Հայաստանի աղբավայրերում արագ տեմպերով ավելանում է թափոնների ծավալը՝ համայնքային մարմիններին ստիպելով բախվել նոր տարածքներ հատկացնելու բարդ խնդրին:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում թափոնների աճի հիմնական պատճառը կենցաղային կոշտ աղբին ավելացած փաթեթավորման և մեկանգամյա օգտագործման ապրանքներից առաջացած թափոններն են, որոնք կազմում են համայնքային աղբի ընդհանուր ծավալի շուրջ 40%-ը՝ կրկնապատկելով աղբահանության բեռը:
Հայաստանում մինչ օրս գործող և խորհրդային ժամանակներից ժառանգված թափոնների կառավարման մոդելը ժամանակավրեպ է: Մինչդեռ թափոնների ծավալների ու կազմի փոփոխությունը պահանջում է ժամանակակից մոտեցումներ՝ նվազեցնելու շրջակա միջավայրին հասցվող վնասը:
«Ամփոփ Մեդիան» սույն նյութով ներկայացնում է Հայաստանում թափոնների ճգնաժամային և անվերահսկելի վիճակն ու վիճակագրությունը, ինչպես նաև դրա լուծման ուղիները՝ հիմնված միջազգային փորձի վրա:
Իրավիճակ
Ամեն օր մթերային կամ տնտեսական խանութներից գնված ապրանքների հետ սպառողը տուն է բերում պլաստիկե և ապակե տարաներ, թղթե կամ պոլիէթիլենային տոպրակներ, ալյումինե ամաններ ու կափարիչներ, որոնք, սակայն, ապրանքների սպառումից հետո, հիմնականում հայտնվում են աղբանոցում՝ միախառնված կենցաղային կոշտ թափոնների հետ: Մինչդեռ դրանք կարող էին տեսակավորվել սպառողի կողմից և ուղարկվել վերամշակման:
Երբ քաղաքային աղբավայրերում կենցաղային կոշտ թափոնները (սննդի մնացորդներ, օրգանական նյութեր) խառնվում են վերամշակման ենթակա նյութերին (պլաստիկ, թուղթ, ապակի, մետաղ), առաջանում են բնապահպանական, տնտեսական և սոցիալական խնդիրներ: Հայաստանում, բացի վերոնշյալից, աղբավայրերում հայտնվում են նաև վտանգավոր թափոններ՝ սնդիկով ջերմաչափեր, տակդիրներ, ներքնակներ, անվադողեր, մարտկոցներ, լյումինեսցենտային լամպեր և էլեկտրոնային սարքավորումներ:
Միայն Երևանում մեկ բնակչի հաշվով տարեկան առաջանում է մոտ 230 կգ թափոն, ինչը բնակչության հաշվով կազմում է շուրջ 290 հազար տոննա (2023 թ․):
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ տարատեսակ թափոններ միախառնվում են:
Օրգանական նյութերն սկսում են քայքայվել՝ արտադրելով մեթան և այլ վտանգավոր գազեր, որոնք հանգեցնում են աղբի ինքնաբռնկումների և մթնոլորտային արտանետումների:
Սննդի մնացորդներին խառնված պլաստիկը, ապակին, մետաղն ու թուղթն աղտոտվում են՝ դառնալով վերամշակման համար անպիտան: Եթե խառը թափոնների մեջ կան վտանգավոր թափոններ (օրինակ՝ մարտկոցներ, էլեկտրոնային սարքեր), դրանցից արտահոսում են թունավոր նյութեր, օրինակ՝ կապար կամ սնդիկ:
Աղտոտված օդը, ստորգետնյա ջրերն ու հողը վնասում են շրջակա միջավայրը և վտանգում մարդու առողջությունը՝ առաջացնելով ծանր կամ անբուժելի հիվանդություններ:

Այս պարզ շղթան ցույց է տալիս, որ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի և մարդու համար: Եթե սպառման ներկայիս տեմպերը պահպանվեն, մինչև 2050 թվականը մոլորակի վրա թափոնների ծավալը կաճի 70%-ով:
Առանց տեսակավորման ու վերամշակման միջոցառումների՝ մոլորակը կարող է վերածվել հսկայական աղբավայրի՝ սպառնալով կենսաբազմազանությանը, կլիմային, ջրի ու օդի որակին և մարդու բարեկեցիկ կյանքին:

