Կրթություն Միջազգային

Վրաստանի հայ ուսանողների համար սահմանը փակ է․ Վրաստանում վարակը նոր թափ է հավաքում

Վրացահայ ուսանողները, որոնք սովորում են ՀՀ բուհերում, շարունակում են սոցիալական ցանցերի միջոցով իրենց դժգոհությունը հայտնել առ այն, որ չեն կարողանում հատել Վրաստան-Հայաստան սահմանը, Հայաստանում ուսումնական գործընթացին ֆիզիկապես մասնակցելու համար։

Խնդիրն այն է, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռ սեպտեմբերի սկզբին տեղեկացրել էր, որ «ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով»:

Սակայն գործնականում երկու երկրների սահմանները հատելու հնարավորություն դեռևս չկա։

«Ամփոփ Մեդիան» փորձել է պարզել՝ ինչո՞ւ պաշտոնական հայտարարությունը կյանքի չի կոչվում, արդյոք Հայաստան գալու անհրաժեշտություն կա՞ ուսման գործընթացներին մասնակցելու համար, և արդյո՞ք Վրաստանում վերջին օրերին վարակի կտրուկ աճն է  երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության չեղարկման պատճառը։

Իրավիճակ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Էդգար Ղուշչյանը, ծնունդով Ախալքալաքից, նախարարության գրավոր հայտարարությանը ծանոթանալուց հետո ճանապարհ ընկնելուց առաջ որոշեց ԿԳՄՍ նախարարությունից մեկ անգամ էլ զանգով ճշտել ու համոզվել, որ սահմանը հատելու հետ կապված խնդիրներ չեն լինի, ու ստացավ անսպասելի պատասխան։

«Ասացին՝ պետք է սպասեք մինչ պարետի թույլտվությունը կլինի։ Մենք էլ սպասում ենք մինչև այսօր»,- ասում է Էդգարը։

Այս խոսակցությունից հետո Էդգարի և վրացահայ այլ ուսանողների զանգերը կրթության ոլորտի համար պատասխանատու գերատեսչություն պարբերական բնույթ են կրում։ Հաջորդ զանգի ընթացքում Էդգարին պատասխանել են, որ ուշացման պատճառը հայ և վրացի պաշտոնյաների միջև ընթացող քննարկումներն են․ որոշում են, թե ուսանողները որ անցակետով սահմանը պիտի հատեն՝ Բագրատաշենի՞, թե՞ Բավրայի։

Էդգարն ասում է, որ ունի նաև չճշտված տեղեկություն, որ հայկական կողմը վրացական կողմին է փոխանցել հայ ուսանողների ցանկը և սպասում է նրանց համաձայնությանը, ինչն էլ ուշանում է։

Պատճառաբանություններն Էդգարի համար կասկածելի են․ «Հունիսի 25-ից ընդունելությանը մասնակցելու նպատակով Վրաստանից 69 դիմորդ պարետի թույլտվությամբ անարգել մուտք է գործել Հայաստանի տարածք։ Նույն անցակետով օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երիտասարների մեկ այլ խումբ էլ հատել է սահմանը սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Դիմորդների դեպքում որևէ խնդիր չի առաջացել, իսկ մենք, որ արդեն իսկ ուսանող ենք, չենք կարողանում հատել սահմանը»։

Վրաստանում COVID-19 վարակի տարածման կտրուկ աճ

Վերջին 7 օրերի ընթացքում Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ է նկատվում։ Վարակի տարածման օջախներ են, մասնավորապես, Բաթումի, Թբիլիսի և Քութաիսի քաղաքները։ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ խուճապի հիմքեր չկան, քանի որ երկրորդ ալիք կանխատեսվում էր, և իրավիճակն ամբողջովին վերահսկելի է։

Սակայն վերահսկողությունը կարծես դեռ չի կանխում վարակի տարածման ալիքը։ Համաձայն վիճակագրության, եթե սեպտեմբերի 8-ին գրանցվել էր վարակվածների 45 նոր դեպք, ապա մեկ շաբաթ անց նոր դեպքերի ամենօրյա երկրաչափական աճ է գրանցվել՝ սեպտեմբերի 14-ին հասնելով 165-ի։

Վրաստանի պարագայում սա աննախադեպ աճ է, ինչպիսին չի գրանցվել նախորդ վեց ու կես ամիսների և ոչ մի օրվա ընթացքում։

Փետրվարի 26-ից սկսած, երբ Վրաստանում հայտնաբերվեց COVID-19-ով առաջին վարակակիրը, մինչև սեպտեմբերի 14-ը գրանցվել է նոր կորոնավիրուսի 2392 դեպք, որից միայն 708-ը կամ 1/3-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում [համեմատեք Վրաստան-Հայաստան COVID-19 վարակված դեպքերի ամենօրյա ցուցանիշները]։

