Առողջություն

Խոլերայի պարահանդեսները՝ վերջին խնջույք գերեզմանից առաջ

«Խոլերայի պարահանդեսները» Փարիզի վերնախավի սիրելի ժամանցն էին, թեպետ սաստկացող խոլերայի պատճառով իշխանությունների կողմից արգելվել էին հավաքները, փակվել շուկաները։ Սրանք ամերիկացի գրող, խմբագիր Նաթանիել Փարքեր Ուիլիսի հոդվածից մի հատված է, որը նա գրել է 1832թ․-ին՝ այդպիսի երեկույթներից մեկին անձամբ ներկա գտնվելուց հետո։

Ուիլիսը գրում է, որ այդ պարահանդեսների ժամանակ հյուրերից շատերը հենց խոլերայի կերպարանքով էին ներկայանում՝ կրելով մահվան ատրիբուտներ, դիմակ և հանդերձանք։ Սակայն ինչպես նա պատմում է, ոմանք [իսկապես խոլերա ունենալով] պարահանդեսի ընթացքում անզգայացած ընկնում էին, և քանի որ խոլերան շատ արագ էր սպանում, շատերին գերեզման էին իջեցնում իրենց պարահանդեսային հագուստներով։

Օրլեանի դուքսի այցը խոլերայից բուժվողներին․ Օտել-Դյո հիվանդանոց (1832թ․ յուղաներկ)

Ամենայն հավանականությամբ պարահանդեսի արդյունքում մահացած մարդկանց մասին լուրը մեծ աղմուկ էր առաջ բերել Փարիզում, քանի որ միևնույն կամ համանման մի դեպք ամենայն մանրամասնությամբ պատմում է նաև գերմանացի գրող Հայնրիխ Հայնեն, ով նույնպես այդ ժամանակ գտնվում էր Փարիզում։

1832-ի ապրիլի 19-ով թվագրված հոդվածում Հայնեն հիշատակում է, որ Փարիզում խոլերայի մասին պաշտոնապես ազդարարվել է մարտի 29-ին։ Այդ օրը Փարիզում եղանակը հրաշալի էր, և մեծ թվով մարդիկ էին ճեմում բուլվարներում, իսկ պարահանդեսները մարդաշատ էին ինչպես երբևէ։

Հայնեն գրում է, որ հանկարծ խնջույքի թեժ պահին խեղկատակներից մեկը, իրեն վատ զգալով, հանում է դիմակը, և բոլորը սարսափով նկատում են, որ վերջինիս դեմքը կապտել է։ Ներկաները հասկանում են, որ դա ամենևին էլ հերթական կատակը չէ, և շատերն անմիջապես շտապում են Օտել-Դյո հիվանդանոցը, որտեղ և ոմանք մահանում են։ Հայնեն, ինչպես և Ուիլիսը, պատմում է, որ վերջիններս թաղվել են այն հագուստով, որով մասնակցում էին պարահանդեսին, և որ անգամ թանկարժեք զարդերը մարմինների վրայից չեն հեռացվել։

Օտել-Դյո հիվանդանոցը 1865-ին, Լուսանկարը՝ Wikipedia.org
Պատկերված են Cholera Asphyxia-ի զարգացման տարբեր փուլերը՝ հիմնված Նյու Յորքի Խոլերայի հիվանդանոցում  բուժվողների ուսումնասիրության վրա (1832թ․):

Մինչև ապրիլի կեսը Փարիզում արդեն իսկ շուրջ 7000 մահ էր գրանցվել։ Միայն ապրիլի 10-ին հայտարարվել էր 2000 մահ, սակայն գերմանացի գրողը հավատացած է, որ իրական պատկերը շատ ավելի սարսափելի է։ Լրջմիտ ժամանակակիցները նկատում են, որ Փարիզում խոլերան այդպիսի կոտորած արեց նախ և առաջ թեթևամիտ վերաբերմունքի պատճառով։ Ամերիկացիները և եվրոպացիները համոզված էին, որ խոլերան հետամնաց Արևելքի հիվանդություն է և չի կարող Արևմուտքին վնաս պատճառել։ Որոշ աղբյուրներում հիվանդությունը հենց այդպես էլ բնութագրվում էր՝ «էկզոտիկ ծագման», «ասիական խոլերա»։

