Առողջություն

Քովիդ-19-ի ազդեցությունը տուբերկուլոզի բուժման վրա

Քովիդ-19 համաճարակը համաշխարհային մակարդակով ձախողել է տուբերկուլոզի (այսուհետ ՏԲ) դեմ պայքարում հիմնական ծառայությունների մատուցման և ՏԲ-ի բեռը նվազեցնելու տարիների առաջընթացը, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները։

Ամենից ակնհայտ ազդեցությունը 2020թ․-ին տուբերկուլոզի նոր ախտորոշումների թվի նվազումն է, ինչը հանգեցրել է նոր դեպքերի հայտնաբերելիության 18% անկման 2019-ի համեմատ, երբ դեռ չկար համաճարակը։ Ըստ նախնական տվյալների՝ 2021թ․-ի հունիս ամսվա դրությամբ՝ այս միտումը դեռ շարունակվել է։

Իսկ ՏԲ-ի ախտորոշման և բուժման հասանելիության կրճատումն էլ իր հերթին հանգեցրել է նոր իրողության՝ ՏԲ-ից մահացությունների աճի` ավելի քան մեկ տասնամյակ անց։

Կանխատեսումներն առավել վատատեսական են 2021 և 2022 թվականների համար:

Այնպես որ, ԱՀԿ-ն ահազանգում է, որ Քովիդի ազդեցությունները մեղմելու և դրանք վերացնելու համար անհրաժեշտ է հրատապ գործողություններ ձեռնարկել՝ առաջնահերթություն տալով ՏԲ-ի հիմնական ծառայությունների տրամադրման վերականգնմանն ու հասանելիությանը, որպեսզի ՏԲ-ի նոր դեպքերի հայտնաբերման և բուժման ցուցանիշները հնարավոր լինի կրկին հասցնել առնվազն  2019թ.-ի մակարդակին։

Հայաստանում, ըստ հավաքագրված տվյալների, իրավիճակը գոհացնող է՝ արձանագրում են մասնագետները, թեև վերջիններս չեն հերքում, որ ՏԲ-ի նոր դեպքերը հնարավոր է չեն ավելացել, քանի որ համաճարակի ժամանակահատվածում կանոնակարգված ախտորոշումներ չեն իրականացվել։

Բացի նշված ազդեցություններից, նոր կորոնավիրուսի ի հայտ գալը նոր մարտահրավերներ է առաջացրել նաև ՏԲ-ի բուժման գործընթացում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Դրանցից մեկը համաճարակի ընթացքում, տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված, պացիենտների ամենօրյա ռեժիմով պոլիկլինիկա այցելելու անհնարինությունն էր։

Մինչդեռ ՏԲ-ի բուժումը երկարատև է և իրականացվում է բժիշկների ամենօրյա անմիջական հսկողության ներքո։ Այլ կերպ ասած, պացիենտներն ամեն օր պետք է այցելեն տուբերկուլոզային կաբինետներ և բժիշկների հսկողությամբ ընդունեն իրենց դեղերը։

Հայաստանում գործում է հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող արտահիվանդանոցային (տուբերկուլոզային կաբինետ) 58 և հիվանդանոցային 2 բուժհաստատություն՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Տեղաշարժի սահմանափակման այս մարտահրավերը հնարավոր է եղել հաղթահարել ի շնորհիվ մինչև համաճարակի բռնկումը «Թոքաբանության ազգային կենտրոնի» կողմից ներդրված հեռավար բուժման և հաղորդագրությունների միջոցով դեղորայքի ընդունման ժամի և այլ մանրամասների մասին պացիենտներին ծանուցումներ ուղարկելու միջոցով։

Կենտրոնի փոխտնօրեն, տուբերկուլոզի կառավարման ծրագրի գծով (ՏԱԾ) գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանն ասում է, որ տեխնոլոգիաների լայն կիրառության շնորհիվ բուժառուների բուժման վերահսկողությունն ու նրանց հետ անմիջական կապը ոչ մի օր չի դադարել։

Մասնագետների խոսքով, ՏԲ-ն ու Քովիդն ունեն որոշակի նմանություններ։ Հատկապես սկզբնական շրջանում, պացիենտի գանգատների վրա հիմնվելով, շատ դժվար է եղել տարբերակել դրանք։ ՏԲ-ը, ինչպես և Քովիդը ճշգրիտ հնարավոր է ախտորոշել PCR թեստերի, սակայն տարբեր լաբորատոր մեթոդների կիրառման միջոցով։

