Էկոլոգիա

Ինչո՞ւ են կարևոր եղանակային կանխատեսումները․ ՀԷԿ-երի օրինակով

Գլոբալ տաքացումը դանդաղ, բայց բազմաթիվ ոլորտների վրա բացասական հետևանքներ է թողնում։ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում օդի տարեկան միջին ջերմաստիճանը առաջիկա 80 տարիների ընթացքում կբարձրանա Ցելսիուսի 4,7 աստիճանով, իսկ մթնոլորտային տեղումները կնվազեն 8,3%-ով։

Կլիմայի տաքացմանը զուգահեռ՝ տեղումների քանակի, ինչպես նաև ձյան շերտի տևողության սպասվող կրճատումն իր հերթին կհանգեցնի հանրապետության ջրային ռեսուրսների, արտադրվող հիդրոէներգիայի, գյուղատնտեսական արտադրանքի ծավալի կրճատման և այլն։

Քանի որ գետերի ջրառատությունն ու դրանց հիդրոէներգետիկ պոտենցիալն ապահովում են մթնոլորտային տեղումները, հետևաբար հետզհետե չորացող կլիման զգալիորեն կսահմանափակի Հայաստանում հիդրոէներգետիկան զարգացնելու հնարավորությունը։

«Անձրևները, որպես կանոն, անմիջապես առաջացնում են մակերևութային հոսք, մասամբ կուտակվում ջրամբարներում, բայց ջրի զգալի մասը հեռանում է գետերի միջոցով։ Հիդրոէներգետիկ ռեսուրսների համար առավել արդյունավետ են ձյան տեսքով տեղումները»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է հիդրոօդերևութաբան Արթուր Գևորգյանը։

Նա ասում է, որպես կանոն՝ ձյունը հալչում է համեմատաբար դանդաղ՝ աստիճանաբար համալրելով գետերը, ջրամբարները և ստորերկրյա ջրերը, ուստի և ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում այս ջրային ռեսուրների օգտագործման և «կառավարման» համար։

ՀԷԿ-երն անմիջականորեն կապված են մակերևութային հոսքի հետ, որը ձևավորվում է տեղումներից։

Մթնոլորտային տեղումները՝ ՀԷԿ-երի արդյունավետության ցուցիչ

Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության համաձայն՝ գետային հոսքը, ըստ կանխատեսման տարբեր մոդելների, 2011-2040թթ․ ընթացքում կնվազի 10%-ով։

Գետերի վրա տեղադրված են հիդրոլոգիական դիտակետեր, որոնց օգնությամբ չափվում են մակերևութային հոսքը, տվյալ հատվածում ջրի ելքերը և այլն։ Գետային հոսքի նորման մի արժեք է, որը ստացվում է 30-40 տարի անընդհատ արված դիտարկումների արդյունքում։

Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը, ասում է, որ եթե նախկինում 30 տարվա միջինացված արժեքը կազմում էր 10 խորանարդ մետր, ապա հիմա բազմամյա միջին արժեքը անգամ 45 տարվա կտրվածքով ընդամենը 9 խորանարդ մետր է։

«Փաստորեն անգամ 10 խորանարդի չի հասնում։ Վերջին 10-15 տարվա ընթացքում այդ արժեքը բավականին նվազել է»,- «Ամփոփ մեդիային» ասում է Զաքարյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիաների համաձայն՝ 2021թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործում են երկու մեծ՝ Սևան-Հրազդան (561,4 ՄՎտ) և Որոտան (404,2 ՄՎտ) ՀԷԿ-երի համալիրներն ու 190 փոքր ՀԷԿ-եր։ Վերջիններս արտադրում են գումարային շուրջ 384,4 ՄՎտ դրվածքային հզորությամբ էլեկտրաէներգիա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ամփոփ Մեդիային» հայտնել են, որ ևս 23 փոքր ՀԷԿ՝ գումարային 46,18 ՄՎտ դրվածքային հզորությամբ, կառուցման փուլում է։

