Սոցիալական

Փոխնախարար․ ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիները ինչպես դիմեն ժամանակավոր զբաղվածության ծրագրերին

Մեկնարկել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիների ժամանակավոր զբաղվածության երկու ծրագիր՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»։ Այդ ծրագրերի շուրջ «Ամփոփ մեդիան» զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ։

Հարց․ Պարոն Սարգսյան, փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերը ե՞րբ են մեկնարկել ու ովքե՞ր կարող են դառնալ շահառու։

Պատասխան․ Ծրագրերն ու դրանց իրականացման ընթացակարգերը հաստատվել են անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Այս՝ 2021թ. հունվարի 8-ին արդեն Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններն սկսել են դիմումների ընդունումը։ Երկու ծրագրերն էլ գործում են ՀՀ բոլոր մարզերում ու Երևանում։

Շահառու կարող են դառնալ պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում փաստացի գտնվող Արցախի հաշվառում ունեցող այն քաղաքացիները, որոնց բնակավայրերը դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից։ Ծրագրերին դիմել կարող են նաև այն արցախցիները, որոնց բնակավայրերն Արցախի վերահսկողության տակ են, բայց տները պատերազմի ընթացքում ավերվել են։ Երկու ծրագրերի դեպքում էլ շահառուն կարող է առցանց կամ առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության տարածքային կենտրոն [ Առցանց դիմումի համար սեղմել ԱՅՍՏԵՂ]


Ինչպե՞ս ներկայացնել դիմում

  • Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում՝ e-request.am-ում լրացնել առցանց դիմում,
  • կամ Զբաղվածության տարածքային գործակալության employment.am կայքի «Կապը մեզ հետ» բաժնում գտնել մարզային կենտրոնի կոնտակտային հասցեն և ներկայացնել դիմում, 
  • կամ առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության տարածքային գործակալություն,
  • կամ առցանց դիմում ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին

Հարց․ Արցախում հաշվառված և պատերազմի հետևանքով տունը կորցրած քաղաքացին ո՞ր դեպքում չի կարող դառնալ շահառու։

Պատասխան․ Ծրագրերի վերոնշյալ պայմաններին համապատասխանող, բայց արդեն իսկ աշխատանքով ապահովված քաղաքացիները շահառու չեն հանդիսանում։ Շահառու չեն կարող դառնալ նաև ուսանողները, քանի որ ուսանողը հանդիսանում է զբաղվածություն ունեցող անձ։ Տարիքային, սեռային կամ այլ սահմանափակում չկա։ Ծրագրի բոլոր պայմաններին համապատասխանող ցանկացած շահառու կարող է դիմել այն ծրագրին, որը նախընտրում է։ Նաև հնարավորություն ենք ընձեռել միաժամանակ երկու ծրագրերին դիմելու։

Հ․ Ի՞նչ մեխանիզմներով եք վերահսկելու, որ սահմանված պայմաններին չհամապատասխանող դիմումատուները ծրագրի շահառու չդառնան։

Պ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող արցախցիների տվյալների որոշակի բազա։ Բացի այդ, ակտիվ համագործակցում ենք ՀՀ -ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի, Արցախի համապատասխան պետական մարմինների հետ և անհրաժեշտության դեպքում՝ համադրում մեր և իրենց ունեցած տվյալները։ Տվյալների կրկնակի ստուգմամբ եթե պարզվում է, որ դիմումատուն իրոք չի աշխատում, ապա ներգրավվում է այն ծրագրում, որի համար դիմել է։ Այս եղանակով հնարավոր կլինի 98% դեպքերում բացառել պայմաններին չհամապատասխանող քաղաքացիների ներգրավումը ծրագրերում։

Հ․ Ինչպե՞ս է իրականացվել պոտենցիալ շահառուների կարիքների գնահատումը. Ծրագրերից որևէ մեկի համար սահմանվա՞ծ է, արդյոք, շահառուների առավելագույն թիվ։

Պ․ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող արցախցիների կարիքները գնահատվել են մի քանի մեթոդներով. Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն այցելել են այն կեցության վայրերը, որտեղ հիմնականում տեղավորվել էին արցախցիները (հյուրանոցներ, հյուրատներ) և հարցումների միջոցով պարզել նրանց մասնագիտական կրթությունը, աշխատանքային փորձը, նախասիրությունները և այլն։ Ըստ այդմ՝ կանխատեսվել է, որ երկու ծրագրերի շահառուների մոտավոր թիվը կլինի 2000։ Նույն արդյունքն ենք ստացել նաև, երբ արցախցիների կարիքները փորձել ենք գնահատել մաթեմատիկական մոդելավորման միջոցով՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների մասին մեր ունեցած վիճակագրական տվյալների հիման վրա։

Շահառուների հնարավոր թիվը պատկերացնելուն օգնել են նաև ինֆորմացիայի երկրորդային աղբյուրները. որպես այդպիսիք՝ հանդիսացել են նախարարության տարբեր բաժիններ ստացված դիմում-նամակները։