Աղբավայրերի խնդիրն ուշադրության կենտրոնում
Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն, որը հիմնականում տեղափոխվում է երկրի տարբեր մարզերում գործող 300 աղբանոցներ:
Աղբանոցներում վերամշակելի թափոնների մեծ մասը տեսակավորվում է ոչ ֆորմալ խմբերի կողմից, որոնք առանձնացնում են վերամշակման ենթակա նյութերը (պլաստիկ, թուղթ, ապակի, մետաղ) և եկամուտ ստանալու նպատակով դրանք տեսակավորման կետերին են հանձնում: Նրանք աշխատում են անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններում՝ վտանգելով ինչպես իրենց, այնպես էլ հասարակության առողջությունը:
Տարիներ շարունակ Հայաստանում կոշտ թափոնների կառավարումն իրականացվում է էկոլոգիան վտանգելու եղանակով: Աղբավայրերի պատշաճ վերահսկողություն և թափոնների արդյունավետ հավաքում չի կազմակերպվում, ինչը հանգեցնում է բնապահպանական ու առողջապահական խնդիրների և ռեսուրսների անարդյունավետ կառավարման:
Մի քանի բնակավայրում մասնակի ներդրված թափոնների տեսակավորման համակարգերի շնորհիվ սկզբնաղբյուրում հավաքվում է վերամշակվող թափոնների ոչ ավելի, քան 5%-ը:
Այս խնդիրներին անդրադառնալու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը վերջերս եռօրյա աշխատանքային քննարկում էր կազմակերպել՝ նախատեսված լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար:
Քննարկմանը կենտրոնի՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը նշում է, որ բնապահպանական և հանրային առողջության խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ կառավարել թափոնները։
«Հարկավոր է կրճատել թափոնների ծավալները, ակտիվացնել տեսակավորմանն ուղղված հանրային նախաձեռնությունները, խթանել վերամշակումը և ինչու ոչ՝ ստանալ տնտեսական օգուտներ: Միջազգային վերլուծությունները ցույց են տալիս, որ 10 հազար տոննա թափոնի վերամշակումը ստեղծում է 10-15 աշխատատեղ: Հայաստանի 700 հազար տոննա թափոնի դեպքում խոսքը 8400 աշխատատեղի մասին է»:
Ալպետյանը հավելում է. «Հայաստանում թափոնների ընդլայնված վերամշակման բացակայությունը վկայում է, որ երկրում չի կիրառվում տնտեսապես արդարացված կառավարման մոդել: Տեսակավորումն ու վերամշակումը շահութաբեր չեն, և եղած վերամշակողները հիմնականում աշխատում են վնասով: Ընդլայնվելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ, տեսակավորման գործարաններ և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդնում»:

Յակոբեան բնապահպանական կենտրոնը դեռևս 2019 թվականին ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր «Հայաստանի Հանրապետության թափոնների քանակի և բաղադրության» ուսումնասիրություն՝ ներգրավելով նաև երեք խորհրդատու Շվեդիայից:
Ուսումնասիրության արդյունքում պատրաստված 167 էջանոց հաշվետվությունը պարունակում է կարևոր տեղեկություններ թափոնների ներկայիս կազմի ու ծավալների, առկա խնդիրների ու դրանց պատճառների մասին։ Անդրադարձ է արվում նախկինում արված հետազոտություններին։ Հետազոտության մեջ թափոնների կառավարումը բարելավելու համար ներկայացված են առաջարկություններ և գործողությունների ծրագիր:

Ուսումնասիրության ուշագրավ հատվածներից է Երևանի, Արարատի, Հրազդանի ու Վանաձորի 5 աղբավայրեր այցելության հիման վրա կազմված փորձագիտական գնահատականը: Ըստ այդմ՝ բոլոր աղբավայրերի վիճակը գնահատվում է անբավարար՝ անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությամբ:
Խնդիրների պատճառները մտահոգիչ են.
- Մուտքի վերահսկման և պատշաճ շահագործման բացակայություն, ինչի հետևանքով աղբավայր մտնող թափոնները չեն գրանցվում և ցրվում են՝ առանց կոմպակտավորման կամ ծածկույթի:
- Աղբավայրերում առկա մեծ քանակությամբ դյուրավառ նյութեր, յուղեր, քիմիական նյութեր և մեթան, որոնք կարող են ինքնաբռնկվել:
- Երկարատև և տարածվող հրդեհների մեծ ռիսկ:
- Ցանկապատերի և թափոնները հողով ծածկելու բացակայություն, ինչի պատճառով քամիները թեթև պլաստիկն ու թուղթը տարածում են աղբավայրից դուրս՝ աղտոտելով շրջակայքը:
Հետազոտողները նշում են, որ այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են մեծ ծախսեր, որոնք համայնքային բյուջեներով իրականացնելն անհնար է:

