Կրթություն

Երաժիշտը` խրամատից․ Լեոյի պայքարը շարունակվում է այլ առաջնագծում

«44»․ այսպես է Լեո Բաղդասարյանը վերնագրել պատերազմի ընթացքում տեսածն ու զգացածն ամփոփող երաժշտական գործը։ Ասում է՝ երաժշտությունը բառերի վերածել չի փորձել ու համոզված է՝ չի էլ կարող։ Պատերազմի դաշտում ունեցած ապրումները երաժշտության մեջ խտացնելու համար Լեոյից մի քանի օր է պահանջվել։ Խոստովանում է՝ ամենազգացմունքային ու անկեղծ գործն է ստացվել։

«Սովորաբար, զգացմունքի վրա հիմնված գործերս հետո շտկում եմ, ինչ-որ բաներ փոխում եմ, այս դեպքում ոչինչ չեմ փոխել։ Կարող եմ ասել, որ «44»-ը լավագույնն է իմ բոլոր գործերից»։

Լեոն մասնագիտությամբ երաժիշտ է, բանակում էլ որպես երաժիշտ էր ծառայում։ 12 հոգով զորամասից զորամաս շրջում էին, տղաներին օգնում չկտրվել մշակույթից։ Այդպես՝ մինչև սեպտեմբերի 27-ը։

Շարունակությունն ընթերցեք՝ միացնելով Լեոյի ստեղծագործությունը

Երբ պատերազմը սկսվեց, Լեոն մեկ տարվա ծառայող էր․․․

«Դիրքեր բարձրացանք սեպտեմբերի 28-ին․ դա ամենածանր օրն էր երևի, քանի որ չէինք պատկերացնում, որ օդից, այն էլ այդքան մոտ տարածության վրա, կարող էին նման ինտենսիվությամբ կրակ թափել մեզ վրա։ 28-ի գիշերը՝ մինչև լուսաբաց, անդադար հրետակոծել են մեր դիրքը։ Հաջորդ օրն արդեն սովորական էր դարձել» [ժպտում է,- հեղ

Գլխավերևում չդադարող հրավառություն էր, իսկ ներքևում տղաներն անհնարինն էին անում։ Լեոն պատմում է, որ նույն խրամատում զինվորների կողքին էր գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Կորյուն Սերգոյանը, որ անձնուրաց պայքարի սեփական օրինակով ոգեշնչում էր տղաներին․․․

Սերգոյանը զինվորների հետ հայրենասիրական թեմաներով հաճախ էր զրուցում․ Լեոն հրամանատարի հետ զրույցից մի դրվագ է հիշում։

«2020թ․ սկիզբն էր։ Չեմ հիշում՝ զրույցն ինչից սկսվեց, մեկ էլ պարոն Սերգոյանը թե՝ մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչով է ընդհանրապես զբաղվում, անհրաժեշտության դեպքում պետք է զինվոր դառնա։ Այդ պահին մի պատմություն հիշեցի․ երբ պարողին հարցնում են, թե ինչ է անելու, երբ պատերազմ սկսվի, պատասխանում է՝ պարելու եմ։ Հաջորդ հարցին՝ որտե՞ղ ես պարելու, հնչում է պատասխան՝ հողի վրա։ Նորից հարց՝ իսկ ի՞նչ է այդ հողի անունը, պատասխան՝ Հայրենիք։ Վերջին հարցը՝ իսկ եթե մի օր Հայրենիքդ չլինի, որտե՞ղ ես պարելու, անպատասխան է մնում․․․Սերգոյանը լուռ լսեց, հետո ժպտաց․․․ Հուսով եմ՝ զգացել էր, որ գիտակցում եմ զինվոր լինելու կարևորությունը»։

Իր ցանած բերքի պտուղները հրամանատարը չհասցրեց տեսնել։ Հոկտեմբերի սկզբին Կորյուն Սերգոյանը զոհվել է՝ հասցնելով բազմաթիվ կյանքեր փրկել։

Լեոն խոսոտվանում է՝ հրամանատարի կերպարը պատերազմից հետո է սկսել ճիշտ ընկալել․ «Հրամանատարը խաղաղ ժամանակ չի ասում, թե հանուն քեզ ինչ կանի, բայց մարտի ժամանակ զինվորը տեսնում է նրա անձնազոհությունը։ Նրանց հրամանները, որոնք ժամանակին չէինք հասկանում, մարտի դաշտում ենք հասկացել։ Հավատացեք, որ Սերգոյանի պես զինվորի արժեքն իմացող հրամանատարները շատ են»։

Պատերազմը, լակմուսի թղթի նման, մարդկանց արժեքային համակարգն է բացահայտել։

Ինչպես Սերգոյանին, այնպես էլ զինակից ընկերներից շատերին Լեոն իրապես ճանաչել է հենց խրամատում։ Իր ու Գևորգի մտերմությունը ևս պատերազմի օրերին է ծնվել․