Ոչ մի ծրագրի համար շահառուների թվի սահմանափակում չկա, բայց կան թիրախային խմբեր։

Ոչ մի ծրագրի համար շահառուների թվի սահմանափակում չկա։ Ուղղակի կան թիրախային խմբեր։ Օրինակ, եթե նույն աշխատանքի համար լինի 2 դիմում, ապա առաջնահերթությունը կտրվի թիրախային խմբի շահառուին։ Առայժմ փորձում ենք լուծել բոլոր դիմումատուների ժամանակավոր զբաղվածության հարցը։


Ծրագրում ընտրվելու առաջնահերթությունը տրվում է այն անձին՝ 

  • ում ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) զոհվել է 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում
  • ում ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս
  • ում ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք):

Հ․ Կխնդրեմ նշել վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտներն ու աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագրով առաջարկվող մասնագիտությունները։ Ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվել դրանք։

Պ․ Մասնագիտության ընտրության հարցում սահմանափակում չկա։ Աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագրին դիմած շահառուն հնարավորություն ունի դիմումի մեջ մի քանի մասնագիտություն նշել։ Սա ողջունելի է այն առումով, որ շահառուի նախընտրած առաջին մասնագիտությամբ, հնարավոր է, աշխատանքի առաջարկ որևէ գործատուից չստանանք։ Այդ դեպքում կդիտարվեն աշխատանքի հնարավորության երկրորդ, երրորդ տարբերակները։

Գործատուները հիմնականում սպասարկման, արտադրական ոլորտի ընկերություններ են։ Հասարակական աշխատանքների դեպքում մարզպետարանները հայտ են ներկայացնում, որտեղ նշված է լինում, թե ինչ աշխատանքներ կան, ինչ ժամանակահատվածում պետք է իրականացվեն ու մոտավորապես քանի աշխատող է անհրաժեշտ։ Հիմնականում վերանորոգման, շինարարության ու ձնմաքրման աշխատանքներն են դրանք։

Հ․ Դիմում ներկայացնելուց հետո ի՞նչ ժամանակահատվածում է շահառուն հրավիրվում աշխատանքի։ Եթե առաջարկը հարմար չի լինում, նա շարունակո՞ւմ է մնալ ծրագրի շահառու։

Պ․ Հստակ ժամանակ չկա. կախված է, թե համապատասխան աշխատանքի առաջարկ երբ կլինի։ Աշխատում ենք, որ առաջարկվող աշխատանքը հնարավորինս մոտ լինի շահառուի բնակության վայրին, որպեսզի հավելյալ ծախսերից խուսափի։ Իսկ առաջարկների մասով սահմանափակում չկա։ Եթե առաջարկված աշխատանքը հարմար չի լինում, ապա աշխատանքի այլ առաջարկներ են արվում։

Հ․ Գործազուրկ արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերն ի՞նչ կապ ունեն ՀՀ-ում հաշվառված քաղաքացիների զբաղվածության ծրագրերի հետ։

Պ․ Դրանք առանձին ծրագրեր են։ ՀՀ քաղաքացիների համար այժմ էլ զբաղվածության 13 ծրագիր է գործում, ինչպես նախկինում էր։ Սակայն, այդ ծրագրերին դիմելու ընթացակարգերը նույնպես պարզեցվում են։ Նախարարությունը որդեգրել է դրանք մատչելի դարձնելու մոտեցում, որպեսզի ծրագրերին դիմել ցանկացող քաղաքացիներն ու գործատուները խուսափեն թղթաբանական քաշքշուկներից։ Նաև աշխատում ենք մարդկանց ավելի կայուն աշխատանքով ապահովելու ուղղությամբ. Այսինքն՝ փորձում ենք նրանց օգնել ժամանակավոր զբաղվածության արդյունքում ձեռքբերած հմտությունների շնորհիվ անցնել երկարատև աշխատանքի։

Հ․ Մեկնարկած ծրագրերը բացի ժամանակավոր եկամուտ ապահովելուց, ի՞նչ արդյունք կարող են տալ։ Դրանք, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս կարող են ազդել արցախցիների Արցախ վերադարձի վրա։

Պ․ Նախ ասեմ՝ Արցախ վերադառնալու գործընթացի վրա բացասաբար հաստատ չեն ազդի։ Երկու ծրագրերն էլ կարճաժամկետ են հենց այն պատճառով, որ բնակարանային խնդիրը լուծվելուն պես մարդիկ վերադառնան Արցախ։ Արցախի մեր գործընկերների հետ քննարկում ենք Արցախում ևս զբաղվածության ծրագրեր իրականացնելու հարցը։
Ինչ վերաբերում է զբաղվածության ծրագրերի կարևորությանը. երկար ժամանակ չաշխատելն ու նպաստ ստանալը մարդու հոգեբանության վրա բացասաբար է ազդում։ Այսինքն՝ այս ծրագրերով ֆինանսականից բացի, այլ խնդիրներ ենք փորձում լուծել. 1) խրախուսել աշխատանքը և նպաստել, որ մարդկանց աշխատունակությունը չընկնի, 2) կոլեկտիվում շփվելու հնարավորություն ստեղծել պատերազմի միջով անցած մարդկանց համար և օգնել հաղթահարել սոցիալ-հոգեբանական մի շարք խնդիրներ։

Հարցազրույցը՝ Լիլիթ Պողոսյանի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/01/2021