Քովիդի հեռակա պատճառահետևանքային կապը և ազդեցությունը ՏԲ-ի հայտնաբերելիության վրա պարզելու համար ՀՀ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ը ԱՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է հետազոտություն, որը նախատեսված է ավարտել 2023թ․-ին։

Իրավիճակ

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ նաև սննդի հետ։

Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարել նաև այլ օրգան համակարգեր, ինչպիսիք են ուղեղը, երիկամները կամ ողնաշարը՝ առաջացնելով ծանր հիվանդություններ:

Աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդի մոտ առկա է լատենտ (թաքնված) տուբերկուլոզ, ինչը նշանակում է, որ մարդիկ վարակված են տուբերկուլոզի բակտերիայով, բայց հիվանդ չեն և չեն կարող փոխանցել հիվանդությունը:

Loading...

Loading…

Ըստ ԱՀԿ տվյալների, լատենտ տուբերկուլոզի բակտերիայով վարակված մարդկանց մոտ ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալու վտանգը կազմում է 5-10%, ինչին նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։

Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ տուբերկուլոզն այսօրվա դրությամբ և արդեն տարիներ շարունակ բուժելի հիվանդություն է։

Ըստ Նաիրա Խաչատրյանի` «տուբերկուլոզով ապրող մարդ» արտահայտությունն արդիական է այնքան ժամանակ, որքան տևում է հիվանդի բուժումը։ Այսինքն, այն հարատև կամ ցմահ չի հետապնդում մարդուն։

«Եթե պացիենտը ճիշտ կերպով պահպանում է այն կանոնակարգերը, որոնք նշանակված են, բուժվում է», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Խաչատրյանը։

Տուբերկուլոզը հանդիսանում է նաև ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկը:

ՏԲ-ը Հայաստանում․ նոր դեպքեր

2021 թ․-ին հաշվառվել է տուբերկուլոզի 369 նոր դեպք՝ ճիշտ այնքան, որքան 2020-ին: Փաստացի նախորդ երկու տարիներին՝ համաճարակի բռնկումից հետո, ՏԲ-ի հայտնաբերված նոր դեպքերի ցուցանիշը 2019թ-ի համեմատ նվազել է  32%-ով:

Loading...

Loading…

Աջակողմյան գրաֆիկից, որտեղ արտացոլված է ՏԲ-ի հայտնաբերելիության դինամիկան յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ, պարզ է դառնում, որ չնայած ՏԲ-ի դեմ պայքարի շարունակական հաջողություններին, կանանց դեպքում 2021թ․-ին  նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է հիվանդացության հաղթահարման դինամիկան, իսկ տղամարդկանց դեպքում անգամ աճի միտում կա։

Մահեր

Ըստ ԱՆ տրամադրած տվյալների՝ հինգ տարվա կտրվածքով տուբերկուլոզային մահերը նվազել են երեք անգամ, սակայն, մահերի կտրուկ նվազում արձանագրվել է հատկապես 2021թ․-ին։

Փաստացի, 2017-2019 թթ-ին ՏԲ-ից ամեն տարի գրանցվել է գրեթե նույնքան՝ 51-55 մահ։ Մինչդեռ 2020-ին՝ համաճարակի բռնկման պայմաններում, այդ թիվը նվազել է շուրջ մեկ տասնյակով (43 մահ), իսկ 2021-ին՝ մեկ տարի անց՝ ավելի քան երկու տասնյակով (ընդամենը 18 մահ)։

Loading...

Loading…

Ըստ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ին հասանելի տվյալների` սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում հակատուբերկուլոզային բուժում ստացած պացիենտների շրջանում գրանցվել է Քովիդ-19-ի հաստատված 35 դեպք, որից 3-ը կամ 8.6%-ը` մահվան ելքով: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում Քովիդ-19-ից մահերը նշված ժամանակաշրջանի դրությամբ կազմել են 2%:

