Միջազգային

Բացատրիր ինչ է բիթքոինը` ասես 5 տարեկան եմ

Եթե դեռ չես կարողանում գլուխ հանել բիթքոինից …

Մենք նստած ենք այգու նստարանին: Շատ լավ օր է:

Ես մեկ խնձոր ունեմ: Այն տալիս եմ քեզ:

Այժմ դու ունես մեկ խնձոր, իսկ ես` զրո:

Պարզ էր, չէ՞:

Արի ուշադրություն դարձնենք, թե ինչ տեղի ունեցավ:

Իմ խնձորը ֆիզիկապես տվեցի քեզ:

Դու գիտես, որ դա այդպես է: Ես էլ էի այնտեղ, դու էլ: Դու վերցրիր այն:

Մենք կարիք չունեինք երրորդ անձի, որպեսզի նա օգներ մեզ՝ կազմակերպելու խնձորի տեղափոխությունը:

Կարիք չկար Միսակ քեռուն (ով հայտնի դատավոր է) մեզ հետ նստեցնել նստարանին, որպեսզի նա հաստատեր, որ խնձորը իմ ձեռքից քո ձեռքն անցավ:

Այժմ խնձորը քոնն է: Ես չեմ կարող քեզ եւս մեկ խնձոր տալ, որովհետև այլեւս չունեմ: Ես այն վերահսկել չեմ կարող: Այն այլեւս ինձ չի պատկանում:  Այժմ դու կարող ես լիարժեք կերպով տնօրինել այդ խնձորը: Կարող ես փոխանցել քո ընկերոջը, եթե ուզում ես, իսկ ընկերդ էլ՝ իր ընկերոջը: Եվ այդպես շարունակ:

Ահա, թե ինչպիսին է մարդկանց միջեւ փոխանակումը: Նույնը կարելի է ասել, եթե ես քեզ բանան, գիրք, կամ ասենք մեկ քառորդ կամ մեկ դոլարի հաշիվ տամ….

Բայց, սպասիր, առաջ եմ ընկնում:

Վերադառնանք խնձորներին

 

Այժմ, ենթադրենք, ես ունեմ մեկ թվային խնձոր: Ես քեզ կտամ իմ թվային խնձորը:

Օ՜հ, հիմա ավելի հետաքրքիր է:

Ինչպե՞ս իմանաս, որ այդ թվային խնձորը, որն իմն էր, հիմա քոնն է եւ միայն քոնը:

Մի պահ մտածիր այդ մասին:

Սա ավելի բարդ է, չէ՞: Ինչպե՞ս իմանաս, որ ես այդ խնձորը չեմ կցել էլնամակին եւ նախ ուղարկել քեռի Միսակին, կամ քո ընկեր Արմանին կամ էլ իմ ընկեր Սաթիկին:

Գուցե համակարգչումս այդ թվային խնձորից մի քանի օրինակ եմ արել: Իսկ միգուցե ես այն տեղադրել եմ համացանցում, եւ մեկ միլիոն մարդ ներբեռնել է այն:

Ինչպես տեսնում ես, թվային փոխանակումը մի քիչ գլխացավանք է: Թվային խնձոր փոխանցելը առձեռն խնձոր փոխանցելու նման չէ:

Իրականում որոշ հնարամիտ ծրագրավորողներ այս խնդիրն այսպես են կոչում՝ կրկնակի ծախսման խնդիր: Բայց դրանից մի մտահոգվիր: Միայն իմացիր, որ սա շփոթության մեջ է գցել նրանց, եւ նրանք մինչեւ հիմա դրա լուծումը չեն գտել:

Բայց արի փորձենք մեր լուծման շուրջ մտածել:

Գրանցամատյաններ

Գուցե թվային խնձորները պետք է փնտրվեն որեւէ  գրանցամատյանում: Սա, ըստ էության, գրքույկ է, որտեղ հնարավոր է հետեւել բոլոր գործարքներին, այսինքն, հաշվապահական գրքույկ է:

Քանի որ սա թվային գրանցամատյան է, ապա պետք է գտնվի իրեն հատուկ աշխարհում եւ ունենա պատասխանատու անձ:

Ինչպես օրինակ, «Բլիզարդի» World of Warcraft խաղը: Տղաները, ովքեր ստեղծել են այս առցանց խաղը, ունեն «թվային գրանցամատյան» իրենց համակարգում առկա բոլոր հազվադեպ բոցավառվող կրակակիրների մասին: Հրաշալի է, նրանց նման մեկն էլ կարող է հետեւել մեր թվային խնձորներին: Այնպես որ, մենք լուծեցինք մեր առջեւ դրված խնդիրը:

Խնդիրներ

Թեեւ մի խնդիր էլ կա.

