Սոցիալական

Տիեզերագնացների փողոցում ապրելով

Տիեզերագնացների փողոց

Ես ապրում եմ Տիեզերագնացների փողոցի առանձնատներից մեկում։ Չէ՛, ինձ հավանաբար ճիշտ չհասկացաք։

Ես ապրում եմ մի փողոցում, որը կոչվում է Տիեզերագնացների։ Այն Նոյեմբերյան քաղաքի փողոցներից է՝ Երևանից 186 կմ հեռավորության վրա, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից՝ 101 կմ, իսկ ամենամոտ միջազգային տիեզերակայանից՝ Բայկոնուրից՝ ավելի քան 2550 կմ հեռավորության վրա է։

Մեր քաղաքի Տիեզերագնացների փողոցով երբևէ տիեզերագնաց չի քայլել։ Երևի թե դա է պատճառը, որ մինչև հիմա ամենագնաց մեքենաներ են պետք այս փողոցի խորդուբորդ հատվածները հաղթահարելու համար: Գուցե առաջ դրանց փոխարինել են տիզերանավե՞րը ու այդ պատճառո՞վ ասֆալտապատման կարիք չի եղել: Մենք էլ պահպանել ենք հին ու բարի ավանդույթը:

Գուցե նաև դա է պատճառը, որ փողոցով մեքենաներ քիչ են անցնում: Մարդիկ նույնպես հազվադեպ են հատում այս փողոցը: Բայց փոխարենը Տիեզերագնացների փողոցում կայուն են փայտե սյուները՝ նախատեսված հոսանքի անցկացման համար: Վերջին տարիներին մեր փողոցը ևս սկսել է երեկոյան լուսավորություն ստանալ, հետևաբար, հեշտ է խուսափել ցեխից ու անձրևաջրերից, քանի որ խոնավության ու բարձր դիրքի պատճառով փողոցն ուշ է չորանում տեղումներից հետո: Այո՛, օդանավը չէր խանգարի ձմռանն այստեղ տան բակում վայրէջք կատարելու համար:

Սրանք իհարկե կեսկատակ մտորումներն են, որի շուրջ երկար ժամանակ խորհել եմ։ Ինչո՞ւ պետք է Հայաստանում, այն էլ Նոյեմբերյանում փողոցն անվանեն Տիեզերագնացների: Կարծես թե մինչ օրս տիեզերագնացների շրջանում հայ լինելու վարկած չի շրջանառվել:

Բայց վերջերս գտա իմ բացատրությունը: Ասում են չէ՞, որ տիեզերքում ժամանակի ընկալումն ու հոսքը բոլորովին այլ է Երկիր մոլորակի վրա ունեցած մեր ընկալումներից: Նույնն էլ այստեղ է՝ Նոյեմբերյանում:

Մեր քաղաքում ժամանակի գիծը հանդարտ է հոսում, առանց շտապելու ու անվրդով: Եթե հանկարծ այստեղ հայտնվեր ամերիկացի հեղինակ Մարք Մենսոնը, ապա կասեր․ «Նոյեմբերյանցիներն են հետևում ժամանակի ու հանգամանքների վրա թքած ունենալու նուրբ արվեստին»։ Այն մենք ենք ստեղծում։

Նոյեմբերյանից Բայկոնուր միջազգային տիեզերակայան՝ 2596 կմ

Նոյեմբերյանը Երևան-Թբիլիսի տանող ճանապարհին է՝ փոքրիկ, կոմպակտ քաղաք։ Այնքան կոմպակտ, որ տեղացիները այն գյուղ են անվանում: Այդպիսի անեկդոտ էլ ունենք․

– Բարև Ձեզ: Գեղապետը տեղո՞ւմ ա:

– Մերը գեղ չի, քա՛ղաք ա ու քաղաքապե՛տ ա, գեղա՛պետ չի:

– Հա, բայց կարա՞մ հետը խոսիմ:

– Չէ՛, տե՛ղմ չի, գնացել ա գեղա՛մեջ:

Թող ներեն ինձ համաքաղաքացիները, բայց այստեղ տեսարժան վայրեր գրեթե չունենք ցույց տալու: Լավ, կասե՞ք, հայտնի մարդիկ էլ հո ունե՞ք: Եթե ինձ հարցնեք` բոլորն էլ հայտնի են էստեղ. բոլորս բոլորիս ճանաչում ենք: Դե հայտնիներից գուցե Վանո Սիրադեղյանի անունը տամ, մեր տարածաշրջանից է:

– Ես դրա անունը չեմ տա,- վերջերս Նոյեմբերյանում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ինձ ասաց նախկին պետպաշտոնյան:

Ինձ հաճախ հարցնում են՝ Նոյեմբերյանը սահմանամերձ է չէ՞, կրակոցնե՞ր են լինում, լսվո՞ւմ է, շատ ե՞ք վախենում:

– Այո՛, լինում են, պարբերաբար լսվում է: Վախենա՞լ: Ոչ, չափից դուրս սովորական է դարձել, բայց ոչ ցանկալի։

– Բա ի՞նչ եք անում Նոյեմբերյանում, ինչո՞վ եք զբաղվում:

