Էկոլոգիա

Անոմա՞լ, թե՞ բնական երևույթ․ ՀՀ տարածքում երկրաշարժերի ակտիվության մասին

Փետրվարի 13-ին Հայաստանում գրանցված երկրաշարժը՝ 5․4 մագնիտուդով, պատճառ դարձավ, որպեսզի սոցիալական տարբեր հարթակներում հիշեն նախորդ տարվա նույն օրը գրանցված երկրաշարժի մասին, և օրվա ոչ այնքան պատահական լինելու վերաբերյալ հավանականությունների տեսությունից մինչև մարդածին պատճառներ դիտարկվեն։

Մասնագիտական շրջանակներում այս ենթադրությունները միանգամայն մերժվեցին։ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը հստակեցնում է՝ «օրն ընդամենը համընկնում էր»․

«Նախորդ տարվա երկրաշարժը երևանյան խորքային ակտիվ խզվածքի գոտում էր՝ կոչված Նուբարաշենի երկրաշարժ, իսկ այս տարվանը Ջավախքի խզվածքում էր՝ հայ-վրացական սահմանին։ Երկրաբանական ծագումը տարբեր է, և հետևաբար ընդհանուրը միայն ամսաթիվն է»,- «Ամփոփ Մեդիային» ասում է մասնագետը։

Ըստ ՍՊՏԾ տվյալների՝ այս տարի փետրվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 452 հետցնցում, ընդ որում՝ բոլորն էլ ավելի թույլ, քան առաջին ցնցումը։

«Հետցնցումները դեռ կշարունակվեն։ Սովորաբար որքան ուժեղ է լինում երկրաշարժը, այնքան հետցնցումները շատ են լինում»,- ընդգծում է Պետրոսյանը և ավելացնում՝ «Սպիտակի երկրաշարժի [1988թ․-ի] հետցնցումները մոտավորապես 1 տարի են տևել, իսկ շատ այլ մասնագետների կարծիքով՝ նույնիսկ 1 տարուց ավելի»։

Չնայած Հայաստանը սեյսմոակտիվ գոտում է, վերջին ժամանակահատվածում բարձր ուժգնության որևէ դեպք չի գրանցվել։

Երկրաշարժերի մասին շաբաթական վիճակագրություն է ներկայացվում ԱԻՆ պաշտոնաթերթում, որն էլ ուսումնասիրելիս նկատում ենք, որ շաբաթական 2-3 բալ ուժգնությամբ առնվազն մեկ կամ երկու թույլ ցնցում է գրանցվում։ Այդ ցնցումները չեն էլ զգացվում բնակչության շրջանում, մինչդեռ սեյսմիկ կայանները գրանցում են դրանք։

Loading...

Loading…

Միմյանց հաջորդող ցնցումները տպավորություն են ստեղծել, թե Հայաստանում երկրաշարժերն ակտիվացել են։ Սակայն, ՍՊՏԾ-ի մասնագետները դրանք որպես ակտիվություն չեն դիտարկում․ շաբաթական տեղի ունեցող թույլ երկրաշարժերը բնական երևույթ են համարվում։

Գլոբալ տաքացումները, եղանակի շատ տաք կամ սառը լինելը հասարակության շրջանում հաճախ ուղեկցվում են երկրաշարժի վերաբերյալ կանխատեսումներով։ Թեև նմանատիպ քննարկումները շատ են, ոլորտի ներկայացուցիչները շարունակ հերքում են դրանք։

«Երկրագունդը, մթնոլորտը ընդհանուր մի համակարգ են, և երկրաշարժերի առաջացումն ու պատճառները անմիջապես գլոբալ տաքացումների հետ կապել չի կարելի,»- ասում է Պետրոսյանը և մանրամասնում՝ «երկրաշարժերը ձևավորվում են մեծ խորությունների վրա, իսկ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում փոքր խորություններով՝ չգերազանցելով 35 կմ-ը։ Առավել հաճախ տեղական ցնցումները գրանցվում են 5-15 կմ խորություններում»։

Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում ակտիվ խզվածքային գոտիներն են

  • Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքը, որի առավելագույնը 7 բալ է գնահատվում,
  • Երևանին մոտ գտնվող Գառնու խզվածքը՝ կրկին 7 բալ առավելագույնով,
  • Երևանի խզվածքը՝ 5 բալ առավելագույն գնահատմամբ. (նախորդ տարվա Երևանի երկրաշարժը 4․8 բալ ուժգնություն է ունեցել)

ՀՀ տարածքում գրանցված վերջին ամենաաղետալի երկրաշարժը 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժն էր՝ 8 մագնիտուդ ուժգնությամբ (10 բալ)։ Դրանից հետո նման ուժգնության որևէ երկրաշարժ չի գրանցվել։ Այնուամենայնիվ, Սպիտակի աղետը հիմք է հանդիսացել, որպեսզի շինարարական նորմերում փոփոխություններ արվեն։ Եթե ԽՍՀՄ տարիներին կառույցները պետք է հարմարեցված լինեին առավելագույնը 8 բալի, փոփոխություններից հետո դրանք դարձան 10 բալին համապատասխան։

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը կարևորում է մասնագետների՝ սեյսմիկ ռիսկերը ճիշտ գնահատելու կարողությունն ու, հետևաբար, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը։ Նա թվարկում է ներքին շրջանակներում կատարվող քայլերը՝ երկրաբանական ուսումնասիրությունների, հետազոտությունների կատարումից մինչև նոր քարտեզներ գծագրելը։

«Վերջերս Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է սեյսմիկ վտանգի քարտեզը, որը շինարարական նոր նորմերի հիմք է հանդիսացել։ Նաև փոփոխություններ են կատարվել տվյալների բազայում․ առանձնացվել են վերջին տարիներին Հայաստանի սեյսմիկ ռիսկեր պարունակող քաղաքները»։

Սարգսյանն ընդգծում է՝ դրանք այն խոշոր քաղաքներն են, որտեղ բնակչությունն ու կառույցները շատ են։ Այնուհետև, լրացնում է, որ տեղի ունեցած երկրաշարժերից հետո սկսել է հատկապես անհանգստանալ քաղաքներում կողք կողքի կառուցված շենքերի և ազատ տարածությունների պակասի պատճառով, քանի որ դրանք անհրաժեշտ պայման են ցանկացած աղետի դեպքում։

Loading...

Loading…

Եթե Սպիտակի երկրաշարժի ժամանակ որպես վարկած առաջ էր քաշվել երկրաֆիզիկական զենքերի օգտագործումը, ապա վերջին տարիներին հանքարդյունաբերական գործընթացներն ու հորատումներն են դասակարգվում՝ որպես երկրաշարժերի առաջացման պատճառներ։

Այն երկրաշարժերը, որոնք առաջանում են մարդկային գործունեության արդյունքում, կոչվում են տեխնածին կամ մարդու կողմից հարուցված։

Մինչդեռ երկրաբան Լիլիթ Սարգսյանն ասում է՝ հորատումների պատճառով Հայաստանում տեխնածին երկրաշարժեր չեն գրանցվել․ «Հորատումների սահմանները երկրակեղևին չեն հասնում։ Ինժեներական երկրաբանության շրջանակներում հորատումները լինում են մինչև 30 մետր, ոչ թե կիլոմետր։ Նկատենք, որ երկրակեղևը սկսվում է 40 կիլոմետրից»,- բացատրում է մասնագետը և ավելացնում՝ «հորատումները ոչ մի կերպ չեն կարող կապվել երկրաշարժերի հետ, քանի որ վերջիններս տարիներով առաջացող գործընթացներ են»։

Սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից՝ Հայաստանն առաջատար է։ Ինչպես պատմում է ՍՊՏԾ-ի տնօրենի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջինն է մշակել «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքը։ Այն օրինակ է ծառայել մյուս երկրների համար, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, իրենց օրենքները մշակելու հարցում։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Վիզուալիզացիան՝ Կարինե Դարբինյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/03/2022