1) Իսկ ինչ, եթե «Բլիզարդի» տղաներից մեկն ավելի շատ խնձորներ ստեղծի: Երբ ուզի,  ուղղակի մի քանի թվային խնձոր ավելացնի իր հաշվեկշռին:

2) Սա բոլորովին նման չէ այն գործարքին, որն արեցինք այգում՝ նստարանին նստած: Այն ժամանակ միայն ես ու դու էինք:  «Բլիզարդի» միջամտությունը նույնն է, ինչ քեռի Միսակին (երրորդ կողմ) դատարանից մեզ մոտ հասցնելը (նշել էի, չէ՞, որ նա հայտնի դատավոր է)՝ ներկա գտնվելու այգու նստարանին կատարվող մեր բոլոր գործարքներին: Ինչպե՞ս կարող եմ քեզ փոխանցել իմ թվային խնձորը քեզ արդեն հայտնի ճանապարհով:

Կա՞ արդյոք մեր զբոսայգու նստարանի՝ միայն «ես եւ դու» գործարքը նույնությամբ թվայնացնելու տարբերակ: Թվում է՝ բարդ է …

Լուծում

Իսկ ի՞նչ, եթե մենք այս գրանցամատյանը հասանելի դարձնենք բոլորին: Այսինքն, միայն «Բլիզարդի» համակարգչում լինելու փոխարեն, այն գտնվի բոլորի համակարգիչներում: Այս պարագայում, թվային խնձորների հետ երբեւէ կատարվող բոլոր գործարքները կգրանցվեն այստեղ:

Եվ նրան հնարավոր չի լինի խաբել: Ես չեմ կարող քեզ ուղարկել թվային խնձորներ, որոնք չունեմ, որովհետեւ այդ դեպքում համակարգի բոլոր անդամների մոտ անհամապատասխանություն կառաջանա: Սա կլինի մի կուռ համակարգ, որը շրջանցելն անհնար կլինի, հատկապես, եթե իսկապես ընդլայնվի:

Բացի այդ, այն չի վերահսկվում միայն մեկ անձի կողմից, ուստի գիտեմ, որ չկա մեկը, ով ուղղակի կարող է որոշել ինքն իրեն ավելի շատ թվային խնձորներ հատկացնել: Համակարգի կանոններն արդեն իսկ սահմանվել են սկզբում: Եվ այդ կանոնները բաց աղբյուրներն են, որոնք, իմիջիայլոց, նման են մայրիկիդ Android հեռախոսում օգտագործվող ծրագրային ապահովմանը կամ Վիքիպեդիային, որտեղ խելացի մարդիկ իրենց ներդրումն են ունենում, պահպանում, բարելավում եւ վերահսկում են այն:

Դու նույնպես կարող ես քո մասնակցությունն ունենալ այս ցանցում եւ թարմացնել այդ գրանցամատյանը ու համոզված լինել, որ ամեն բան ստուգված է: Իսկ աշխատանքիդ դիմաց, որպես փոխհատուցում, ստանալ 25 թվային խնձոր: Ըստ էության, սա այս համակարգում թվային խնձորներ ձեռք բերելու միակ ճանապարհն է:

Միգուցե չափից շատ պարզեցրի

…սակայն համակարգը, որը բացատրում էի, իսկապես գոյություն ունի: Այն կոչվում է Բիթքոինի արձանագրություն, իսկ նշածս թվային խնձորները համակարգի «բիթքոիներն» են: Ֆանտաստի՜կ է:

Եվ այսպես, տեսա՞ր թե ինչ տեղի ունեցավ: Ինչպիսի՞ հնարավորություն ընձեռեց հանրային գրանցամատյանը:

1) Այն բաց աղբյուր էր, հիշո՞ւմ ես: Խնձորների ընդհանուր քանակն ի սկզբանե սահմանված էր հանրային գրանցամատյանում: Ես գիտեմ, որ գոյություն ունի կոնկրետ քանակություն: Գիտեմ, որ համակարգի ներսում դրանք սահմանափակ են (քիչ են):

2) Երբ փոխանակում եմ անում, գիտեմ, որ թվային խնձորը վստահաբար այլեւս իմը չէ եւ այն արդեն ամբողջովին քեզ է պատկանում: Մի ժամանակ, ես չէի կարող նման բան ասել թվային երեւույթների մասին:  Այն կթարմացվի եւ կհաստատվի հանրային գրանցամատյանի կողմից:

