Իրավունք

Պետությունն անտեսում է հաշմանդամային սպորտի զարգացումը Հայաստանում

Այսօր Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 193 հազար մարդ կամ բնակչության մոտ 6%-ը: Այս մարդիկ ունեն ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ, այդ թվում՝ իրենց հանգստի ու ժամանցի կազմակերպման, ինչպես նաև սպորտային կյանքին մասնակից լինելու և սպորտով զբաղվելու իրավունք:

Հաշմանդամային սպորտը հաշմանդամություն ունեցող անձանց կայացման, ինքնահաստատման և ներառման լավագույն ուղիներից մեկն է: Այնուամենայնիվ, հաշմանդամային սպորտի ոլորտը դուրս է մնացել պատկան մարմինների հոգածությունից. չի ցուցաբերվում պատշաճ ուշադրություն և պետական աջակցություն, չկա ոլորտը կարգավորող օրենսդրություն և հստակ զարգացման քաղաքականություն:

Իրավիճակ

Հայաստանի Հանրապետությունը 2010թ. վավերացրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի 30-րդ հոդվածը (Մասնակցությունը մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումներին) պարտավորեցնում է ոչ միայն խրախուսել, այլև ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան կազմակերպելու և զարգացնելու սպորտային և առողջարարական միջոցառումներ և մասնակցեն դրանց: Պետությունը պարտավորվել է նաև պայմաններ ստեղծել սպորտային ու առողջարարական վայրերը և ծառայությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելի և հասանելի դարձնելու համար:

Այս առումով անմխիթար վիճակ է ամբողջ Հայաստանում:

Ըստ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության տրամադրած տվյալների` 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում կան տարբեր ենթակայության 173 մարզադպրոցներ, դրանցում՝ 3 772 մարզախմբեր և 41 266 մարզվող-աշակերտներ։ Սակայն ըստ նախարարության՝ իր ենթակայությամբ գործող «մարզադպրոցներում մարզախմբերը նախատեսված են առողջական շեղում չունեցող երեխաների համար»։

Ամբողջ Հայաստանում տարբեր ենթակայության որևէ մարզադպրոցում հաշմանդամային մարզաձևերի խմբեր չեն գործում։

Մարզպետարաններին ուղարկված հարցումների պատասխաններից տեղեկանում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներ ընդգրկված են Գեղարքունիքի մարզի Գավառի մարզադպրոցում՝ ընդամենը 1 մարզիկ, Լոռու մարզի մարզադպրոցներում և մարզական ակումբներում՝ շուրջ 12 հաշմանդամություն ունեցող մարզիկներ:

Հրազդանի «Ծովինար» ճամբարում գործում է հաշմանդամություն ունեցող անձանց թիավարության խումբ: Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող և սպորտով զբաղվող անձիք հիմնականում հաշվառված են «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու կենտրոնում, ուր առկա են բավարար պայմաններ մարզումներ և մարզական միջոցառումներ կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, ապա քաղաքի բյուջեից 2015-2017թթ. համայնքային ենթակայության մարզադպրոցների և շախմատի դպրոցների վերանորոգման, հիմնանորոգման և վերակառուցման համար ծախսվել է 373,6 մլն դրամ գումար, որով վերակառուցվել, հիմնանորոգվել են 19 մարզադպրոցներ։

Մինչդեռ այդ աշխատանքների շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցումներն արվել են միայն 5 կառույցների մուտքերի մոտ, այն էլ ընդամենը թեքահարթակների տեսքով:

Եվ սա այն դեպքում, երբ ըստ քաղաքաշինության նախարարի դեռևս 2016թ. հրամանի՝ բոլոր նախագծվող և վերակառուցվող շենք-շինություններում հարկավոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ։

Երևանի քաղաքային բյուջեից Երևանի ենթակայության մարզադպրոցների մարզագույքի ձեռքբերման նպատակով 2015-2018թթ. հատկացվել է տարեկան 50մլն դրամ։ Այդ թվում՝ 2017թ. ձեռք է բերվել շոու դաուն մարզաձևի (տեսողության խնդիրներ ունեցող անձանց սեղանի թենիս)  երկու սեղան` 748 հազար դրամով: Դրանք տրամադրվել են «Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ին, որը դրանք օգտագործման նպատակով տրամադրել է «Պարալիմպիկ» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին։ Այսինքն, վերջին չորս տարիների ընթացքում մարզագույքի ձեռքբերման համար Երևան քաղաքի բյուջեից ծախսված 200մլն դրամից ընդամենը 748 հազար դրամն է տրամադրվել հաշմանդամային մարզագույքի ձեռքբերմանը։

