Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքն ու առկա խնդիրները

2007թ-ից հանրապետությունում գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ), որը հիմնադրվել է ՀՀ Փաստաբանների պալատի կազմում: Այս գրասենյակի նպատակը երկրի սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է։ Փաստաբանները, ովքեր ստանձնում են այդ աշխատանքը, կոչվում են հանրային պաշտպաններ և վարձատրվում են պետական բյուջեից` օրենքով սահմանված չափով և կարգով։

Բացի Երևանից ՀՊԳ-ի գրասենյակներ կան Հայաստանի բոլոր մարզերում:

Ինչպե՞ս օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից

Քրեական գործերով հանրային պաշտպանությունը կատարվում է վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա: Յուրաքանչյուր գործի համար հանրային պաշտպանին նշանակում է ՀՊԳ ղեկավարը։

Իսկ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՊԳ ղեկավարի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

Անվճար հանրային պաշտպանությունը ներառում է`

1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմումը, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրումը,

2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:

Ովքե՞ր կարող են օգտվել

Մինչև 2011թ. հանրային պաշտպանները օրենքով նշանակվել են միայն քրեական գործերով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար: Փաստաբանության մասին օրենքի փոփոխություններով ավելացել են նաև քաղաքացիական, վարչական, սահմանադրական դատարանի գործերը: Ավելացել են նաև անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող նոր խմբեր: Դրանց շարքում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները (անկախ վերջիններիս գույքային դրությունից), աղքատության նպաստ ստացողները, Հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, փախստականները և այլն (ամբողջական ցանկն այստեղ

Ինչպե՞ս է ֆինանսավորվում հանրային պաշտպանը

Այս ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հիմնվելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալների վրա` Փաստաբանների պալատի (ՓՊ) խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է ՀՀ կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

ՀՊԳ-ին տրամադրվող ֆինանսական միջոցները 2012թ-ից սկսած տարեցտարի ավելանում են: Իսկ արդեն 2016թ-ին հատկացված միջոցները 2,5 անգամ գերազանցել են 2012թ-ի համար հատկացված միջոցները: Այսպես, օրինակ` 2012 թ. հատկացումները կազմել են 152,5 մլն, 2013 թ.՝ 260 մլն, 2014 թ.՝ 275 մլն, 2015 թ.՝ 291 մլն, իսկ 2016-2017 թթ.-ին՝ 377 մլն-ական դրամ յուրաքանչյուր տարվա համար:

Ֆինանսավորումը հիմնականում ներառում է հանրային պաշտպանների ֆիքսված աշխատավարձերը՝ գումարած աշխատավարձային ֆոնդի 30% չափով գումար՝ այլ ծախսերի համար։ Փաստորեն, 2013թ. հատկացումների համեմատությամբ, դրանք 2014թ. աճել են 5,8%-ով, իսկ 2015թ.-ին՝ 11,9% (5,5%-ի աճ 2014թ. համեմատությամբ): Իսկ 2016-2017 թվականներին՝ 2015-ի համեմատությամբ աճել են 22,9%-ով:

ՀՊԳ-ն տարեկան հաշվետվություններ ներկայացնում է սկսած 2014 թ-ից: Դրանք վերաբերում են հանրային պաշտպանների վարած քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերին։

Ըստ այդ հաշվետվություններում ներկայացված տվյալների․

  • 2014թ. ՀՊԳ‐ի հանրային պաշտպանների քանակը եղել է 52 հոգի։ Վարած քրեական գործերի քանակը կազմել է 3717, իսկ քաղաքացիական, վարչական, սահմանադրական գործերինը՝ 1334 (խորհրդատվությունները ներառյալ՝ 2422)։
  • 2015թ. ՀՊԳ‐ի հանրային պաշտպանների քանակը եղել է 53 հոգի։ Վարած քրեական գործերի քանակը կազմել է 4600, իսկ քաղաքացիական, վարչական, սահմանադրական գործերինը՝ 2588 (խորհրդատվությունները ներառյալ՝ 4730)։
  • 2016թ. ՀՊԳ‐ի հանրային պաշտպանների քանակը եղել է 66 հոգի, քրեական գործերի քանակը՝ 5264, իսկ քաղաքացիական, վարչական, սահմանադրական գործերով՝ 4750 (խորհրդատվությունները ներառյալ՝ 8854)։
  • 2017թ. հանրային պաշտպանների թիվը կազմել է 71 հոգի, իսկ վարած քրեական գործերի թիվը՝ 5560։ Նույն թվականին վարած քաղաքացիական և վարչական գործերի թիվը կազմել է 1192 (խորհրդատվությունները ներառյալ՝ 6597)։

2016թ. տրվեց «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի նպատակն էր զգալիորեն թեթևացնել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, հնարավորություն տալ նրանց ցանկացած վայրից կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, վարել ավարտված և ընթացիկ գործերի վիճակագրություն։

Սակայն առայժմ ներդրված չէ խորհրդատվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ, ինչը կխնայեր հանրային պաշտպանների աշխատաժամանակն ու կթեթևացներ ծանրաբեռնվածությունը, քանզի գրասենյակում խորհրդատվության տրամադրումը բավական ժամանակատար է, ինչպես նաև կհեշտացներ՝ քաղաքացիների կողմից խորհրդատվության ստացումը։

Վիճակագրական տվյալների համաձայն, հանրային պաշտպանի գրասենյակում անընդհատ գործերի աճի միտում է նկատվում: 2017թ. տվյալներով միջին հաշվարկով յուրաքանչյուր հանրային պաշտպանի տարեկան բաժին է ընկնում մոտ 80 քրեական և ավելի քան 90 քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործ:

Արդյո՞ք մեկ հանրային պաշտպանը կարող է տարեկան այդքան գործ վարելով՝ ապահովել որակյալ աշխատանք:

Հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածության մասին փաստում է նաև գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը.