Ժամանակակիցները վկայում են, որ խոլերայի մասին լուրերը սկզբում ընդունվել են հումորով և հեգնանքով։ Անգամ ծաղրում էին անգլիացիներին, ովքեր բծախնդրորեն հետևում էին մաքրությանը։ Մյուս կողմից էլ իշխանությունները, չցանկանալով տագնապ հարուցել, սկզբնական շրջանում համաճարակի մասին լուրերը մեղմ լույսի ներքո էին հաղորդում՝ նշելով, թե խոլերայից մահանում են միայն ցածր խավի մարդիկ, այն էլ՝ սեփական փնթիության երեսից։

Այս ամենին զուգահեռ տարածվել էր նաև մի վարկած, թե մարդիկ ոչ թե մահանում են խոլերայից, այլ նրանց թունավորում են։ Հայտնի է մի դեպք, երբ փարիզցիները թույն տարածելու մեղադրանքով հարձակվել և սպանել են «արտառոց նյութեր» ունեցող մարդկանց, իսկ ավելի ուշ պարզվել է, որ վերջիների մոտ եղած նյութը կամֆորա էր կամ քլոր՝ ընդդեմ խոլերայի։

Ահա այսպիսի հանգամանքներում զարմանալի չէ, որ փարիզյան խնջույքները, ի հեճուկս խոլերայի մասին լուրերի, չէին դադարում։ Հենց փարիզյան «խոլերայի պարահանդեսներն» են ներշնչել ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյին գրել իր հանրահայտ «Կարմիր մահվան դիմակը» (1842թ․) պատմվածքը։ Էդգար Պոն մտերիմ էր Նաթանիել Ուիլիսի հետ և ամենայն հավանականությամբ հենց նրանից էլ լսել էր Փարիզի դեպքերի մասին։

Պատմվածքը արքայազն Պրասպերոյի մասին է, ով իր մերձավորների շրջանակի հետ մեկուսանում է շքեղ պալատում՝ քաղաքում տարածված համաճարակից զերծ մնալու համար։ Վեց ամիս շքեղ խնջույքներ է կազմակերպում Պրասպերոն։ Հերթական խնջույքի ժամանակ սրահ է մտնում կարմիր դիմակով անծանոթը, ով հենց ինքը կարմիր մահն էր և կործանում է բոլորին։

«Կարմիր մահը», իր կլինիկական բնութագրությամբ, իրական հիվանդություն չէ, այլ Պոյի հորինվածքը, և պատմվածքն էլ, անշուշտ, այլաբանական խորհուրդ է պարունակում։ Սակայն պետք է նշել, որ Պոն իր կյանքի ընթացքում զանազան համաճարակների է առնչվել, որոնց տպավորություններն էլ արտացոլվել են պատմվածքում։ Պոյի մայրը, խորթ մայրը, կինը և ըստ ամենայնի, նաև եղբայրը մահացել են թոքախտից։

Կարմիր մահվան դիմակը, անիմացիոն ֆիլմ 

Բալտիմորում, ուր և ապրում էր Պոն, մինչ 1822 թիվը պարբերաբար գլուխ էր բարձրացնում դեղին տենդը։ 1832-ի ամռանը խոլերան հասնում է նաև Բալտիմոր։ Հուլիսի 7-ին գրված մի նամակում Պոն հայտնում է, որ ամենայն հավանականությամբ խոլերայով է վարակվել։ 12 օր անց մեկ այլ նամակում նշում է, որ հազիվ է մահից փրկվել։ Ուստի զարմանալի չէ, որ մահվան սարսափը և համաճարակի հանդեպ մարդկանց անզորության զգացումը հեղինակն այդքան տպավորիչ է կարողացել պատկերել։

«Ամփոփ մեդիայում» «Խոլերայի պարահանդեսներին» անդրադարձը հասունացավ այն բանից հետո, երբ վերջերս արևմտյան լրատվամիջոցներում հրապարակվեց ԱՄՆ Ալաբամա նահանգում երիտասարդների կողմից կազմակերպված COVID-19 խնջույքների մասին լուրը։ Պարբերականները նշում են, որ տվյալ խնջույքներին հրավիրվում են թե՛ նոր կորոնավիրուսով վարակված անձինք և թե՛ առողջ հյուրեր։ Ում մոտ խնջույքի հետևանքով առաջինը ախտորոշվի COVID-19, ստանում է գումարային մրցանակ։ Համաձայն պարբերականների՝ քաղաքային իշխանությունները սկսել են քայլեր ձեռնարկել պատասխանատուներին բացահայտելու և հետագա հավաքույթները կանխելու ուղղությամբ։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Աուդիոտեքստը՝ Գայանե Մելիքյանի

Նույն շարքից այլ նյութեր

#COVID19 #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/07/2020