Միջազգային

Փաստարկում. Կարագանդայի դեպքի շուրջ կեղծիքները հայ, ղազախ և ադրբեջանական մամուլում

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանությունը շուրջ երկու շաբաթ հայկական և ղազախական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր։ Տեղեկատվական հոսքերին հետևելիս ակնհայտ էր այն, որ կեղծ և փաստերի վրա հիմնված տեղեկատվության սահմանագիծը որոշելը բավականին բարդ էր: Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության արդյունքում մեկ մարդ մահացել էր դանակի հարվածներից, երեքը՝ վիրավորվել։ Հայաստանում և Ղազախստանում այս դեպքը հանրության լայն շրջանակների ուշադրությանն արժանացավ, քանի որ տարածվող տեղեկատվության առանցքում այն կեղծ լուրն էր, թե տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հայերի և ղազախների միջև ազգամիջյան բախում:

Ըստ ղազախական աղբյուրների՝ ութ մեղադրվողներից երեքը հայեր էին: Դեպքի առնչությամբ ձերբակալվել են Թորգոմ և Սոխակ Մալխասյանները, որոնք հորեղբոր որդիներ են, և Կաիր Նադիրբեկովը: Երրորդ հայ մեղադրյալը՝ Նարեկ Գուրուրյանը հատել էր Ռուսաստանի սահմանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչից հետո ձերբակալվել էր ռուս իրավապահների կողմից։ Այժմ բանակցություններ են ընթանում նրան Ղազախստանին հանձնելու վերաբերյալ։

Ավելի վաղ Գուրուրյանը վիդեո հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասում էր, որ ինքը թեպետ մասնակցել է այդ ծեծկռտուքին, բայց մարդ չի սպանել և չի պատրաստվում ուրիշի մեղքն իր վրա վերցնել: Գուրուրյանը պատրաստ է հանձնվել, եթե Ղազախստանի իշխանություններն ապահովեն իր անվտանգությունը։ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը խոստացել է ապահովել նրա անվտանգությունը։

Իրավիճակ

Կարագանդա քաղաքն ունի մոտ կես միլիոն բնակչություն և գտնվում է Ղազախստանի կենտրոնական շրջանում: Ղազախստանի տարածքում պաշտոնական տվյալներով բնակվում է մոտ 30 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 100 հազար: Նրանցից 5000-ը բնակվում են Կարագանդայի շրջանում, մոտ 2000-ը՝ հենց Կարագանդա քաղաքում:

Ղազախական Nur.kz կայքը, հղում անելով Ղազախստանի Ներքին գործերի նախարարությանը, տարածել է Կարագանդայի դեպքերի ժամանակագրությունը, ըստ որի՝ ծեծկռտուքին մասնակցել է 14 անձ։ Վիճաբանության հիմնական պատճառը եղել է այն, որ առավոտյան չորսին «Հին Հռոմ» անունը կրող ռեստորանի անձնակազմը զգուշացրել է այցելուներին, որ ռեստորանը փակվում է։ Վերջիններս չեն ցանկացել հեռանալ։ Սկսվել է ընդհարում, ինչն էլ, ըստ ՆԳՆ տվյալների, եղել է կոնֆլիկտի հիմնական պատճառը։ Այցելուներին դուրս են հրավիրել ռեստորանից։ Քիչ հետո նրանք վերադարձել են ընկերների հետ, սկսվել է ծեծկռտուք։

Միջադեպին հաջորդել են բողոքի ակցիաները, որին մասնակցում էին Կարագանադայի 200-ին մոտ բնակիչներ: Ինչպես հայտնում են ղազախական ԶԼՄ-ները` մասնակիցներն իշխանություններից պարզաբանումներ և արդար դատավարություն էին պահանջում։

Սակայն տեղեկատվական դաշտում միջադեպի շուրջ տարածվող լուրերն ավելի շատ սադրող բնույթ էին կրում: Հայկական, ղազախական, ինչպես նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ակտիվ տարածում էին այս լուրը՝ իբրև ազգամիջյան բախում, չունենալով դրա համար հիմնավոր փաստեր: Ի հերքումն այս տեղեկատվության՝ հունվարի երեքին Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը  հայտարարություն տարածեց, որում կոչ էր արվում ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և միջադեպին ազգամիջյան երանգ հաղորդելուց: Պաշտոնական Ղազախստանը ևս հերքում է այն վարկածը, թե ծեծկռտուքը եղել է ազգային դրդապատճառներով։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջադեպին մասնակցած երկու խմբերում եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ակնհայտ հակահայկական դիրքորոշմամբ է հանդես գալիս ղազախական «Բասե» (Base.kz) առցանց լրատվամիջոցը, որն իր 4 րոպե տևողությամբ տեսանյութում տեղեկատվություն է տրամադրում վիճաբանության վերաբերյալ, սակայն ակնհայտորեն հատուկ շեշտադրելով սպանվածի և կասկածյալների ազգությունները: Ռեպորտաժում նաև բարձրացվում է երկրում տիրող սոցիալական անարդարաությունը, հարուստների ու աղքատների միջև առկա ջրբաժանը, և ներկայացնում, թե հայկական համայնքը մի համայնք է, որը Ղազախստանում լուռ առաջ է տանում բիզնես շահերը։ Նաև ասվում է, թե դեպքի առնչությամբ, նախ, իբրև կասկածյալ, շրջանառվում էր  ադրբեջանցիների ազգանուններ, որոնք կարճ ժամանակ անց փոխարինվեցին հայերի ազգանուններով։