Փոքր են համարվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները։

Ըստ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի, եթե գետի ջրաքանակը բավարար է ՀԷԿ-ն աշխատացնելու համար, ապա կարելի է կառուցել ՀԷԿ՝ պահպանելով սանիտարական թողքի քանակն ու տեխնիկական պայմանները․

«Յուրաքանչյուր ՀԷԿ կառուցելուց առաջ հաշվարկվում է վերջին 10-15 տարիների ընթացքում այդտեղ եղած ջրաքանակը և միջինացվում ցուցանիշը։ Տարուց կախված՝ ջրաքանակը տարբեր է լինում։ Ջրաքանակի նվազման դեպքում, բնականաբար, նվազում է ՀԷԿ-ի արտադրանքը ևս, բայց այնպես չի լինում, որ ՀԷԿ-ը դադարի աշխատել»։

Օդերևութաբանական կանխատեսումներին տրվող դերը․ Հայաստան vs Ավստրալիա

ՀԷԿ-երի աշխատանքների պլանավորման համար մեծ նշանակություն ունեն երկարաժամկետ՝ ամսական ու սեզոնային կանխատեսումները։ Կանխատեսելով սպասվող տեղումներն ու ջերմաստիճանային ռեժիմը՝ կարելի է մոտավոր պատկերացում կազմել ստացվելիք հիդրոէներգետիկ պաշարների մասին։

ՀՀ-ում եղանակի կանխատեսումները կատարվում են հիմնականում մեկամսյա կտրվածքով, որը ներառում է սպասվող միջին ամսական ջերմաստիճանը, տեղումների քանակը և դրանց շեղումները բազմամյա կլիմայական արժեքներից։

Սեզոնային կանխատեսումները՝ հատկապես մթնոլորտային տեղումների հետ կապված, շատ մոտավոր են։

Ամսական կանխատեսումների արդարացման աստիճանը, ինչպես «Ամփոփ Մեդիան» տեղեկացել է «Հիդրոօդեևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, տատանվում է 70-80%-ի սահմանում։

Հայաստանում կիրառվող 9 կմ քայլով եղանակի կանխատեսման թվային մոդելն իրեն չի արդարացնում։

«Մեր նման ռելիեֆ ունեցող երկրներում անհրաժեշտ է ներդնել առնվազն 3 կմ քայլով կանխատեսման թվային մոդել, ինչը հնարավորության կտա կանխատեսել հանրապետության ցանկացած կետում մթնոլորտային երևույթների արտահայտման առանձնահատկությունները»,- ասում է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նման փոքր քայլով կանխատեսման թվային մոդել ձեռք բերելու անհրաժեշտության մասին նշվել է գերատեսչության ռազմավարական ծրագրում՝ Կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով։

Ի դեպ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում այս ոլորտում գործող միակ մարմինն է՝ իր 46 կայաններով։

Մինչ Հայաստանում ոլորտի մասնագետները հույսով ֆինանսավորման են սպասում, օրինակ Ավստրալիայում փորձում են արհեստականորեն ներգործել գերսառած կաթիլներով հարուստ ամպերի վրա և առաջացնել ձյան տեսքով տեղումներ։

«Ավստրալիայի ամենաբարձր՝ Snowy Mountains լեռներում ձևավորվող ամպերը եզակի են այն առումով, որ ձմռան սեզոնին պարունակում են զգալի քանակությամբ գերսառած ջրային կաթիլներ։ Ի դեպ, ջրային կաթիլները ամպերում չեն սառչում ընդհուպ մինչև -20C ջերմաստիճանի դեպքում»,- ասում է օդերևութաբան Արթուր Գևորգյան, ով այժմ աշխատում է Մոնաշի պետական համալսարանում։

Նա պատմում է, որ Ավստրալիայում էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող «Snowy Hydro» խոշոր ընկերությունը երկրի լեռնային տարածքներում ուսումնասիրում է մթնոլորտային տեղումները ձևավորող ֆիզիկական պրոցեսները, քանի որ, մեծ հաշվով, հիդրոէներգետիկ ռեսուրսների պաշարների գլխավոր աղբյուրը մթնոլորտային տեղումներն են։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկները՝ Ամփոփ Մեդիայի

Կարդացեք նաև

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/12/2021