Դեղակայուն տուբերկուլոզ

Տուբերկուլոզը բուժվում է 4 հիմնական դեղորայքով։

«Եթե այդ դեղերից որևէ մեկի, առավել ևս երկուսի նկատմամբ ՏԲ-ի շտամը կայունություն ունի,  ՏԲ-ը համարվում է դեղակայուն։ Մինչդեռ թե՛ դեղակայուն, թե՛ զգայուն ՏԲ-ի դեպքում հիվանդը պետք է բուժվի դեղորայքով։ Առանց դեղորայքային բուժման ՏԲ-ը չի բուժվում։ Սակայն դեղակայուն ՏԲ-ի պարագայում բուժումն ավելի երկարատև է․ այն կարող է տևել մինչև 20 ամիս»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Խաչատրյանը։

Ըստ ԱՀԿ 2011-2015թթ․-ի «Բազմադեղակայուն ՏԲ-ի դեմ պայքարի և կանխարգելման  ճանապարհային քարտեզի»՝ դեղակայուն տուբերկուլոզն առաջանում է տուբերկուլոզի անբավարար բուժման, այդ թվում՝ դեղորայքի չկանոնակարգված ընդունման կամ առողջապահական և փակ հաստատություններում օդակաթիլային վարակի վատ վերահսկման հետևանքով:

Հայաստանի Հանրապետությունում 2021 թ․-ին հայտնաբերվել և բուժման մեջ է ընդգրկվել ընդհանուր 64 բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպք, ինչը կազմում է տվյալ տարում բոլոր հայտնաբերված դեպքերի 17%-ը, իսկ 2022 թ․-ի 1-ին եռամսյակի տվյալներով՝ հայտնաբերվել և բուժման մեջ է ընդգրկվել 14 բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպք:

ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պատվաստումն ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում՝ յուրաքանչյուր նորածին ծնվելուց հետո՝ առաջին օրերին ստանում է հակատուբերկուլոզային «ԲՑԺ» պատվաստում: Լրացուցիչ պատվաստում կարող է կատարվել 12 կամ 16 տարեկան հասակում, ինչպես նաև հիվանդների հետ սերտ շփված մեծահասակներին:

Ֆինանսական հատկացումներ

Տուբերկուլոզի ախտորոշման, բուժառուների խնամքի և դեղորայքի համար «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին պետության և այլ աղբյուրների, մասնավորապես՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հատկացված գումարի չափը 2017-2021թթ.-ի համար կազմել է 4,3 մլրդ դրամ։

Loading...

Loading…

Այս նպատակով, 2022թ. պետական բյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել 957 մլն, իսկ վերոնշյալ հիմնադրամից՝ շուրջ 500 մլն ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,5 մլրդ դրամ, ինչը նախորդ երկու տարիների համեմատ շատ է ավելի քան 40%-ով։

Ըստ «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ուղղված ԱՆ պատասխան նամակի՝ հատկացումների աճը կապված է հիմնականում նոր ծառայությունների ծավալման և ընդլայնման հետ, մասնավորապես`

  • նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ում բացվել է այդ հիվանդության բարդությունների բուժման բաժանմունք,
  • ընդլայնվել են վիրաբուժական բնույթի ծառայությունները,
  • մեկնարկել են նոր ծրագրեր, ներդրվել են տուբերկուլոզով հիվանդ պացիենտների բուժման հսկողության նոր` հիվանդակենտրոն մեթոդներ (մասնավորապես` տեսահսկվող բուժումը),
  • բնակչության, հատկապես խոցելի խմբերի շրջանում սկսել են իրականացվել տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, նաև լատենտ տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված լայնածավալ սքրինինգային բնույթի միջոցառումներ,
  • 2019 թվականի օգոստոս ամսից սկսվել է համընդհանուր կիրառվել հակատուբերկուլոզային նոր, զգալիորեն ավելի թանկ դեղորայք:

ՏԲ-ի դեմ պայքարին ուղղված գումարները, նախարարության հավաստմամբ, բավարարում են տուբերկուլոզով հիվանդ պացիենտներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու համար:

2020 թ․-ից ՏԲ-ի ախտորոշման և ՏԲ-ով հիվանդ պացիենտների բուժման հսկողության հետ կապված արտահիվանդանոցային մասնագիտական խորհրդատվությունների (ներառյալ լաբորատոր գործիքային հետազոտությունները) ողջ ծավալն իրականացվում է հենց «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կողմից: Դա պայմանավորված է 2018-2019 թթ․ մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքների և Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի լուծարմամբ։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Տվյալների մշակումն ու վիզուալիզացիան՝ հեղինակի

#COVID19 #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/05/2022