Քաղաքական

Սեպտեմբերի 1-6․ Նախարարն ազատել է Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին

Սեպտեմբերի 2-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2014թ.-ին: 

Նախարարը պարզաբանելով իր որոշումը նշել է, որ Տանանյանի ազատման պատճառը կենտրոնի վերաբերյալ բողոքներն են և օտարերկրյա ներդրողներին խոչընդոտելը, ուստի իր որոշումն իրավաչափ է և տեղին: Թորոսյանը միաժամանակ նշել է, որ կենտրոնում կլինեն ընթացիկ կադրային փոփոխություններ, ինչպես նաև նոր և բանիմաց մասնագետներով համալրում: 

Ինքը՝ Տանանյանը, դեռ չի մեկնաբանել իր ազատման մասին որոշումը: Վերջինս պարզապես հրաժեշտ է տվել կենտրոնի աշխատակազմին: Սակայն նրա գործընկերներից ուռուցքաբան, ճառագայթային թերապևտ Թաթուլ Սաղաթելյանը կարծում է, որ վերջին 5 տարվա ընթացքում երկրում ուռուցքաբանությունը «ցեխից հանելու» ուղղությամբ ոչ ոք այնքան ջանք չի կատարել, որքան Արմեն Տանանյանը:

Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան-օրթոպեդ Նարեկ Մանուկյանը, որը 2013թ-ից աշխատել է ՈւԱԿ-ի Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքում: 

ԱՄՆ ՄԶԳ (USAID). 4 մլն 785 հազար դոլար բարեփոխումների համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ՀՀ կառավարության բարեփոխումների համար կուղղի 4 մլն 785 հազար ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից կառավարությունն առաջարկ է ստացել փոփոխություն կատարել 2013թ, սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում՝ ծրագրի իրականացումը շարունակելու նպատակով:

Վերոհիշյալ ծրագիրն այդպիսով կշարունակվի՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև առավել ամրապնդել կապը՝ պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Բացի դա, քանի որ ծրագիրը միտված է ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր, ուստի խթան կարող է հանդիսանալ ՀՀ-ում տնտեսական աճի:  

720 մլն դրամի աջակցություն՝ 2008թ. մարտի 1-ի տուժածներին

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում  որոշում է կայացրել պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել՝ 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար: 

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը

Սեպտեմբերի 3-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա դատաքննությունը, որով երկրորդ նախագահը և նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Բարձր դատարանից խնդրում են հակասահմանադրական ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածները, որոնք առնչվում են խափանման միջոցին և քրեական հետապնդմանը։

Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն հրապարակեց Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը: Վիճարկվող հոդվածներից մեկը՝ 35-րդը, որը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանքամանքներին,  ՍԴ-ն ճանաչեց չհամապատասխանող և անվավեր, իսկ մյուս՝ 135-րդ հոդվածը, որը վերաբերում է խափանման միջոց կիրառելու հիմքերին՝ Սահամանդրությանը համապատասխանող:

Արամ Վարդևանյանը մեկնաբանելով ՍԴ որոշումը նշել է, որ փաստաբանական թիմն իր գործողությունները կքննարկի ամբողջական որոշման հրապարակումից հետո։ Բայց և այնպես, Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ որոշումը պարտադիր է կատարման՝ դատական,  գործադիր, օրենսդիր իշխանության համար, իսկ չկատարելը՝ քրեորեն հետապնդելի է:

«ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի»,- նշել է Վարդևանյանը:

Ամուլսարի նոր ՇՄԱԳ անցնելու հարցը դեռևս քննարկվում է

Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը պետք է որոշում կայացներ, թե արդյոք Ամուլսարի ծրագիրը պետք է անցնի նոր ՇՄԱԳ: Սեպտեմբերի 4-ին կառավարությունում կայացած քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Սակայն չի նշվել, թե ինչ տվյալների մասին է խոսքը: 

Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:

Վարչապետը գերատեսչություններին և ինստիտուտներին հանձնարարել է համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

20 միլիոն 492 հազար դրամ՝ ԱԱԾ-ին

Կառավարության որոշմամբ, ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղությամբ պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 միլիոն 492 հազար դրամ: 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/09/2019