«Իրո՛ք, հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, բայց այնպես չէ, որ մեր պաշտպանները ուզում են այդպես աշխատել: Մենք ունենք շատ արհեստավարժ կադրեր: Ուղղակի կա օրենսդրական խնդիր, որը մենք բարձրացնում ենք: Կա նաև հաստիքների պակաս»:

Հանրային պաշտպանի ինստիտուտի հիմնական խնդիրները

  • Առաջին և հիմնական խնդիրը հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն է, ինչը փաստում են հենց իրենք՝ հանրային պաշտպանները, ինչպես նաև ՀՊԳ ղեկավարի տարեկան հաշվետվություններում ամփոփված տվյալները։

Առկա ծանրաբեռնվածությունը պայմանավորված է հանրային պաշտպանների թվով, ինչը անհամեմատ ցածր է անընդհատ աճող գործերի թվի համեմատ։ 2017թ. տվյալների համաձայն` հանրային պաշտպանների թիվը 71 է։ Կառույցի ղեկավարը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ, ով դիմում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, չի մերժվում:

Նույնը վերաբերվում է նաև քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա հանրային պաշտպանի նշանակմանը։ Եթե քրեական գործերով անձը հայտարարում է, որ ինքը անվճարունակ է, դատարանը դիմումը բավարարում է և ուղարկում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին։

«Մենք ուզում ենք գոնե հասնել նրան, որ գրասենյակը կարողանա քննարկել պաշտպան տրամադրել-չտրամադրելու հարցը»,- ասում է ՀՊԳ ղեկավարը: Մինչդեռ քննչական մարմինը պետք է հավաքի անձի անվճարունակության մասին տեղեկություններ, բայց, ըստ Առուստամյանի, ոչ միշտ է դա ստացվում, քանի որ օբյեկտիվորեն ժամկետները սեղմում են, օրինակ՝ անձին պետք է կոնկրետ ժամկետներում մեղադրանք առաջադրվի կամ խափանման միջոցի հարց լուծվի:

  • Աննախադեպ ծանրաբեռնվածության հետևանքով հանրային պաշտպանները որոշ դեպքերում ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում ներկա գտնվել դատական նիստերին, տեսակցել իրենց պաշտպանյալներին, պատշաճ կերպով ծանոթանալ քրեական գործի նյութերին։

Վերոնշյալ խնդիրները ներկայացվել են առաջնահերթության կարգով՝ փորձելով ներառել ամենահիմնականները, սակայն կան նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք ևս լուծումներ են պահանջում։

Ըստ փաստաբանության մասին ՀՀ օրենքի, հանրային պաշտպանները ստանում են Երևան քաղաքի դատախազին համարժեք աշխատավարձ՝ կողմերի հավասարության սկզբունքը պահպանելու համար: Սակայն, դատախազները ստանում են նաև հավելավճարներ ստաժի ու կոչման հետ կապված, իսկ հետագայում բարձր թոշակ, ինչի հնարավորությունը հանրային պաշտպանները չունեն։

Խոսքը վերաբերվում է նաև հանրային պաշտպանների՝ սոցիալական երաշխիքներից չօգտվելուն, ինչպես նաև նրանց վերապատրաստումների, մասնագիտական զարգացման պակասին։

Մարդկային ռեսուրսների անբավարարությունը, անընդհատ աճող ծանրաբեռնվածությունը և մյուս բացասական հանգամանքները հանրային պաշտպանի համակարգի արդյունավետ իրականացման վերաբերյալ մտահոգությունների տեղիք են տալիս։ Վերոնշյալ խնդիրները բավարար են արձանագրելու, որ խախտվում է անձի՝

  1. արդյունավետ դատաքննության իրավունքը,
  2. ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման իրավունքը,
  3. արդար դատաքննության իրավունքը։

Համաձայն ՀՊԳ ղեկավարի ներկայացված տարեկան հաշվետվությունների՝ 2014-2017 թթ. քրեական, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով արձանագրվել են հետևյալ դրական արդյունքները․

Կարելի է եզրակացնել, որ չորս տարվա կտրվածքով ավարտված քրեական գործերով արձանագրված դրական արդյունքների նվազագույն շեմը կազմել է 22% (2017թ.), իսկ առավելագույնը` 29%: Պատկերն այլ է քաղաքացիական և վարչական գործերի մասով: Այստեղ արձանագրված դրական արդյունքների շեմը թեև տատանվում է 54-65%-ի սահմանում, սակայն ակնհայտ է, որ վարույթում գտնվող և իրենց ճակատագրին սպասող գործերի քանակը անհամեմատ մեծ է:

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Մանե Գրիգորյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝ Կարինե Դարբինյան, Ամփոփ մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 19/12/2018