Քաղաքական

Հունիսի 1-7. Արդարադատության նախարարի հրաժարականը

Անցնող շաբաթվա թերևս անսպասելի լուրերից էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը, ինչի վերաբերյալ նրա կողմից հայտարարություն տարածվեց հունիսի 7-ին։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լուրն իմանալուց հետո, լրագրողներին տեղեկացրեց, որ խմբակցությունը դժգոհություններ է ունեցել նախարարի աշխատանքից, և դա քննարկվել է խմբակցության նիստում, սակայն  հրաժարականի կոչ չի եղել:

Նույն օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։ Այդ լուրն անարձագանք չթողեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հայտարարելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ թափուր տեղի համար արդեն ունի թեկնածու և այդ թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է: Վերջինս քաղաքացիական իրավունքի մասնագետ է և այս պահին ներկայացնում է «Մարտի մեկի» գործի շրջանակներում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը։

ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական բարեփոխումների մեկնարկի մասին հայտարարությունից հետո սա արդեն երրորդ հրաժարականն է: Երկու շաբաթ առաջ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։

ԱԺ-ն ընդունեց ցեմենտի տուրք սահմանելու նախագծերի փաթեթը

Հունիսի 3-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց ներկրվող ցեմենտի վրա  տուրք սահմանելու մասին նախագծերի փաթեթը։ Օրենքով նախատեսվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: Քվեարկության օրն ԱԺ-ի դիմաց մի խումբ կառուցապատողներ պահանջում էին հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: 

ԱԺ-ն ընդունեց նաև 2008թ. մարտի 1-ի տուժածներին աջակցություն նախատեսող նախագիծը։ Աջակցության կարգը և չափը կսահմանի կառավարությունը: Քննչական ծառայության տվյալներով՝ 2008-ի մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի: Աջակցություն չեն ստանա քրեական հետապնդման ենթարկվածները և այն ոստիկանները, որոնց քրգործերը դեռևս քննության փուլում են:

Այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց համահարթեցմանը վերաբերող օրենսդրական նախագիծը:

Առաջին նիստը՝ կառավարության կրճատված կազմով

Կառավարությունն այս շաբաթ գումարեց նոր կազմով առաջին նիստը։ Հունիսի 1-ից արդեն ՀՀ-ում գործում է 12 նախարարություն։

Այս շաբաթ կառավարության նիստում որոշում ընդունվեց ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակում հիմնադրել 5 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, 100 հանրակրթական դպրոցներում հարմարեցնել ենթակառուցվածքները: Այս տարվա ընթացքոմ նախատեսվում է 56 մլն դրամի շրջանակում վերանորոգել 9 ուսումնական հաստատություն և 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն: Ծրագրի իրականացման համար ԱՄՆ ՄԶԳ-ը կտրամադրի 825 հազար ԱՄՆ դոլար, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որն իրականացնելու է ծրագիրը՝  82 հազար 500 ԱՄՆ դոլար:

Քրեական գործեր՝ ապօրինի անտառահատումների մասով

Բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց: Նշվում է, որ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 1.6 մլրդ դրամ:

Դեղորայքային թունավորումներն ավելացել են

Աջակցության կենտրոններ՝ ընտանեկան բռնության զոհերին

2020 թ. հանրապետության բոլոր մարզերում կստեղծվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որոնց գործունեությունը կիրականացնեն հասարակական կազմակերպությունները: Պետական աջակցությամբ կստեղծվի նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան։ Այս մասին նշված է հունիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև ստորագրած եռակողմ հուշագրում:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը սահմանել էր ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները։ Կառավարության որոշմամբ ընտանեկան բռնության ենթարկված անձինք կստանան նաև դրամական աջակցություն։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/06/2019