Անորոշության և հնարավոր դժվարությունների հեռանկար

Էդգար Ղուշչյանն ուսանողների հիմնական խնդիրն այս պահին համարում է Հայաստանի սահմանի հատումը, ասում է՝ կարևորը գանք, այդ հարցով մեզ ապահով զգանք։ Սակայն նշում է՝ հարցը բազմաշերտ է․ ուսանողները սահմանը հատելուց բացի այլ մտածելու բաներ էլ ունեն։ Վստահ է՝ ջավախքցի ուսանողների մեծ մասը բնակարանային խնդիր ունի՝ Հայաստան հասնելուն պես պիտի փորձի վարձակալության տրվող բնակարան գտել․ «Դա 1-2 օրվա գործ չէ, անգամ նախորդ տարիներին, երբ չկային նման խանգարող հանգամանքներ, վարձով բնակարան գտնելը երկար ժամանակ էր պահանջում։ Ուսանողները դասերի մեկնարկից շատ ավելի շուտ էին սկսում զբաղվել այս հարցով»։

Նրա կարծիքով այս տարի վրացահայ ուսանողները, եթե նույնիսկ հասցնեն դասերի մեկնարկին լինել Հայաստանում, չեն հասցնի բնակարան գտնել։

«Բացի այդ Հայաստանի մարզաբնակ ուսանողներն արդեն իսկ իրենց համար բնակարաններ են գտել, ինչը շատ ավելի է բարդացնելու Վրաստանից ժամանող ուսանողների փնտրտուքները»։

Առկա՞, հեռավա՞ր, թե՞ հիբրիդային ուսուցում

Սահմանային անանցանելիության անորոշությանը գումարվում է նաև դասերի անցկացման կարգի հետ կապված անորոշությունը։

Դիտարկմանը, թե դասերի հեռավար անցկացման պայմաններում կխուսափեն ուսումնական գործընթացից հետ մնալու վտանգից, Էդգարը պատասխանում է․ «Չենք կարող իմանալ՝ ինչքա՞ն ժամանակ է այսպես շարունակվելու, ե՞րբ կվերսկսվեն առկա եղանակով դասերը։ Անհրաժեշտ է, որ Հայաստանում լինենք՝ սկսվելու պահից դրանք բաց թողնելու խնդրին չբախվելու համար»։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանը տեղեկացնում է, որ համալսարանում սփյուռքահայ ուսանողների՝ Հայաստան տեղափոխվելու հարցը ուշադրության կենտրոնում է եղել։

«Մենք բուհի միջազգային համագործակցության վարչությունից սփյուռքահայ ուսանողներին առնչվող միաժամանակ 2 գրություն ստացանք․ մեկը վերաբերվում էր արդեն իսկ ֆակուլտետում սովորողներին, մյուսը՝ նոր ընդունվածներին։ Մենք ներկայացրել ենք այն բոլոր ուսանողների տվյալները, որոնք հնարավոր է՝ մուտքի խնդիր ունենային։ Որքանով ես եմ տեղյակ, վարչությունից այդ ցուցակները ուղարկել են սահման»։

Փոխդեկանի խոսքով՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սփյուռքահայ ուսանողների թիվը չի գերազանցում մեկ տասնյակը։ Առաջին կուրսում ջավախքցի ուսանող չկա, իսկ մյուս բոլոր կուրսերը՝ ներառյալ մագիստրոսական ծրագրում ներգրավված ուսանողները, առաջիկայում ուսուցումն իրականացնելու են հեռավար տարբերակով։

«Այս պահի դրությամբ այդպես է որոշված, հետո ինչ կփոխվի՝ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում մենք դասացուցակն ի սկզբանե կազմել ենք այնպես, որ ցանկացած պահի՝ ըստ անհրաժեշտության, կարողանանք վերադառնալ լսարան»։

Սա միայն մեկ բուհի մեկ ֆակուլտետի դիրքորոշումն է։ Ըստ նախարար Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 17-ին տարածած հայտարարության՝ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար:

Վրաստանում վարակի ակտիվ տարածումն ու Հայաստանում դեպքերի նվազումը հուշում են, որ տրամաբանական կլինի, եթե վրացահայ ուսանողները ժամանակավորապես դասերին հեռավար մասնակցեն, հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչ գին կունենա նրանց ճամփորդությունը դեպի հայրենիք ինչպես իրենց, այնպես էլ մյուս ուսանողների համար։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Գրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#Covid19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/09/2020