Հաշմանդամային սպորտ և ֆինանսավորում

1996թ-ից սկսած` Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է 6 ամառային և 6 ձմեռային Պարալիմպիկ խաղերի։ Պարալիմպիկ խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվում են Օլիմպիական խաղերից հետո նույն վայրում, նույն մարզադաշտերում և մարզասրահներում։ Առաջին Պարալիմպիկ խաղերը տեղի են ունեցել 1960թ. Հռոմում:

1996թ-ից ի վեր հայաստանյան թիմերն ու մարզիկները Պարալիմպիկ խաղերում դեռևս մրցանակային տեղեր չեն զբաղեցրել։

Մարզաձևերը, որոնցով նրանք ներկայացել են, եղել են՝ առագաստանավային սպորտը, պաուերլիֆթինգը, լողը, լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները տարիներ շարունակ Պարալիմպիկ խաղերինբ մասնակցում են  «Wild Card»-ով, ինչը մասնակցության հնարավորություն է տալիս առանց նախապես միջազգաին մրցաշարերում պարալիմպիկի մասնակցության իրավունք ձեռք բերելու և համապատասխան որակավորում ստանալու։ «Wild Card»-ը սխալմամբ դեռևս անվանում են «սպիտակ քարտ», սակայն այդպիսի հասկացություն պարզապես գոյություն չունի։ Տարածված սխալի պատճառը զուտ երկու բառերի հնչյունային նմանությունն է։

Պարալիմպիկ խաղերի մասնակցության համար պետբյուջեից տրամադրվող գումարները չեն նվազել, մինչդեռ մասնակիցների թիվը նվազել է:

Սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ում Հաշմանդամային սպորտի մասսայականացման և զարգացման  համար նպատակային պետական քաղաքականություն չի տարվում:

2010թ-ից ի վեր Հայաստանում տարածում է գտել հաշմանդամային պարալիմպիկ նոր մարզաձևը՝ բոչիան։  Հասարակական կառույցների միջոցներով ամեն տարի անցկացվում են բոչիայի առաջնություններ, սակայն չկա պետական աջակցություն, դեռևս չի եղել մասնակցություն միջազգային մրցաշարերում։

2009թ-ից սկսած` ամեն տարի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով  ՀՀ պետական բյուջեից 9մլն դրամ ֆինանսավորում են ստացել «Հայաստանի կույրերի միավորում», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունները։ 2017թ. այս կառույցների կողմից անցկացված միջոցառումներին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 443 մարզիկ:

8 տարվա ընթացքում` 2011-2018 թթ, ՀՀ պետական բյուջեից հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը այլ ծրագրերով կազմել է 277.8 մլն դրամ: Մինչդեռ միայն 2018թ. հանգստի և սպորտի ծառայությունների համար բյուջեից տրամադրվել է 2,6 միլիարդ դրամ։

Փաստացի

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվում են թե պետական մարմինները, թե հասարակական կազմակերպությունները և թե հաշմանդամություն ունեցողների ոչ ֆորմալ խմբերն ու միությունները։ Այնուամենայնիվ, Հայաստանում հաշմանդամային սպորտը ոչ թե զարգացում, այլ հետընթաց է ապրում: Հաշմանդամային սպորտի մասսայականացման և զարգացման բեռն ընկած է հիմնականում հասարակական կազմակերպությունների վրա, որոնք դրա համար չունեն կայուն միջոցներ, նյութական և ֆինանսական ռեսուրսներ։

2017թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին, որը մշակել էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի աջակցությամբ:

Այժմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվում է մասսայական սպորտի զարգացման 2019-2022թթ ռազմավարությունը, որը պիտի ներառի նաև հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգային դրույթներ։

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Վարդուհի Արամյան, «Հայկական ճամբար» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝  Աստղիկ Գևորգյան, Ամփոփ Մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

  • Տեղեկատվական կենտրոն հաշմանդամների համար
  • Հաշմանդամային սպորտի հաջողություններն ու խնդիրները

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 20/12/2018