Առողջություն

COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում

Photolure

Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։

Հանրապետությունում COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվելուց ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլի 30-ին, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 2000-ի շեմը։ Մայիսի 31-ի դրությամբ, այսինքն` 1 ամիս անց, այն գրեթե հնգապատկվեց՝ հասնելով 9492-ի։ Նրանցից, ըստ պաշտոնական տվյալների, ապաքինվել է 36.2%-ը կամ 3402 մարդ։

Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, որ ապրիլի 13-մայիսի 12-ը (արտակարգ դրության ռեժիմի երկրորդ ժամկետի ընթացքում) հաստատված դեպքերն օրական թեստավորվածների շրջանում միջինը 10% են կազմել, մինչդեռ մայիսի 13-31-ը` 18 օրվա կտրվածքով, այդ ցուցանիշն աճեց 2.5 անգամ՝ կազմելով 25%։

Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մոբիլիզացված հիվանդանոցներում մայիսի 24-ի դրությամբ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը։

186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը

230 պացիենտ ծանր է, 52-ը՝ ծայրահեղ ծանր

Նախարար Թորոսյանը դեռ մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում նշել էր, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը առողջապահական ոլորտին հնարավորություն տվեց մոբիլիզացնել ուժերը, վերազինել հիվանդանոցները, ձեռք բերել անհատական պաշտպանության միջոցներ։ Ըստ նախարարի, այդպես համակարգը որոշ չափով պատրաստվեց անցանկալի սցենարին և կկարողանա սպասարկել մինչև 4000 հիվադի, որից 1500-ին՝ հիվանդանոցներում։

Մայիսի 23-ի դրությամբ փաստացի բուժվողների թիվն արդեն մոտեցել է 3500-ի շեմին։ Վերջին օրերի նոր դեպքերի թվերը հուշում են, որ առաջիկա երկու օրերին դրանք կհատեն նախարարի նշած անցանկալի սցենարի շեմը։

Պլան Բ

Առողջապահության նախարարի վերջին հայտարարություններից կարելի է հասկանալ, որ համակարգը մայիսի 21-ից սկսած՝ անցել է այսպես ասած պլան Բ-ին։ Եթե մինչ այդ, COVID-19 ախտորոշմամբ բոլոր վարակակիրները հոսպիտալացվել կամ մեկուսացվել են հատուկ այդ նպատակով նախատեսված վայրերում, ապա մայիսի 22-ից արդեն շուրջ 1000 պացիենտ, ում մոտ հիվանդությունը թեթև ընթացք ուներ կամ ովքեր ընդհանրապես  ախտանշաններ չունեին, ինքնամեկուսացումը շարունակել են տնային պայմաններում՝ բժիշկների վերահսկողության ներքո։

Նոր հայտնաբերվող դեպքերից էլ կհոսպիտալացվեն միայն հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեցողները։

Հիվանդանոց կտեղափոխվեն, նախ և առաջ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները։

Տնային պայմաններում ինքնամեկուսացված պացիենտների հիվանդության ընթացքը հսկելու նպատակով արդեն մի քանի օր է՝ ինտենսիվ հեռավար դասընթացներ են անցկացվում առողջության պահպանման առաջնային օղակի աշխատակիցների հետ։

Մայրաքաղաք Երևանում և չորս մարզերում 9 բուժհաստատություն սպասարկում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Դրանցից երեքը ինֆեկցիոն ուղղվածության հիվանդանոցներ են՝ Երևանի «Նորք», Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցները։ Մյուս վեց հիվանդանոցները վերապրոֆիլավորվել են։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշել է, որ հիվանդանոցներն ընտրվել են՝ նախապես գնահատելով դրանց հնարավորությունները։ Հաշվի են առնվել հատկապես՝ հիվանդանոցի ներսում վարակի տարածումը կանխարգելելու, համաճարակային ռեժիմը հսկելու, պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները։

COVID-19 ախտորոշումով բոլոր հիվանդները, նախքան որևէ հիվանդանոցում տեղավորվելը, անցնում են բուժզննում և, առողջական վիճակից կախված, որոշվում է, թե ով որ հիվանդանոցում պետք է բուժում ստանա։

Հոսպիտալացված պացիենտների բուժումը կազմակերպվում է առկա ախտանշանների հիման վրա, այսինքն՝ նրանք ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Վերոնշյալ բոլոր հիվանդանոցներում ներկա պահին հիվանդներ կան։

Վարակի հետագա տարածման հավանականությունը հաշվի առնելով՝ Առողջապահության նախարարությունը շարունակում է լրացնել մահճակալային ֆոնդը։ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվող դասընթացների օգնությամբ այլ պրոֆիլի բժիշկները տեղեկանում են COVID-19-ի մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ներգրավվեն համավարակի դեմ պայքարում։

Հայ վիրուսաբանները՝ հնարավորության սահմաններում

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը գործընկերների հետ փորձում է պարզել, թե կորոնավիրուսի սպիտակուցներից որոնք ունեն անկայուն կառուցվածք և ինչ դեր են խաղում վիրուսի կենսական ցիկլի մեջ։ Նրանց նպատակն է պարզել, թե կորոնավիրուսի ընտանիքի մեջ անկայուն կառուցվածք ունեցող ստիպակուցները որքանով են փոփոխվել։ Եթե դա պարզվի, ապա հնարավոր կլինի պատկերացնել, թե, օրինակ, վիրուսի մաս կազմող որ սպիտակուցները կարող են փոխազդել վարակված մարդու օրգանիզմում առկա սպիտակուցների հետ։

Հետազոտական աշխատանքն արվում է բացառապես տեսական մակարդակում, հիմքում էլ համացանցում առկա հասանելի ինֆորմացիան է։

Հայաստանում կենսաանվտանգության անհրաժեշտ մակարդակով ապահովված լաբորատորիա ունենալու դեպքում միայն հնարավոր կլիներ վիրուսի կառուցվածքն ուսումնասիրել նաև գործնականում։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Տվյալների մշակումն ու գրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/05/2020