3) Քանի որ սա հանրային գրանցամատյան է, ես քեռի Միսակի (որպես երրորդ կողմ) կարիքը չունեի համոզվելու համար, որ չեմ խաբում, ինքս ինձ համար մի քանի լրացուցիչ օրինակ չեմ անում կամ նույն խնձորները երկու կամ երեք անգամ չեմ ուղարկում:

Համակարգում թվային խնձորի փոխանակումն արվում է ճիշտ նույնկերպ, ինչպես որ ֆիզիկական փոխանակման դեպքում: Այժմ այն նույնքան ակնառու է, որքան որ ֆիզիկական խնձորը իմ ձեռքից քո գրպանն անցնելու գործընթացը: Եվ այգու նստարանին նստած լինելու պես այս փոխանակմանը եւս մասնակցեցին ընդամենը երկու մարդ՝ ես եւ դու, եւ կարիք չկար, որ քեռի Միսակը ներկա լիներ այն վավերացնելու համար:

Այլ կերպ ասած, թվային խնձորն իրեն ֆիզիկական առարկայի նման է դրսեւորում:

Բայց գիտե՞ս լավն ինչն է: Որ այն միեւնույնն է թվային է: Այժմ կարող ենք 1000 կամ 1,000,000 կամ նույնիսկ 0.0000001 խնձորի գործարք անել: Ես դրանք կարող եմ ուղարկել եւ կրկին գցել քո թվային գրպանը ընդամենը մեկ քլիքով, եթե նույնիսկ գտնվելիս լինեմ Նիկարագուայում, իսկ դու՝ Նյու Յորքում:

Ի թիվս թվային խնձորների, կարող եմ անգամ այլ թվային բաներ էլ փոխանակել: Ի վերջո այն թվայի՜ն է:

Միգուցե կարող եմ ինչ-որ տեքստ կցել՝ էլեկտրոնային ծանուցում, կամ գուցե ավելի կարեւոր փաստաթուղթ՝ ինչպես օրինակ, պայմանագիր կամ ֆոնդային վկայագիր կամ ID քարտ…

Այնպես որ հրաշալի՜ է: Ինչպե՞ս պետք է վարվենք կամ գնահատենք այս «թվային խնձորները»: Նրանք շատ օգտակար են, այնպես չէ՞:

Շատերն են վիճում այս խնդրի շուրջ: Բանավիճում են տնտեսագետները, քաղաքագետներն ու ծրագրավորողները:  Թեեւ պետք չէ լսել նրանց՝ բոլորին: Նրանցից ոմանք խելացի են, ոմանք ապատեղեկացված:  Ոմանք ասում են, որ համակարգը շատ լավն է, մյուսներն էլ՝ թե, իրականում զրո է: Որոշներն էլ հստակ արժեք են վերագրում՝ մեկ խնձորն արժե 1300 դոլար: Ոմանք այն համարում են թվային ոսկի, ոմանք էլ՝ արժույթ, ոմանք ուղղակի ուշագրավ երեւույթ: Որոշ մարդկանց կարծիքով այն կփոխի աշխարհը, ոմանց կարծիքով էլ՝ ուղղակի ֆանտազիա է:

Ես էլ իմ կարծիքն ունեմ այս մասին:

Բայց սա արդեն մի ուրիշ պատմություն է: Ինչեւէ, դու արդեն բիթքոինի մասին շատ ավելին գիտես, քան ուրիշները:

Կարդացեք նաեւ`

Բիթքոին եւ բլոկչեյն. Bloomberg

Հեղինակ՝ Նիք Քասթոդիոն

Սկզբնաղբյուր՝ FreeCodeCamp

Թարգմանիչ՝  Կարինե Դարբինյան

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Սույն նյութի թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Ampop.am պարբերականի նյութերն ու վիզուալ պատկերներն արտատպելիս՝ պարտադիր է պատշաճ հղումը սույն կայքին։

Փորձագետի կարծիք



Հեղինակ՝ Նիք Քասթոդիոն

Սկզբնաղբյուր՝ FreeCodeCamp

Թարգմանիչ՝  Կարինե Դարբինյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Սույն նյութի թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Ampop.am պարբերականի նյութերն ու վիզուալ պատկերներն արտատպելիս՝ պարտադիր է պատշաճ հղումը սույն կայքին։


Հրապարակվել է` 09/10/2017