբ հոսանքի տարանցումների հարցում, առայժմ գոյություն ունի միայն ծրագրերում։ Նախարարությունից հայտնել են, որ մրցութային գործընթաց են սկսել՝ շինարարության կապալառուներին ընտրելու համար։ Ընդ որում՝ դեռ հայտերի ստացման փուլն է, որը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի վերջին։
Հայաստան-Վրաստան
Եթե Իրանի դեպքում հայկական հոսանքի պահանջարկ կա, ապա Վրաստանի դեպքում հարցն ավելի բարդ է։ Բանն այն է, որ Վրաստանը ունի իր պահանջարկը գերազանցող էներգետիկ հզորություններ, բայց դրանց մեծ մասը հիդրոէլեկտրակայաններն են, ինչը իր հետ բերում է բարդություններ։
Բանն այն է, որ հիդրոէներգետիկայից մեծ կախվածությունը բերում է նրան, որ «ջրալի» սեզոններին Վրաստանում էլեկտրաէներգիան շատ է արտադրվում և էժան է լինում: Բայց «հակառակ» սեզոններին հակառակն է կատարվում։
«Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը բնութագրվում է սեզոնայնությամբ։ Դա ենթադրում է, որ ձմռանը Վրաստանին անհրաժեշտ է ներկրվող էլեկտրաէներգիա՝ իր տեղական էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է Վրաստանի Էրերգիայի և ջրի մատակարարման կարգավորող մարմնի շուկայի մոնիտորինգի ղեկավար Նիկոլոզ Սումբաձեն։
Հենց Վրաստանի սեզոնային էներգաարտադրությամբ է պայմանավորված այն, որ ջրառատ սեզոնին Հայաստանը էժան էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից։
Բայց Հայաստան-Վրաստան էներգետիկ առևտրում բալանսը փոփոխվում է։ Նախորդ տարիներին ավանդույթ էր ձևավորվել, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա էր ներմուծում հենց գարնան ամիսներին։
Իսկ 2021-ին Հայաստանը Վրաստանից էլ ավելի շատ հոսանք գնեց, երբ ամռանը Մեծամորի ատոմակայանը կանգնած էր նորոգման, իսկ Արցախի փոքր ՀԷԿ-երը պատերազմից հետո անցել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանի կողմից դեպի Վրաստան խոշոր մատակարարումները վերսկսվեցին 2022 թվականին, և այդ տարվա դրությամբ առևտրային բալանսը վերականգնված է, Հայաստանը շարունակում է արտահանող լինել։
Չնայած դրան՝ գրաֆիկից երևում է, որ Հայաստան-Վրաստան էներգետիկ առևտուրն էպիզոդիկ է։ Վրաց փորձագետ Նիկոլոզ Սումբաձեն իր հերթին Հայաստան-Վրաստան առևտրի էպիզոդային կարգավիճակը բացատրում է և՛ այս ավելցուկներով, և՛ ենթակառուցվածքների անբավարարությամբ։
«Վրացական էլեկտրաէներգետիկ համակարգը կապված է բոլոր հարևանների էլեկտրաէներգետիկ համակարգերի հետ, և Հայաստանը Վրաստանի համար կարևոր գործընկեր է էներգետիկ ոլորտում․ Հայաստանի օգնությամբ բավարարվում է վրացական էներգետիկ պահանջարկը ձմեռային ամիսներին», – նշում է վրաց փորձագետը և ավելացնում,- «չնայած նրան, որ Հայաստանի և Վրաստանի միջև էներգետիկ առևտուրն էպիզոդիկ է, երկու երկրներում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա ընդլայնել էլեկտրաէներգիայի առևտուրն, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի հաղորդման համակարգերի օպերատորների տեխնիկական փոխաջակցությունը՝ ցանցում կայունության ապահովման նպատակով»։
Միևնույն ժամանակ, նա նշում է, որ այս պայմաններում պետք է հաշվի առնել շուկայական հարցերը՝ ակնարկելով, որ նույնիսկ բավարար ենթակառուցվածքների դեպքում առևտրի մեծացումը կարող է չկայանալ այն պատճառով, որ Վրաստանն ունի և՛ սեփական հզորություններ, և՛ այլ հարևաններ, որոնք պատրաստ են էժան էլեկտրաէներգիա վաճառել։
Հայաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը նույն կարծիքին է և բացատրում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում կան էներգետիկ ավելցուկային հզորություններ, և Վրաստանն իր ավել արտադրած հոսանքը վաճառում է Թուրքիային։
Միջացգային ցանցը
Վրաստանը, սակայն, հոսանքի հարցում ոչ այնքան արտահանման վերջնական ուղղություն կարող է լինել Հայաստանի համար, որքան ավելի մեծ ցանցի գործարկման համար տարանցիկ երկիր։ 2015-2016 թվականներին այս համատեքստում ստորագրվել են Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև քառակողմ հուշագիրն ու Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ճանապարհային քարտեզը։
Հայաստանում սրա շուրջ կարծիքները տարամիտվում են։ Էներգետիկ հարցերով փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը նշում է, որ այդպիսի հաղորդագծերի կառուցումը սխալ է Հայաստանի համար։