Այս լուրը հերքում են Կարագանդայի շրջանի հայկական համայնքից, նշելով, որ ադրբեջանցիները հետախուզման մեջ չեն եղել, սակայն «ադրբեջանցիներ եղել են ռեստորանում․․․նրանք հայերի հետ են նստած եղել, նրանք հայերի կողքին են կանգնել, պաշտպանել իրար»,- ասել է Կարագանդայի Հայկական ազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչը:  

Հայկական մեդիայի անդրադարձը

Այս դեպքերին հայկական մեդիան անդրադարձ է կատարել՝ օգտվելով  ինչպես Ղազախստանի լրատվականներից, այնպես էլ սեփական աղբյուրներից, որոնք, որոշ դեպքերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին տրամադրում։

Հայկական մամուլի էջերում հունվարի առաջին օրերին քիչ չէին ատելություն պարունակող վերնագրեր և նյութեր, ինչպիսիք էին օրինակ «Միտինգ Ղազախստանում՝ «Վառել հայերին»», «Հակահայ հանրահավաք Ղազախստանում», ««Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են» և այլք: Սակայն Կարագանդայում ընթացող ցույցերի վերաբերյալ ղազախական աղբյուրներում չի նշվում հայկական մամուլում օգտագործված «Վառել հայերին» արտահայտությունը: Մինչդեռ, ղազախ բնակչության կողմից նման կոչեր իբր հնչեցնելու մասին հրապարակումներ հանդիպում են ադրբեջանական կայքերում: Վերջիններն էլ հղում էին տալիս նույն «Բասե» կայքին, որը ևս ապատեղեկատվություն էր տարածում:

Shantnews.am կայքը հղում անելով ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովին, հունվարի 7-ին հրապարակում տարածեց, ըստ որի՝ միջադեպից հետո Կարագանդայից 23 հայ են արտաքսել, որոնք ծեծկռտուքի ժամանակ եղել են ռեստորանում, սակայն մասնակից չեն եղել դրան։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հերքեց լուրերը՝ պարզաբանելով, որ  զանգվածային արտաքսում Ղազախստանից չի եղել։ Իսկ եթե նման դեպքեր էլ լինում են, ապա կապված են տվյալ երկրում անօրինական բնակություն հաստատած անձանց արտաքսման հետ։

Երկու երկրների պետական պաշտոնյաների միջև պաշտոնական երկխոսությունը, ինչպես նաև հայտարարությունները սկսեցին ակտիվանալ դեպքից միայն մեկ շաբաթ անց` հունվարի 7-ից։ Հեռախոսազրույցներ ունեցան Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, օմբուդսմենները, անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Գործընկերները հաստատեցին, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին չի կարելի ազգամիջյան երանգ հաղորդել։

Ի՞նչ կապ ունի ադրբեջանական մամուլը

Հայկական և ղազախական մամուլում տարածվող ապատեղեկատվությանն իր բաժին «աղն էր ցանում» ադրբեջանական մամուլը` փորձելով առիթն օգտագործել հակահայկական քարոզչության և հայ-ղազախական հարաբերությունները փչացնելու համար։

Ադրբեջանական Trend.az կայքը, չխուսափելով Կարագանդայում տեղի ունեցածը բնորոշել որպես ազգամիջյան խնդիր, «հիշեցրեց» ընթերցողներին, թե ինչպես է Խորհրդային Ղազախստանի հայազգի ղեկավարը ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացրել Ղազախստանի կազմում։

Նույն կայքի մեկ այլ հոդվածում Ադրբեջանի խորհրդարանի անդամ, Ադրբեջանա-ղազախական հարաբերությունների միջկառավարական խմբի անդամ Այդին Միրզազադեն նշում էր, որ, չնայած հայերն ակտիվ հասարակական կյանքով են ապրում Ղազախստանում, չեն թաքցնում իրենց ագրեսիան տեղի բնակչության նկատմամբ, ինչի հետևանքն էլ այս սպանությունն էր։ Ըստ քաղաքական գործչի՝ ղազախների բողոքի ակցիան նշանակում է, որ իրենք արդեն հոգնել են հայերի գործողություններից։

Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, չսահմանափակվեց միայն ռուսալեզու հրապարակումներով։ CBC լրատվական կայքի հայերեն տարբերակը վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում էր Կարագանդայում տեղի ունեցածը, դրան գումարելով Արցախյան խնդրում հայերի «նվաճողական քաղաքականությունը»։

Ադրբեջանական կայքը ղազախական «Scat Airlines»-ի կողմից Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթների դադարեցումը ներկայացրեց Կարագանդայում տեղի ունեցած դեպքերի շարունակություն: Մինչդեռ, ղազախական ավիաընկերությունը տեղեկացրել է, որ չվերթները դադարեցրել է միայն հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ադրբեջանական մամուլն ընդհանրապես փորձում էր դեպքին ազգամիջյան խնդրի կարգավիճակ հաղորդել և ներկայացնել, թե դրա հետևանքով սրվել են հայ-ղազախական հարաբերությունները` անտեսելով թե՛ ղազախական, թե՛ հայկական կողմերի պաշտոնական հայտարարությունները, որ նման բան չկա:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/01/2019