Հայաստանում կոշտ թափոնների վերամշակման պրակտիկան աստիճանաբար ավելի մեծ տարածում է գտնում, սակայն այդ մասին տեղեկատվության տարածումը դեռևս անբավարար է: Ըստ այդմ, կարծիք է ձևավորվում, թե Հայաստանում թափոններն ընդհանրապես չեն վերամշակվում:
Մինչդեռ ուսումնասիրությունները փաստում են, որ 2019 թվականի դրությամբ՝ Հայաստանում գործում էին ավելի քան 20 կոշտ թափոններ վերամշակող ընկերություններ: Դրանց թվում են՝ թղթի վերամշակմամբ զբաղվող 10-ից ավելի կազմակերպություններ, 5-ից ավելի պլաստիկ վերամշակող ընկերություններ, 3 ապակի վերամշակող, ինչպես նաև պոլիէթիլեն վերամշակող բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ:
Թափոնների կառավարման բարելավմանն ուղղված գործընթացներ
Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը ներառում է ԵՄ ստանդարտներին մոտարկումը: «Օրակարգ 2030»-ի շրջանակում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնել կայուն զարգացման նպատակները, այդ թվում՝ արդիականացնել թափոնների կառավարման ոլորտը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ/CEPA)։ Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում էր մինչև 2024 թվականը Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։
Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն ընդունում է, որ ժամկետները չեն պահպանվել, սակայն արդեն ընթացքի մեջ է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրական նախագիծը:
Օրենսդրական նախագիծը մշակվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակում:
«Նպատակն է նվազեցնել աղբավայրեր հասնող թափոնների ծավալը»,- ավելացնում է Ավետիսյանը:
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի համաձայն, արտադրողները՝ օրինակ՝ պլաստիկ շշեր, փաթեթավորումներ կամ էլեկտրոնային սարքեր արտադրող ընկերությունները, պատասխանատվություն են կրում իրենց արտադրանքի ողջ կյանքի ցիկլի համար՝ սկսած արտադրությունից մինչև այն պահը, երբ այն դառնում է թափոն:
Պարզ ասած՝ եթե սպառողը գնում է պլաստիկ շիշ, ապա արտադրողը պետք է ապահովի, որ այն օգտագործելուց հետո չհայտնվի աղբավայրում, այլ հավաքվի, տեսակավորվի և վերամշակվի: Դրա համար նրանք կարող են բացել թափոնների հավաքման և տեսակավորման կետեր, վճարել թափոններ վերամշակող ընկերություններին և ստեղծել ավելի հեշտ վերամշակվող փաթեթավորում: Այս մոտեցումը խրախուսում է արտադրողներին նվազեցնել թափոնները դեռևս արտադրության փուլում։ Իսկ սպառողները կարող են օգնել՝ տեսակավորելով աղբը և հանձնելով այն համապատասխան վայրեր:
Ավետիսյանի խոսքով՝ կստեղծվեն արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ), որոնք կկազմակերպեն թափոնների տեսակավորումը, հավաքումը և վերամշակումը՝ արտադրողների և ներմուծողների վճարների հաշվին:
Իրավաբան, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ներկայացուցիչ Էմմա Մնացականյանը նշում է. «Օրենքը հիմնականում կտարածվի այն սուբյեկտների վրա, որոնք Հայաստանում արտադրում կամ ներմուծում են ԱԸՊ-ով սահմանված ապրանքներ: Սակայն դիտարկվում է նաև ֆիզիկական անձանց ներառելու հնարավորությունը: Օրինակ՝ այն անհատները, ովքեր Հայաստան են ներկրում էլեկտրական մեքենաներ, նույնպես պետք է կատարեն ԱԸՊ վճար՝ մեքենաների լիցքավորվող մարտկոցից առաջացած թափոնների կառավարման համար»:
Ավետիսյանը հավելում է, որ այժմ Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ ընթանում են նախագծի վերջնական տարբերակի աշխատանքները:
«Այնուհետև նախագիծը կշրջանառվի այլ գերատեսչությունների շրջանում, կտեղադրվի e-draft համակարգում: Շատ կարևոր է անցկացնել հանրային քննարկումներ և ստանալ կարծիքներ, քանի որ շահառու կողմերը բազմաթիվ են»,- նշում է նա:
Լավատեսական սցենարի դեպքում նախագիծը Ազգային ժողով կներկայացվի աշնանային նստաշրջանի ընթացքում:
Ամփոփում
Հայաստանում աղբավայրերի անվերահսկելի վիճակը, վերամշակման համակարգի բացակայությունը և վտանգավոր թափոնների կուտակումը ցույց են տալիս, որ խորհրդային ժամանակներից ժառանգված մոտեցումներն այլևս չեն աշխատում: Սակայն ընթացիկ բարեփոխումները, ներառյալ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը և միջազգային փորձի կիրառումը հույս են ներշնչում, որ Հայաստանը կարող է անցում կատարել թափոնների կայուն կառավարման: Այս ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրի ներգրավվածությունը՝ արտադրողներից ու ներմուծողներից մինչև պետական մարմիններ ու շարքային քաղաքացիներ՝ նպաստելով փոփոխություններին՝ սկսելով աղբի տեսակավորումից:
Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Տվյալների մշակումը և ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Լուսանկարները՝ «Ամփոփ Մեդիայի»
Այս թեմայով այլ նյութեր
- Լցոնած տակդիրներ․ սա այն է, ինչից շատ-շատ կա նաև Հայաստանում
- Նուբարաշենի աղբավայր՝ քաղցկեղ Երեւանի սրտում
- Շրջանաձև տնտեսություն․ Ի՞նչ է դա
- Ինչպես նվազեցնել պլաստիկի օգտագործումը
- Ինչո՞ւ է կարևոր թղթի վերամշակումն ու տնտեսումը
- Ինչո՞ւ մեկընդմիշտ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/04/2025