Անվճար մուտք դեպի մշակույթ
Ապրիլի 19-ին Կրթության և գիտության նախարարությունը գործարկել է E-CULT կոչվող համակարգը: Սա աբոնեմենտային համակարգ է, որի օգնությամբ դպրոցականները և ուսուցիչները կարող են գրանցվել և տարեկան 3 անգամ հաճախել որևէ մշակութային միջոցառման` անվճար: Մշակութային հաստատությունների կազմում են Ազգային պատկերասրահը, թանգարանները, թատրոնները, համերգասրահները: Ավելի վաղ նախարարությունը ներկայացրել էր առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային հարթակը՝ Hayt.emis.am-ը, որը կսկսի գործել արդեն մայիսի 15-ից: Հաջորդ՝ 2019-2020թթ․ ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցումը կլինի միայն էլեկտրոնային եղանակով: Նման փոփոխության նպատակն է վերացնել կոռուպցիոն ռիսկերը գրանցման ժամանակ: Ծրագիրն այս տարի կգործի միայն Երևանում, հետագայում՝ նաև մարզերում:
Միհրան Պողոսյանին դեռ չեն արտահանձնի
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, առայժմ չի արտահանձնվի Հայաստան։ Ապրիլի 22-ին ՌԴ դաշնային սուբյեկտ համարվող Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերված և ձերբակելված գեներալ-մայոր Պողոսյանը, որը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար է եղել, Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Նրա արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով ՌԴ-ում որոշում է կայացվել 40 օրով կալանավորել նրան։
Թրամփը՝ Օբամայի հետքերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նախորդ երկու տարիների ապրիլքսանչորսյան ուղերձներում, այս տարի դարձյալ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը։ «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով»,- Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի իր ուղերձում ասել է Թրամփը։
Թրամփին նախորդած Բարաք Օբաման ևս իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում խուսափել է այդ եզրույթն օգտագործելուց և ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվանել է «Մեծ Եղեռն»:
Ցեմենտի թեման` օրակարգում
Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանելու մասին նախագծի շուրջ անհամաձայնությունները պատճառ են դարձել, որ այն քննարկելու համար ստեղծվի աշխատանքային խումբ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը դեմ էր քվեարկել օրենքի նախագծին, հայտարարել է, որ չի մասնակցելու աշխատանքային խմբի քննարկումներին։ Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ նախքան օրենքի երկրորդ ընթերցումը, տեղական արտադրանքը խթանելու համար առաջարկվող փոփոխությունները կքննարկվի անկախ տնտեսագետների հետ։
Հայաստանում կատարվել է լյարդի առաջին փոխպատվաստումը
Առողջապահական ոլորտի ամենաքննարկվող թեման եզակի վիրահատությունն էր, որի ընթացքում աղջկա լյարդի մի մասը տրվել է մորը։ Սա կենդանի դոնորից հիվանդին լյարդի փոխպատվաստման առաջին դեպքն է Հայաստանում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով լյարդի ու երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց, նշել է, որ հաջորդ տարի պետական բյուջեից այդ նպատակով գումար կհատկացվի։ Նախարարը Կառավարության նիստին դրական է գնահատել նաև սուր իշեմիկ կաթվածով հիվանդներին ցուցաբերվող անվճար բուժօգնության ծրագիրը, որը մեկնարկել է փետրվարի 1-ից։ Երեք ամսվա ընթացքում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածով 85 քաղաքացի ստացել է անվճար բուժօգնություն։ Չի հաջողվել փրկել հիվանդներից 12-ի կյանքը։
Կառավարության օրակարգից
Գործադիրն ապրիլի 25-ի նիստում որոշել է պետության սեփականություն հանդիսացող գույքը հաշվառել էլեկտրոնային եղանակով։ Նշվելու են՝ գույքի գտնվելու վայրը, վիճակը, նպատակային նշանակությունը, արժեքը, տեղեկություններ այն օգտագործողի մասին։ Որոշումը կսկսկի գործել փաստաթղթի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրը։
Որոշվել է նաև Արտգործնախարարությանը լրացուցիչ 347.5 մլն դրամ հատկացնել: Գումարը կուղղվի դեսպանություններին: Լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ նոր դեսպանները կադրային դիվանագետներ են և նախորդ դեսպանների նման չունեն հարուստ սեփական միջոցներ իրենց ծախսերը հոգալու համար: Նախկինում ԱԳՆ համակարգից դուրս մարդիկ, նշանակվելով դեսպաններ, հրաժարվում էին պետական գումարներից և օգտագործում սեփական միջոցները:
Կառավարությունը հավանություն է տվել նաև գործարար միջավայրի բարելավման 2019թ. ծրագրին: Նախատեսվում է թեթևացնել հատկապես պետություն-համայնքներ վարչարարությունը, թափանցիկ դարձնել գործարարներին ծառայություն մատուցող մարմինների գործունեությունը:
Մանկատնից ընտանիք և ոչ հակառակը
Մանկատներում երեխաների թիվը նվազեցնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահութան նախարարությունների և «Բարի մամա» ՀԿ-ի միջև ապրիլի 27-ին համագործակցության եռակողմ հուշագիր է ստորագրվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սրանով մեկնարկում է այս ոլորտում իր քաղաքականության փոփոխությունը, այն է՝ մանկատներից երեխաներին տեղափոխել ընտանիք և կանխել սոցիալական, հոգեբանական կամ այլ խնդիրների պատճառով երեխային մանկատուն հանձնելը։ Այդ նպատակով նախարարությունը կընդլայնի սոցիալական աջակցության ծրագրերը, իսկ Առողջապահության նախարարությունը «Բարի մամա» ՀԿ-ի հետ կվերապատրաստի բուժաշխատողներին, որոնք կօգնեն ծնողներին։
«Բարի մամա» ՀԿ-ը տեղեկացնում է, որ 5 տարվա ընթացքում կարողացել է 107 երեխայի դուրս բերել մանկատներից՝ տալով ընտանիքում ապրելու հնարավորություն։
Ամփոփ մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/04/2019