«Պատերազմի առաջին օրը, երբ պատրաստվում էինք բարձրանալ դիրքեր, նկատեցի, որ վերարկուս չեմ վերցրել։ Քանի որ փաստաթղթերս վերարկուիս գրպանում էին, անհանգստացած ասացի՝ վերարկուս չկա։ Գևորգը, որ մի քանի օր էր, ինչ զորակոչվել էր բանակ ու անգամ անունս չգիտեր, առանց դեմքիս նայելու՝ հանեց վերարկուն ու մեկնեց ինձ․․․ Անմիջապես մտերմություն զգացի» [ժպտում է,- հեղ․

Լեոն և Գևորգը (աջից) առաջնագծում

25 օր՝ դիրքերում․ ինտենսիվ հրետակոծություն, սուրճ ու հումոր

«Համեմատաբար հանգիստ էր, սուրճի բաժակները լցրեցինք՝ էն հույսով, որ մի 10 րոպե վերևից չեն հարվածի [ժպտում է], մեկ էլ սկսեցին․․․ Տղաներից մեկը շատ հանգիստ թե՝ մի քիչ մարդ եղեք, էլի, տեսնում եք՝ սուրճ ենք խմում․․․Երևի մեր հումորները երբեմն նյարդայնացնում էին նրանց [նկատի ունի թշնամուն,- հեղ․]։ Ճիշտ է, մենք ավելի բարձր տեղ էինք դիրքավորված, բայց մեր ու նրանց դիրքերը բավականին մոտ էին»։

Լեոյենց գունդը հոկտեմբերի երկրորդ կեսին հայտնվել էր շրջափակման մեջ։ Շրջափակումից դուրս գալուց հետո են իմացել, որ իրենց թիկունքում գտնվող դիրքերն արդեն երկու շաբաթ է՝ թշնամու տիրապետության տակ են։ «Անգամ չգիտեինք, որ շրջափակման մեջ ենք։ Օրեր անց ենք հասկացել, թե ինչն ինչոց է»,- դառը ժպիտով նկատում է Լեոն։

Ոչ շրջափակումից դուրս գալու ժամանակ, ոչ էլ նախորդած ավելի քան 25 օրերին առաջնագծում գտնվող վաշտը շատ զոհ չի տվել։ Վաշտի ողնաշարը նոյեմբերի 9-ին է կոտրվել։ Այդ օրը տեղի ունեցածի, ընկերների սխրանքների մասին Լեոյին ծառայակիցներն են պատմել․ ինքն այդ ժամանակ ձեռքից վիրավոր էր ու գտնվում էր հիվանդանոցում։

Զինակից ընկերներով հավաքվելիս ամեն անգամ նահատակված ընկերներին հիշում են, ցիտում, բայց որոշել են էմոցիաներին չտրվել, փոխարենը՝ սահմանել նպատակներ ու շարժվել առաջ։

Լեոն զգում է՝ պատերազմից հետո շատ երևույթների ընկալումն է փոխվել․ երաժշտության հանդեպ սերն այն եզակիներից է, որ անփոփոխ է մնացել։

«Դիրքերում մի անգամ երաժշտություն լսեցինք։ Տղաներից մեկին չգիտեմ՝ ինչպես, բայց հաջողվեց այդ հնարավորությունը ստեղծել։ Անկեղծ ասած, մինչ այդ չգիտեի, որ երաժշտությունը կարող է մոռացնել տալ սովը, ծարավը, անգամ հոգնածությունը։ Բայց այդպես էլ եղավ։ Ու թեկուզ մինչ պատերազմն էլ էի զգում, որ իմը երաժշտությունն է, բայց հատկապես պատերազմից հետո հասկացա, որ ամենամեծ դավաճանությունը կլինի, եթե մի օր թողնեմ այն»։

Հիմա արդեն սեփական ստուդիայում է Լեոն ստեղծագործում։ Չի բացառում, որ պատերազմի մոտիվներով էլի գործեր կլինեն, բայց հիմա ավելի շատ հասարակության մոտ պակասող անկեղծության, անշահախնդրության ու հայրենակցին կարեկից լինելու մասին է մտածում։ Այստեղ էլ, ըստ նրա, արժեքային պատերազմ է, որը պետք է կարողանանք հաղթել՝ թշնամու դեմ պայքարում հաջողելու համար։

Զրույցի վերջում հայտնի ֆիլմից սիրված դերասաններ Մորգան Ֆրիմանի ու Ջեկ Նիկոլսոնի երկխոսությունն է հիշում, որն օգնում է հասկանալ մարդու ապրած կյանքի կշիռը․

– Իսկ դու գտե՞լ ես ուրախություն քո կյանքում։

– Այո։

– Իսկ քո ապրած կյանքով ուրախություն պարգևե՞լ ես ուրիշներին։

– ․․․

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները՝ Լեոյի անձնական արխիվից

#դասերպատերազմից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/11/2021