«Էդ «Հյուսիս-հարավ միջանցք» անունը, որ դրել են, էներգետիկ տեսակետից սխալ բան է, որովհետև տարածքում էներգետիկ վիճակի փոփոխությունը չի բերելու այնպիսի փոփոխությունների, որ նոր կառուցվող 400 կիլովոլտ գծերով ինչ-որ էներգիայի փոխանակում ավելանա», – նշում է նախկին պաշտոնյան։
Նա օրինակ է բերում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնցով էլեկտրաէներգիայի փոխանակումը «մի ամիս լինում է, երեք ամիս չի լինում», փոխանակումը շատ փոքր ծավալ ունի և չի ծանրաբեռնում եղած գծերը։
Մոտակա մյուս հարևանների մասին Արզումանյանն ասում է՝ Ռուսաստանում էներգետիկ հզորությունների զգալի մասը չի աշխատում, քանի որ կարիքը չկա։ Իրանում մոտակա տարիներին ավելցուկ է առաջանալու, Թուրքիայում՝ նույնպես։
Տրամագծորեն այլ կարծիք ունեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ «Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան, նախարարությունից նշել են, որ այդ գծերի կառուցմամբ թիրախավորում են մի քանի ուղղություն․
- Սեզոնային փոխհոսքերի ընդլայնում,
- Արտահանման և ներմուծման ծավալների ավելացում,
- Տարանցման ծավալների ընդլայնում։
Վրաստանի կարգավորող մարմնի փորձագետ Նիկոլոզ Սումբաձեն այս հարցի վերաբերյալ նշում է, որ Վրաստանում նույնպես շահագրգռված են այս միջանցքի գործարկմամբ, քանի որ իրենց երկիրը դառնալու է նաև այս ուղղությամբ տրանզիտ իրականացնող։ [Ներկայումս Վրաստանն արդեն իսկ էլեկտրաէներգիայի հսկայական տրանզիտ է իրականացնում Ադրբեջանից Թուրքիա]։
«Տնտեսական տեսանկյունից այս ծրագրի իրականացումը ձեռնտու կլինի բոլոր երկրներին, քանի որ կնպաստի չորս երկրների միջև հոսանքի առևտրին։ Չնայած դրան՝ տարածաշրջանում անկայուն քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ քիչ հավանական է դրա իրականացումը մոտ ապագայում», – ամփոփում է վրացի փորձագետը։
Իրանցի փորձագետ Վալի Քալեջին նույնպես մատնանշում է այս միջանցքի օգտակարությունը բոլոր չորս երկրների համար և նույնպես հիշատակում է դրա կայացման ճանապարհին քաղաքական խոչընդոտների առկայությունը։
«Ներկայումս չորս երկրների միջև էլեկտրաէներգիայի հարցում համագործակցությունը երկկողմանի է։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների խզմանը, Վրաստանը ակնածանքով է լցված Ռուսաստանի հանդեպ. Վրաստանը նաև էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստան։ Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում նաև Իրան։ Հետևաբար, չորս երկրների միջև կարող է ձևավորվել ինտեգրված էլեկտրացանց։ Սա պահանջում է չորս երկրների քաղաքական կամքը բարձր մակարդակներում և տեխնիկական համակարգումը միջին մակարդակներում», – նշում է մասնագետը։
Քալեջին օրինակով բացատրում է, որ ի տարբերություն գազի հարցում համագործակցության, որին Ռուսաստանը խանդով է մոտենում, էլեկտրաէներգիայի հարցում համագործակցությունն ավելի հեշտ է կազմակերպել, այն նվազ զգայուն է այդ տեսանկյունից։
Հայաստանի ՏԿԵ նախարարությունից էլ պնդում են, որ էներգետիկ միջանցքի մասով ներկայումս տեխնիկական փորձագետները շարունակում են քննարկումները։
Ավելին, ըստ նախարարության՝ Հայաստանը հետաքրքրված է ոչ միայն այս ծրագրով, այլև Սև ծովի հատակով դեպի Եվրոպա մալուխի անցկացումով, որը, նախարարության պնդմամբ, հնարավորություն կտա Հայաստանում արտադրվող կանաչ էլեկտրաէներգիան հասցնել Եվրոպա։
Ինչ վերաբերում է հարևաններին, նախարարությունից նշում են, որ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծերի և ենթակայանների շինարարության համար հայտարարվել են կապալառուների ընտրության մրցույթներ։ Իսկ Հայաստան-Իրան նոր գծի դեպքում Նորավան ենթակայանի կառուցման աշխատանքը կատարված է 87 %-ով, էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ 74 %-ով։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Տվյալների մշակումն, գրաֆիկները և լուսանկարները՝ հեղինակի
Թեմային առնչվող այլ հոդվածներ՝
- «Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար
- Հայաստան-Իրան առևտրի պոտենցիալն ու մշտական խոչընդոտները
- Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններ
- Նոր ատոմակայան, բարդ ընտրություն․ էֆեկտիվությո՞ւն, թե՞ էներգետիկ անկախություն
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/08/2023