– Մենք այստեղ ապրում ենք՝ տիեզերական կյանքով՝ ամեն ինչից հեռու և ամեն ինչին այդքան մոտ: Մի կողմից Երևանն է, մյուս կողմից՝ Թբիլիսին, երրորդ կողմից՝ տեսանելի Ադրբեջանը: Ապրում ենք տիեզերական ժամանակներում և տարածքներում:

***

Այստեղ ժամանակը չի շտապում, շտապում են միայն մեր խանութի հաճախորդները:

– Ազի՛զ, ես վռազ եմ, ինձ շո՛ւտ ճամփե էլի, ես գնամ,- հաճախ ասում են ինձ:

Թո՛ւյլ տվեք բացատրել: Այլ փոքրիկ քաղաքներին բնորոշ ձևով Նոյեմբերյանում ևս շատերն են առևտրով զբաղվում, այդ թվում՝ ծնողներս: Նրանց օգնելու համար հաճախ եմ մեր խանութի վաճառողուհու դերը ստանձնում: Թերևս, տեղացիներին ճանաչելու և հասկանալու լավագույն տարբերակներից է:

Նոյեմբերյանում առավոտյան մինչև 9-ը տիեզերական անդորր է, իսկ 9-ից սկսած՝ սկսում են շտապել՝ որքան որ կարող են՝ կիսավազելով, կիսածուլորեն, երեխաները՝ դպրոց ու մանկապարտեզ, աշխատողները՝ աշխատավայր: Կարճ ժամանակ հետո շարժը դադարում է, և, եթե հոտառությունից լավ եք, ապա օդում կզգաք սուրճի բուրմունքը. բոլորն աշխատավայրերում առավոտյան առաջին հերթին սուրճ են պատրաստում: Տիեզերական հանգստությունը կպահպանվի մինչև կեսօր: Կեսօրին մոտ մարդիկ դուրս են գալիս գնումների:

– Սիրո՛ւն ջան, ինձ մին ճամփո՛ւ դրու էլի, խատատ եմ (խմբ․վռազ եմ),- անպայման կասի մեկը:

Ամեն օր լսելով սա՝ մտածում եմ՝ ախր, ո՞ւր կարելի է շտապել Նոյեմբերյանում: Այդպես օրինակ չեն շտապում ուղևորին վերցնել Նոյեմբերյան-Երևան ուղղությամբ վարող մեքենաները, որոնք ընդունված պրակտիկայի նախանշված ժամից ուշանում են առնվազն մեկ ժամ:

– Մինա (մեկ է) Նոյեմբերյան չե՞ս գնըմ,- հնչում է վարորդական արդարացումը:

Բայց փոխարենը, 2 ժամում սլանում են Երևան՝ անցնելով շուրջ 190 կմ: «Թռա՛նք»․ ասում էր Յուրի Գագարինը, «թռա՛նք»՝ ասում են նոյեմբերյանցի տաքսիստները։

Նոյեմբերյանում չկա միջքաղաքային հասարակական տրանսպորտ: Այդ պատճառով էլ տեղացիներն օգտվում են տաքսիների ծառայությունից՝ 3000 դրամ մեկ անձի մեկ ուղղության համար վճարելով: Նոյեմբերյանում ժամանակից բացի ձգում են նաև դրամական միջոցները՝ աշխատավարձից աշխատավարձ, թոշակից թոշակ, նպաստից նպաստ, վարկից վարկ, Ռուսաստանից ուղարկած գումարից մինչև մյուս գումարը:

***

Լավ լուրն այն է, որ վերջերս սկսել են միջպետական ճանապարհների վերանորոգումը:

– Լա տես է, ո՞վ էր Նոյեմբերյան սենց բան տեսել:

– Սարքեցին է՜, սարքեցի՜ն:

– Էս ճամփա սարքելն էլ էր ծանոթով, ով հասցրուց, իրա տան կողքը սարքել տվուց:

Սա այն ճանապարհն է, որով «թռչում» ենք Երևան՝ ավելի լավ կրթություն ու աշխատանք ստանալու համար։ Սա այն ճանապարհն է, որով «թռչում» ենք Վրաստան՝ ավելի էժան ապրանք գնելու ու գումար վաստակելու։ Սա այն ճանապարհն է, որտեղից երևում են մեր ու հարևան երկրի սահմանամերձ տների լույսերը։ Սա այն ճանապարհն է, որով մարդատարները Ռուսաստան են տանում հարյուրավոր խոպանչիների, որով Հայաստան են բերում կիսասարք կամ ջարդուխուրդ եղած մեքենաներ, որ հետո ասեն` բա չիմացար` նոր մեքենա եմ գնել։ Սա նաև այն ճանապարհն է, որը կովերն ամեն օր ծուլորեն հատում են։

Եվ թերևս սա է այն մայրուղին, որով տիեզերագնացներ են անցել և պատճառ հանդիսացել, որ մեր փոքրիկ փողոցն անվանեն Տիեզերագնացների:

Նոյեմբերյանից տիեզերական բարևներով՝ Մերի Մամյան

Լուսանկարը՝ հեղինակի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 21/12/2019